Նամակներ հայրիկիս, երբ նա քաղբանտարկյալ էր...
02.04.08
Արդեն մի քանի օր է, ինչ հոգիս տուն չի գալիս։ Թափառում ե ամայի մայթերով ու փնտրում է իր համար սահմանված լռությունը։ Արդեն մի քանի օր է նա ինձ ատում է, ասես այդ ես եմ լքել նրան, ոչ թե նա ինձ…
Մտածում եմ` ինչից սկսել…
Անքուն գիշերներն արդեն անցել են, այսինքն այն գիշերները, որոնք ես արթուն անցկացրի…քնածս մի քանի ժամ էր ընդամենը, մի պահ դա էլ չկար, բայց հիմա կարծես թե սպառված ուժերը նորից ձգտում են լիցքավորվելու; Էս երկրին ուժեղ զինվորներ են պետք, դե իսկ ես կռվող <տղա> եմ: 8 օր քեզ չեմ տեսել, հա'յր, ու 8 օր շարունակ անընդհատ փորձում էի հետդ խոսել, մտքովս չէր անցել, որ հենց այսպես կարող եմ բացել մի էջ ու շարել մտքիս եղածը…
Ինձ մնացել էր խուլ ու համար ինչ-որ լռություն…
Մտածում էի ինչ-որ հուսադրող, ուժով լի մի նամակ ուղարկել քեզ, բայց դրանք ո՞վ են, որ իմ սրտի խոսքը անտարբեր ու սառը հայացքով կարդան և տողատակերում ուրվականներ փնտրեն;
Այսպես գուցե և հանգստանամ…
Գիտե՞ս, միշտ էլ հպարտ եմ եղել քեզնով ոչ միայն որովհետև հայրս ես, այլ որովհետև ինքս զգացել եմ, թե որքան-որքան մարդիկ են քեզնով հպարտանում: Կարծես Աստված ծննդյանս օրից ինձ շնորհել է մի գանձ, որը միայն իմը չէ, և հիմա արդեն լիիրավ կարող եմ պատկերացնել, որ այդ գանձը նաև ժողովրդինն է;
Քեզ տանելու օրը ինչ-որ մի բան զգում էի, ուզում էի գրկել, որ կարոտս հագեցնելու համար մի քիչ պաշար ունենամ, չնայած հաստատ գիտեի, որ չի հերիքի: Հիմա հաճախ եմ փորձում մտովի գրկել, կարոտում եմ, բայց հաստատ գիտեմ, որ Ամեն ինչ լավ կլինի, ինչպես միշտ դու ես ասում, որ արդարությունը կհաղթի, որովհետև հաղթանակները պարտվողի, կեղծ բարեպաշտի, քծնող ու ստոր հայացքների տեսք չեն կարող ունենալ, ինչպես շարունակ փորձում են խաղալ հայլուրիկները:
Համալսարանում ամեն ինչ լավ է; Կուրսում խաղաղությամբ ու ջերմությամբ փաթաել են ինձ շատերը, ինչպես ես նրանց; Մտերիմ ընկերներս` Անգելը ու Լիլիան իմ ամեն օրվա երկու բաժին արևն են, որ չեն թողնում գոնե մի վայրկյան մտքերիս մեջ խրվեմ, տխրեմ և այլն:
Լիանը լրիվ պայքարային տարերքի մեջ ա, նույնիսկ ասում ենք, թե դեռ սովորում ա…Վեներան, Զառան, Սոնան էլ հաստատ ամեն ինչ կտան, որ սուրճ պատրաստեն քեզ համար…Ես դե հաճույքով հետդ սուրճ կխմեի; Տե՛ս ինչ տարբեր են աղջիկներդ…
Զգում ենք կարծես բոլորս էլ, որ սա մի փոքրիկ էտապ է և միայն որովհետև իսկական հաղթանակը դժվար է ձեռք բերվում:
Վերջերս ստեղծագործել չէի կարողանում, ինձ թվաց, թե մտքերս փակուղի են մտել, բայց մեկն ինձ ասաց, որ այդ անհնար է, քանի որ միտքը փակուղի մտնել չի կարող, առավելևս ինձ մոտ…հուսադրել էին, թե՞ Ինչ…բայց մտքերս ափերից դուրս եկան ու խեղդվելու վախից նորից լողալ սովորեցին…
Ակումբցիները գալիս-գնում են, դե գիտես թե ինչքան եմ պայծառանում նրանց ներկայությունից: Ակցիաներ էին մտածել, ուզում էին մի բանով օգնել, բայց դեռևս սպասում ենք տեսնենք պաշտոնական աջակցությունները ինչ արդյունք կտան:
Բայց սարսափելի հուզվեցի մի նամակից, ո րի տիրոջը, թեպետ էլի ակումբի անդամ է, չեմ ճանաչում…
Մեջբերեմ, որ հետո կարդաս. հարգելի Alize'e, պատահաբար իմացա որ դուք պրն Բանուչյանի աղջիկն եք, պատիվ եմ ունեցել ձեր հոր հետ հանդիպելու մի անգամ մի քանի տարի առաջ ու հանձին նրա տեսել եմ իսկական հայ գիտնականի ու մտավորականի, կուզենայի իմ զորակցությունը հայտնել ձեզ ու ձեր ընտանիքին, հավատացեք որ արդարությունը հաղթանակելու է, ու ձեր հայրը ինչպես որ եղել է իսկական հայ մտավորական այնպես էլ եղել ու մնալու է իսկական Քաղաքացի իսկական Հայաստանի, Աստված օրհնի ձեր հորը, ձեզ ու ձեր ընտանիքին
Հարգանքներով Արման



Մեջբերել

/

Էջանիշներ