ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՈՐՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
/3 փետրվարի, 1998թ./
Սիրելի հայրենակիցներ,
Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ:
Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը:
Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ:
Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասրակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ: Միևնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը:
Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ: Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը:
Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի:
Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին:
Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ վտանգավոր:
Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ Ձեր ներողամտությունը:
Բարին ընդ Ձեզ:
«Հայաստանի Հանրապետություն», 4 փետրվարի, 1998թ.:
ՀՀԱՆԱ, 28/03.02.98 Բնագիր: Ինքնագիր:
/Մեջբերման իմ աղբյուրը Լևոն տեր-Պետրոսյան «Ընտրանի»/
Հ.Գ. Ըստ իս այս ամենը հստակ հուշում է կգա, թե ոչ

...թե ում, ինչ կհուշի....

Էջանիշներ