ivy-ի խոսքերից
Վերջին երկու տարում, երբ կլիենտներիս (իսկ հիմա նաև՝ պացիենտներիս) մեծ մասը գերմանացիներ են, էս հասարակության մեջ իմ (չ)պատկանելության հարցը սկսել է կոկորդս խեղդել։
Հոգնել եմ ինձ տնտղող, կասկածող հայացքներից ու անկապ ռեպլիկներից։
Երբ միգրացիոն աշխատանքի մեջ ես, բնիկները կամ ընդհանրապես տեղյակ էլ չեն էդ «ենթամշակույթից» կամ քեզ լրիվ քո տեղում են ընկալում՝ միգրանտները միգրանտների համար, թող իրար օգնեն։
Բացի դրանից կարող ես նաև ինչ-որ միջազգային կազմակերպությունում աշխատել, որտեղ լեզուն հիմնականում անգլերեն է, և մարդիկ են աշխատում՝ աշխարհի բոլոր կողմերից եկած։ Հավանաբար էլի քեզ կզգաս՝ ինչ-որ մի ենթամշակույթի մեջ, որտեղ բոլորն ինչ-որ ձևով քեզ նման են։
Կարող ես նաև քո պստիկ խանութը բացել կամ ռեստորանը կամ եղունգներ սարքելու / կոսմետիկայի / մերսման կենտրոն կամ էլ մի տեղ մաքրություն անել, երեխա պահել, սանիտար լինել կամ խնամող․ էլի քեզ կնայեն՝ որպես «քո տեղում»։ Ու սրանք բնավ էլ վատ գործեր չեն, բայց դրանից դուրս հասարակությունը քեզ չի ընկալում։
Հլը փորձիր մտնել առողջապահական-թերապևտիկ ոլորտ, որտեղ աշխատողները համարյա առանց բացառության գերմանացիներ են կամ առնվազն Գերմանիայում ծնված-մեծացածներ, կզգաս միանգամից, թե այցելուները քեզ ոնց են նայում, ոնց որ երկնքից իջածի։ Անթաքույց զարմացած աչքերով, համարյա ապշահար՝ խառնված անվստահության հետ։ Իրականում չեմ մեղադրում իրենց․ ինքս էլ ինձ սպիտակ ագռավ եմ զգում՝ էս բոլոր գերմանացիների մեջ։
Բայց ինձ տանջում է էն հարցը, թե արժի՞ արդյոք ջանալ՝ պատկանելության համար, թե թքած էդ ամենի վրա, ուղղակի պետք է մաշկը հաստացնել ու ինքնավստահ մնալ՝ բոլոր տեսակի հայացքների-ռեպլիկների մեջ։
Մտածում եմ՝ ես էնքան եմ ամեն ինչ արել, որ էս հասարակության լիարժեք մաս լինեմ։ Կրթություն եմ ստացել, լեզուն եմ սովորել ու միշտ աշխատել եմ, երբևէ պետության հաշվին չեմ ապրել, հարկերս վճարել եմ, հասարակության բոլոր կանոններին-օրենքներին հետևել եմ։ Էլ ի՞նչ անեմ։ Ազգանունս փոխե՞մ (անունս արդեն կրճատել եմ, որ արտաբերելի լինի), ակցենտս իսպառ վերացնելու համար արտասանական թրեյնինգների գնա՞մ (դերասաններն են սովորաբար էդպիսի թրեյնինգներ անցնում), արտաքինս էլ փոխե՞մ, էլ ի՞նչ ու ինչքա՞ն։ Թե՞ նորից վերադառանամ էն ոլորտ, որտեղ ինձ ոչ մեկ թարս չէր նայում (միգրացիոն աշխատանքի)։ Կամ էլ ընդհանրապես վերադառնամ Հայաստան։
Ի դեպ վերջինս երևի թե սկի հարցի լուծում էլ չլիներ, որովհետև ես Հայաստանում էլ միշտ (չ)պատկանելության խնդիր եմ ունեցել, որը հիմա դեռ ավելի է սրված լինելու։
Ու դրա արդյունքում մտածում եմ՝ գուցե էս ամենն իմ գլխի տառականներն են ուղղակի, ու կապ չունի, թե որտեղ ապրեմ, ոնց կոչվեմ, ինչ լեզվով խոսեմ, ամեն տեղ էլ ինձ խորթ եմ զգալու։
Էջանիշներ