Ամեն անգամ երբ ցանկություն է առաջանում օրագրային գրառում անել, մտածում եմ, թե Ակումբում գոյություն ունեցող թեմաներից որ մեկում դա կսազեր, որ թեման թարմացնեմ գրառմամբ՝ օրագրում գրելու փոխարեն, կամ եթե չկա հարմար թեմա, նորը բացեմ, գուցե ուրիշներն էլ ուզեն կարծիք արտահայտել։
Մի խոսքով, սա էլ կարող էր օրագրային գրառում լինել, բայց փոխարենը մտածեցի նոր թեմա բացել, որովհետև ձեր կարծքիներն էլ են հետաքրքիր։
Ինչքան փնտրեցի, «պատկանելություն» բառի փոխարեն ավելի հարմար բառ չգտա, թեև «պատկանելը» ճիշտ իմաստը չի, ավելի շուտ նկատի ունեմ՝ ինչ-որ բանի մաս լինելը։
Ու թե սա ինչքանով է կարևոր մեր ինքնության համար։
Վերջերս օրագրերից մեկում արծածվել էր էս թեման՝ հեղինակն ուզում էր իրեն ինչ-որ համայնքի մաս զգալ։
Անկախ էդ գրառումից՝ ես ինքս էլ հաճախ եմ մտածում ինչ-որ խմբի մաս լինելու կամ չլինելու մասին, ու թե դա որքանով է անդրադառնում իմ ինքնության վրա։
Հարցն էն է, որ ես ինձ ոչ մի խմբի մաս չեմ զգում։ Ու ինչքան էլ նոր խմբեր ու համայնքներ են հայտնվում կյանքումս, ես ինձ ամեն տեղ outsider եմ զգում։ Սա երբեմն ընդունում եմ հանգիստ, որպես փաստ, բայց երբեմն անհանգստացնում է, որովհետև ինչ-որ ձևով ազդում է ինքնությանս վրա։ Խոսքը բոլոր տեսակի «պատկանելությունների» մասին է՝ ազգային, ընտանեկան, թիմային և այլն։
Երևի Ակումբը կարելի է բացառություն համարել, բայց դե սա էլ ավելի շուտ «տարածք» է ինձ համար, քան «խումբ»։
Մեկ-մեկ նաև խորը տխրություն եմ ապրում «չպատկանելու» զգացումից։ Ու մենակություն։ Բայց դե սա նաև ազատության լայն զգացողություն է տալիս՝ բոլոր տեսակ կապվածություններից դուրս հանող։ Նաև երևի ինչ-որ չափով ազատում է պատասխանատվության զգացումից որոշակի խմբի արածների-չարածների համար․ «ես միևնույն է դրա մասը չեմ»։
Ամեն դեպքում, մտածում եմ, թե ինչքանով է ինչ-որ բանի մաս լինելը, էս դեպքում՝ չլինելը, ազդում իմ ինքնության վրա։ Ու գուցե նաև իմ գոյությանն իմաստի վրա։ Ի՞նչ ես դու մենակ՝ միլիարդների մեջ։ Փոշու հատիկ։ Անիմաստ սպառող։ Ինչի համար ես ընդհանրապես ապրում, հանգիստ կարող էիր և չլինել։ Ու էստեղից գալիս է նորից իմ կյանքում անընդհատ պտտվող էքզիստենցիալ ճգնաժամն ու գոյության անիմաստությունը։
Էջանիշներ