Վերջերս սա բլոգումս էի գրել, մտածեցի՝ էս թեմային կհամապատասխանի։
Լինքոլնը
Արեգենց դպրոցում ուսուցիչների ու ծնողների հանդիպման օր էր, և ուսուցիչների հետ հանդիպումները հիշեցրին մի փոքրիկ դեպք, որի մասին էլ ուզում եմ պատմել։
Մոտ երկու տարի առաջ, երբ Արեգը դեռ մանկապարտեզում էր (Kindergarten), որն էստեղ դպրոցի մաս է կազմում՝ մի տեսակ զրո դասարանին համարժեք մի բան, էլի գնացել էինք ծնող–ուսուցիչ հանդիպման։ Ամուսինս ինչ–որ շտապ գործ ուներ, ու վերջին երկու ուսուցիչների հետ հանդիպմանը չկարողացավ մնալ, ես մենակ հանդիպեցի հետները։ Նրանցից մեկը գիտություն առարկայի ուսուցիչն էր, որին երբևէ տեսած չկայի։ Հիշում եմ, թե ինչ տարօրինակ զգացողություն ունեցա, երբ դասասենյակի մուտքի մոտ հայտնվեց արտասովոր բարձրահասակ, երկար վերջույթներով ու նիհար ու մորուքավոր ուսուցիչը։ Ինձ թվաց՝ իմ առջև կանգնած է ոչ այլ ոք, քան ինքը՝ Աբրահամ Լինքոլնը։ Մինչ ուսուցիչն ինձ սիրալիր բարևեց ու ուղեկցեց դասասենյակ, սկսեց խոսել տղայիս առաջադիմության ու պահվածքի մասին, ես ապշած նայում էի նրան ու մտածում, թե ինչ աստիճանի նման է էս մարդը Լինքոլնին։ Նմանը ո՞րն է, հենց ինքն էր, որ կար։ Թե՛ շարժուձևը, թե՛ ձայնն ու խոսելաձևը՝ լրիվ Լինքոլնն էնտեղ դրած։ Դիմագծերում էլ նմանություն կար, բայց ընդհանուր շշմեցուցիչ լինքոլնությունը զուտ դրանով չէր պայմանավորված։
Էդպես՝ Լինքոլնին տեսած լինելուց խիստ տպավորված՝ գնում եմ տուն, մեկ էլ հանկարծ ցնցվում եմ հետևյալ մտքից. այ մարդ, բայց ախր ես ե՞րբ եմ լսել Լինքոլնի ձայնը, խոսելաձևը, կամ՝ ե՞րբ եմ տեսել Լինքոլնին շարժվելիս, որ համ խոսելաձևն եմ էդպես նմանեցնում, համ շարժուձևը։ Լինքոլնի ժամանակ հազիվ լուսանկարչություն կար, իսկ ձայնագրության կամ տեսագրության մասին դեռ խոսք չկար, որ դրանց միջոցով իմանայի։ Ասեմ, որ Լինքոլնի մասին ֆիլմն էլ չեմ նայել, բացառությամբ մի երկու րոպեով ինչ–որ հատվածներ տեսնելուց, ու դերասանն էլ ո՛չ արտաքինով, ո՛չ էլ շարժուձևով ու խոսելաձևով նման չէր իմիմացածպատկերացրած Լինքոլնին, այսինքն՝ էդ կերպարը չէր կարող հիմք լինել Լինքոլնի իմ պատկերացման համար։ Բայց ես, փաստորեն, շատ հստակ պատկերացնում եմ Լինքոլնի ոչ միայն ձայնն ու խոսելաձևը, այլև շարժուձևը, որոնցից ոչ մեկի մասին փաստացի տվյալներ չունեմ և հանգամանքները հաշվի առնելով՝ չէի էլ կարող ունենալ։
Մինչև հիմա էլ էդ ուսուցչին հիշելիս մի տեսակ ակնածախառը–սարսռացնող զգացողություն եմ ունենում։ Ու համոզված եմ, որ Լինքոլնն իրականում հենց էդպիսին էլ եղել է։
Էջանիշներ