

Մոտ չորսուկես տարի առաջ, աղջկաս ծննդյան տարեդարձին (7 տարեկան էր դառնում այդ ժամանակ) նվիրեցինք մի զույգ թռչուն։ Հիմա լավ չեմ հիշում, թե ինչպես եկանք այդ թռչունները նվիրելու գաղափարին։ Երևի գաղափարները մի քանիսն էին, որոնք զուգորդվեցին և հանգեցրին նման որոշման։
Նախ և ամենաառաջինը, աղջիկս շատ է սիրում կենդանիներ։ Մի տեսակ անձնականացված սիրով։ Կենդանին իր համար հոգի է, որը աղջիկս տեսնում է և հասկանում։ Ես, օրինակ, չեմ հասկանում։ Բայց ամենից շատ շուն էր ուզում, քոթոթ, որը պահելու ոչ փորձ, ոչ պատրաստակամություն, ոչ ժամանակ, ոչ էլ պատասխանատվություն ունեինք ո՛չ ամուսինս, ո՛չ ես, այն էլ բնակարանում, այն էլ, երբ արթմնի օրվա 2/3-ը ոչ մեկս տանը չենք։ Այնպես որ, քոթոթի հարցը, որքան էլ որ աղջիկս ուզում էր ուժգին, երբեք չդրվեց քննարկման սեղանին։ Փոխարենը, հետևելով երեխաների զարգացման՝ ընդունված սոցիալ չափանիշներին, վաղուց էի մտմտում, թե տանը երևի թե պետք է որևէ կենդանի պահել, քանի դեռ աճող երեխա ունես․ այն նույն ծրագրով կամ տեսակետից, ինչ երեխաներին սպորտի կամ արվեստների տանելն է, հեծանիվ ու չմուշկներ գնելը, ծննդյան տարեդարձներ կազմակերպելը կամ վրաններով բնության գրկում գիշերելը։ Եվ հիմա, երեխայի ծննդյան 7-րդ տարեդարձին, իսկը հասունացել էր այդ հարցի կարգավորումը ևս, մնում էր միայն ընտրել, թե ինչ կենդանի կարող ենք մենք մեզ թույլ տալ։
Ամենահեշտը ձուկն էր, իհարկե, բայց տասնմեկամյա տղաս ասաց, որ ձուկը pet (ընտելակենդանի) համարելն անհեթեթություն է, քանի որ ձկան հիշողությունը մի քանի վայրկյան է ընդամենը։ Ծովախոզուկները, մկներն ու սողունները հա՛մ կեղտոտում են շատ, հա՛մ կենկրետ ինձ էսթետիկորեն չեն ձգում բոլորովին, այնպես որ, ընտրությունն, ի վերջո, կանգնելու էր թռչունների վրա․ ուրիշ էլ ի՞նչ։ Բացի այդ, թռչուն պահելու փորձ ես, կարելի է ասել, ունեի․ փոքր ժամանակ ինքս էլ ծննդյանս տարեդարձին մի զույգ փոքր թութակ /բաջի/ էի նվեր ստացել հորիցս, որոնք բավական երկար ապրեցին մեզ հետ։
Մնում էր որոշել, թե ինչ թռչուն գնենք։ Տղաս, որը մեր միջից ամենատեղեկացվածն էր, ասաց, որ լավագույնը lovebird կոչվող փոքր թութակներն են (անվանեմ նրանց սիրաթռչնակ, հայերեն իրական անվանումը չգիտեմ)․ ունեն մեծ թութակների ընդգծված անհատականությունը, գույնզգույն են և փոքր թռչունների մեջ ամենից շատն են հակված ընտելացման։ Հետո նայեց ինտերնետում ու ասաց, որ ամենասիրունը ծիրանագույն դեմքով (peachface) սիրաթռչնակներն են։
Եվ այդպես մենք, մի կիրակի, իսկ ավելի ճշգրիտ` 2012-ի նոյեմբերյան մի կիրակի, ուղևորվեցինք թռչնի շուկա՝ սիրաթռչնակ գնելու։
Շարունակելի
CactuSoul (30.06.2017), Mr. Annoying (02.08.2017), Ruby Rue (21.07.2017), Sambitbaba (19.07.2017), Srtik (05.07.2017), StrangeLittleGirl (20.07.2017), Դեղին մուկիկ (19.07.2017), Ներսես_AM (03.07.2017)

Թռչնի շուկան քաղաքի ծայրամասերից մեկում էր, որն այնքան էլ թռչնի շուկա չէ, որքան միրգ-բանջարեղենի․ մի մեծ, աղմկոտ տարածք, ուր հիմնականում միջինասիացի, տեղ-տեղ՝ չինացի վաճառականները խանութից քիչ ավելի էժան գներով հողի բարիքներից են վաճառում, հիմնականում արկղերով, և հաճախորդներն էլ հիմնականում միջինասիացիներ են, որ գնում են այդ բարիքներից մեծ քանակությամբ՝ կերակրելու իրենց բազմանդամ, հարուստ խոհանոցով և եռուզեռով եփող-թափող ընտանիքները։
Այս շուկան գործում է շաբաթ օրերին միայն, իսկ կիրակի համարյա ամբողջովին վեր է ածվում հագուստի, հուշանվերների ու հազարումի նման այլ ապրանքների տոնավաճառի, որից մի փոքր հատված հատկացված է կենդանիներին։
Թռչունների վաճառքը մի տաղավար է ընդամենը, որի տերը փնթի տեսքով ու հարբեցողի կարմիր, խոշոր քթով մի տղամարդ էր՝ 60-ի կողմերը, ծանրումեծ նստած իր ծալովի աթոռին, և մի տեսակ խորը /կարելի է կարծել՝ իմաստուն/ անտարբերությամբ հետևում էր շուրջն անցուդարձին։
Վանդակների մեջ 20-30 հատով լցված էին ամեն տեսակի թռչուններ՝ մեծ ու փոքր թութակներ, դեղձանիկներ, սիրաթռչնակներ և այլ գույնզգույն թռչուններ, որոնց անվանումներին ծանոթ չեմ։ Չէ բայց, մեծ թութակները լցված չէին, իհարկե․ նրանք ունենին իրենց պատվավոր, առանձին վանդակը, որոշները նույնիսկ ազատության մեջ էին՝ ծայրերը կտրած թևերով, թռչելու անունակ։
Երկար տնտղելուց հետո, սիրաթռչնակների վանդակի խառնամբոխի միջից ընտրեցինք երկու լրիվ միանման կանաչ թռչուն՝ էգ և արու, և բերեցինք տուն։ Էգը մի չնչին-աննշան մուգ էր ավելի, քան արուն, և այդպես կարող էինք տարբերել՝ քիչ երկար զննելուց հետո, մինչև որ հետագայում ի հայտ եկավ մեկ ուրիշ՝ ավելի ակնհայտ հատկանիշ, որի մասին կպատմեմ հաջորդիվ։
Ճանապարհին երեխաներս էգին անվանեցին Սոֆիա, արուին՝ Դանգլզ /քանի որ վերջինս, մինչև տուն հասնելը, մեկ ոտքի վրա կախված մնաց վանդակի առաստաղից/, բայց դիմել նրանց անուններով այդպես էլ չդարձավ սովորություն, քանի որ նրանց մասին անձնավորված խոսելն ընդհանրապես չմտավ մեր առօրյայի մեջ․ երեխաներս շատ արագ կորցրեցին հետաքրքրությունը, և թռչուններն այդ՝ իրենց վանդակով, դարձան տան դեկորատիվ պարագաներից մեկը։
Միակ "օգուտը" նրանցից վանդակը մաքրելու ամենօրյա անհրաժեշտությունն էր, կերուջուրը փոխելը և մեկ էլ սարսափելի բարձրալուր ու սուր ծլվլոցը, որի ձայնը լսվում էր դեռ շենք չմտած։ Ծլվլոցն այդ սաստկանում էր հատկապես երեկոյան, երբ փորձում էինք հեռուստացույց դիտել, և որքան ավելի էինք բարձրացնում հեռուստացույցի ձայնը, այնքան ավելի սուր էին ծվծվում թռչնակները, իսկ ամուսինս, հաճախ դուրս գալով համբերությունից, տանում էր նրանց խոհանոց ու ամուր փակում դուռը։ Եվ այնուամենայնիվ, ամեն անգամ, ամուսնուս թեթև ակնարկներին, թե ազատվել է պետք այս թռչուններից, երեխաներս, հատկապես աղջիկս, կտրուկ դեմ էին արտահայտվում, թեև այդպես էլ երբեք չզբաղվեցին թռչուններով՝ չհանեցին վանդակից, չխաղացին և կամ որևէ բանի չվարժեցրին այս՝ իբրև ամենավարժեցնելի թռչուններին բոլոր ընտանի թռչունների մեջ։
Երբ գնեցինք այս սիրաթռչնակներին, վաճառողն ասաց, որ չորս ամսական են։ Այդ տեղեկությունը հաստատ հավաստի համարել չեմ կարող, բայց մի քանի ամիս հետո, այս պահին չեմ հիշում ճշգրիտ, թե երբ, մի անգամ առավոտյան վանդակի մետաղյա ճաղապատ հատակին մի սպիտակ, սիրունիկ ձվիկ տեսանք ընկած։ Աղջիկս էր առաջինը նկատել ու մտածել էր, թե եղբայրն է պլաստիկ խաղալիք ձու գցել՝ կատակի համար։
Բայց ձուն իսկական էր, և ոչ մեկս չգիտեինք, թե ինչպես վարվել դրա հետ, ու թողեցինք այդպես։ Երեկոյան ձուն գտանք ջարդված։ Մի երկու օրից նույն տեղում նոր ձու հայտնվեց։ Այս անգամ զգուշորեն վերցրինք ձուն և դրեցինք կարտոնե մի տուփի մեջ, տուփն էլ՝ վանդակի։ Թռչունը սկսեց նստել ձվի վրա։ Հետո հայտնվեցին նոր ձվեր, չեմ հիշում՝ յոթ, թե ութ։ Ամեն օր քանոնով բոթում էի թուխս նստած թռչունին՝ տեսնելու նոր ձու հայտնվել է , թե ոչ։ Կարտոնե տուփն ամբողջովին կերան, դրան հաջորդող փայտե տուփը ևս մինչև կմախքը կրծեցին, միակ դիմացկունը, ինչպես հաստատվեց վերջում, սովորական պլաստիկ տուփն էր։
23-25 օր հետո դուրս եկան ձագուկներ։ Չեմ հիշում քանիսն էին․ չորս կամ հինգ։ Մինչև ձագերի դուրս գալն անհանգստանում էի, թե ինչպես եմ կերակրելու, խնամելու։ Նայեցի մի քանի վիդեո յութուբում, գնացի թռչունների խանութ։ Խանութում հանգստացրին, թե անհանգստանալ պետք չէ, մայրն ինքը կկերակրի․ եթե իհարկե ցանկություն չունեի ի սկզբանե կտրել ձագին մորից և վարժեցնել ինձ։ Նման ո՛չ ցանկություն ունեի, ո՛չ ժամանակ, և ձագերի խնամքի հոգսը սիրով թողեցի ծնողների վրա։ Իսկ ծնողները օրուգիշեր, անդադար կերակրում-խնամում էին ձագերին, հավասարապես՝ և՛ հայրը, և՛ մայրը։ Հետաքրքիր էր, թե ինչպես էին մայրն ու հայրը, կտուցներն իրար հագցրած դռռացնելով-դողացնելով, աղում հատիկները, շիլա սարքում իրենց իսկ բերանի մեջ և կերակրում ձագերին։ Մյուս կողմից էլ մեկ ուրիշ հետաքրքիր զբաղմունք էին ձեռք բերել՝ բնավորման բնազդի վրա հիմնված, որն ի հայտ էր եկել դեռ առաջին ձուն գցելուց հետո․ հենց ազատ ժամանակ էին ունենում, անցնում էին վանդակի հատակին փռածս թղթերը կտրտելուն․ սղոցում էին երկար շերտեր, մի քանի հատով խրում իրենց հետևի փետուրների մեջ, պոչից քիչ վերև, այդպես տեղափոխում իրենց տուփիկի մեջ, ուր ձվերն էին, և փորձում էին փակցնել պլաստիկի սահող պատերին։ Ամուսնուս մեղքն եկան, և մի օր առավոյան պլաստիկ տուփի պատերը ներսի կողմից ամբողջովին պատեց երկկողմանի կպչուն, թափանցիկ ժապավենով։ Երեկոյան երբ վերադարձանք տուն, տուփի ներսն արդեն չէր երևում․ այն չորս բոլորը պատված էր կտրտված թղթիկների երկար շերտերով։
Այսպես մեծանում էին ձագերը՝ փետրավորվելով և գունավորվելով զանազան գույների՝ լիմոնագույն դեղին, կապտականաչավուն, մոխրագույն, դեղնականաչավուն, և մենք գաղափար չունեինք, թե ինչ ենք անելու թռչունների այսպիսի բազմության հետ հետո։
Շարունակելի
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.07.2017, 12:14:
CactuSoul (03.07.2017), Mr. Annoying (02.08.2017), Ruby Rue (21.07.2017), Sambitbaba (19.07.2017), Smokie (19.07.2017), Srtik (05.07.2017), StrangeLittleGirl (20.07.2017), Tiger29 (03.07.2017), Գաղթական (08.07.2017), Դեղին մուկիկ (19.07.2017), Նաիրուհի (03.07.2017), Ներսես_AM (03.07.2017), Ուլուանա (22.07.2017)
Բարեկամ ջան բա ո՞նց շարունակվեցին թռչնային պատմությունները:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Բարեկամ (19.07.2017)

Ինչպես նշել էի նախկինում, մեր երկու սիրաթռչնակները լրիվ միանման էին՝ կանաչի շատ չնչին, աննկատելի մգության տարբերությամբ միայն, որը խորն ու երկար նայելուց հետո էր միայն զգացվում, այն էլ` ոչ բոլորի համար նկատելի։ Եվ, ինչպես նշել էի, հետագայում մի նոր հատկություն ի հայտ եկավ էգի մոտ, որի շնորհիվ տարբերելը, թե ով՝ ով է, դարձավ վայրկյանների հարց։ Իսկ այդ հատկությունն ի հայտ եկավ իր առաջին ձվի գիտակցումից հետո։
Էգը դարձավ սարսափելի կծան։ Սարսափելին այստեղ ձևաբանորեն չեմ օգտագործում․ տանը բոլորս լուրջ վախենում էինք թռչունին կես մետրից ավելի մոտենալուց, քանի որ նա ոչ թե տանելի չափով պարզապես կտցահարում էր մատդ, այլ, նշան բռնելով դեռ պատկառելի հեռավորությունից, հովազի ճարպկությամբ ու շան կատաղությամբ ցատկում էր վայրկենապես, կտուցով կառչում մատիցդ ու բաց չէր թողնում մինչև չքրքրեր, արյունլվա չաներ։ Ու դա, ասեմ, շատ ցավոտ էր․ մինչ կճչայիր ու ձեռքդ թափ տալով կփորձեիր ազատվել նրա սուր կտցից, թռչունը չէր հանձնվում և հարձակվում էր կրկին ու կրկին՝ արտասովոր անվախությամբ ու հաստատակամությամբ։ Սրա հետևանքով հասարակ մի կերաման փոխելը վերածվեց մարտական որոշակի պատրաստվածությամբ և ռազմավարությամբ գործողության, որը ձեռնարկել երեխաները չէին համարձակվում, իսկ մենք միշտ չէ, որ պսակում էինք հաղթանակով և առանց վիրավորների։ Վանդակի կողքի թռչնային պարագաների դարակի մեջ, փոխելու թղթերի կողքին, լրացնելու եկավ մի կարևոր գործիք՝ փայտյա քանոն, որն օգտագործում էինք որպես թուր և վահան միաժամանակ՝ մի ձեռքով խաչաձև թափահարումներով պաշտպանվելով թռչունից, մյուսով հնարավորինս արագ հանելով կերամանը վանդակից։ Թռչունն էլ, իր հերթին, դոնքիշոտյան անձնուրացությամբ կռիվ էր տալիս քանոնի հետ։ Եվ կերամանը հետ դնելն է՛լ ավելի դժվար էր, քանի որ քաղցած թռչունը չէր համբերում ուտելու ու հաջողացնում էր մի երկու լուրջ հարված հասցնել անպաշտպան մատիդ, մինչ արագ ցած կնետեիր կերամանն ու արագորեն կփակեիր վանդակի դուռը։
Էգին ճանաչելու համար, ի դեպ, բոլորովին պարտադիր չէ բացել վանդակի դուռը։ Բավական է մատդ մի-փոքր մոտեցնես վանդակի ճաղերին, և նա արդեն, կտուցն օդում կափկափելով, նետվում է ճանկելու այն։ Հայրը, չէ, խելոք մարդ է իր համար, զոռով էլ չես ստիպի վնաս տալ․ որ շատ հոգին հանես, կարող է ձևացնել, թե ինքն էլ կծել գիտի, բայց մի երկու ձևական շարժումից, այն էլ առանց դիպչելու, այն կողմ չի անցնում, և ի վերջո հեռանում, քաշվում է մի կողմ՝ ցույց տալով, որ հետդ գործ չի ուզում ունենալ և որ իրեն հանգիստ թողնեն։
Բայց՝ վերադառնանք ձագուկներին։
Ձագուկները, ծնողների օրուգիշեր անդադար խնամքի տակ, մեծացան, փետրավորվեցին և դարձան գեղեցիկ թռչուններ, ընդ որում, նրանցից ոչ մեկը չուներ ճիշտ ծնողների երանգավորումը, իսկ որոշները լրիվ տարբեր գույների էին, օրինակ՝ մաքուր դեղին կամ մաքուր կապույտ։ Երբ ձագուկներն արդեն ինքնուրույն կարողանում էին օգտվել կերամանից և նաև՝ արդեն թռչել գիտեին, մի նոր փորձանք ի հայտ եկավ․ մայրը սկսեց անխնա հալածել նրանց։ Անխնան այստեղ ևս ձևաբանորեն չեմ օգտագործում․ գործի դնելով իր սուր կտուցն ու անօրինակ ագրեսիան, մայր թռչունն ուղղակի բզկտում էր, չէր թողնում ոչ ուտեին, ոչ խմեին, ոչ էլ աչքին երևային։ Ընդ որում նրա այս անհանդուրժող վերաբերմունքը ոչ առանց խտրականության էր․ ձագուկներից որոշներին ձեռք չէր տալիս, բայց այ մեկի՝ կապույտի հետ, ուղղակի աչքով աչք չուներ, փետուրները շաղ էր տալիս օդում։ Խեղճը ստիպված էր լինում վանդակի մի անկյունում, ջրամանի տակ կուչ գալու ամբողջ ժամանակ և այդտեղ էլ քնելու, մինչ մյուսներն առոք-փառոք թառած էին փայտյա ձողին։ Կապույտի անունը դրեցինք Սինդի՝ Սինդըրելլայի /Մոխրոտիկի/ ճակատագրից բաժին ունենալու համար, և ահազանգեցինք շուրջբոլորը, թե ով է ուզում թռչուն, եկեք-տարեք, հուրի-փերի, ընտիր աղջիկ և այլն․․․
Ախ հա, մոռացա ասել։ Երբ ձագուկներն արդեն կազմավորված թռչուններ դարձան՝ 6-8 շաբաթական /young babies/, լցրեցի նրանց մի փոքրիկ կրիչ-վանդակի մեջ ու տարա քաղաքի ծայրամասի այն թռչունների շուկան, որպեսզի, հիշու՞մ եք, այն հարբեցողի քթով թռչնավաճառը որոշի նրանց սեռը․ վստահ էի, որ նրանից լավ ոչ ոք չի կարող /չհաշված, որ ուրիշ ոչ մեկի չգիտեի էլ ։)/: Վերջինս, առանց երկար-բարակ ձևականությունների, ճանկեց թռչնին իր խոշոր ափի մեջ և մատը կոպիտ խցկելով խեղճի հետույքը, շոշափեց ինչ-որ բան, ու նետեց անտարբեր՝ աղջիկ է, հետո, բաց թողնելով Սինդիին, անցավ մյուսներին։ Մեր ենթադրությունը ճիշտ էր փաստորեն․ ախր իմ անզուգական զույգը նորից սկսել էր զուգավորվել, իսկ Սինդիի ներկայությունը, ավելի ճիշտ՝ գոյությունը, խիստ խանգարում էր էգին։ Մրցակից է տեսնում, բացատրեց թռչնավաճառը, պետք է հեռացնեք, թե չէ կսպանի։ Այդպես էլ ասաց՝ she will kill her.
Շուտով մեր ընկերներից մի ընտանիք արձագանքեց մեր գովազդին, և մի շաբաթ-կիրակի, թխվածքով ու սինիով /չեմ կատակում/ եկան մեր հարսնացուին ուզելու։
Սինդին, որը մոր ձեռն արդեն վեր էր ածվել ներվային ու վախեցած մի թռչնակի, տեղափոխվեց մեկ ուրիշ վանդակ, ընդ որում՝ շքեղ պայմաններով․ առանձին փայտյա տնակ ներսում, բազում զանգուլակ-խաղալիքներ, կաղնու փայտե ձող, վիտամիններով հարուստ հատուկ սնունդ, միրգ ու բանջարեղեն՝ դեսերտին, բաներ, որ նա իր օրում չէր տեսել։
Սակայն մանկության տրավման, ըստ երևույթին, հավանաբար երբեք չի վերանում իսպառ, քանի որ Սինդին այդպես էլ երբեք չհանդարտվեց և դարձավ մի ուրիշ տեսակի պատուհաս այդ՝ իրեն որդեգրած ընտանիքի համար, բառիս բուն իմաստով՝ գիշերվա մղձավանջ-երազ ընկերուհուս համար՝ սահմռկեցուցիչ տեսարաններով, ինչը, սակայն, մի ուրիշ պատմություն է, իսկ ես վերադառնամ իմ թռչուններին։
Շարունակելի
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.07.2017, 15:29:
Mr. Annoying (02.08.2017), Ruby Rue (21.07.2017), Smokie (19.07.2017), StrangeLittleGirl (20.07.2017), Աթեիստ (20.07.2017), Գաղթական (19.07.2017), Դեղին մուկիկ (19.07.2017), Նաիրուհի (26.07.2017), Ուլուանա (22.07.2017)

Սինդիի ամուսնությամբ, սակայն, մեր վանդակը չթեթևացավ, և ըստ իս, երկու դեկորատիվ թռչուն՝ մեր նախնական զույգը՝ զարդարելու մեր ընտանիքի զբաղ կյանքն ու հասարակական ստերեոտիպային պահանջները, ավելի, քան բավարար էին, և դրան եթե գումարենք նաև ծլվլաղմուկի եռակի ուժգնությունն ու վանդակը մաքրելու հաճախականության կրկնակի աճը, միանգամայն հասկանալի է դառնում, որ մնացած ձագուկներն այստեղ ևս անելիք չունեն։ Ու մայրն էլ, կարծես, ճիշտ նույն կարծիքին էր, քանի որ, Սինդիի հեռանալուց հետո, մյուսների հետ սկսեց յոլա չգնալ, տեղի կամ անտեղի բամփում էր, կռիվ-ղալմաղալ, ու քանի դեռ խեղճ ձագերի հոգեկանը չէր խեղվել, կրկին ճանապարհ ընկա թռչնի շուկա, ձեր և մեր արդեն վաղեմի բարեկամ թռչնավաճառի մոտ, քանի որ վերջինս անցած անգամ ակնարկել էր, թե կգնի ձագուկներին։ Կարելի էր իհարկե պահել ձագերից թարմ ու մատղաշ մի զույգ՝ ծնողների փոխարեն, որոնց հեշտ կլիներ վարժեցնելը, բայց դրա հավեսը ոչ ոք չուներ, ներառյալ աղջիկս, որը, թեև նվնվում էր, թե չի ուզում ձագերից զրկվել, բայց զբաղվողն էլ չէր, թե չէ մինչև հիմա կզբաղվեր։
Բացի այդ, մենք երևի մի քիչ պահպանողական ենք այդ հարցում․ հին բարեկամներից չենք հրաժարվում։
Թռչնավաճառն անձայն ընդունեց ձագերին՝ վճարելով տասական դոլար յուրաքանչյուրի համար, լցրեց, ես կասեի՝ թափեց նրանց մի մեծ ընդհանուր վանդակի մեջ, որտեղ մեր փափկասուն թռչնակները մի պահ շփոթվեցին մասսայի բազմազանությունից ու որակից, բայց մինչ կհասցնեին ուշքի գալ, մի տղամարդ իր դպրոցահասակ տղայի հետ մոտեցավ, վանդակի թռչնամբոխի միջից ընտրեց հենց մեր դեղինին, վճարեց տեղում 65 դոլար կանխիկ, և գոհ հեռացան։
Ես դեռ չէր հասցրել տեղավորել տասը դոլարը դրամապանակումս, երբ թռչնավաճառն արդեն ուներ 65-ը ձեռքում․ տնտեսական նման արագ շրջանառության դեռ ականատես չէի եղել։
Եթե կարծում եք, թե պատմությունը սրանով ավարտվեց, ճիշտ հակառակն է․ պատմությունը նոր միայն սկսվում է։
Շատ ժամանակ չանցած` երևի մի երկու շաբաթ, մեր սիրաթռչնակները նորից ձու ածեցին, կարծեմ մի վեց հատ, և մի երեք շաբաթից նորից ձագուկներ դուրս եկան։ Ոչ բոլորը՝ երեք, թե չորս հատ կարծեմ։ Այս անգամ կոնկրետ սպասող ունեինք, մի ուրիշ ընկերուհիս էր, որը հավեսի էր ընկել, ավելի ճիշտ՝ իր երեխաները․ նրանք էլ էին ուզում թռչուններ ունենալ, որ ձագուկներ են ունենում, ավելի ճիշտ` ուզում էին ականատես լինել ձագուկների ծննդին, պահել-փայփայել և այլն։ Այս անգամվա գույների մեջ մեկը նորից դեղին էր․ սա նշում եմ հատուկ, քանի որ արդեն հասցրել էի պարզել, որ դեղին սիրաթռչնակները, որոնց լուտինո են անվանում, հազվագյուտ են /նրանց գինն էլ մյուսներից ավելի թանկ է սովորաբար/։ Մեր կանաչ բարեկամներից գոնե մեկը, երջանիկ պատահականությամբ, ըստ երևույթին, իր մեջ կրում է ապուտատուց փոխանցված լուտինոյի գեն, որն այսպես անսպասելիորեն արտահայտվում էր երբեմն։
Ընկերուհիս ուզում էր էգ և արու, որ ձագ հանեին, և այս անգամ սեռը որոշելու համար շուկա հասնելու կարիք չեղավ, քանի որ ձագերից երկուսը՝ դեղինն ու կանաչավուն-երկնագույնը, մի-փոքր հասունանալուց հետո սկսեցին ինտենսիվ սեքսով զբաղվել, հենց ծնողների աչքի առաջ, գումարած՝ մոր շարունակական հալածանքները, և դրանց էլ հենց տարավ ընկերուհիս։
Շուտով եկավ առաջին աչքալուսանքը․ առաջին ձուն էր հայտնվել։ Հետո երկրորդը, հետո հաջորդը․․․ Զույգն արտասովոր բեղուն դուրս եկավ․ 12, թե 14 ձու, որի վրա պատրաստակամորեն նստել սկսեց դեղինը, իսկ երեխաներն անհամբեր սկսեցին սպասել ձագերի լույս աշխարհ գալուն։
Անցան շաբաթներ․ ձագուկներ դուրս չէին գալիս։ Երբ անցավ ավելի քան վեց շաբաթ, ժամկետից համարյա կրկնակի ավելի, ընկերուհիս խղճաց թռչունին, հանեց ձվերը, կոտրեց մեկը, սարսափելի հոտ էր, ու թափեց բոլորը։ Թռչունները, սակայն, շարունակում էին զուգավորվել, և նոր ձվեր հայտնվեցին, նորից տասից ավելի, և մայրը նորից թուխս նստեց։
Անցան շաբաթներ՝ ոչ մի ձագուկ։ Ընկերուհիս սկսեց կասկածել զուգընկերոջ պոտենցիայի կարողությանը, և որոշեց փոխել նրան։ Վերցրեց երկու թռչուններին էլ ու գնաց թռնչավաճառիս մոտ։
Վերադարձավ խիստ զարմացած ու զայրացած․ երկուսն էլ էգ էին․․․
Հիմա արդեն հասկանալի դարձավ նաև ձվերի նման մեծ քանակությունը․ կարդացինք ինտերնետում, որ մեկ սիրաթռչնակը 8 ձվից ավել չի կարող ածել։ Փաստորեն ածում էին երկուսն էլ!!!
"Էկեք ձեր փչացածներին տարեք", ծղրտած ընկերուհիս լսափողի մեջ, և ես, ամոթահար, հասա օգնության, ու նույն շուկայում փոխանակեցինք մեր բառիս բուն և "մյուս" իմաստներով երկնագույն անամոթին մի մոխրագույն, կարգին, քյարթ արուի հետ։
Շարունակելի
Mr. Annoying (02.08.2017), Ruby Rue (21.07.2017), Smokie (20.07.2017), StrangeLittleGirl (20.07.2017), Tiger29 (20.07.2017), Աթեիստ (20.07.2017), Գաղթական (20.07.2017), Դեղին մուկիկ (20.07.2017), Նաիրուհի (26.07.2017), Ներսես_AM (20.07.2017), Ուլուանա (21.07.2017)

Այ Բարեկամ, մեռանք ծտերիդ սպասելով: Մինչև դու ծտերի հաջորդ մասը դնես, ես մի հատ կատվի պատմություն պատմեմ:
Ուրեմն մեր ծանոթներից մեկն ամռանը որոշել ա մի կատվի դայակություն անել: Ու քանի որ ինքն էլ երբեմն-երբեմն քաղաքից բացակայում ա, էդ օրերին մենք ենք գնում կատվին կերակրելու ու հետը զբաղվելու:
Կատվի անունը Լիլետ ա: Ամեն անգամ, երբ հասնում ենք բնակարանին, դռան հետևից արդեն լսում ենք մլավոցը (ոնց որ ամեն իրեն հարգող կատուն ա անում): Ընկերս ինձնից առաջ մի քանի անգամ առանց ինձ էր գնացել: Հետո երբ առաջին անգամ միասին գնացինք, ինձ ծանոթացրեց կատվի հետ: Լիլետը մլավում ու քսմսվում էր. ահագին ուրախացել էր, որ մարդիկ են եկել: Առաջին խնդիրը Լիլետին կերակրելն էր: Բոլոր ափսեները մինչև վերջին խազը լպստած էին. Լիլետը լավ սոված էր: Էդպես, ուտելիք լցրինք ափսեների մեջ՝ հետևելով տերերի թողած գրավոր մանրամասն ցուցումներին: Ուտելիքը դեռ ափսեների մեջ չհայտնված՝ Լիլետը վրա տվեց ու սկսեց ռնդել ուտելիքը: Տենց, նաև թեփը փոխեցինք: Լիլետը բնական կարիքները հոգած: Հետո, երբ արդեն կուշտ ու երջանիկ էր, սկսեց քսմսվել: Քսմսվեց-քսմսվեց ու մեկ էլ սկսեց մլավելով հեռանալ մեզնից: Հետևեցինք, տեսնենք՝ ուր ա մեզ տանում: Տարավ, տանը մի դարակ կար, էդ դարակի մոտ կանգնեց, սկսեց թաթերով խփել է դարակին: Դարակը բացենք ու ի՞նչ տեսնենք․ Լիլետի խաղալիքներն են: Ցուցումներում տանտերերը գրել էին, որ Լիլետի խաղալիքները փակ տեղում պահվեն, որովհետև կրծոտում ա: Մեր ծանոթն էլ փակ տեղում դրել էր, բայց մեզ չէր ասել՝ որտեղ: Փոխարենը Լիլետը տեղը ցույց տվեց:
Էդպես, մի քանի խաղալիք հանեցինք, խաղացինք: Լիլետը դեսուդեն թռչկոտում էր: Հետո, երբ հոգնց, նորից մոտեցավ դարակին: Հասկացանք, որ հիմա պիտի խաղալիքները պահենք: Պահեցինք, նստեցինք, Լիլետը գիրկս բարձրացավ ու կիսաքնեց: Իսկ երբ վեր կացանք, որ գնանք, Լիլետը սկսեց լիքը մլավել, թե՝ մի գնացեք:
Էդպես մի քանի անգամ գնացինք կատվին խնամելու, ու ամեն անգամ նույն պրոցեդուրան էր․ սնունդ, զուգարան, խաղ, հանգիստ: Ընդ որում, առավոտյան այցելությունը պարտադիր էր սննդի համար, իսկ երեկոյան գնում էինք մենակ հետը խաղալու, որ մենակ չզգա:
Էնպես ստացվեց, որ էս շաբաթ-կիրակի էլ պիտի Լիլետին խնամեինք՝ սկսած ուրբաթ երեկոյից: Ընկերս հիվանդ էր, ես էլ հյուր ունեի: Էդպես որոշեցինք չգնալ ուրբաթ երեկոն բաց թողնել: Փոխարենն էսօր առավոտյան գնացինք:
Լիլետը սովորականի պես դռան մոտ մլավելով մեզ դիմավորեց: Բայց երբ ներս մտանք, մլավոցը մի տեսակ ջղային-նեղացած երանգ ստացավ: Ասում եմ՝ երևի ուշացել ենք, նախորդ երեկոյան էլ չենք գնացել, Լիլետը նեղացել ա: Գնացինք, որ ուտելիք տանք, տեսնենք՝ ափսեներից մեկը դեռ լրիվ լիքն ա: Մի քիչ անհանգստացնող էր, բայց մյուս ափսեն լրիվ դատարկ էր, ու փորձից գիտենք, որ էդ մյուս ափսեի ուտելիքը Լիլետը միանգամից ա ուտում, իսկ երկրորդ ափսեինը՝ օրվա ընթացքում, քիչ-քիչ: Էնպես որ շատ չանհանգստացանք ու ուտելիք լցրեցինք դատարկ ափսեի մեջ: Բայց Լիլետի հեչ պետքը չէր: Էլի նույն նեղացած տոնով մլավոցն էր: Ընկերս ուտելիքով թաթախված գդալը մոտեցրեց Լիլետի քթին ու տարավ ափսեի մոտ: Լիլետը էդ ժամանակ նոր մոտեցավ ուտելիքին, բայց մի երկու կտոր կերավ, հետ էկավ, էլի սկսեց նույն տոնով մլավել:
Այ էստեղ սկսեցինք անհանգստանալ, թե՝ ինչ ա էղել կատվին: Բայց որ մի քիչ մլավեց-մլավեց, հետ գնաց խոհանոց՝ ուտելիքն ուտելու: Ըստ երևույթին, ինչ-որ բողոքի ակցիա էր անում: Հետո սովորականի պես զուգարանային արարողությունն էր, բայց էս անգամ չխնդրեց, որ խաղալիքների դարակը բացենք: Մենք իհարկե սովորականի պես բացեցինք: Խաղաց-խաղաց, թողեց ու դուրս էկավ սենյակից: Հետևից մի քանի անգամ կանչեցի՝ Լիլե՜տ: Ամեն անգամ շուռ էր գալիս, նեղացած նայում ու գնում:
Հետո հետ էկավ, դեսուդեն թռչկոտեց, խաղաց: Բայց մեկ էլ ամեն մի քանի րոպեն մեկ իրեն լպստում էր: Լպստելը գնալով ավելի էր հաճախանում ու երկարում: Հետո էդպես էլ ոչ մեկիս գիրկը չնստեց: Էդպես էլ չէինք հասկանա, թե կատուն ինչից ա նեղված, բայց վերջը Լիլետը մեր հարցի պատասխանը տվեց: Մեկ էլ ցատկեց մահճակալին ու սկսեց անկողինը հոտոտել ու դարդոտ հայացքով մեզ նայել․ մեր ծանոթին էր կարոտել ու արդեն զզվել էր, որ իրեն էսպես ժամանակ առ ժամանակ ուրիշների խնամքին ա հանձնում:
ivy (22.07.2017), Mr. Annoying (23.07.2017), Sambitbaba (22.07.2017), Smokie (12.08.2017), Աթեիստ (22.07.2017), մարդագայլուկ (23.07.2017), Նաիրուհի (26.07.2017)
7/7 ռեժիմը միացրած, անդադարի մեջ, ուշացել էի։ Դուրսը ինչպես միշտ մութ ա, կակ ու չյոտա վ ժոպե։ Ժամին նայում եմ արդեն ութ անց կես ա։ Վռազ հավաքում եմ կոլեգայիս համարը․
- Բացե՞լ ես։
- Դեռ ժամի յոթն ա։
Ափալ թափալ տանից դուրս եմ եկել, արդեն նախկին գրախանութի մոտ եմ, որ գործի տեղից հեռու չի։ Ռեմոնտ են անում, խանութ սարքեն։ Աշխատողը սիգարետ ա ուզում, ձեռինս տեսնելով։ Կպցնում եմ, տալիս, ասում ա․
- Կաֆելի վրա եմ։
- Դժվար գործ ա, - ասում եմ։
Դեմքից արհամարանք ա փչում, թե բա․
- Դու ի՞նչ կարաս դրա մասին դատես։
Ասում եմ․
- Աշունը կալիմ էի անում։
Աչքերը խփում ա ճակատին․
- Որտե՞ղ։
- Ինստիտուտում երկրորդ - երրորդ հարկի կաֆելը։
- Ո՞նց էր։
- Ընտի՛ր, միշտ գիտեի, որ ինստիտուտում աշխատելու եմ, մենակ չէի ջոկում ի՞նչ։
Ձեռքս սեղմում ա բաժանվելուց։
Հասնում եմ գործի տեղ, թափում եմ դեղերս, ինչ ասես չեմ փորձել արդեն, էլ հին ու բարի սերատոնինի պերեդոզ, էլ դրան զուգահեռ կոֆեին, էլ ալկոհոլի տարատեսակ միքսեր, խմել խմել այնքան խմել, որ սուրբ մոզգդ երբեք չզգա քո ավելորդ մանրությունը։
Ամենավերջին շանսը դա սեփական գլյուկիս խորհուրդ տված կոկտեյլն ա, էն որ պխխխխխ, և ուղեղդ պայթում ա։
Երկու հատ մեկնոց նիկոտինկա ու ասկորբինկա երկու հատ երկուսնոց։ Ասեղի տակ սկսում ա քփքփալ։ Աներևակայելի տրեմոր ու աժիոտաժ ամբողջ մարմնով մեկ, մյուս գործի տեղից գրում են, որ ստեղի օտպուսկի ժամանակ դուրս գամ էնտեղ երկու սմեն։ Հեռախոսը բռնած ձեռքս դառնում ա արնագույն, մազանոթներս տրաքելու աստիճան լայնացել են։ Հավաքում եմ հակահիստամինը, հարց չկա գրում եմ ու ձեռի հետ տալիս եմ ն/ե, բայց սաղ ենթամաշկ ա գնում ու թմրացնում ձեռքս, մյուսը աջից եմ տալիս։
«Բա շունչդ չե՞ս փչի»։
Գրում եմ․ «Դու մի հոգա, ինձ ձեռ ա տալիս, մաքս․գործ – մին․միտք»։
Զանգում ա կոլեգաս՝ չի գալու։ Լավ ոչինչ գլուխ կհանեմ 200 մարդը ի՞նչ ա որ։
Հարևան բարի մատուցողուհին ա գալիս, թե բա ձվարաններս ցավում են։
- Երկու շաբաթ առաջ էն բանից եմ արել առաջին անգամ, հետո էն օրերը սկսվեցին ու մինչև հիմա չեն պրծել։
- Գնա բշժկի։
- Էդ հեչ, կգնամ, ուզում եմ քո կարծիքը իմանամ։ Կարո՞ղ ա վարակվել եմ։
- Չե՞ս պաշտպանվել։
- Դե, որ հենց սկզբից բան արավ, ես զգացի, որ բանին բան չկա, ասի բան արա։ Ինքը միանգամից լսեց։
- Առնանդամը առանց պահպանակ մտցրե՞լ ա հեշտոցիդ մեջ։
- Հա, շատ կարճ ժամանակաով։ Էդ ոչինչ, չէ՞։
- Դու իրան ճանաչո՞ւմ ես, թե առաջին անգամ էս հանդիպել։
«Խի տենց լինում ա» արտահայտութամբ նայում ա մի քիչ․
- Ճանաչում եմ, մենք հանդիպում էինք ուղղակի ես պատրաստ չէի ու տենց։ Ես իրան կարամ վստահեմ։
- Օքեյ, բայց փասա փուսեքը հավաքի ու գնա բժշկի։
Հայելի բան ման դնում եմ ձեռը ղրգում։
Գալիս ա վարիչը, շիլա դարծած մարմինս զննում, ասում ա․
- Մի օր սատկելու ես, մտնեն սաղ գռփեն տանեն, - հետո թե, - Բաժանվում եմ, ի՞նչ կասես։
- Ինչ ասեմ, ֆլագ վ ռուկի, որոշիր և մինչև վերջ տեր կանգնիր, ինչ էլ անես, չզղջաս։
- Կգա՞ս հետս ապրես, համ էլ փողերդ կխնայես, էլ էշի պես փալան քաշելու կարիք չի լինի։
- Չէ, չեմ գա։
Կարմիրը կամաց քաշվում ա, բայց մարմինս դեռ իր տեմպի մեջ ա։ Դուրս եմ գալիս գործից։ Չեսթերը կախվել ա, այրիշ փաբում Լինքնի Պառկի քավըր են անում։ Դռան մոտ հասած զանգում ա Նա։ Ասում ա․
- Հղի եմ, գիտե՞ս։
- Ուրախ եմ քեզ համար։
- Գիտեմ։
Մտքում քֆրտում եմ Չեսթերին, ռեքվիեմ, բլյ․․․։
Մինչև ես իրար հետևից ցամաքացնում եմ երկու այրիշ քար բոմբը, ախռանիկը ինձ ասում ա, որ ես ասեղի բարձիկ եմ, որ իր ընկերուհին կլիտորի վրա փիրսինգ ա արել ու երեք անգամ ավելի ինտենսիվ օրգազմ ա ունենում։ Ասում եմ, էհ դու էլ արքայազն Ալբերտ արա, ով գիտի, ինչ հաճուքներ ես բաց թողնում։
Սեղանները աղմկում են մարդկանց ոտքերի տակ։ Մեկը շնչում ա քրտնաց թիկունքիս վրա, սառը օդը սողում ա ներքև։ Ձեռքը մտցնում ա շալվարիս մեջ։
- Ինչպե՞ս ա կյանքը, - գոռում ա ականջիս
Բութ մատս բարձրացնում եմ վեր։
Շուրթերից, թե իմ լեզվի վրա այրիշ կրեմի համն ա։
*******************************************************************************************************
Զարթնում եմ, ութ անց կես։ Ուշացել եմ։ Ավելորդ մարդկանց սիկտիր եմ անում։
Զանգում եմ կոլեգայիս, Նա ա պատասխանում։
- Սխալ եմ հավաքել երևի կներես։ Քնա՞ծ էիր։
- Ոչինչ։ Լավ ա զանգեցիր, քեզ մի բան պետք է ասեմ։ Հղի եմ, գիտե՞ս։
- Գիտեմ, - ասում եմ ու նայում ժամին։ Դեռ յոթն ա։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 26.07.2017, 22:49:
SWTS
ivy (26.07.2017), Moonwalker (27.07.2017), Mr. Annoying (26.07.2017), Rhayader (14.08.2017), Աթեիստ (26.07.2017), Հայկօ (20.08.2017), Նաիրուհի (26.07.2017)

Բարեկամ, ծտերն ի՞նչ էղան։ Մեռանք սպասելով։
Tiger29 (28.07.2017), Աթեիստ (28.07.2017), Դեղին մուկիկ (28.07.2017), Ներսես_AM (29.07.2017)
փարիսեցիներ
Տասերորդ վիվա լա մեքսիկոն ցամաքացնելու պահին բեմի կողքին կանգնածների մեջից մի հատ աղջիկ բռունցքով հարվածում ա դեմի տղու ծնոտին, սա էլ ռեֆլեկտորեն նենց ա թաթալոշում, որ աղջիկը ծեփվում ա բեմին։ Միանգամից, վրա ա հասնում, ասում ա՝ հելի, ձեռը գցում ա որ օգնի, սա նորից ա սկսում ծրփալ, յամամոտոյի ֆրոնտմեը բռնում ա, բայց օգուտ չունի, ոտ ու ձեռը հիստերայի քաոտիկ շարժման մեջ են։
- Բլյ․․․, դու հիմա կանանց վրա ձեռք ես բարձրացնո՞ւմ, սուկա։
Ախռանիկ հլըկալեն իրան ներս ա քցում։ Էս տղամարդը իմ կողքը աջ քաշված նայում ա։ Ձեռքս դնում եմ ափի մեջ, ասում ա․
- Բայց դու տեսա՞ր, չէ՞, ես մեղավոր չեմ, ինքը սկսեց։
Ախռանիկն ու աղջկա գռուպպա պադդեռժկին գալիս սկսում են քարոզ կարդալ։ Ախռանիկը ասում ա՝ կներես ախպեր, պտի գնաս։ Ինքն էլ արդարանում ա, ասում ա, վիդեօն բացի նայի ես մեղք չունեմ։
- Հա բայց աղջկան խփո՞ւմ են այ ախպեր։
Ես ձեռներս խաչած լսում էի, չդիմացա, մեջ ընկա․
- Բա ո՞ւր մնաց գենդերային հավասարությունը։ Եթե տղա լիներ խփողը, կարծում եմ ոչ մի հարց չէր առաջանա։ Երկուսին էլ դուրս կհանեին։ Ինչի՞ ա էդ հավասարությունը միակողմանի աշխատում էլի։
Ախռանիկը պժած վրաս ա նայում։
Էս տղան, թե բա գնում եմ, կգա՞ս հետս։ Դուրս ենք գալիս։
- Վսյո, - ասում ա, - հասարակությունը ինձ կթաղի, փաբի ճամփեն էլ մոռանալ ա պետք։ Ախր, ի՞նչ կմտածեն, ես սաղին ճանաչում եմ․․․
- Հանգստացի, ինչ կարևոր ա ինչ կասեն, պետք ա անցնես էդ ամենի մեջով, գլուխդ բռնելու համար չեմ եկել, որ լացում ես։
- Բայց պետք ա իմանաս, Ջեքը սաղ տունը քաքմեջ արած կլինի ու ես էլ շատ կոպիտ, բիրտ անասուն եմ։
- Ջեքն ո՞վ ա։
- Շունս։ Քափթըմ Ջեքը։
- Խնդիր չեմ տեսնում։
- Անտառով գնա՞նք։
- Գնանք։
- Չե՞ս վախենում ինձնից։
- Իսկ դո՞ւ ինձնից։
Մի քանի ժամ հետո, երբ համոզվում եմ, որ ինքը բիրտ անասուն ա, գլուխը դնում ա կրծքիս ու խորը հոգոց ա հանում։
- Ես կորած մարդ եմ։ Բայց ինքն էր չէ՞ մեղավոր։ Հասարակությունը ինձ կթաղի։
Ձեռքս դնում եմ գլխին։
- Քնի՛ր, - ասում եմ։
Արիան իրա Բեսպեչնի անգելը երգում ա սաղ գիշեր։ Տատու անելու սարքերի միջով անում եմ, ու առանց արթնացնելու դուրս գալիս։
Տաքսու մեջ վզիցս կաղած նաուշնիկները լուռ էին։ Եկել եմ տուն, սա գրում ու մտածում եմ, տեսնես քանի ակտիվիստ ա սենց մարդկանց իրավունքների մասին հոդված գրում, կամ ինչ-որ գերխելացի տերմին հորինում, ծիպը ֆեմինիզմ, կամ զահրումարիզմ։ Չկա չէ տենց բան։
Մի հատ դատարկ ռոմի շիշ ուներ էդ տղան, գանգի տեսքով։ Անունը Յորիկ էր։ Հիմա, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, հարգելի Յորիկ։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 29.07.2017, 05:08:
SWTS
boooooooom (31.07.2017), Mr. Annoying (29.07.2017), Smokie (12.08.2017), Աթեիստ (29.07.2017), Յոհաննես (29.07.2017)

Բյուր ջան, էդ ծտերի պատմությունը սկսեցի հասնելու համար վերջերս տեղի ունեցածին, որը հենց պատմելու արժանի էր՝ ըստ իս, էն էլ ստացվեց «իսահակ ռադիլ աբրահամա...» ձգվող շարք, ու էդ հիշարժանն էլ կորցրեց ակտուալությունը մի տեսակ, բայց դա ավելի շուտ ինձնից ա, հուսով եմ շուտով հետ կտրամադրվեմ, միայն թե Երևանում ավելի կարևոր անելիքներ են ու ուրիշ տրամադրություն, ու էս ի՜նչ շոգ ա...
ivy (02.08.2017)

Բարեկամ (02.08.2017)
Ֆեմինիզմի թեմայի տոքսիկ թամփը մտնելս չի գալիս, բայց այդ թեմայով մի բարի մանրապատում այստեղ գրեմ։Գործիս, կենցաղիս ու հետաքրքրություններիս բերումով այսպիսի պատմություններ կիլոյով էլ չէ, այլ տոնաններով գիտեմ զանազան բնագավառներից, բայց քանի որ Բյուրը զրույցը ակադեմիական աշխարհից էր տանում, իրեն էլ այդ պատճառով բոլոր կողմերից ծաղրում էին, ես էլ, թեմայից շատ չշեղվելով, հենց ակադեմիական կյանքից մի դրվագ պատմեմ։ Մեկ այլ պատճառով էլ եմ ուզում հենց ակադեմիական աշխարհից օրինակս բերեմ. արևմտյան երկրներում ակադեմիան ահագին յուրահատուկ դեր է կատարում հասարակության կյանքում. ընդհանուր առմամբ համարվում է ամենապրոգրեսիվ ու ամենաձախ իդեալների բնօրրանը, և երկրի ղեկավարության խորհրդատուների մի ահռելի մասը հենց ակադեմիայից է գալիս (Թրամփի անձնակազմը սրանից եզակի բացառություններից է)։ Դե աջ ուղղվածությամբ մասսաներն էլ ակադեմիան համարում են ձախ (եթե ոչ բացահայտ մարքսիստական), անորոշ սեռի (եթե ոչ՝ տսեռ) ու սեռական կողմնորոշման (եթե ոչ՝ շեղվածության) տոլերանտության վրա շեղված հիպպիների կոմունայի նման մի բան։ Այսինքն, ակադեմիան, ըստ երևույթի, պիտի որ հասարակության ամենատոլերանտ խավերից մեկը ներկայացնի ու նաև ահագին ազդեցություն ունենա երկրի ընդհանուր քաղաքական ղեկավարության վրա։ Այս պատճառով ակադեմիայում տարբեր տիպի արտահայտումները կարող են մի քիչ ավելի խոսուն լինել ընդհանուր հասարակության դրվածքի համար, քան առօրեական կենցաղայինները։
Մի հատ էլ կարճ նախաբանով փորձեմ ներկայացնել, թե արևմտյան ակադեմիան ոնց է գործում։ Սա, բնականաբար, կախված է կոնկրետ երկրից, հաստատությունից և բնագավառից, բայց մոտավորապես այսպես է. ակադեմիայում գիտնականը ունի պարտականությունների երեք խումբ՝ հետազոտություններ, դասավանդում ու ծառայողականություն (սերվիս)։ Սերվիսը1 ընդգրկում է տարբեր կոմիտեների անդամակցություն (ընդունելության, կոլեգաների փրոմոշընների, հաստատության տարբեր տիպի քաղաքականությունների ու ֆինանսների, IRB ու մի վագոն ուրիշ), ինչպես նաև որոշ ղեկավարական ֆունկցիաների ստանձնում (ֆակուլտետի դեկանություն, ասպիրանտների ընդհանուր մենթորություն ու նման) ու լիքը ուրիշ մանր-մունր բաներ։ Ու առաջատար հաստատություններում այդ երեք պարտականությունները կարևորվում են հենց այդ հաջորդականությամբ՝ հետազոտություններ, դասավանդում, հետո նոր՝ սերվիս։ Ու եթե դու հետազատություններից հետ ես ընկնում, ապա, եթե աշխարհահռչակ դասախոսական ձիրք չունես, կարող ես մոռանալ փրոմոշընների մասին։ Բայց մյուս կողմից էլ, եթե աշխարհահռչակ գիտնական չես, կամ գոնե լիքը դրսից գրանտներ բերող, ապա վատ դասավանդումն ու թերի սերվիսն էլ կարող են կարիերայիդ վրա խաչ քաշել։ Նաև լավ հաստատված հետազոտական գործունեությունդ կարող է աշխատավարձդ մինչև մի 40% հավելյալ բարձրացնել2, այնպես որ գրեթե բոլորը փորձում են դասավանդման ու սերվիսի բեռը ինչքան կարող են նվազեցնել, որ հետազատությունները առաջ բրթելու ժամանակը շատանա։
... կյանքիս բերումով մի շատ լավ ծանոթ ունեմ ակադեմիայում, ով ահագին հազվագյուտ թռչուն ա։Նախ, լրիվ «արական» բնագավառում կին ա, հետն էլ՝ բոլոր պարամետրերով գերհաջողակ։ Ահագին լավ համալսարանի մի ֆունդամենտալ գիտության ֆակուլտետի բնագավառներից մեկի դրոշակիրն է։ Համեմատության համար, պատկերացրեք Հայաստանի մասշտաբով ոնց որ ԵՊՀ-ի Ֆիզֆակի Միջուկային Ֆիզիկայի ամբիոնի վարիչը։ Չնայած պատկառելի տարիքին, այս ծանոթս ամուսնացած երբեք չի եղել, ոչ էլ երեխա ունի3։ Ու որ իմանաք էլ ինչ տիպ է, ասեմ, որ ակտիվ ֆեմինիստ իրեն համարելը դժվար է, սակայն, բնականաբար, անհանգստացած է «կանանց պայմաններով», սակայն այս թեմայով հարապարակայնորեն արտահայտվողներից չի։ Մի այլ կարգի ռացիոնալ մարդ է, ինչը բնագավառից էլ է երևի մի քիչ գալիս, որում խիստ տրամաբանականությունը ու պատճառա-հետևանքային կապի ճշգրտությունը այբուբենի պես մի բան է։
Մի անգամ այս ծանոթիս հետ երկուսով նստած ակադեմիական քաղաքականության թեմաներով էինք խոսում (մի ուրիշ ընդհանուր ծանոթի մասին էր զրույցը, ում տակը այդ պահին լավ փորում էին), ինքն էլ մի քիչ նեղսրտած իր մասին էլ մի քանի բան պատմեց։ Նենց չի որ դրանցից ինչ-որ բանը նորություն էր ինձ համար, քանի որ հիմնական կերպարներից մի քանիսին լավ ճանաչում եմ, բայց դե իր պատմածով դրվագը ավելի միասնական էր դառնում, քան իմ կցկտուր այստեղից-այնտեղից լսածները։ Բոլորը չպատմեմ, դրանք այստեղ կարևոր էլ չեն, բայց իմաստը այն էր, որ իրեն ընդհանուր նեղում էին ֆակուլտետում։ Դրանից լիքը բան մասնագիտական ուղղվածության նկատմամբ խտրականություն էր, բայց, ըստ իս, սեքսիզմ էլ կար (այդ հիմնական կերպարներին իմանալով էլ եմ ասում), չնայած ինքը երբեք էլ դա չակնարկեց։ Ու այդ նեղելը ահագին էժանագին տրյուկներով էր արվում։ Ասենք տարեկան աշխատավարձի բարձրացման թղթաբանությունը իր համար հատուկ բարդացնում էին՝ մի երկու անգամ սուտի մերժումներ տալով, իր բնագավառին դասախոսական տեղեր չէին տալիս (այդ բնագավառով գործի ընդունելություն չէին ուզում թույլատրել), փոստդոկների գործերի անիվների մեջ փայտեր էին կոխում, իր ասպիրանտներին էին ճնշում բոլոր հարցերում ու նման բաներ։ Իր դեմ հետապնդություն կազմակերպած մի երկու հոգին էլ իր մասին սուտ տեղեկություններ էին տարածում, մթոմ իր արած գիտությունը թույլ է, բնագավառը՝ անպիտան, ու նման բաներ, մի երկու անգամ էլ grandstand են արել այս թեմայով ֆակուլտետի ամբողջ անձնակազմի ժողովների ժամանակ։ Այն ինչ իր ասպիրանտները ֆակուլտետում ամենահաջողակներն էին, իր հետազոտությունների քանակն ու որակն էլ այդ հետապնդողների բոլորի գործերն էլ ծալած ուներ4, ստաբիլ գրանտներ էր շահում, ու այդ ամենը անում էր հարաբերական մեկուսացման մեջ։ Այս բոլորի հետ մեկտեղ էլ, իրեն նաև և՛ դասավանդմամբ էին գերբեռնում, և՛ սերվիսով։ Դասավանդումը չէին թողնում գրանտներով «առնի», որևհետև, ինչպես ասացի, իր բնագավառով ուրիշներին գործի չէին ընդունում, ու ուզեր-չուզեր, իր բնագավառի առարկաներից պիտի ինքն էլ ահագին դասավանդեր։ Սերվիսն էլ. բնական գիտություններում ահագին քիչ կին կա, ու բոլոր կոմիտեներում դիվերսիթիների կվոտաները լրացնելու համար իրեն էին կանչում, ու շատ ժամանակ անհնարին է սենց բաները մերժելը, որևհետև հրավերքը կարող է գալ համալսարանի ռեկտոր-պրոռեկտորից, մերժումն էլ քաղաքական ինքնասպանություն կարող է լինել այդ հաստատությունում կարիերայիդ համար, կամ էլ սրտիդ մոտ հարցով զբաղվող կոմիտե է, ու ուզում ես որ իսկապես գոնե մի կին մասնակցի։ Պատկերացրեցիք չէ՞. դասավանդմամբ ու սերվիսով գերբեռնված, բայց միևնույնն է փայլուն մրցակցային հետազոտական ծրագիր ունեցող կին-գիտնական ավանդական «արական» բնագավառում։ Ու ինքը կարիերան էր ընտրել՝ ընտանիք ու երեխաներ չունի, տո գործից դուրս գրեթե կյանք էլ չունի... Հիմա էլ ամենածիծաղելին այս պատմության մեջ. հիշո՞ւմ եք այն «դեկրետը կարող է օգտագործվել թե հոր, թե մոր կողմից, ու չգիտեմ սրանից ավել ինչ է կարելի անել» զրույցները։ Դե ուրեմն իմացեք նաև, որ ակադեմիան, ավելի պրոգրեսիվ լինելով, այպիսի բաներ վաղուցվանից ունի, ու գրեթե համատարած տղամարդկանց էլ է ստանդարտ «դեկրետ» հասնում երեխա ունենալուց։ Սա սովորաբար լինում է մեկ սեմեստր բոլոր դասավանդումներից, սերվիսից ու ադմինիստրատիվ ֆունկցիաներից ազատվելու ձևով։ Բայց դե հետազոտություններից ազատվել չկա. գիտական հանրությունը թքած ունի, դու երեխա ես ունենում, թե պարալիզով տանը պառկած ես. եթե արդյունքներ չես արտադրում ու հոդվածներ չես տպում, գրանտներ ստանալուդ հավանականությունը կտրուկ ընկնում է (հիշում եք, չէ՞, որ աշխատավարձը կարելի է հավելյալ ավելացնել հետազոտությունների հաշվին)։ Ու այս ծանոթս այս իր նեղսրտած զրուցում իրեն հետապնդողների մասին պատմում է, որ սրանք ամեն մեկը առնվազն երկու անգամ երեխա ունենալուց (իրեն երեք հետապնդողներից մեկը երկու երեխա ուներ, մյուս երկուսը՝ մարդ ա երեք) այդ «դեկրետը» ստացել են, ու իրենց «ազատ» սեմեստրները իրենց լաբերից ու գրասենյակներից դուրս չգալով անցկացրել, փոխանակ գնան տանը իրենց կանանց երեխայի խնամքով օգնեն, հլը մի հատ էլ դասախոսական կազմի ժողովներին բարձր-բարձր պարծենում են, թե այդ սեմեստրները իրենց կարիերայի մեջ ամենապրոդուկտիվ սեմեստրներն էին։
Հիմա այս կինը ամեն ինչ «ճիշտ» է արել՝ կարիերայի ու ընտանիքի ընտրության մեջ ընտրել է կարիերան, բայց դայվերսիթիի ավելացմանը ուղղված «ճիշտ» բաները իրեն գերբեռնում են սերվիսով, ու հավանաբար կենցաղային սեքսիզմի արդյունքում էլ (չնայած ինքը սրա մասին իմ հետ նույնիսկ ամենաանկեղծ զրույցում ոչ էլ ծպտուն է հանել) գերբռնված է դասավանդմամբ, հլը հետն էլ դեկրետների «ճիշտ» քաղաքականության հետևանքով, որը պիտի որ պաշտպաներ երեխա ունենալ ուզեցող կանանց, մրցակցորեն տանուլ է տալիս տղամարդկանց՝ հետազոտությունների առումով5։ Մի հատ եզր կար է ֆուտբոլում, ո՞նց էր, hat-trick չէ՞ր։ Այ լրիվ էս դեպքն ա։ Ու որ մեդիան իրեն հարցնի. «բա այդ արական բնագավառում ո՞նց էր, սեքսիզմը շատ խանգարեց», ինքը հստակ կպատասխանի. «ինձ իմ գիտական արդյունքներով են ընդունում, ոչ թե սեռով», որևհետև հակառակ ասելու դեպքում ամբողջ գիտական համայնքում ինքը միանգամից կպիտակվի «դրամա քուին» (իյա, բա մեր ակադեմիան այնքան պրոգրեսիվ ա, խի սեքսիզմ մեր մոտ կարա՞ լինի)6, ու ընդհանրապես, սեռի մասին որևէ ակնարկման դեպքում բոլորը կասեն. «էդ սեռի՞դ պատճառով չի, որ տենց պատասխանատու կոմիտեների անդամ ես», թքած էլ թե ինքը երբեք էլ չէր ուզում էդ անտեր կոմիտեների վրա ժամանակ վատնած լիներ, ու պարտադրվածությունից է այդ բեռը իր վրա ստանձնել ու շատ ավելի կնախընտրեր այդ վատնված ժամանակը հետազոտությունների մեջ ներդնել7։ Էս էլ ձեզ ամենատոլերենտ ու ամենաառաջադեմ երկրներից մեկի ամենատոլերանտ ու ամենաառաջադեմ բնագավառներից մեկի փորձից։ Հա, ես էլ չեմ պատկերացնում թե այլևս ինչ է կարելի անել, չէ՞ որ ամեն ինչ արդեն արված է...
Հ.Գ.
Չկարծեք, թե ես այս դրվագը մի պատահական անեկդոտիկ դեպքից վեր եմ դասում, բայց հավատացեք, որ այսպիսի անեկդոտիկ դեպքերը համատարած են մերիտոկրատիկ ու մրցակցային ոլորտներում (ակադեմիա, ֆինանսներ, արտաքին հարաբերություններ, քաղաքականություն, սպորտ...), ու այդ պատահականությունից էլ արդեն վիճակագրության հոտ է գալիս։ Ոչ էլ կարծեք, թե ես բոլոր խտրականությունները իջեցրեցի հյուսիս-ատլանտյան նույնասեռ կետերի դեկրետների իրավունքներին... այս դեպքը, բնականաբար, չի ժխտում հալամ աշխարհում տեղի ունեցողները։ Բայց ասենք որ աշխարհում Հյուսիսային Կորեա կա, դա հո չի նշանակում թե պիտի Հայաստանի քաղաքական բեդլամից խոսելը թարգացնենք։ Սրանով ես միմիայն ուզում էի ցույց տալ, որ ամեն ինչ այնքան պարզ, իդեալական ու պայծառ չի, ինչպես կարող է երևալ, թեկուզև Դանիայում Ph.D. անողի վիճակը ավելի նախընտրելի լինի քան Հայաստանի հացթուխինը։ Այդքան մի բան։
1. Իմ նկարագրածը «ինստիտուցիոնալ սերվիսն» է, բայց կան նաև այլ ձևեր էլ՝ մասնագիտական բնագավառին, քընսալթինգ և այլն։ Որոշ տեղեր ու բնագավառներում սրանք էլ են բարձր գնահատվում և նույնիսկ անհրաժեշտ համարվում։ Օրինակ բիզնեսում քընսալթինգը շատ կարևոր է, որ իրական բիզնես ոլորտից պռոֆեսորները չկտրվեն։
2. Սրա տարբեր եղանակներ կան, սկսած գրանտներից, վերջացրած քընսալթինգով ու պատենտներիդ կոմերցիալիզացիայից հասանելիք եկամուտների տոկոսով։
3. Մինչև որևէ մեկի մտքով սա անցնելը, նաև ասեմ, որ արտաքինով էլ է ահագին նկատելի, ռեգուլյար ջիմ է գնում, ահագին ճաշակով, թեկուզև պարզ հագնվում, և այլն։ Ի դեպ, հենց ակադեմիայում ահագին տարածված կարծրատիպ է, որ «արական» բնագավառների կանայք գեշ են. «դրանից էլ խելքները տալիս են գիտությանը», ու սա բավականին բացահայտ ու հաճախ հանաքների թեմա է տղամարդկանց շրջանակներում (locker room talk)։
4. Սրանք բոլորն էլ համեմատաբար օբյեկտիվ մետրիկաներով կարելի է համեմատել։
5. Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե կինը կարող էր այդպիսի դեկրետներից օգտվել նույն ձև ինչպես այդ տղամարդիկ, think again! Չնայած այն մարդիկ, որ կարծում են թե կրծքի պոմպերը կնոջը թույլ են տալիս «կթի տանը թողնի, որ հայրը կերակրի, ինքն էլ գնա գործի», առանց մտածելու որ 7-10 ժամանոց աշխատանքային օրով (ԻՏ ու ֆինանսների ոլորտում ահագին տարածված ժամեր) ու առանց գործի տեղը կթելու հնարավորության (այս հարցում օրենքները ահագին հետ են դեռ) սա հնարավոր է, կամ որ հաճախակի կոնֆերանսների մասնակցող կրծքով կերակրող մոր համար սա ընդհանրապես խելքին մոտիկ է (ակադեմիայում կոնֆերանսների մասնակցելը գրեթե անհրաժեշտ է), կամ որ գիշերներով ամեն 3 ժամը մեկ կերակրելու համար զարթնող կինը տղամարդու հետ հավասար է մյուս օրը գործի գնալու, կարող է, հավանաբար, և այս հարցում ալտերնատիվ մտածելակերպ ունենալ։
6. Բյուր ջան, սրա առումով ուզում եմ քեզ մի բարի խորհուրդ տալ. երբեք, լսում ես, երբե՛ք գենդերային բանավեճերում «էմպաթիա», «էմպաթիկ» ու նման բառեր մի ներմուծի. քո դիրքն էլ ես միանգամից թուլացնում, հետդ զրույցի մասնակցող սեքսիստների ձեռքն էլ ես գործիք դնում։ Կնոջը օգնող պետք չի, թող մենակ չխանգարեն, տես ոնց են շատ կարճ ժամանակում «աշխարհը գրավում», բուհերում սեռերի հարաբերակցությունը վկա։
7. Սրա պարագայում նաև ասեմ, որ նրանք, ովքեր «տեսեք այ էս ոլորտում շատ հաջողակ կինը ասում ա, որ իրեն հեչ էլ չեն նեղել» տիպի փաստերով արգումենտներ են կառուցում, հավանաբար ոչ էլ լսած կան survivorship bias-ի մասին։
GriFFin (15.08.2017), StrangeLittleGirl (14.08.2017), Դեղին մուկիկ (14.08.2017)

Ծլնգ, հետաքրքրությամբ կարդացի էս պատմությունը։ Ես էլ սենց լիքը պատմություններ գիտեմ աշխարհի տարբեր ծայրերից։ Որ չալարեմ, կպատմեմ։
Էմպաթիայի պահով էլ իրոք ճիշտ ես ասում։ Չխանգարելու պահով էլ եմ համաձայն։ Էն ա, որ ով հասցնում, խանգարում ա։
Դուռը ծեծում են: Կողքի հարևանն է:
- Մի հատ արի, տես պատն ինչ վիճակում ա:
Գնում եմ: Նայում եմ՝ որ ասեմ թաց է, սուտ կլինի, բայց խոնավոտ է: Երկու շաբաթ է:
- Գալու ենք էդ կաֆելը քանդենք:
...
- Էդ լրիվ տանտիրոջ հետ, ես ընդամենը երեխային եմ նայում:
- Ոնց, դու տանտերը չե՞ս:
- Չէ, ես Հ***ը չեմ:
- Դե ես ձեզ, երկար մազերով թրաշովներիդ չեմ տարբերում:
Նայում եմ դեմքին, նախում եմ հորը՝ հաշմանդամ ալկաշ, մի ձեռքը կորցրած, հորաքրոջը: Չէ, մարդուն իր տան ներսում չեն ծեծում:
- Ես էլ ձեզ, քաչալներիդ չեմ տարբերում,- ֆշշացնում եմ ու դուրս գալիս:
Հետևիցս գոռում է: Շուռ եմ գալիս ու բռունցքով հարված ստանում դեմքիս: Դեռ հանգիստ եմ, ինքն էլ խփել չգիտի: Ընդհանրապես, գրեթե ոչ մեկը խփել չգիտի էս երկրում: Ցավոք: Տան դուռը բացում եմ, ակնոցներս դնում միջանցքի պահարանի վրա: Դուռը փակում եմ, շուռ եմ գալիս: Երկրորդ հարված: Էլի նույն չափով անհետևանք:
Վզից բռնում եմ, գցում գետնին ու սկսում սեղմել: Դանդաղ խեղդում եմ, մինչև հանգի: Ես էդպես եմ կռվում նման մարդկանց հետ՝ առանց հետքեր թողնելու: Շառ են, անկախ ամեն ինչից: Հայրը դուրս է գալիս, քֆուրով-բանով, սկսում վերևից խփել ինձ: Ինքն էլ խփել չգիտի: Սա էլ ձեռքերն աջ ու ձախ թափահարում է, ինքն ու հայրը ոգևորված սպառնում են, քրֆում:
Ես սուսուփուս խեղդում եմ կողքի հարևանին:
Հորաքույրն է դուրս գալիս, փորձում բաժանել: Զգում եմ՝ ձեռքինս շուտով հորաքրոջն էլ կկպնի եթե շարունակի թևերը թափ տալ, բաց եմ թողնում ու շպրտում հետ, դեպի աստիճանները: Հայրը վրա է տալիս:
- Բիձա, ես քեզ չեմ խփելու, ուզում ա մեջ տեղից ճաքես:
Հորաքույրը մտնում է մեր արանքը, հարևանն ուշքի է գալիս, փորձում վրա տալ: Հորաքրոջն ասում եմ.
- Մայր, մի անհանգստացեք իմ առումով, ես ձեզ վնաս չեմ տա:
- Գիտեմ, բալա ջան, դու խելոք տղա ես:
Ուշքի եմ գալիս նրանից, որ երեխան դուռը բացել է, դռան արանքում կանգնել ու լաց է լինում:
Մտնում եմ ներս:
...
Դուռը ծեծում են: Ես դեռ ուշքի չեմ եկել նախորդ միջադեպից, երեխայի մայրն արթնացել է, իրեն եմ ուղարկում դուռը բացելու:
Փ*****ն է:
Մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: Ես բավականաչափ երկար եմ ապրել, որ տեսնեմ, թե երբ են հարաբերությունները վերջանում:
Մտնում է, համբուրվում ենք, խոսում ենք իրար հետ: Տեղից վեր եմ կենում, քայլում խոհանոց: Գլուխս պտտվում է, սիրտս՝ բռնում: Հետո չեմ հիշում:
Ուշքի եմ գալիս թաց, վալերիանի համը բերանումս:
Ես պառկած չեմ սիրում լինել: Վեր եմ կենում, ճնշումս չափում: 210/140: Փ*****ն, աչքերից դատելով, լացել է: Բոլորը վախեցած են: Ես ատում եմ ինքս ինձ էդ պահին:
Երբ Փ*****ն գնում է, իրեն ճամփելուց հարցնում եմ.
- Վերջին անգա՞մ ենք իրար տեսնում:
- Далеко не в последний. Целую.
Ես գիտեմ, որ վերջին անգամն է, ու ճիշտ եմ:
Էս տարիքում ու էս կենսափորձով չի կարելի սիրահարվել:
Գնում ու մենակ նստում եմ, ու նախապես գիտեմ գլխիս գալիքը: Կորվալոլի շիշը բացում եմ, լցնում բաժակի մեջ, ջուր ավելացնում, որ բաժակը լցվի: Ամիտրիպտիլինի չորս տաբլետկա էր մնացել, կորվալոլաջրով խմում եմ: Երևի խմածս ամենահամով բաներից մեկն է:
Ներսս ուտում է, իջնում եմ մաքուր օդ շնչելու:
Էլի մտքերն ուտում են: Գիտեմ, որ պիտի բժշկի գնամ, սիրտս ստուգեմ, ու նախորդ անգամների նման որոշակի պատասխան չստանամ: Գիտեմ, որ 2008-ից գրեթե նոպա չեմ տարել:
Հիշում եմ հաշմանդամ ալկաշին, պատկերացնում ինձ իր վիճակում: Հիշում եմ Փ*****յի աչքերը (գրեթե վստահ եմ, որ ինչքան էլ ասեր, թե աչքերի բնական գույնն է, կանաչ լինզաներ էր հագնում): Հիշում եմ, որ էլ երբեք իրեն չեմ տեսնելու: Մտնում եմ դեղատուն, երկու բանկա կորվալոլ եմ գնում մոտիս փողով: Չոր-չոր խմում եմ:
Բարձրանում եմ տուն, ուղեղս սկսել է անջատվել: Մտքերս բամբակի մեջ են, ոտքերս բամբակից են, մատներս կարագի նման փափկել են:
Երեք հոգի ունեմ, որ կհասկանան: Գրում եմ իրենց, չասված մի քանի բաներ փակում եմ, մի քանի վերջակետ եմ դնում, որոնք պետք էին: Մտածում եմ կոմպը ֆորմատ անել, բայց մատներս ծալվում են: Հետո հասկանում եմ, որ եղածից հետո կոմպի մեջ եղածն ոչ մեկի դեմ էլ չի կարող օգտագործվել:
Ատում եմ անօգնական վիճակում գտնվելը, բայց մտածում եմ, որ սա վերջին անգամն է: Ընկնում եմ տեղերիս մեջ: Մետրոյի թունելներ են, շատ-շատ, իրենցով անընդհատ գնացքներ են գնում, իրենց դիմացի ու պատուհանների լույսերին եմ նայում, մտքեր չեն մնացել, վերջապես լրիվ դատարկ ու հանգիստ եմ:
Դուռը ծեծում են: Արթնանում եմ: Մտքերս դեռ բամբակի մեջ են: Հիասթափված եմ, բայց բամբակը զգացողությունների սրությունը կոտրում է:
Ատում եմ ինձ էդ պահին: Ահավոր:
Դուրս եմ գալիս կանգառ: Արևը ցավացնում է, մտնում եմ ստվերը: Մտքեր չեն գալիս գլուխս: Ինչ-որ առումով մահացել եմ, բայց էս ժամանակավոր մահ է: Երեկոյան գրում եմ ծանոթներիցս մեկին՝ շտապ օգնության բժիշկ է: Հարցնում եմ, թե ֆենոբարբիտալի պերեդոզը երբ է անցնում: Ասում է՝ մի երկու շաբաթից:
Քրֆում եմ կորվալոլն ու ամիտրիպտիլինը, կողքի հարևանին, Փ*****յի անկայուն զգացմունքներն ու ամբողջ աշխարհը, նստում բազմոցին, գիրք բացում:
Ես դեռ ժամանակ ունեմ, որը պետք է սպանել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
boooooooom (15.08.2017), GriFFin (15.08.2017), Smokie (28.08.2017), Հայկօ (14.08.2017), Նաիրուհի (24.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ