Պատուհանից այն կողմ գիշերն էր: Պատուհանից այն կողմ քաղաքի լույսերն էին ու անվերջ շտապող մեքենաների աղմուկը: Փոքրիկ մարդատարը քաղաքից դուրս էլ սլանում: Հեռանալուն համընթաց պայծառանում էին աստղերը: Հետզհետե մեքենան սուզվեց խոնավ խավարում, քաղաքը կորավ տեսադաշտից, ու հենց այդ պահին նրա առաջ խոյացան բուրգերը: Արինան դանդաղեցրեց մեքենայի խելակորույս ընթացքն ու սահուն արգելակեց բուրգերի առջև: Նրան արդեն սպասում էին:
- Տեսնո՞ւմ ես:
Հիացախառն հուզմունքում Արինան երկար ժամանակ լռեց, ապա գլխով լուռ հաստատական նշան արեց ու մոտեցավ բուրգին: Ցանկանում էր անձամբ շոշափել սև հսկայի մակերեսը: Ձեռքը բուրգից ներս սահեց, Վիկտորը նետվեց նրա ուղղությամբ ու ակնթարթորեն ետ քաշեց: Քիչ անց ձեռքն արդեն ծածկված էր այրվածքի հետքերով:
Արինան վախեցած հայացքը մռայլ հարցականով ուղղեց ընկերներին՝ հերթով մերթ մեկի, մերթ մյուսի աչքերին նայելով:
- Գիտեի՞ք, որ ներսում սարսափելի բարձր ջերմաստիճան է:
- Ընդհակառակը:
- Ո՞նց ընդհակառակը, Վիկ, նայիր ձեռքիս, վառված է, հասկանում ես, լրիվ այրվել է:
- Ցրտահարություն է, ոչ թե այրվածք, - սկսեց Վիկտորը ՝ վիրակապելով ձեքը, - քանի անգամ զգուշացրել եմ՝ ինքնագլուխ ոչ մի բան մի արա, բարեբախտաբար, ամենն ակնթարթներ տևեց, այլապես ձեռքդ կկորցնեիր, վարկենապես կսառցակալեր ու, լավագույն դեպքում, կմնար ներսում, վատթարագույն դեպքում սառցակալությունը կտարածվեր ամբողջ մարմնով:
- Բայց ո՞նց, անհնար է, - Արինայի արկածախնդիր տրամադրությունը փոխակերպվում էր անորոշ տագնապի: Սրտի անհանգիստ տրոփյունը վախի արտահայտություն էր տալիս դեմքին, որ նա տղաներից արդեն չէր էլ թաքցնում:
Արինան ինքնաբերաբար մի քանի անգամ շշնջաց՝ անհնար է, ապա պարզապես ճչաց, երբ Գարիկը նրան մոտեցրեց վիրակապած ձեռքը, ավելի ճիշտ, ձեռքի մնացորդը, քանի որ այն կար միայն մինչև արմունկը:
- Արտոն երեկ մեռավ հիվանդանոցում, - մռայլ վրա բերեց Գարիկը, - բժիշկներին ասացինք սառնարան վագոնում է մնացել, չհավատացին, ակնհայտ էր, որ ոչ մի սառնարան էդպես չի սառեցնում՝ վարկենապես: Քրեական գործը կարճվեց, համարեցին, որ դժբախտ պատահար է ու հանցավոր անփութություն կամ դրա նման մի բան էլ չկա, հիմա մեր իրավաբանն էլ կմիանա, կասի, թե ոնց ամեն ինչ կազմակերպեց իր հեղուկ ազոտի հեքիաթներով:
- Ինքը չի գա, - միջամտեց Վիկտորը, - երեկվանից անհետացել է, չեմ կարողանում կապ հաստատել հետը:
- Արտակը մահացել է, Էդիկը կորել, լավ էլի… Հիմա ի՞նչ, մնացել ենք երեքս:
- Չէ, Արին, ես երեկ նորից սոց. ցանցերը հեղեցեցի սև բուրգերի մասին հարցերով, լրիվ ձեռ էին առնում, բայց երեք հոգի գրեցին, որ տեսնում են սև բուրգեր, վաղը Սերգեյը կգա Հայաստան, ասում է Ռուսաստանում էլ կան, մեզ կմիանան նաև Արևն ու Ջեսսին: Արևին սրճարանում կհանդիպենք, վախենում է մենակ գալ: Ջեսսը կգա մի տաս րոպեից, խաղաղության կորպուսի կամավոր է, իրեն արգելված է առանց իրենց շտաբի կամ չգիտեմ ինչի համաձայնության քաղաքի տարածքից հեռանալ, բայց ինքը կգա: Ահավոր վախեցած է, ամերիկայում ընկերներն իրեն գժի տեղ են դրել, բուրգերի մասին ասել է տեղի խաղաղության կորպուսի ղեկավարությանը, հոգեբանի մոտ են ուղարկել: Ինքն էլ սկսել է ամեն ինչ արևահարությամբ բացատրել ու մտովի տանջվել, մինչև որ չի հանդիպել բուրգերի մասին գրածիս: Փաստորեն, ամբողջ աշխարհում իմ տվյալներով դեռևս ութ հոգով ենք բուրգերը տեսել, մեզնից մեկն արդեն չկա, մյուսն անհայտ կորած է, Գարիկի ձեռքն էլ ինքդ տեսար:
- Իմն էլ տեսա: Մի բան չեմ հասկանում, ինչի՞ ինձ հեռախոսով չասեցիք Արտակի ու Գարիկի պահով:
- Մտածում էի, որ ասենք, չես գա, - արդարացավ Գարիկը:
- Մենք պիտի հասկանանք, թե ինչ են այս բուրգերը:
- Վիկ, ես վախում եմ, ահավոր եմ վախում, - հեծկլտաց Արինան:
Ծանր լռություն հաստատվեց: Արինան սկսեց դողալ, Վիկտորը նրան ծածկեց թեթև ամառային կոստյումով ու մի կողմ քաշված շրխկացրեց կրակայրիչը, ծխի կապույտ մշուշը լողաց բուրգի ուղղությամբ ու անհետացավ սև զանգվածում: Գարիկը գրեթե հպվելու չափ բուրգին մոտեցած ուսումնասիրում էր աղոտ լուսնալույսից էլ ավելի սև թվացող մակերեսը:
- Ձեռքդ քիչ էր, ուզում ես քիթդ էլ կորցնե՞ս, - խայթեց Վիկտորը պարզապես ինչ-որ բան ասած լինելու համար, իսկ հետո էլի լռություն:
Արինան դանդաղ բարձրացավ, մեքենայից հանեց լուսանկարչական ապարատն ու այն մեկնեց Վիկտորին:
- Մի ձեռքով դժվար կլինի, - խեղճ ձայնով բացատրեց նա:
- Արին, ինձ լրիվ ապուշի տեղ ես դրե՞լ, նկարել եմ արդեն, չեն երևում:
- Հնարավոր է, ապարատի խնդիր լինի:
- Հնարավոր չէ, ինձանից բացի համ Գարիկն ապարատ ուներ, համ Արտոն, երկուսով էլ փորձել եմ:
- Հա, մենակ երեկ էստեղ լինեիր, - մռայլ վրա բերեց Գարիկը, - ձեռքս ներս տարա ու մի կերպ դուրս քաշեցի կիսամեռ Արտոյին, իսկ էս տականքն ու Էդիկը դրել, Արտոյի մեքենան էին քանդում, որ ապարատը հանեն, վերջը համ ապարատով փորձեցին նկարել, համ հեռախոսով, տեսան՝ չի ստացվում, նո՜ր հանգստացան, որոշեցին որ կարելի է բարի գտնվել, ինձ ու Արտոյին քաղաք հիվանդանոց հասցնել:
- Չէի սպասում, որ էդքան զզվելին ես, - Արինան նայեց ուղիղ Վիկտորի աչքերին, Վիկտորը հայացը չփախցրեց, հայացքների լուռ մենամարտում պարտված Արինան կախեց գլուխն ու սկսեց ատամներն իրար զարկելով դողալ:
Վիկտորը կամացուկ մոտեցավ նրան ու նստեց կողքին:
- Արին, եթե երեկ ես ու Էդը գոնե հեռավոր կերպով գիտակցեինք՝ ինչ կատարվեց Արտոյի ու Գարիկի հետ, մենք կխառնվեինք, բայց մենք պատկերացում անգամ չունեինք՝ ինչն ինչոց է, հասկանում ես, հենց իմ ուղեղին հասավ, որ…
Հեծանիվի կտրուկ արգելակման ձայնն ընդհատեց Վիկտորին:
- Բարև, - հնչեց ընդգծված անգլերեն առոգանությամբ հայերենը:
- Եկար, Ջես, ծանոթացիր՝ Արինան ու Գարիկը:
- Nice to meet you, - ասաց Ջեսն ու միանգամից լռեց՝ հայացքը Գարիկի վիրակապին:
Գարիկը հասկացավ հայացքի նշանակությունն ու մի քանի բառով պատմեց կատարվածը:
- How?- բացականչեց Ջեսսին, - անհնար է, ճանապարհին իմ աչքի առաջ մեքենան անցավ բուրգի միջով ու ոչինչ, հասկանում ես, ոչինչ էլ չեղավ, մեր քաղաքում էլ, ուր կամավոր եմ, մեկը կիսով չափ փիրամիդի մեջ էր ու էլի՝ ոչինչ:
- Այսի՞նքն, - միջամտեց Արինան:
- Դու՞ էլ, - արձագանքեց Ջեսսին՝ նկատելով Արինայի վիրակապը:
- Ես էլ:
- Ջեսս, մի շեղվիր, ո՞նց է հնարավոր, որ բուրգի մեջ մտնեն ու ոչինչ չպատահի:
- Չգիտեմ, Վիկտոր, ես դա տեսել եմ:
- Ջես, իմ ձեռքն էս բուրգն է կերել:
- Գարիկ, հիմարություն, - Ջեսը վարկենապես հայտնվեց բուրգի մոտ, մատերը զգուշորեն սահերցեց մակերեսից ներս ու ակնթարթորեն դուրս քաշեց:
- Հիմա հավատու՞մ ես:
Ջեսսին անտրամադիր գլխով արեց: Մատերի ծայրերը թեթև կարմրեցին, բայց վնասվածքը լուրջ չէր: Էլ ավելի լուրջ էր հոգեկան ցնցումը:
- I don’t belive, - վերջնականապես իր տեսակետն ամփոփեց Ջեսսին:
Էջանիշներ