Ուշանում են: Էհ, թող ուշանան: Թեյը կխմի, մինչև կբարեհաճեն ժամանել:
Մեջների պարապը ինքն է, չէ՞, բա, դե ինքը կարող է անգրաֆիկ չֆռֆռալ Արփիի ու Մանեի պես, իսկ նրանք, է՜, նրանք խիստ զբաղվածներն են:
-Ես եմ պարապը, բա՜, ես եմ:
Բարձրաձայն հնչած խոսքը մի պահ զարմացրեց սուրճի գավաթներով բեռնված մատուցողին, բայց բերանը տարակուսած ծռմռելուց հետո, նա արագ առաջ գնաց դեպի հաջորդ սեղանը:
Լենան «հետո ի՞նչ» հայացքով նայեց մատուցողի հետևից, կտրուկ շուռ եկավ դեպի պատուհանը և ագահ ումպերով մենամարտի դուրս եկավ բաժակի հետ:
Գաղափարակիցներ: Բա, իրենք գաղափարակիցնե՜ր են: Արդեն երեք տարի է, կցմցում են գաղափարներն իրար ու դրանցից կցագաղափարներ սարքում:
Չէ՛, սերունդների տարբերությունը ոնց էլ չլինի, երևում է: Իրենց սերունդը պարտաճանաչ էր, գիտեր խոսքի գինը: Երկու սերունդ: Բերանով ասե՞լ է, ախր, երկու տասնամյակի տարբերությունը մեծ բան է:
Էհ, էս ամենը ուրիշ օր էսպես չէր ազդի: Թարսի բան է: Ոնց թարս սկսվում է, էնպես էլ թարս գնում է: Ինչի՞ պիտի երեկ էդ անտեր ձայնագրության ֆայլը գցեր խմբագրելիք գրքի ֆոլդերի մեջ (պահո՜, իբր թե ոչ ոքի դա չի հետաքրքրի), որ էս առավոտ թոռնիկը դպրոցական միջոցառման համար ոտանավոր փնտրելիս չխոթվեր իր համակարգիչ...իր ֆայլեր ... ու տեսներ...
Սյո՜ւ: Թեյը աղմուկով էր կուլ գնացել: Կողքի սեղանի նստածներն իրեն էին նայում:
Հա, ի՞նչ է եղել, որ: Թարսի բան է, չէ՞, թարսի բան: Քիչ է՝ պառավում է (ծիծաղելի ես, հիսուն տարեկան ես, հլա քեզնից անգամ ուզում ես թաքցնել, ախր, ոչ թե –ում ես, այլ՝ -ել ես) հիմա էլ էս հազար ու մի թարսությունները:
Էհ, ջահելություն: Ժամանակը չգնահատեց՝ կարիերա, կուրիերա:
Հիմա պիտի երեսուն տարեկանների հետ ընկերություն աներ, նոր հասկանար ամուսնական հաճույքների բազմազանության իմաստը: Թո՛ւ: Լավ, էլի, գոնե հիմա մի՛ հիշեցրու: Կորե՛ք, գնացե՛ք, չեմ ուզում:
«sexy.info... այստեղ լիքը հետաքրքիր խորհուրդներ կան, անգամ լավ ռոլիկներ կան, անպայման կնայես»:
«Մանե՛, ոչուփուչ լինես բիձա ամուսնուդ հետ: Բիձա՞, իմ թայն է: Չէ՜, որ ասում եմ՝ պառավել ես, չես հավատում»: Լենան թեյի վերջին կումն էր անում:
....
Երեք ընկերուհիներին միացնող հիմնական օղակը առօրյա զրույցներն ու թեյն էին: «Թեյախումներովս մի հովանոցի տակ ենք հավաքվել». սիրում էին կատակով նշել նրանք:
-Լե՛ն, դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր:
Արփիի հարցը անժամանակ ու անտեղի էր:
-Չէ՛, Արփ, եսիմ, ժամանակ չի եղել: Համ էլ ոնց որ չտրամադրվեմ:
-Էդ կեղծ ձևերին վերջ տուր, հորս արև: Ոնց որ տասնութ-քսան տարեկան աղջիկ լինես: Գիտես, չէ՞, թե ոնց եմ զզվում էդ ձևավորներից: Դրանց հետ քնելուց քսան տարեկան տղան ի՞նչ պիտի հասկանա: Ախր դրանք են, որ էդ խեղճ տղաների երևակայությունը էդ աստիճանի աղքատացնում են: Մի մասը սանձարձակ ձևիստներն են, մյուսն էլ՝ կոմպլեքսավորված միանձնուհիները: Կեղծ ու երիցս կեղծ:
Եթե ես չլինեի, Առնոն էլ իր տարեկիցների պես դժբախտ էր լինելու: Հա՛, հենց դժբախտ, հետն էլ ՝խաբված: Բա խաբված չեն մի՞թե էն մարդիկ, ում սխալ պատկերացում են կազմել տալիս էն կյանքի մասին, որ ամենակարևորն է մարդու կյանքում: Լե՛ն, մի ժպտա, համ էլ ամենակարևորն է: Դու ուղղակի շատ չես խորացել էդ ուղղությամբ, շատ բաներ չգիտես: Հենց սեռական կյանքն է մարդու ճակատագրի որոշողը: Սխալ պատկերացումներ ունեցար, սաղ կյանքդ ուրիշներն են քո փոխարեն ապրելու:
Չկա էն ազատությունն ու անկեղծությունը իրենց մեջ: Երևի պիտի երրորդ տասնամյակին հասնեն, որ անկողնում ոչ պոռնոհերոսուհի խաղան, ոչ էլ՝ ստրկուհի:
Պիտի կարողանաս լինել քեզ նման, լինել անկեղծ: Տրվես ամբողջովին: Անես էն, ինչ էդ պահին ուզում ես, ոչ թե էն, ինչը մտածում ես, թե քեզ իբր սեքսուալ կդարձնի, իբր եսիմինչի կամ եսիմում կվերածի: Մարդ պիտի ապրի Իր պես, Իր կյանքով. Ոչ ոք չպիտի թելադրի իր ուզած մոդելը: Դու ես քո երկրի, քո կյանքի, ճակատագրի ու քո սեքսի տերը:
«Ի՞նչ կմտածեր Սամվելն իմ ու ընկերուհիներիս մասին, եթե լսեր այս ամենը»: Լենան տարակուսած ժպտում էր:
-Հիմա թող շներն հաչեն, թե էս գրանտակերը քսան տարեկան տղայի կյանքն է քայքայում, թքած ունեմ: Փոխարենը՝ գիտեմ՝ Առնոն երջանիկ է: Հետո եթե մենք բաժանվենք էլ, ինքն արդեն ապրել է իրական կյանքով, երբեք կեղծին չի խաբվի: Ես գիտեմ՝ ինքը շնորհակալ կլինի ինձնից այն ճանաչողության ու օրերի համար, որ իր հասակակիցները երբեք չէին կարող տալ:
Արփին բորբոքված էր երևում: Մեջը կուտակված լավան ելք էր գտել ու բլբլթալով դուրս էր հորդում:
«Դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր»: Մանեի ասածը: Գրողի ծոցը գնար Մանեի ասածը:
Դին Մարթինի «Sway»-ը, իր անֆիգուրա մարմիննն ու կամերան: Հա՜, հա՜, հա՜: Թո՛ւ, թո՛ւ:
«Դուք հմայիչ եք: Անկրկնելի եք: Երբեք չմոռանաք այդ մասին»:
Դե, իհարկե, հմայիչ եմ: Բիմ, բիմ, բիմ՝ ուսերը կտրուկ առաջուհետ: Լավ է: Վատ չէ: Կտրուկ չէր: Չէ՛: Շատ կտրուկ չէր: Երևի:
«Կարևորը ձեզ վստահ զգաք »:
«When marimba rhythms…», գլուխը առաջ: Հայացքը վագրի նման: Վագրի՞: Ինչ-որ գազանի, էլի: Ստացվո՞ւմ է: Երևի:
«Վագր ու կատու միաժամանակ: Չմոռանաք»:
Նազանքով, Լենա, նազանքով: Ստացվում է: Մի՛ բարդույթավորվիր: Մի՛ մտածիր:
«Ձեր մարմինն անթերի է»:
Ցելյուլիտի ու ճարպի հաստ շերտերը: Չէ՛, դրանք չեն երևում: Երևի: Երևի հիմա աչքը այլ տեղերում է:
«Կարևորը ճիշտ մատուցման ձևն է»:
Մի տեսակ չի ստացվում: Էն ռոլիկի աղջիկը էսպես չէր անում... ոնց որ:
Դեմքի խեղճուկրակ ժպիտը իրեն էր նայում դիմացի հայելուց: Էլ չէր կարող: Ինքնահամոզմունքը վերջին ու վճռական հարվածն էր ստացել:
Ցույց մի՛ տուր: Թող Սամվելը չտեսնի: Եթե, իհարկե, դեռ չի տեսել: Հա-հա-հա:
Սավանը կփրկի: Կարելի է դեմքին քաշել:
Ձեռքը գցել էր սավանին, երբ Սամվելն անջատեց տեսախցիկը: Մոտեցավ կնոջը: Գրգռված չէր: Ջերմ ժպտում էր:
Կարեկցող ժպիտ կար դեմքին, հա՛, հենց կարեկցող: Խղճուկ ես, Լենա՛: Ծիծաղելի դուրս եկար: Թո՛ւ:
«Կյա՛նքս, քեզ շատ եմ սիրում: Դու միշտ, ցանկացած դեպքում ինձ համար ամենան ես: Միշտ հիշիր»:
Գրկեց: Համբույրների տաքությունը փորձում էր ծածկել Լենայի սառած մարմնի հիասթափությունը:
Անճարա՛կ կին: Հի՜-հի՜-հի՜: Խղճուկ ես: Անշնորհ: Գցելու ապրանք: Բա քո մարմի՞նն էլ է մարմին, էն ռոլիկի աղջկա՞նն էլ: Դու գնա Նաբոկով վերլուծիր, Միլլերի գործերի քարոզն արա ուսանողներիդ: Դու միայն դա կարող ես անել: Դու դասախոս ես: Դասախոսը կին չէ՞: Դու՝ չէ՛:
«Գուցե էնքան էլ վատ չի ստացվել: Հա, էլի, ինչպես միշտ, ինձ թերագնհատել եմ: Նայել է պետք: Լավ, տեսախցիկից կջնջեմ, բայց մինչ այդ կգցեմ համակարգիչ: Հենց ազատ եղա, կնայեմ»:
Բա՛, թարսի բանը ոնց է լինում: Բա, պիտի գցեիր, որ նախքան քո նայելը թոռնուհիդ նայեր: Բա պիտի օր ծերության խայտառակ լինեիր, չէ՞: Թարսի բան ասիր, պրծա՞ր:
-Հա, հենց էդպես, ես թքած ունեմ բոլոր անինքնասերների կարծիքների վրա,-Արփին դեռ չէր հանդարտվել,-երեկ ՀԿ անդամներից մի տատուս թայ կույս ո՜նց էր հարձակվել վրաս, Հովհաննու Հայտնությունը գլխիս կարդաց: Շիլաշփոթ էր, չկարողացա նորմալ պատասխանել, երևի դրա համար էլ մեջս մնաց: Ոչինչ, մի օր երեսին կասեմ ու լա՜վ կհանգստանամ:
Ընկերուհիները ժպտացին: Նրանք արդեն գիտեին իրենց հաջորդ քայլը:
-Մատուցո՛ղ, երեք բաժակ թեյ:
Էջանիշներ