Տարիներ շարունակ անսահման հրապուրված էի Իգոր Սևերյանինի ստեղծագործությամբ, և ինձ շատ էր դուր գալիս, թե ինչպես էր նա անվանում իր բանաստեղծությունները` Պոէզներ: Այսօր, որոշելով ձեր դատին հանձնել իմ պատանեկան ստեղծագործությունները, ես վերհիշեցի նաև պատանեկան այդ կիրքս դեպի Սևերյանինի պոէզները և, միգուցե ի հիշատակ իմ այդ պատանեկան սիրո` նրա հանդեպ, տալիս եմ այս բաժնին Իգոր Սևերյանինի հնարած անունը` "Պոէզներ":
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Պատմությունն այս սկսվեց նրանից,
Որ նոր կյանք մտած մի պատանի
Հանդիպեց ջահել մի աղջկա`
Հեռավոր հեռուներից եկած:
Հանդիպեց աղջկան ու կորավ:
Մոռացավ աղջկան` մինչ այդ սիրած,
ՈՒրացավ իր անցյալն ու ներկան:
Իսկ ջահել այն աղջիկը... գնաց:
Եվ սպասման կարոտից` համրացած,
Ճամփեքին նայելուց` կուրացած,
Պատանին աշնան մի օր նստեց
ՈՒ մի քանի պոէզներ ստեղծեց:
Իսկ հետո այն աղջիկը եկավ:
Հյուր եկավ ու նորից ետ գնաց:
Եվ այսպես, տարիներ շարունակ.
Եկավ-գնաց, գնաց-եկավ, եկավ-գնաց:
Պոէզներն էլ գնալով շատացան:
Պատանին էլ գրելում հմտացավ,
Եվ Աստծո տված ամեն նոր երեկո
Սիրո խոսքեր էր նա ստեղծում թախծոտ, կրքոտ:
Եվ վիճակն այս շարունակվեց այնքան,
Երբ պատանին ու աղջիկն այն մի անգամ
Վերջապես մեկմեկու խոսք տվեցին
ՈՒ կապն իրենց մեծ սիրո` հավերժացրին:
Բայց նույնիսկ, երբ նրանք ամուսնացան,
Պոէզները սիրո չվերջացան:
Զգացմունքների առվակն էլ հորդացավ`
Սիրո առատահոս մի գետ դարձավ:
Հորդառատ է սիրո գետն այն մինչ այսօր.
Մեկ զուլալ է նրա ջուրը, մեկ` պղտոր,
Բայց միշտ լիքն է սիրով այն հին առուն
ՈՒ հաճախ էլ ափերից է ելնում,
Եվ այսօր զգացմունքները` լճացել,
Կրքերի մի մեծ ծով են դարձել,
Պատանին էլ այն արդեն իր տարիքով
Մոտեցել է թոշակին արժանավոր,
Եվ սակայն ծփում է ծովը զգացմունքի,
Եվ երբեմն էլ զգացմունքների երկունքից
Պոէզներ են ծնունդ առնում նորաստեղծ:
Պատանին էլ այն նախկին որոշեց,
Հասնելով արդեն իր ծերության շեմին,
Միշտ առույգ մնալ և միշտ` պատանի:
Եվ մտքին այս կյանք տալու համար
Որոշեց անցյալին անդրարառնալ:
Վերընթերցեց նա պոէզներն իր նոր ու հին.
Շատերն իրենց դարն ապրած թվացին,
Իսկ ոմանք էլ շատ էին անձնական
Եվ ուրեմն այդպիսին էլ կմնան,
Մնացածն էլ հավաքեց նա երկչոտ
Եվ դատին է ձեր հանձնում անողոք:
Այնպես որ դուք կարող եք որոշել.
Պոէզներին այս լինե՞լ, թե՞... չլինել:
09.25.2010
Պ Ո Է Զ Ն Ե Ր
ԳԻՏԵ՞Ս
Կա երկա՜ր մի ճամփա,
Կա մեծ, շա՜տ մեծ կարոտ,
Կա... գիտե՞ս, անցյալի երազը կա,
կա սպասու՜մ...
Երկար այդ ճամփի վերջը շուտով կգա,
Շուտով անցյալը կդառնա ներկա,
Բայց հետո, նորից, մինչ նոր հանդիպում`
կարո՜տ, սպասու՜մ...
ՈՒ նորից, երկա՜ր-երկա՜ր մի ճամփա,
ՈՒ նորից, շա՜տ մեծ, սարի՜ չափ կարո՜տ,
Նորից անցյալի երազը սրտում`
սպասու՜մ...սպասու՜մ...
ԻՆՉ ԱՍԱՑ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ
Մռայլ մի թախիծ` կարոտ է կոչվում:
Մռայլ, դառն հեղուկ` կոկորդս է լցվում:
Մռայլ մի ամպիկ` անձրևի անցյալ:
Մռայլ մի ստվեր, հետևող քեզ անձայն:
Մռայլ, թախծոտ երգ, որ քեզ է նման:
Մռայլ, շռայլ մութ` մութե շատրվան:
Մռայլ, աղոտ լույս` գալիս է հեռվից:
Մռայլ դառնություն, քաղցր ամենից:
Մռայլ մի աշխարհ, մռայլ մի արև
ՈՒ մռայլ աստղեր` քո գլխի վերև:
Մռայլ աշխարհից, մռայլ արևից,
Մռայլ, մռայլ սեր` աստղերից էլ վեր...
Էջանիշներ