4-րդ տարբերակ
ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՇՇՈՒԿՆԵՐ
Ամպը եռաց, փրփրեց ու լցվեց բաժակիս մեջ: Ցրտեց: Արև հորինեցի: Արևը քամվեց ու արնահոսեց իմ մի բաժակ սպիտակ ամպի մեջ: Թոքախտավոր ամպը արյուն թքեց: Դրանից օդը թունավորվեց: Թթվածին էր պետք աշխարհին: Բայց ի՞նչ աներ խեղճ ծառը` բռնաբարված վերջին էգը, որ մեռած սաղմ էր վիժում …
Որդուս լացից երազս մոխրացավ: Ջարդված պլաստմասե մարմինս հավաքում եմ հանրակացարանի խոնավ սենյակից, որ նորից մայրիկ խաղամ: Հա՛, խաղամ, որովհետև բնավորությամբ մայր չեմ ծնվել:
Նորից լաց: Մայրանում եմ: Ոդիս նորից ծնվեց, որովհետև լացով ծնվեց: Լացը դառնում է բողոք, հետո թշնամի ու կռվում է մեռած կրծքիս հետ: Բայց ես էլ կաթ չունե՛մ: Կաթս արցունքիս հետ չորացավ հենց այն օրը, երբ ինձ լքեցին: Ամուսնական երեք տարի: Երեք աքլորականչ: Հուդան ինձ դավաճանեց: Հուդան ինձ կենդանի-կենդանի դագաղը դրեց: Հուդան լրբի հետ փախավ Ռուսաստան: Իգական նվվոցս դարձավ ոռնոց: Հուդան շան տեղ չդրեց: Ես տանուլ տվեցի ամենալուրջ տունտունիկը, մնացի պոկված գլխով պլաստմասե մայրիկ, որ ամեն անգամ հիվանդ ժպիտ է ածում, երբ հոնորարը ուշացնում են:
Հացի փռից էլի գունավոր հույսի հոտ է գալիս: Էլի՛ հիվանդ ժպիտ եմ ածում, բայց դժվար եմ ածում, որովհետև ածելը վիժելու հոմանիշն է: Լաուրա տոտան էլի՛ փնթփնթում ու մի տողով էլի՛ սևացնում է կենսագրությունս նիսյայի տետրում: Ես էլի փոքրանում եմ, խխունջվում հագուստիս մեջ ու կարմիր ամոթ ածում: Մի օր ամոթի փոխարեն փշեր կածեմ ու կխրեմ Լաուրա տոտայի կոկորդը, որ անբարոյական լեզուն պապանձվի: Պղտոր արյունը կվարարի ու կխորտակի նիսյայի տետրը: Անունս կամա՜ց-կամա՜ց կզուլալվի: Բարոյական պարտքս կդառնա անպիակ մարդու վերածնունդը: Անդրշիրիմյան աշխարհից ես դարձի կգամ: Ներսս նորից կկահավորվի … ՍԻՐՈ՜վ …. Հացի փռից ես փողով վստահության սերմեր կգնեմ ու մանրը հետ չեմ վերցնի: Ու բոլորը կհարգեն ինձ, էլ չեն ծաղրածուի: Ես կդառնամ լիազորված հրեշտակային էգ:
Մի օր մարմնապաշտ որձերը վրաերթի ենթարկեցին ներսիս հրեշտակին: Վստահությունս դագաղվեց: Հում միս սիրող մի խումբ շակալներ մի օր բարձրացրին դագաղս: Գիտե՜մ, նրանք ինձանից մատղաշի հոտ էին առնում, մատղաշ էգի հոտ: Իսկ ես լավ գիտեմ, որ սիրուն, մատղաշ էգ եմ, որովհետև Հուդայի կանանց մեջ լավագույն տասնյակում էի: Բայց նրանք ինձ չհոշոտեցին: Այդ ես սպանեցի նրանց մսահոտ ախորժակը: Դարձա մետաղե ջարդոն, իսկ գյադաները երկաթ չեն սիրում, նրանք մսակեր են:
Որդուս վիրահատված մանկասայլակն այլևս գործածելի չէ: Ինձ պես գործազուրկ է ու ինձ պես հոգեպես հաշմանդամ: Ի՞նչ արած: Ես դարձա նրա չորքոտանի մանկասայլակը: Ժանգոտված մետաղե ջարդոնս հանձնեցին ձուլարան: Բժշկված, կոփված դուրս եկա ձուլարանից իբրև պիտանի իր, իբրև մայր, իբրև տուն, իբրև…
- Եթե գերհոգնածություն զգաք,կզբոսնեք,- հանձնարարեց ձուլարանի բժիշկը:
Ես չեմ դիմանում, պոռթկում եմ.
- Գրպան չունեմ, որ զբոսնեմ:
Իսկ ես վաղուց չեմ զբոսնում, բոլոր գրպաններս կարել եմ, որովհետև
Հուդան ինձ դավաճանեց: Հուդան ինձ կենդանի-կենդանի դագաղը դրեց: Հուդան լրբի հետ փախավ Ռուսաստան: Իգական նվվոցս դարձավ ոռնոց: Հուդան շան տեղ չդրեց: Ռմբակոծվեց մի նոր Հերոսիմա: Իմ մեջ ապրող միլիոնավոր մարդիկ մահացան, նրանք տարբեր գույն ունեին, տարբեր հոտ, նրնացից յուրաքանչյուրի համար մի օր մայր էի դառնալու: Ռմբակոծությունից մեր տան սյուները ցնցվեցին, առաստաղը իջավ մինչև գոտկատեղս: Բայց չմեռա: Դարձա չորքոտանի արիստոկրատ, որ նախ մայր է: Բայց ինձ ոչ ոք չծափահարեց: Իմ տունտունիկում ես մնացի միայնակ տիկնիկուհի, որ ամեն անգամ հիվանդ հույս է ածում, երբ որդին կռվում է մեռած կրծքի հետ:
Մի օր արգանդիս ցավը կդառնա թույն ու կլցվի կուրծքս: Ես կուշտ կկերակրեմ որդուս ու կսպանեմ Հուդայի վկային: Մեռելաբույրը կտարածվի ամբողջ սենյակով, կներծծվի թոքերս ու կհասնի մինչև հոգուս հատակը: Ցավը կմարմնավորվի, կհագնի սև շորեր ու կգնա կախվելու: Պարանը կդառնա փրկություն ցավին: Ցավը կկապտի ու կպայթեցնի ուղեղի արգանդը: Չծնված երազանքները գունավոր տունտունիկ կնկարեն պատին: Խցանված կյանքը կհոսի ու կդառնա հրեշտակային:
Տիկնիկուհին կժպտա: Կչորացնի Հուդայի պիղծ հիշատակը ու կպահի սուրբ-սուրբ …
Էջանիշներ