8-րդ տարբերակ
Մի փոքր երջանկություն
Արևը նոր էր բարձրացել կանաչով պատված լեռների ետևից: Ես նստած էի զբոսայգում՝ նստարանի վրա: Սպասում էի: Դեռ երեկվանից նստած էի այս փայտե նստարանին: Ամբողջ երեկո սպասեցի: Հանկարծ ամպերը որոտացին: Սկսվեց հորդ անձրև: Ես կուչ եկա նստարանին: Փայտե նստարանն ամբողջությամբ թրջվել էր: Չնկատեցի, թե ինչպես էի ննջել. չզգալով անգամ նստարանի խոնավությունը և համակերպվելով շորերիս թացությանը: Զարթնեցի արևի հետ և զգացի, որ փայտե նստարանը դեռ թաց էր, իսկ իմ հագուստներն՝ արդեն չորացած: Ես մի քանի անհանգիստ շարժում արեցի: Կանգնեցի: Քայլեցի: Նայեցի շուրջս. ամայություն: Մինչ կվերադառնայի, մի փոքր նստեցի այգում գտնվող լճակի մոտ և նայեցի նրա պարզ ու վճիտ ջրերին: Ես ցանկանում էի, որ հոգիս պարզվեր այդ լճակի ջրերի պես, սակայն դա պարզապես անհնար էր: Ես կրկին տխրեցի: Վերադարձա իմ հին նստարանի մոտ, իսկ ճանապարհին լվացի դեմքս արցունքներով. Վերնաշապիկս թրջվեց, և ես զգացի մենակություն: Ես հասկացա, որ երբեք երջանիկ չեմ լինի և հուսահատ փակեցի աչքերս: Երբ արթնացա՝ միայն մթություն տեսա և ուրիշ ոչինչ: Լայն բացեցի աչքերս, որ գոնե ինչ-որ մի բան, կամ ինչ-որ մեկին որսամ, բայց ապարդյուն: Մտքերս խառնվեցին իրար: Սիրտս այրվում էր, բայց միտքս՝ ավելի: Ես, էլ ոչինչ և ոչ մեկին չէի փնտրում: Մթություն. Որքան բան էիր դու ասում, ամեն ինչ կարողանում էիր անել, բայց չէիր կարողանում հանգցնել սրտիս ու մտքիս կրակը: Ամբողջությամբ քրտնել էի: Շոգ էր: Էլ չէի դիմանում: Կարծես ինձ խարույկի մեջ գցած լինեին, որպես անպետք և չորացած փայտ: Հանեցի վերնաշապիկս և մի կողմ շպրտեցի, բայց դա էլ չօգնեց: Քիչ-քիչ ինչ-որ տարերք գողացավ ինձ: Մղձավա՞նջ էր, թե՞ երազ, քնա՞ծ էի, թե՞ արթուն. հաստատ չգիտեի: Հանկարծ այդ մթության մեջ՝ շատ հեռվում, ինչ-որ բան առկայծեց: Այդ ինչ-որ բանը միանգամից ծակեց իմ աչքը: Ես ուշադիր նայում էի առանց մի վայրկյան թարթելու: Այն քիչ-քիչ մոտենում էր: ՈՒրեմն իր չէր: Բայց կենդանի՞ էր, թե՞ մարդ, ինքս էլ չգիտեի: Բայց ես վստահ էի, որ ինձ հետևում են: Սառը քրտինքը պատեց ինձ: Էլ արդեն չէի շոգում, այլ հակառակը՝ մրսում: Ամբողջ մարմինս դողում էր: Սարսափը տիրել էր ինձ, իսկ նա մոտենում էր լուռ, անձայն: Ինձ թվում էր՝ երազ էր: Ես վախենում էի, շատ էի վախենում:Հանկարծ երկնքում՝ ամպերի տակից, երևաց լիալուսինը և լուսավորեց նրան: Աչքերիս դիմաց ամեն ինչ մշուշով պատվեց, իսկ այդ մշուշի միջից նկատեցի մի սարսափելի արարած: Աչքերը պսպղացին ինչպես երկու մեծ ադամանդներ: Ես վերածվեցի կենդանի դիակի: Ուզում էի գոռալ, բայց լեզու բերանիս մեջ կանգ էր առել: Ես ցանկանում էի այդ մղձավանջին վերջ տալ: Նա մի տասը քայլ էր ինձնից հեռու, և ես ցանկացա պաշտպանվել: Բայց ինչպե՞ս: Զենք չկար ինձ մոտ: Այդ պահին կարծես ինչ-որ մեկը ձեռքս իջեցրեց գետնին և ստիպեց մի քար վերցնել: Ես վերցրեցի այն և ձեռքս հետ տարա, որպեսզի ավելի մեծ ուժգնությամբ հարվածեմ: Այդ պահին մթության մեջ լսվեց մի անորոշ ձայն.
- Դու վախենում ես, ինչու՞: Ահա ես եկա: Դու ինձ երկու օր էր, ինչ սպասում էիր: Ես այստեղ եմ: Ինչու՞ չես ուրախանում: Խոսի´ր: Մի բան ասա վերջապես: Գրողը տանի: Դու համրացե՞լ ես, ինչ է: Ես գիտեմ, թե դու հիմա ինչ ես մտածում, և դու էլ գիտես, թե ես ինչ եմ մտածում:
Նրա հարցուփորձի ընթացքում ես փորձում էի կենդանի դիակից վերածվել կենդանի մարդու: Դա ինձ մոտ ստացվեց: Իսկ հետո փորձեցի լեզուս շարժել բերանիս մեջ, և դա էլ ստացվեց.
- Դու եկար: Գիտեի, որ կգաս: Դու եկար, որովհետև պարտավոր էիր, որովհետև ստիպված էիր: Դու իմն ես, բայց ես քոնը չեմ: Դու ինձ ես պատկանում, բայց ես քեզ՝ ոչ: Այո: Ես երկու օր է, ինչ քեզ էի սպասում: Այստեղ: Այս նստարանին: Բայց ինչ տարբերություն՝ որտեղ կլինեի: Միևնույն է դու գալու էիր: Դու եկել ես ինձ ցավ պատճառելու համար: Ինձ դժբախտացնելու համար: Խնդրում եմ, աղաչում եմ քեզ, ինձ մի փոքր երջանկություն պարգևիր: Ես հիմա միայն դա եմ ուզում զգալ:
- Երբեք:
- Խնդրում եմ, արա դա ինձ համար
- Երբեք, լսու՞մ ես, երբեք
- Դե ինչ: Ես երկու անգամ քեզնից խնդրեցի, բայց դու չցանկացար կատարել ցանկությունս: Հեռացի´ր: Գնա´: Էլ չգա´ս: Չվերադառնա´ս: Միայն այն ժամանակ կգաս, երբ կփորձես ինձ երջանկացնել: Դե հեռացի´ր, չքվի´ր: Ինչու՞ չես գնում: Մենակ թող ինձ: Գնա ա-ա…
Եվ հենց այդ ժամանակ ձեռքս, որի մեջ քարն էր, հետ տարա և մեծ ուժգնությամբ խփեցի նրան: Քարը կպավ նրա ձեռքին: Ես գոռացի: Նա ընկավ: Իմ ձեռքից սկսեց արյուն հոսել: Լիալուսնի շողքը դեռ ընկած էր նրա՝ արդեն դիակ դարձած մարմնի վրա: Ես երկար ժամանակ ձեռքս բռած մնացի նստարանին նստած: Մեկ նայում էի շուրջս, մեկ՝ թափվող արյանը: Ցավի զգացումը սպանում էր ինձ, բայց ծարավի զգացումն՝ ավելի: Ես վամպիրի պես ծծեցի ողջ արյունը և կարծես ուշքի եկա, թափ առա: Արևն արդեն բարձրացել էր, մթությունը՝ ցրվել: Վեր կացա: Գրկեցի դիակին, որն օդի պես թեթև էր: Գնացի լճակի մոտ և նայեցի նրա պարզ ջրերին: Լվացի վիրավորված ձեռքս և նստեցի նրա ափին: Հետո դիակը գցեցի լճակի մեջ, և նրա պարզ ջրերը պղտորվեցին: Այդ պահին լիճն իմ միակ օգնականն էր: Զգացի, որ ես կրկին մենակ եմ, թույլ ու անզոր: Վեր կացա: Վերադարձա, արդեն իմը դարձած, նստարանի մոտ: Ամբողջ ճանապարհին արտասվեցի և լվացի դեմքս արտասուքով, բայց այս անգամ թրջվեց ոչ թե վերնաշապիկս, այլ մարմինս: Նստեցի իմ հին տեղը և փակեցի աչքերս:
Գրեթե երկու շաբաթ էր անցել այն օրից: Ես ոչինչ չէի կերել և ոչինչ չէի խմել: Դեռ սպասում էի ՆՐԱՆ: ՆՐԱՆ՝ ով պիտի ինձ մի ամբողջ երջանկություն պարգևեր: Եվ ՆԱ պիտի գար…
- Ահա, ես եկել եմ: Բայց այս անգամ եկել եմ ոչ թե քեզ դժբախտացնելու, այլ երջանկացնելու: Դու ինձ համոզեցիր: Բայց սա անում եմ ոչ թե քեզ համար, այլ իմ, որովհետև ես հոգնել եմ քեզնից: Զզվել եմ…
Եվ այդ ժամանակ ինձ համակեց ինչ-որ զգացում, որի անունն էր երջանկություն: Ես երջանիկ էի, որովհետև քիչ-քիչ փակվում էին իմ աչքերը և ես դավաճանում էի հուսալքված սրտիս:
Էջանիշներ