Կապույտ հանրակացարանը տարբերվում էր դեղին, ամպագույն և բոլոր այլ հանրակացարաններից: Կապույտը ամենալեցունն էր, իրադարձությունաշատը ու ամենաակտիվը, հատկապես՝ գիշերը:
Նա իրեն լավ էր զգում, որ հենց կապույտ հանրակացարանի բնակիչ է, ի տարբերություն այլ բնակիչների՝ մյուս հանրակացարանններում սենյակներ չէր վերցրել:
Նա ոչ միայն “Ուշադիրը5” սենյակի բնակիչն էր, այլև անդամ էր մի շարք կորպուսների: Ամենաշատը լինում էր “Գրական խայթումներ” կորպուսում:
Նստում էին՝ ուր պատահեր, հետո ամեն մեկը ներկայացնում էր իր գրածը: Նստածները իրենց հետ ունեին խայթոցիկներ և երկու սրվակ: Երկուսի մեջ էլ դեղնագույն հեղուկ էր. մուգ դեղինը թույն էր, բաց դեղինը՝ հակաթույն: Խայթոցիկը մտցնում էին երկու սրվակների մեջ էլ՝ ով ինչ հարաբերությամբ կուզեր: Մոռացա ասել, որ կարդացողը մերկացած էր լինում: Հիմնականում ամեն մեկն իր հետ կորպուս էր բերում մի քանի ընկեր-բարեկամ, ովքեր, վերնահագուստները հանած ու ագրեսիվ տրամադրված, սպասում էին խայթոցիկների տեսքով արձագանքներին, որ փոխադարձեն: Հետո սկսվում էր իսկական խառնաշփոթը: Վայ նրանց, ովքեր իրենց հետ ընկեր-բարեկամ չէին բերում. արդյունքում հայտնվում էին վերակենդանացման բաժանմունքում:
Ուշադիրը5-ը սիրով էր մասնակցում գրական ընթերցումներին. նա միշտ քննադատողի դերում էր: Խայթոցիկը խնամքով թաթախում էր մուգ դեղին հեղուկի մեջ, ընկղմում, հետո արագ հանում, թեթև հպում բաց դեղին հեղուկի փայլող մակերեսին ու նետում ընթերցողի վրա:
Ուշադիրը5-ը ու Մասնագետը89-ը ընկերներ էին: Հենց Մասնագետը89-նն էր նրան սովորեցրել ուժեղ քննադատ դառնալու հնարներն ու ձևերը: Բարդ բան չկար՝ ինչքան հնարավոր է խայթոցիկը շատ թաթախել մուգ դեղին հեղուկի մեջ ու դիպուկ նետումներ անել:
Չնայած հեշտ լինելուն՝ ինչպես սկզբում, այնպես էլ ամբողջ ընթացքում Ուշադիրը5-ի համար նետելու պահը բարդ էր. ձեռքը դողում էր, չէր գնում, բայց մի բան նրան մղում էր գործողության արագ կատարմանը, հատկապես՝ երբ աչքն ընկնում էր Վարդինե Տոնոյանի՝ բաց դեղին հեղուկով շաղախված խայթոցիկին:
Քննարկումների ժամանակ Ուշադիրը5-ը մտքում միշտ համակարծիք էր Վարդինե Տոնոյանի հետ, բայց խոսում ու գործում էր նրան հակառակ: Ինչքան էլ աղջիկը ձգում էր իրեն, բայց, դե, ավելի կարևոր էր այն, որ ինքը կորպուսում հայտնի դեմք էր, կշիռ ունեցող անձ, ում խայթումների տակով քչերն էին անցնում ու ողջ մնում: Վարդինե Տոնոյանը աջուձախ բոլորին հակաթույն բաշխող, գրամոլներին ոգևորող մեկն էր: Նրա հետ ընկերություն անելը կարող էր ստվեր գցել Ուշադիրը5-ի հեղինակության վրա. նրանք տարբեր գագաթների ձյուներ էին:
Սկզբի ամիսների երկտոնությունը քիչ-քիչ վերածվեց դեղինի բազմատոնության: Գրական այդ կորպուսում նոր խմբավորումներ ստեղծվեցին: Նրանք էին, որ իրենց հետ բերում էին նոր սրվակներ՝ դեղինի տարբեր երանգներով: Ուշադիրը5-ի խոսքն արդեն՝ միայն մուգ դեղինով թաթախված խայթոցիկներով, ոչ օրիգինալ էր, ոչ էլ՝ ազդու: Բազմությանը գրավում էին նոր խմբերից մեկի՝ ամենաշատը աչքի ընկնող քննադատի՝ Ջոյս Մարգարյանի երևակայության թռիչքները՝ դեղներանգ խայթոցիկների ամպեր ստեղծելու ու ճարպիկ նետումների հեղեղի համար: Ջոյս Մարգարյանը սրվակների հարցում ևս նոր մոտեցում ուներ. դրանք յոթն էին, ու բոլորն էլ իր սիրելի գրաքննադատների գլուխների տեսքն ունեին:
Ուշադիրը5-ը փորձեց նոր բան մտածել, բայց ոնց-որ ոչինչ չստացվեց: Դրանից հետո փակվեց իր սենյակում, անգամ այլ կորպուսներ սկսեց չայցելել, հարևան սենյակներում էլ հազվադեպ էր լինում, միայն ընդհանուր լուսամուտից երբեմն բառեր էր փոխանակում դրկիցների հետ: Ուշադիրը5-ը դասականներին էր կարդում ու իր պատերին նշումներ անում, մեկնաբանություններ գրում:
Դասական մտքի արդյուքն էր, թե գրոտած պատերն էին այնքան ճզմել, որ երևակայությունը ստիպված սահմաններից դուրս էր եկել, պարզ չէր, բայց մի օր նա վերցրեց սրվակները, մի տոպրակ ու գնաց սիրելի կորպուս:
“Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա”:
Ուշադիրը5-ը գրերով լցված թղթանման ուղղանկյունները դիպուկ նետումներով ուղարկում էր ուղիղ դեպի հեղինակների գլուխները: Դրանք դաջվում էին նրանց մտքերում՝ չջնջվելու հավանականությամբ:
Նա քննադատական մտքի նոր դեմքն էր, նորից բոլորի կուռքը, ազդեցիկ խայթումցին, ում խայթող գիրը մնում էր խայթվողի մտքում մինչև մահ:
----


Մեջբերել



Էջանիշներ