User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Երազանքին չկրվող տղերքը

  1. #1
    Սկսնակ անդամ Անա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երազանքին չկրվող տղերքը

    Համաշխարհային մշակույթի պատմության դասերին պարոն Ստեփանյանը միշտ հին հույներից էր խոսում, հետերուհիների, փիլիսոփաների, աստվածների ու բազմացող կովերի մասին պատմում: Տարվա վերջում ուսանողները նեղվում էին՝ ե՞րբ է հերթը մեր օրերին հասնելու: Խեղճ պարոն Ստեփանյանը ծրագիրն ավարտեց հին հույների անունից մեր մասին խոսելով:

    Մենք ուրիշ մարդիկ էինք. հետերուհիներ, փիլիսոփաներ ու հատկապես աստվածներ չունեինք, կովեր շատերս տեսել էինք միայն սննդամթերքի տուփերին, բազմացման խնդիրն էլ լուծել էինք սովորել դեղատներում: Խեղճ պարոն Ստեփանյանը մի տարի մեզ մեր մասին հին հույների անունից պատմեց:

    ***
    Վերջին դասերին պարոն Ստեփանյանը հատուկ շեշտով ամեն օր կենսագրություն սարքող երևելի մարդկանցից էր պատմում: Ընդմիջմանը զուգարանում ծխող աղջիկներից մի քանիսը հատուկ հիացմունքով մեջբերեցին հատկապես վերջին միտքը: Ուսանողների մոտ պատմողի քմծիծաղը ժպիտի տեղ էր անցել: Նրանցից մի քանիսը հիմա դիպլոմավորված կենսագրություն սարքողներ են, մնացածը տակից են սարքում: Մերոնցից Սոնան մինչև հիմա մարզասրահներից դուրս չի գալիս: Երեկ իմացա, որ Աննային պրոֆեսիոնալ կենսագրություն սարքողի ճանապարհին նյարդերը դավաճանել են: Հիմա վիճակն անկողնային է: Խեղճ աղջիկ: Տեսնես՝ կենսագրությունդ հետդ պառկո՞ւմ է, թե՞ քեզ անկողնում մենակ է թողնում:

    ***
    Ես միշտ նեղվում էի Ստեփանյանի՝ քնած մնացած դասերիս համար: Վախենում էի կենսագրություն սարքելու մասին կարևոր հմտություններ բաց թողնելուց. բա որ հետո բոլորը կենսագրություն ունենան, իսկ ես՝ չէ՞: Հիմա ամեն անգամ Ստեփանյանին հիշելիս վազող տողի պես մտքումս հարց է պտտվում. «Ախպեր ջան, ինչի՞ կուրսիս խեղճ հույներին չէիր ասում, որ էդ կենսագրություն սարքելն ապրելու այլընտրանքն ա»:

    ***
    Մենք սարքովի կենսագրություններ Երիտասարդականի գետնանցումից էինք առնում, գնում էինք այգի ու բարձր կարդում. գոռում էինք, կարդում, գոռում, կարդում, գոռում, կարդում՝ մինչև շունչներս կտրվելը: Գոռալով կարդալու ժամանակ ֆալշ տողերից եկեղեցու զանգի զրնգոց էր գալիս: Էդ զրնգոցով մենք սարքած կենսագրությունների հեղինակներին էինք բացահայտում ու էդ գրքերը տալիս էինք այգու Վովա պապին՝ վառելու: Սպիտակ էջերին մենք «երազանքներին չկրված» տղերք էինք ման գալիս:

    ***
    Դասերից հետո գնում էինք փաբ ու ժամերով խոսում մեր մասին: Որոշել էինք՝ ինչ էլ լինի՝ երազանքներին կրվել չկա: Քեզ կուրսի դաշնակ լավ տղերքը նեղում էին, որովհետև կարդում էիր ու Բերտոլուչի սիրում: Կուրսի նրբերը հուզվում էին, երբ ասում էինք՝ բոլոր ծնողները Քրոնոս են, ամեն դեպքում, տուն գնալուց պայուսակում քար պահել է պետք: Երբ հայտարարում էի, որ իմ իշխանությունը սեփական գլուխս է, ընդդիմությունը՝ մարմինս, ու ես պայքարում եմ իմ հեղափոխման համար, սուտի հեղափոխականները ձենները վզներովս էին փաթաթում, որ տեղներումս լռվեինք: Բայց մենք քայլում էինք, որովհետև միակ խաղը, որ խաղում էինք ու միակ բանը, որ հաստատ գիտեինք, «երազանքներին կրվել չկա»-ն էր:

    ***
    Ստեփանյանի տարիներին մենք գլխի փոխարեն ոտքերով էինք ապրում: Սեփականի կողքին զույգ ոտքերի հույսը միշտ արդարացված էր: Սրճարանում վերջին կոպեկներով պատվիրած սուրճը մեզ մոտ միշտ զույգ էր: Մի-մի բաժակ սուրճը լրիվ հերիք էր ժամերով ձգվող եղած ու չեղած երազանքների մասին թափվող բառերի համար:

    Տեքստային հաղորդագրությունների առատությունը մոռանալ էր տալիս դրսի ցրտի, բարակ վերարկուների ու քարտեզի վրա կորած էս երկրում ծնված լինելու մասին: Մեզ հիշում էին աշխարհի տարբեր քաղաքներում ապրող ու պատահաբար ծնված երեխաներով շրջապատված երևանաբնակ բաժանորդները, որ մեզ մեր պատմած լեգենդներից էին սիրել:

    Ուզած չուզած մենք էլ էինք ուրիշների պատուհաններից մասնակից դառնում ներսի ջերմությանը, կռիվներին ու ընտանեկան դժբախտությանը: Ժպտալով լեգենդներ հորինելուց կայֆ բան չկար, երբ խաղի միակ կանոնը «երազանքին չկրվելն» էր:

    ***
    Հիմա դրսում ձմեռ է: Էն ժամանակ չէի հավատում, որ ասում էիր՝ ծերացել եմ, որովհետև «երազանքին չկրվել» կանոնը քեզնից էի սովորել: Ծերանալ կարելի է մենակ երազանքին կրվելուց հետո: Մտածում եմ՝ ծերությունդ ժամանակավոր է: Կյանքը փաթիլի պես թեթև էր էն ժամանակ, երբ մեր կրած միակ բանը երազանքն էր:

    Հիմա ամեն իրիկուն հետդարձի ճամփին ձյունը ոտքերիս տակ թանձր է՝ կպչուն, զզվելի, ոչ մի կերպ չմեկնաբանվող հարթ, ոնց որ առավոտյան ես չէի նույն ճամփով ոչ մի տեղ քայլում: Կանոն-խաղ, հաղթել-պարտվել, կրել-կրվել բառերից հիմա եկեղեցու զրնգոց է գալիս՝ էն սարքած կենսագրություններով հեղինակների ֆալշ տեքստերի պես, իսկ տանը թքած թե զույգ քրոնոսներն ատամ չեն սրում, ես պայուսակումս վաղուց էլ քար չեմ պահում:

    Դասերից հետո ես ամեն օր քեզ մոտ եմ գալիս: Ամեն օր ինձ ներս չեն թողնում. «Հիվանդը ծանր գիշերվանից հետո քնած է, չգիտենք՝ երբ կարթնանա»: Տեսնես՝ երազներդ հետդ պառկու՞մ են, թե քեզ անկողնում մենակ են թողնում: Բերածս դեղին բանանները հաջորդ առավոտ վերադարձնում են ինձ. «Չի արթնացել»: Մեր սիրած բանաններից կյանքում առաջին անգամ դեղի հոտ է գալիս:

    Դռանդ մոտ նստած սուրճ եմ խմում. էստեղի սուրճն էժան ու պարտքով չի, ոնց էն ժամանակ: Երկրորդն եմ խմում՝ երկուսիս տեղը: Երկրորդն եմ խմում՝ քո տեղը, բայց երազելու հավեսը չի գալիս, անգամ միայն իմ տեղը երազելու:

    Դռանդ մոտ սպասելու ժամերը դադարի մեջ են անցնում, ու էդ դադարը սպանելու համար ես քո նվիրած գրքերից եմ կարդում, որտեղ մենք մի ժամանակ երազանքին չկրվող տղերք էինք փնտրում: Հիմա միակ բանը, որ սպիտակի վրա սևով գտնում եմ, մեր պես երազանքի տակ ճկռած տղերքի կորած սերունդներն են, ովքեր թքած ունեն, թե ով կհաղթի պատերազմը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (03.02.2013), Sambitbaba (03.02.2013), Անվերնագիր (11.11.2013), Դատարկություն (04.02.2013), Հայկօ (03.02.2013), Մարկիզ (04.02.2013), Ռուֆուս (03.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •