Գալաթեա-ի խոսքերից
Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկի փոքր դահլիճի տնօրեն Վիգեն Այվազյանը նյարդային այսուայն կողմ էր քայլում:
- Հովսեփին մանկուց գիտեմ: Տաղանդավոր ու աշխատասեր երեխա էր: Անչափ տաղանդավոր: Իր մասնակցությամբ ոչ մի համերգ բաց չէի թողնում:
- Ի՞նչ տպավորություն էր գործել Խաչատրյանին Ստրադիվարիուս հանձնելու փաստը ձեր շրջապատում, - մայորը նոթատետրն ու գրիչը ձեռքին նստած էր ֆիլհարմոնիկի տնօրենի լուսավոր գրասենյակում:
- Նայած մարդ: Եղան անկեղծ ուրախացողներ, զուսպ վերաբերվողներ: Մի կերպ նախանձը զսպողներ..դե այդ տարիքում, Ստրադիվարիուս, կատակ բան չէ:
- Անձամբ ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն էր:
- Ես ջութակահար չեմ, ոչ էլ երաժիշտ: Խանդի պահ մոտս չի եղել: Միայն ցավ, որ մենք չկարողացանք այդ պայծառ երիտասարդին մեզ մոտ պահել ժամանակին:
- Մինչև Խաչատրյանի այստեղ գալը շա՞տ մարդ գիտեր, որ նա համերգ է այստեղ տալու:
- Չեմ կարծում, դա առանձնապես չէր հրապարակվել նախօրոք: Ես Դիլանյան Սուրենից եմ իմացել:
Տեսնելով մայոր Կարապետյանի հարցական հայացքը՝ Այվազյանն ասաց:
- Իմ ճանաչած ամենամեծ ստրադիվարիուսագետն է: Ու ոչ միայն: Հին ջութակների, հատկապես իտալացի վերպետների ստեղծած գործիքների երկրպագու է: Նախկին ջութակահար: Մի անգամ Իտալիայում իրեն բախտ է վիճակվել Գվարների նվագել: Դրանից հետո կյանքով մեկ նվիրել է իրեն գործիքների ուսումնասիրությանը: Հետաքրքիրիր հավաքածու ունի: Քսան տարի է՝ հավաքում է:
Աշխարհով մեկ էր եղել, երբ Ստրադիվարիուսը հանձնեցին Հովսեփին:
Մայորը մոտը նշեց կոլեկցիոների անունը՝ որոշելով, որ անպայման պետք է հանդիպի նրա հետ:
- Ես ու Լուսինեն Հովսեփին հրավիրեցինք Սևան, - խորը, հանգիստ աչքերը Մինասյանի դեմքին հառած ասաց Արամ Գյուրջինյանը,- ասաց, որ վաղուց էր ուզում, մենք էլ առաջարկեցինք:
- Ե՞րբ հանդիպեցիք Խաչատրյանին:
- Իր համերգին էինք գնացել: Լուսինեն խելագարվում է Հովսեփի արվեստի համար: Համերգից հետո բանկետ էր: Զրուցեցինք, դպրոցական օրերը հիշեցինք:
- Սևան գնալու համար Խաչատրյանն ասաց, թե՞ դուք առաջարկեցիք:
- Հովսեփը հանգստանալու համար ասաց, իսկ ես ու Լուսինեն արդեն որոշել էինք Սևանի համար: Ասացինք, ինքն էլ համաձայնեց միանալ:
- Ո՞րտեղ էիք կոնկրետ:
- Աղթամար հյուրանոցում: Ծանոթ ունեմ այնտեղ: Ինքը կազմակերպեց:
- Այդ ընթացքում Խաչատրյանին որևէ զանգ կամ հաղորդագրություն եկե՞լ է:
- Որքանով ես եմ տեղյակ՝ ոչ: Անջատած էր իր հեռախոսը հիմնականում: Մի պահ էր միացրել, հենց այդ ժամանակ էլ ձերոնք զանգեցին:
- Լավ, շնորհակալ եմ, կարող են էլի հարցեր ծագել հետագայում: Ձեզ պետք է խնդրեմ, որ ինձ հանձնեք ձեր և Խաչատրյանի ընդհանուր ծանոթների ցուցակը,- Մինասյանը ոտքի կանգնեց:
- Խնդիր չկա, - Գյուրջինյանը նույնպես կանգնեց, - կօգնեմ ինչով կարող եմ... հատկապես, որ ես ինձ մեղավոր եմ զգում կատարվածի համար:
Առաջին անգամ խոսակցության Գյուրջինյանը ժամանակ հուզումի նշաններ ցույց տվեց:
- Ամեն ինչով կաջակցեմ...միայն թե Հովսեփի դեմքի այդ մոլորված արտահայտությունը չտեսնեմ... անտանելի է:
Մայոր Կարապետյանի գրասենյակում նստած ի մի էին բերում մինչ այժմ ստացած տեղեկությունները, երբ հեռախոսը զնգաց:
Մինասյանը վերցրեց լսափողը:
- Այո, մայորն այստեղ է, կարող եք ինձ զեկուցել: Այո...լավ, շնորհակալ եմ:
Նա անաղմուկ դրեց լսափողը:
- Խաչատրյանի մայրը տվել է կորած իրերի ցուցակը:
- Զբաղվիր, լա՞վ, Արմեն: Ես պետք է Դիլանյան Սուրենի հետ հանդիպեմ: Խնդրեց, որ իր մոտ գնամ, ինքը շատ զբաղված է գալու համար:
- Ինչո՞վ: Հին գործիքների փոշին է՞ սրբում:
- Կգնամ, կերևա, - կարճ պատասխանեց մայորը:
շարունակելի
Էջանիշներ