Վաղը Հրազդանում քաղաքապետի ընտրություններն են, ու արդեն այսօր արձանագրվել է ընտրական գործընթացի լուրջ խախտում: Ընտրական տեղամասերում, պարզվել է, բացակայում են դրոշմակնիքները, որոնցով պետք է կնքվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձնագրերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, որը կարող է բազմակի քվեարկությունների միջոցով զանգվածային ընտրակեղծիքների պատճառ դառնալ:
Դրոշմակնիքների բացակայության փաստի առիթով Հայ ազգային կոնգրեսի անդամ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից, հղում անելով նոր ընտրական օրենսգրքի եզրափակիչ դրույթներին, ըստ որոնց՝ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետը օրենսգրքի հրապարակումից հետո ուժը կորցրած է համարվում, որոշում են կայացրել մերժել բողոքը՝ անտեսելով նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի մեկ այլ՝ 4-րդ կետը: Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի հինգերորդ կետում ասված է, որ «անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո' անհետանում»: ԸԸՀ-ում, ահա, իրենց մերժումը բացատրել են նրանով, որ քանի որ 66-րդ հոդվածի 5-րդ կետն այլևս չի գործում, իսկ նույն հոդվածի 5-րդ կետը հաջորդում է 4-րդ կետին, հետևաբար չորրորդ կետը ևս պետք է համարել ուժը կորցրած, ուստի թանաք ու դրոշմակնիք ընտրական գործընթացում չի պահանջվում:
Նույն ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի չորրորդ կետը, սակայն, իմպերատիվ կերպով պահանջում է դրոշմակնիքի առկայությունը՝ քվեարկության գործընթացի ժամանակ. «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկին ամրացնելով քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ' կենտրոնական ընտրականհանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել (հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել) ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը»:
Եվ քանի որ Ընտրական օրենսգրքի եզրափակիչ դրույթներում 66-րդ հոդվածի 4-րդ կետի ուժը կորցրած լինելու մասին խոսք անգամ չկա, ուստի այն չի կարող անտեսվել, քանի որ համաձայն ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի՝ հակառակ դեպքում եզրափակիչ դրույթներում պետք է նշված լիներ նաև 66-րդ հոդվածի 4-րդ կետի ուժը կորցրած լինելու մասին:
Զարմանալի տրամաբանություն ունեն թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները. իրենց պատկերացմամբ՝ եթե եզրափակիչ դրույթներում ուժը կորցրած է ճանաչվել 66-րդ հոդվածի 5-րդ կետը, իսկ այն հաջորդում է 4-րդ կետին, ուստի 4-րդ կետը ևս ինքնըստինքյան պիտի ուժը կորցրած ճանաչվի: Կուռ տրամաբանություն է, ինչ խոսք: Բայց եթե մի պահ ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքն էլ մի կողմ թողնենք ու շարժվենք այս ընտրատարածքի ներկայացուցիչների վերոնշյալ տրամաբանությամբ, կարելի է հանգիստ խղճով ուժը կորցրած ճանաչել ոչ միայն 66-րդ հոդվածի 4-րդ, այլև 3-րդ, 2-րդ և 1-ին կետերը ( կարճ ասած՝ ողջ 66-հոդվածը)՝ այդպիսով քվեարկությունը վերածելով խեղկատակության, քանի որ, համաձայնեք, առաջին երեք կետերը ևս նախորդում են 5-րդ կետին…
Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այս ակնհայտ ապօրինի որոշումը Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի փաստաբան Վահե Հովսեփյանը վիճարկել է վարչական դատարանում: Այս պահին վարչական դատարանի դատավորներն անցել են խորհրդակցական սենյակ՝ հայցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Էջանիշներ