Կիրակի, փետրվարի 12-ին տեղի է ունենալու Հրազդանի քաղաքապետի ընտրությունը: Թեկնածուներն են Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Փաստացի, տեղի է ունենալու Կոնգրես-ՀՀԿ հեռակա մրցակցություն: Կոնգրեսը բավական ուժեր է կենտրոնացրել ընտրությանը, ՀՀԿ-ն, սակայն, կարծես թե առանձնապես աչքի չի ընկել ակտիվությամբ, չհաշված տեղի վարչական ռեսուրսի օգտագործման մասին զանազան հրապարակումները մամուլում:
Անցյալ տարվա նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Իջեւանի քաղաքապետի ընտրությունը: Այն ժամանակ գործող ՀՀԿ-ական քաղաքապետի հետ մրցակցում էր ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը, որն էլ ընտրվեց քաղաքապետ: Այն ժամանակ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Կոնգրեսը, Ժառանգությունը եւ ՀՅԴ-ն այս կամ այն կերպ աջակցել են ԲՀԿ թեկնածուին: Իր հերթին, ՀՀԿ-ն կարծես թե չէր էլ դիմադրում, թեեւ ԲՀԿ-ն «համենայնդեպս» Իջեւան էր ուղարկել բավական բազմամարդ դեսանտ:
Արդյոք այս անգամ էլ ՀՀԿ-ն ոչ միայն զերծ կմնա ավանդական մեթոդներից, այլեւ առանձին ակտիվություն էլ չի ցուցաբերի: Դատելով քաղաքապետի ընտրության նախընտրական ժամանակաշրջանից, թերեւս այդպես էլ կլինի, քանի որ ՀՀԿ-ն վտանգի տակ կդնի ավելի մեծ «խաղը»:
Ըստ ամենայնի, սպասելի է, որ ԲՀԿ-ն «վերադարձնի պարտքը» Կոնգրեսին: Սպասելի է նաեւ, որ «բոլորն ընդդեմ ՀՀԿ-ի» շրջանակներում Սասունին աջակցեն նաեւ Դաշնակցությունը եւ Ժառանգությունը:
Այդպիսով, կարելի է հուսալ, որ Հրազդանում էլ, ինչպես Իջեւանում, տեղի կունենա «ազատ-արդար ընտրություն», եւ ոչ ոք չի դիմի բռնությունների:
Էջանիշներ