Երկրորդ ժամկետի ճանապարհը
Հայաստանում կադրային փոխատեղությունները հիմնականում բնութագրվում են որպես Սերժ Սարգսյանի կողմից սեփական համակարգ կառուցելու փորձ առանց Ռոբերտ Քոչարյանի մասնակցության: Սակայն Սերժ Սարգսյանի առջեւ, ով դեռ մեկ տարի առաջ չէր թաքցնում երկրորդ անգամ առաջադրվելու մտադրությունը, խոչընդոտ էր ոչ միայն Քոչարյանը: Յուրաքանչյուր “խոչընդոտի” համար պայքարի հատուկ մեթոդ է ընտրվել` կախված գործիքներից, որոնցից օգտվում էին խոչընդոտողները:
Քանի որ Հայաստանում ազնիվ քաղաքական մրցակցության օրենքները չեն աշխատում, ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելը գործնականում անհնար է: Այդ պատճառով, երկրում իշխանութունը վերցնելու հավակնություն ունեցող ուժերը «ոչ ստանդարտ» մեթոդներ են կիրառում:
Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ճանապարհին խոչընդոտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Սարգսյանի դեմ նրա հիմնական զենքը ժողովրդական ըմբոստության էներգիան էր, որն իրոք լուրջ սպառնալիք էր ներկայացնում: 3 տարի առաջ այդ էներգիան իր ճանապարհին կարող էր ամեն ինչ քշել, եւ Սերժ Սարգսյանը գիտեր, որ այն չի վերահսկում: Սակայն այն վերահսկում էր Տեր-Պետրոսյանը, ով աստիճանաբար բաց թողնելով գոլորշին եւ ճնշելով այն, նվազեցնում էր ճնշումը եւ չեզոքացնում ժողովրդական ըմբոստության սպառնալիքը:
Կարեւոր չէ, թե արդյոք դա գործարք էր, թե արկածախնդրության ռիսկի բացակայություն, սակայն փաստն այն է, որ այդ զենքն այլեւս չի սպառնում Սերժ Սարգսյանին: Եվ այժմ արդեն ակնհայտ է, որ Կոնգրեսի հետ երկխոսությունը, որին Սարգսյանը համաձայնեց, լավ միջոց էր այդ ռիսկը չեզոքացնելու համար:
Երկրորդ “խոչընդոտը” Ռոբերտ Քոչարյանն էր, ով, նույնպես ելենելով իր բնավորության յուրահատկություններից, ընտրեց “ոչ ավանդական” զենքը` ընդհատակյա պայքարը, այլ ոչ թե առճակատումը: Քոչարյանը փորձեց անկյուն քշելու (ինչպես լավ որսորդը) եւ հոգեբանական ճնշման մեթոդը: Նա փորձեց Սարգսյանին թակարդը գցել տեղեկատվական արտահոսքերով, Մոսկվա այցերով, դավադրությունների մասին խոսակցություններով եւ այլն: Սակայն Սարգսյանը, իմանալով Քոչարյանի բնավորությունը, չտրվեց խայծին եւ ուղիղ գնաց նրա մոտ, ում ակնարկում էր Քոչարյանը` Պուտինի մոտ: “Հավանություն” ստանալով, նա, փաստացի, կոտրեց Քոչարյանի որսորդական ռազմավարությունը:
Այն, որ քոչարյանական թիմը բացահայտ դիմադրություն ցույց չի տալիս, խոսում է այն մասին, որ Սարգսյանի ու Քոչարյանի միջեւ զինադադար է կնքված: Եվ Սարգսյանը, փաստորեն, իրենից հեռացրեց նաեւ այդ վտանգը:
Է՞լ ինչ վտանգներ են նրան սպառնում երկրորդ ժամկետի ճանապարհին: Չէ որ եթե խոչնդոտներ չկան, կարելի է նույնիսկ արդար ընտրություններ անցկացնել:
Էջանիշներ