Դատավարություն. դատարանը կլսի «Եհովայի վկաների»` Հանրային հեռուստաընկերության դեմ հայցը` ծնողասպանին իրենց կազմակերպության անդամ ներկայացնելու համար

Հայաստանյան «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է հերքում, ներողություն` վիրավորանքների համար, ինչպես նաև իրենց կազմակերպության պատասխանի հրապարակումը` պնդելով, որ հեռուստաընկերության տարածած սուտ տեղեկության պատճառով իր անդամների դեմ հարձակումներ են եղել:

Հանրային հեռուստաընկերության դեմ ներկայացված կրոնական կազմակերպության դատական հայցի առաջին լսումը լինելու է գալիք չորեքշաբթի ընդհանուր իրավասության դատարանում:

Կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Հանրայինի դեմ, որը «Հ1» հեռուստաընկերության միջոցով հրապարակել էր քննարկումների տեղիք տված ծնողասպանության (2010 թ. Սևան քաղաքում) դեպքի մասին լուրը` մարդասպանին ներկայացնելով որպես «Եհովայի վկաների» անդամ: (2010 թվականի նոյեմբերին Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա Արման Թորոսյանն իրենց բնակարանում սպանել էր ծնողներին` 64-ամյա Խաչիկ և 57-ամյա Մարիետա Թորոսյաններին

Սպանությունը հասարակական բուռն քննարկումների տեղիք էր տվել, ու քանի որ մամուլում տարածվել էր, որ հանցագործության մեջ մեղադրվող Թորոսյանը «Եհովայի վկաներ» կազմակերպությունից է, հասարակական լայն դժգոհության ալիք է բարձրացել այս կազմակերպության դեմ:

Սպանությունից մի քանի օր անց մարդու իրավունքների պաշտպանը կոչ էր արել ԶԼՄ-ներին դադարեցնել մեղադրյալին որպես այս կազմակերպության անդամ ներկայացնել, սակայն, ինչպես պնդում են «Եհովայի վկաների» ներկայացուցիչները, Հանրայինի եթերում շարունակում էին զրպարտել կազմակերպությունը:

«Ապատեղեկատվություն տարածելուց բացի, Հանրայինն իր հրապարակումներում հնչեցրեց նվաստացուցիչ և վիրավորական արտահայտություններ մեր կազմակերպության անդամների հասցեին: Հաղորդումներից մեկը հեռուստադիտողներին խրախուսեց Եհովայի վկաներին հանդիպելիս դիմել բռնության, ինչի արդյունքում մեր անդամների դեմ հարձակումներ, քաշքշոցներ ու հայհոյանքներ են եղել Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում»,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Եհովայի վկաներ» կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը:
Աղբյուր՝ Armenia Now

«Եհովայի վկաներ»-ը Հ1-ին ևս մեկ պահանջ են ներկայացրել. դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ընդդեմ Հանրային հեռուստատեսության հայցի քննությունը:
Նիստից առաջ դատարանի միջանցքում` նիստերի դահլիճի մոտ, հավաքվել էին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Կազմակերպության շահերը ներկայացնում էին կանադացի փաստաբան Շեյն Բրեյդին (նկարում` կենտրոնում) և հայաստանցի Ելենա Մարգարյանը:
«Եհովայի վկաներ»-ի հայցադիմումի պահանջն է պատասխանող հեռուստաընկերությանը պարտավորեցնել անհապաղ հերքել հայցվորների պատիվը և արժանապատվությունն արատավորող 2010 թվականի նոյեմբերի 9-ի, 10-ի, 11-ի Հ1-ի «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդումների շրջանակներում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Խաչիկի Թորոսյանը Եհովայի վկա է:
Հայցվոր կողմը նաև պահանջում է հերքել սույն տեղեկատվությունը նույն հաղորդումների խորագրի տակ, նույն տեղակայմամբ, նույն հաղորդման ժամին և այնքան անգամ, որքան այդ հաղորդումները հեռարձակվել են:
Հայցադիմումի մեջ նշված պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ Հ1-ի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը նշել է, որ պատիվը և արժանապատվությունն իրավաբանական անձին ոչ բնորոշ հատկանիշներ են, պատիվ ու արժանապատվություն կարող է ունենալ միայն ֆիզիկական, ոչ թե իրավաբանական անձը: Այդ իսկ պատճառով պատասխանող կողմը խնդրել է հստակեցնել պահանջը:
Հայցվոր կողմը, իր հերթին, նշել է, որ իրենք նաև ցանկանում են արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջ ներկայացնել: Զոհրաբյանի նկատել է, որ հայցադիմումի մեջ նման պահանջ նշված չի եղել: Այդ պահին դատարանը ընդմիջում է հայտարարել` հնարավորություն տալով հայցվոր կողմին լրացումներ մտցնել հայցադիմումի մեջ:
Ընդմիջման ընթացքում Epress.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Հ1-ի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանն ասել է. «Կարծում եմ, որ դա հայցվոր կողմի սկզբնական հայց ներկայացնելու, ոչ ճիշտ կողմնորոշվելու արդյունք էր»:
Ընդմիջումից հետո հայցվոր կողմը իր նախկին պահանջին ավելացրել է նաև գործարար համբավի վերականգման մասը: Հայցվոր կողմի փոփոխված պահանջը լսելուց հետո դատավոր Սամվել Թադևոսյանը նշել է, որ սահմանված փոփոխությունը պետք է ուղարվկի նաև պատասխանողներին, և հաջորդ նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ պատասխանող կողմը կծանոթանա հայցադիմումի նոր տարբերակների հետ:
Նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին փաստաբան Շեյն Բրեյդիին,սակայն նա հրաժարվեց պատասխանել դրանց:
«Որպես փաստաբան ես դատաքննութան ընթացքում կներկայացնեմ իմ դիրքորոշումը: Ճիշտ չեմ գտնում դատաքննությունից դուրս կարծիք արտահայտել»,- նշել է փաստաբանը:
Աղբյուր՝ Eepress.am