Երրորդ հիվանդանոցում բժիշկները 8 տարեկան երեխայի փոխարեն 4 տարեկան երեխայի են վիրահատել
Ասվածի վառ ապացույցն այն է, որ բժիշկները 8 տարեկան Գևորգ Մովսիսյանի փոխարեն, 4 տարեկան Նարեկ Դարբինյանին են վիրահատել: Աբսուրդը, սակայն, ոչ թե տարիքային տարբերությունն է, այլ այն, որ 8 տարեկան երեխան պետք է ենթարկվեր ամորձիների վիրահատության, իսկ 4 տարեկանն ընդամենը թոքերի ռենտգենի կարիք ուներ: Բարեբախտաբար, ծնողները գլխի են ընկել, թե ինչ է կատարվում, վիրահատության ընթացքում մեծ աղմուկ են բարձրացրել, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել արդեն սկսված վիրահատությունը:
Վիրաբույժներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ այստեղ բժիշկների տգիտությունը վերին աստիճանի ընդգծված է: Իսկ գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ վիրաբույժները ամորձիների վիրահատության գնալուց առաջ պետք է ևս մեկ անգամ ստուգեին երեխայի ամորձիները և միայն դրանց ուռած լինելու պարագայում գնային վիրահատության: Բայց նրանք չեն պահպանել այդ տարրական կարգը և արդյունքում վիրահատել են ընդամենը թոքերի ռենտգենի խնդիր ունեցող Նարեկին: Ի դեպ, Նարեկի ծնողները նաև թրաֆիքինգի կասկածներ հայտնեցին, իսկ մեզ հետ զրուցած վիրաբույժը դա չբացառելով` նշեց, որ եթե անգամ նման մտադրություններ եղել են, դա կանխվել է: Վերջին հանգամանքը հաստատեց այն փաստով, որ վիրահատության ընթացքում երկու կտրվածք է արվում, սակայն այս դեպքում վիրահատությունն ավարտվել էր առաջին կտրվածքով, և փաստորեն, չեն հասցրել երկրորդ կտրվածքին դիմել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ հիվանդանոցը քաղաքապետարանի ենթակայության ներքո է գործում, սակայն թե՛ քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, թե՛ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանից չհաջողվեց դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտել: Նրանք պատճառաբանեցին, թե ոչ աշխատանքային օր է, հետևաբար չեն կարող այդ առումով տեղեկություն տրամադրել: Սակայն միանշանակ էր, որ նրանք խուսափում էին տեղեկատվության արտահոսքից: Մեզ բավական տարօրինակ թվաց նաև այն փաստը, որ տվյալ բուժհաստատությունը պատկանում է, ոչ թե Առողջապահության նախարարությանը, այլ քաղաքապետարանին: Հետևաբար` զրուցեցինք տեղական ինքնակառավարման մասնագետների հետ: Նրանց խոսքերով, հանրապետությունում հիմնարկները լինում են համայնքային՝ քաղաքապետարան, գյուղապետարան, թաղապետարան, մարզպետարան, ինչպես նաև Առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործող կամ մասնավոր: Իսկ ներկա դրությամբ առողջապահական շատ քիչ հաստատություններ կան, որ չեն սեփականաշնորհվել, օրինակ` ինֆեկցիոն հիվանդանոցը, տուբդիսպանսերը, այսինքն` նրանք, որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Արդյունքում` նրանք ևս հաստատեցին, որ 3-րդ մանկական հիվանդանոցը պատկանում է քաղաքապետարանին: Ավելին` դա մի բուրգ է, որի մեջ մտնում են նաև պոլիկլինիկաները, ծննդատները և այլն, և այլն: Այդ իսկ պատճառով տվյալ հաստատություններում վերջնական որոշումները կայացնում է քաղաքապետը` հանձինս Կարեն Կարապետյանի:
Գնալով կատարվածի հետքերով` տեղեկացանք, որ երբ Նարեկ Դարբինյանի հարազատներն ահազանգել են քաղաքապետարան, այնտեղից գործնական արձագանք չին եղել, որից հետո նրանք դիմել են Առողջապահության նախարարության թեժ գիծ, որն անմիջապես ահազանգել է: Երեխայի անվտանգությունից ելնելով` նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ ծնողները Նարեկին տեղափոխել են նախ Գյումրիի մանկական հիվանդանոց: Այնտեղ նրան մեկ օր պահելուց հետո նոր միայն տեղափոխել են տուն: Ի դեպ, քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, թեև կատարվածի համար առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պատասխանատու չէ, սակայն նա նամակ է գրել քաղաքապետ Կարեն Կարապետյանին և պահանջել, որ նա 3-րդ հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին ազատի աշխատանքից` տվյալ երևույթի կրկնությունը բացառելու համար:
Բացի այդ, հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել հիվանդանոցում: Սակայն նույն աղբյուրի փոխանցմամբ, երեկ Կարեն Կարապետյանի հրամանով աշխատանքից ազատվել են միայն վիրաբույժ` Անտոնյանը, անեսթեզիոլոգ` Դալլաքյանը, որը նաև տնօրենի եղբայրն է, բուժքույրերը և մի շարք այլ աշխատակիցներ: Կարեն Կարապետյանն, այնուամենայնիվ, տնօրենին ազատելու հրահանգ չի տվել, իսկ պատճառն այն է, որ նա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանի մտերիմն է: Մինչդեռ անհերքելի փաստ է, որ որքան էլ բժիշկները մեղավոր են, բայց նման բարձիթողի վիճակի գլխավոր մեղավորը և պատասխանատուն հիվանդանոցի տնօրենն է: Իսկ թե կատարվածի կապակցությամբ գործ կհարուցվի, թե ոչ` արդեն իրավապահների օբյեկտիվությունից է կախված: Չնայած Նարեկի ծնողներն առայժմ չցանկացան մեզ հետ զրուցել, բայց մենք, այնուամենայնիվ, այցելեցինք Ախուրյան գյուղ, որտեղ ապրում է Նարեկի ընտանիքը:
Գյուղի բնակիչները նշեցին, որ երեխայի առողջական վիճակը լավ է, պարզապես նրանք դեռ «չեն կարողանում մարսել կատարվածը»: Բնակիչների պատմելով, միայն Առողջապահության նախարարությունից են այցելել Նարեկին, նվերներ բերել, խոստացել, որ հետևողական են լինելու և ամեն կերպ նպաստելու են երեխայի ապաքինմանը: Ավելին` նախարարն անձամբ զանգահարել և զրուցել է երեխայի ծնողների հետ: Սակայն, բնակիչների փոխանցմամբ, ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ էլ հիվանդանոցից երեխային չեն այցելել: «Ճիշտ է, հիվանդանոցի տնօրենը այդ օրը քաղաքում չի եղել, բայց վերադառնալուց հետո էլ հարկ չի համարել այցելել Նարեկին կամ պարզաբանում տալ կատարվածի մասին, որովհետև խոսելու տեղ չունի: Աստված մի արասցե, վիրահատությունը չկանխվեր, հիվանդանոցի տնօրե՞նը, թե՞ քաղաքապետն էր մեղքն իր վիզը վերցնելու»,- ավելացրեց Նարեկի հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
09:44 Հասարակություն | Երեքշաբթի 10.05.2011 | Տաթև Մեսրոպյան
Էջանիշներ