Ոստիկանները` կանգառներում
ՀՀ մարզերից այսօր հնարավոր չէր հասնել մայրաքաղաք:
«Ա1+»-ի տեսախցիկը Աշտարակ, Արտաշատ քաղաքների կանգառներում ու ավտոկայանում, Երեւան-Եղվարդ, Երեւան-Գյումրի, Երեւան-Վանաձոր ճանապարհահատվածներում չկարողացավ ֆիքսել ոչ մի երթուղային ու ավտոբուս, որոնք մարդկանց կտեղափոխեին Երեւան: Մայրուղիները գրեթե դատարկ էին` միայն հատուկենտ ավտոմեքենաներ էին երեւում, այն էլ` մայրաքաղաքից դեպի մարզեր շարժվող:
Ինչ վերաբերում է կանգառներին ու ավտոկայաններին, ապա այստեղ չկար տրանսպորտային ոչ մի միջոց, մինչդեռ մայրաքաղաք շտապող մարդկանց թիվը րոպե առ րոպե ավելանում էր: Բոլոր կանգառներում մարդկանցից քիչ հեռու կանգնած էր ոստիկանական մեքենան, իսկ ոստիկանության աշխատակիցները պարբերաբար մոտենում էին տաքսիների վարորդներին ու ինչ-որ ցուցումներ տալիս:
Մեր տեսախցիկը տեսնելուն պես` ոստիկանության աշխատակիցներն արագ նստում էին մեքենաներն ու հեռանում կանգառներից:
«Ա1+»-ի հետ զրույցում մարդիկ խիստ սրտնեղած դժգոհում էին, որ մեկ ժամից ավելի է` կանգառում երթուղային են ապարդյուն սպասում: «Մեր երկրից ու ղեկավարությունից անչափ վիրավորված մենք, այսպես ապրել չի լինի: Ես շտապ պետք է գնամ Երեւան, ճանապարհները փակել են, ես չգիտեմ` ինչ եմ անելու: Արդեն 1 ժամ է` սպասում եմ: Տաքսի անգամ չկա, որ գոնե դրանով գնամ: Ասում են` միտինգ է, չեն թողնում, որ մարդիկ Երեւան գնան: Այս ամենը միտինգին չմասնակցելու համար է արվում, բայց ինչքան կարելի է սպասել»,- մեզ հետ զրույցում բարկացած ասաց մի կին` ավելացնելով, որ համոզված է` այս ամենը վերեւներից է ասված:
70-ամյա մի տղամարդ էլ նշեց, որ Երեւանում ավտոմեքենան տարել է արհեստավորի մոտ ու պետք է գնա այն վերցնելու. «Ոչ մի մեքենա չկա, համարյա կես ժամ է սպասում եմ: Երեւանից թողնում են, որ ավտոբուսներն ու երթուղայինները մարզեր գան, բայց այստեղից չեն թողնում»:
Հուսահատ քաղաքացիները փորձեցին տաքսիով գնալ, սակայն տաքսու վարորդը մի պահ կանգնեցրեց մեքենան, ապա` արագ հեռացավ:
Ոստիկանության աշխատակիցները մեզ հետ զրույցում կանգառներում իրենց ներկայություն համար բազմաթիվ պատճառաբանություններ ունեին: Օրինակ` մեզ փորձեցին վստահեցնել, որ իրենք «նախարարի 320Ա հրամանն են կատարում»:
«Երեւան քաղաքում գողացված մեքենաները շատ են, պայքարում ենք ավտոառեւանգումների դեմ: Կոնկրետ մեքենաներ կան, որ ասված է` այս ինչ մեքենաներն են գողացված, դրանց համարանիշները ունենք ու դրանց համար ենք կանգնել»,- ասաց ոստիկաններից մեկն` ավելացնելով, որ երթուղայինների ու ավտոբուսների հետ կապված իրենք ոչ մի ցուցում չեն ստացել. «Դուք կանգնեք, նկարեք, տեսեք` բոլոր երթուղայինները, տաքսիները կանոնավոր աշխատում են, ոչ մի խնդիր չկա»:
Իսկ ճանապարհներին դատարկությունն էր:
Էջանիշներ