Մարտի 1-ի ողբերգությունից 3 տարի անց զոհվածների հարազատներն առանձնապես հույսեր չեն կապում, որ այս իշխանությունների օրոք երբեւէ այն կբացահայտվի:
«Մեր միակ հույսը իշխանափոխությունն է, իշխանափոխություն եղավ, մեր երեխաների գործը կբացահայտվի»,- «Ա1+»-ին ասաց «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նրա խոսքերով` այս երեք տարիների ընթացքում իրենք դիմել են դատական տարբեր ատյաներ, եւ այլեւս ոչ մի սպասելիք չունեն: «Մեզ պատճառաբանում են, թե ձեր բողոքն անհիմն է: Մենք զարմանում ենք, միգուցե մեր երեխաները կենդանի են, որ մեր բողոքն անհիմն է, չէ որ մենք տուժողի իրավահաջորդ ենք»,- նշեց նա:
ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, նախկին զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանը համոզված է, որ կարեւորագույն բացահայտումներն արդեն իսկ եղել են:
«Նախ, որ «Մարտի 1-ը. ռազմական հեղաշրջում էր` ապօրինի կիրառվել է բանակը, զինված ուժերը, որն արգելված է մեր սահմանադրությամբ, եւ այդ արտակարգ դրության վիճակի մասին բազմաթիվ մեր միջնորդությունները նույնիսկ մարդու իրավունքների նախկին պաշտպանը մերժեց եւ չդիմեց Սահմանադրական դատարան»,- ասաց նա, ապա հավելեց, որ բոլոր սպանությունները կատարվել են իշխանության ներկայացուցիչների, զինված ավազակախմբերի կամ ներքին զորքերի զինծառայողների կողմից:
«Հիմնավորվեց, որ մարտի 1-ին եւ 2-ին զենք, զինամթերք օգտագործել են բացառապես իշխանությունները, եւ այդ բոլոր դեպքերը թաքցվել է: Մոտ 300 այդպիսի անձ է եղել, զինվորական ոստիկան եւ ոչ ոք մինչեւ հիմա տուժող չի ճանաչվել»,- ասաց նա` ավելացնելով, որ դրանից բացի անհիմն մեղադրանքով շուրջ 150 անձինք քաղբանտարկյալի կարգավիճակով հայտնվեցին բանտերում:
Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով` իրենք սոցիալական արդարության կհասնեն ոչ թե հեղաշրջման ճանափարհով, այլ միայն իշխանափոխության միջոցով.
«Պետք է հավաքվի 100-200 000 Հայաստանի քաղաքացի եւ պարտադրեն այս իշխանություններին հրաժարական տալ, այնուհետեւ անցկացնել նախագահական, խորհրդարանական, ազատ, արդար եւ լեգիտիմ ընտրություններ»:
Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ, իրենք «Մարտի 1-ի» կրկնություն երկրորդ անգամ թույլ չեն տա:
«Չի կարող այլեւ Հայաստանում «Մարտի 1»-ը կրկնվի: Դուք տեսնում ենք` ով կրակում է իր ժողովրդի վրա, անմիջապես Հաագայի դատարան է գնում»,- նշեց նա:
Էջանիշներ