Արամ Մանուկյանն «անարյուն հեղափոխության» դեղատոմս է առաջարկում
«Անարյուն հեղափոխության միակ ճանապարհը՝ շատ մարդ, շատ քանակ։ Երբ հզոր է շարժումը, երբ համաժողովրդական է, ոչ մեկի համարձակությունը, կարծում եմ, չի հերիքի դուրս գալ այդ հոսանքի դեմ»,- Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այդ դեպքում գործում է «Ձայն բազմաց, ձայն Աստծո» կանոնը:
«Այդ հզոր հոսքին, այդ ժողովրդին ընդդիմադիր լինելը շատ դժվար է։ Առնվազն պետք է լինել Կադաֆի կամ խելառ, բայց այդ խելառության շանսը նրանք [նկատի ունի իշխանություններին – Tert.am] մի անգամ անցել են, չեմ կարծում՝ երկրորդ անգամ այդ շանսն ունենան»,– նշեց Մանուկյանը։
Ընդդիմության գործողությունների փոխհամաձայնեցման անհրաժեշտության մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի գաղափարին ՀՀՇ վարչության նախագահն այսպես պատասխանեց. «Թող ժողովուրդը որոշի, թող ժողովուրդը թելադրի քաղաքական կուսակցությունների, քաղաքական լիդերների գործողությունների հետագան։ Եթե ժողովուրդը զանգվածաբար գալիս–կանգնում է Մատենադարանում կամ այլուր և իր ըմբոստությունն է արտահայտում համաժողովրդական ձևով, յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է դրանից եզրակացություն անել և գնալ կանգնել ժողովրդի կողքին: Հարթակը՝ տվյալ դեպքում Մատենադարանը ու միկրոֆոնը, սեփականաշնորհված չեն»:
«Ես չեմ ասում՝ գան Լևոն Տեր–Պետրոսյանի կողքը կանգնեն, թող գան ժողովրդի կողքը կանգնեն, որ ժողովուրդը տեսնի, որ «Ժառանգությունը», Արմեն Մարտիրոսյանը կանգնած են, ինչպես կանգնած էին մարտի 1–ին։ Կոչս բոլոր քաղաքական ուժերին սա է՝ կանգնեք ժողովրդի կողքը, եթե չեք ցանկանում կանգնել Լևոն Տեր–Պետրոսյանի կողքը»– ասաց ՀՀՇ վարչության նախագահը։
Իշխող կոալիցիայի կողմից համագործակցության նոր հուշագրի ստորագրումը, ըստ Արամ Մանուկյանի, «իշխանության համար վախը չափելու միջոց էր»: «Նրանք, զգալով ինչ է տեղի ունենում ներսում, փորձեցին դրսին ցույց տալ, թե ներսում պրոբլեմ չունեն, բայց համոզիչ չէ բացարձակ, բոլորը տեսնում են՝ ինչ է կատարվում»,- ասաց նա՝ հավելելով, թե իշխող Հանրապետական կուսակցությունը «ներսից կճեղքվի»:
«Բոլոր այն պատեհապաշտները, բիզնեսի մարդիկ, որոնք հայտնվել են այդտեղ իրենց բիզնեսը պահելու համար, կթռնեն, և դա շատ արագ կլինի»,– ասաց Արամ Մանուկյանը:
Էջանիշներ