Եթե ազատազրկված լրագրողին, որը բողոքում է իր դեմ կատարած բռնություններից, տանում են պատժախուց եւ արգելում են թուղթ ու գրիչ ունենալ, ապա միանշանակ է, որ նրան ազատազրկելու եւ, առավել եւս, պատժախուց տանելու գլխավոր նպատակներից մեկը նրան հենց թուղթ ու գրչից զրկելն է: Դա հասկանալու համար խորը վերլուծաբան պետք չէ լինել՝ պարզ, մի քայլանոց տրամաբանական եզրակացություն է: Իշխանությունները կարծես թե նպատակ են դրել ողջ աշխարհին ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է, եւ դա, պետք է ասել, նրանց մեծապես հաջողվում է:
Բայց այսօր ուզում եմ հիշեցնել մեկ այլ քաղբանտարկյալի մասին, որի վիճակը նույնպես ծանր է: Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ բոլոր մնացած քաղբանտարկյալների ճակատագիրը պետք է հուզի Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Ինչպես նաեւ պետք է «հուզեն» մեր դատավորները, որոնք որոշում են ընդունում քաղաքական կամ կոռուպցիոն եւ ոչ թե իրավական գործոնների ճնշմամբ: Բացի ամեն ինչից, դատարանների անկախությունը պետք է նաեւ մեզնից հետո եկող սերունդներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն, թե որ վարքն է խրախուսելի, իսկ որը՝ դատապարտելի: Եթե կաշառակեր սպաներին ազատում են գրավի դիմաց միայն այն պատճառով, որ վերջիններս բանակի որոշ ղեկավարների «բիլյարդի խաղընկերներն» են, իսկ հազար տեղից վիրավորված պատերազմի հերոսին, հաշվի չառնելով նրա առողջական վիճակը, պահում են բանտում, ապա նման «ընտրողական մարդասիրության» հետեւանքով երիտասարդը կարող է գալ այն եզրակացության, որ ավելի լավ է «բիլյարդ խաղալ», քան հայրենիքը պաշտպանել:
Ես Սասուն Միքայելյանին անձամբ չեմ ճանաչում եւ երբեք չեմ տեսել: Միայն կարդացել եմ նրա մասին հրապարակումները եւ լսել եմ իմ բարեկամ՝ գրող Լեւոն Խեչոյանի պատմածները: Աղբյուրներն ինձ համար վստահելի են: Միանգամայն սպասելի կլիներ, որ ինչպես տարբեր քաղաքական հայացքներ ունեցող լրագրողներն իրենց համերաշխությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ազատամարտիկները, անկախ իրենց բոլոր տարաձայնություններից, հայտարարություններ անեին ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի: Բայց արցախյան պատերազմի վետերանների բազմաթիվ կազմակերպություններ այս հարցում չափազանց պասիվ են: Խոսքը, մասնավորապես, ԵԿՄ-ի մասին է: Կամ երկրապահների վերնախավը լուրջ բիզնեսներ ունի եւ վախենում է ձայն հանել, կամ խաղաղ ժամանակ, պատերազմից հետո, այնպիսի «ղալաթներ» է արել, որ «ավել-պակաս խոսելուց» ջրի երես դուրս կգան:
Հետո էլ կուրծք են ծեծում, թե՝ մենք դուխով տղերք ենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am
Էջանիշներ