Այսօր՝ փետրվարի 21-ի վաղ առավոտյան մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը, ով «Եվրատեսիլ-2011» մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմիի հայրն է:
Նրա անունը հայ հասարակությանն առավել հայտնի դարձավ, երբ Օպերայի շենքին հարակից Կարապի լճի հարեւանությամբ տեղադրվեց նրա ստեղծած Առնո Բաբաջանյանի արձանը, ինչը լուրջ դժգոհություն առաջ բերեց հանրության շրջանում:
Նշենք, որ Էմմին Միհրանի հետ «Եվրատեսիլում» հանդես է գալու առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 10-ին։ Առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան, Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն, Թուրքիան:
Էմմիի ելույթի համարը կորոշվի մարտի 10-ին՝ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:
Էջանիշներ