Այդ "եթե"–ն տեղին էր ասված։ Մտավորականությունը՝ որպես հասարակական երևույթ, կարող է ձևավորվել բացառապես երկար պատմական զարգացման արդյունքում՝ ունենալով իր զարգացման փուլերը։ Որպեսզի մարդը դառնա մտավորական, անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ, հոգեբանական մթնոլորտ և ավանդույթ, որի վրա հիմվում է այդ մթնոլորտը։ Իրականում այս ավանդույթն ու մթնոլորտը շատ բան են որոշում, դրանք կարող են միջակ մարդուն դարձնել լուրջ գործիչ, եթե, օրինակ, խոսքը գնում է գերմանական ինտելեկտուալ ավանդույթի մասին, և կամ մեծ պոտենցիալ ունեցող մարդուն վերածել մարգինալի, եթե խոսքը գնում է, օրինակ, հայկական ինտելեկտուալ ավանդույթի ու ժամանակակից մտածողության մասին, որը իր գավառականության մեջ է կլանում մեծաթիվ ընդունակ մարդկանց ու նրանց վերածում միջակությունների։ Խոսքն այն մասին չէ, որ հայկական ինտելեկտը որևէ կարևոր ձեռքբերում չի ունեցել, ունեցել է, բայց այնքան քիչ, որ այդ ձեռքբերումներն էլ կորել են անտաղանդության ու ազգային ինքնասպան աշխարհայացքի կաթսայի մեջ։
Էջանիշներ