Միքայէլ-ի խոսքերից
Ետ մի նայիր
Ետ մի նայիր, թե ետևում ձայնն է մանկան
Զրնգալով ականջ ծակում, երգում խաղաղ,
Ապա իսկույն կարկաչելով դառնում ծիծաղ
Եվ լուռ մարում սրտի խորքում քո առնական:
Ետ մի նայիր, թե ժպիտն է այն անցյալից,
Որ դպրոցի միջանցքներում միշտ շողալով,
Քեզ գերում էր, հրապուրում, անում աչքով
Ու վեր հանում ՝ քեզ զատելով մյուս բոլորից:
Ետ մի նայիր, եթե անգամ խոսքը կծու,
Դարձած մի մեծ ու անիմաստ կռվի փարոս,
Կրկին լսվի քո թիկունքում, որը ազդու
Բարկացրեց քեզ և ակամա դարձրեց հերոս:
Ետ մի նայիր, եթե սիրտդ հուսալքված
Մնա կրքի ատրուշանին, որի բոցը հռնդալից
Փայտն է լափում՝ քո բազուկի կամքով դիզված,
Ու ածխանում քո անկոտրում ոգու շնչից:
Ետ մի նայիր, եթե կոկիկ սենյակը այն,
Որ հարդարել ու սխալմամբ կոչել ես կյանք,
Հալչի ունայն խավարի մեջ, դառնա պատրանք
Ու միտք մաշող անուրջի պես կախվի անձայն:
Ետ մի նայիր, թե Հույսն է քեզ առաջ տանում,
Թե Հավատն է թևեր տալիս, վեր բարձրացնում.
Ու թե հոգիդ, խուլ վայելքին բիրտ ու նանիր,
Սեր է սնում իր ջերմ գրկում, ետ մի նայիր
Էջանիշներ