Ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին հստակ ուղերձ է հայ հասարակությանը, որ Երևանի ընտրությունները չեն լինելու սովորական ընտրություններ։ Այս մասին այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու հավելել, որ իրենք այս ընտրությունները չեն դիտարկում որպես Երևանի ավագանու ընտրություններ, այլ հաշվի առնելով Երևանի կշիռն ու դերը, վստահ է, որ Երևանի հաղթանակով Համաժողովրդական շարժման համար կստեղծվեն բոլոր հիմքերը՝ քաղաքական ավելի նպաստավոր պայմաններում պայքարը շարունակելու համար։
Ի՞նչ նպատակ ուներ Լևոն Տեր–Պետրոսյանին ցուցակի առաջին հորիզոնականում ընդգրկելը, ցանկանում էի՞ք ընտրազանգվածին գրավել, թե իսկապես հաղթանակի դեպքում առաջին նախագահը պատրաստվում է աշխատել քաղաքապետ Tert.am–ի հարցին Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
«Լևոն Տեր–Պետրոսյանի ընդգրկումը որպես առաջինը ցուցակում նախ և առաջ ընդգծում է մեր վճռականությունը, ընդգծում է, թե ինչ նշանակություն ենք մենք տալիս այս ընտրություններին, որ մենք իրականում սա համարում ենք համապետական ընտրություններ, իսկ ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանը կաշխատի քաղաքապետ , թե չէ,
Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքապետ կաշխատի ուղիղ այնքան ժամանակ, ինչքան պետք է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար»։
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հանդիպման ժամանակ շեշտել են, թե քաղաքապետի ընտրություններին իրենք շատ մարտական են տրամադրված։ «Սրանք չեն լինելու սովորական ընտրություններ, այլ լինելու է նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդը»,– ասել է Լևոն Զուրաբյանը։ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ նկատել է, թե այս ընտրություններում իշխանությունների ուղերձը հստակ է, այն է՝ իշխանական բոլոր օղակները քրեականացվելու են, ինչին, մամուլի խոսնակի համոզմամբ, ժողովուրդը «ոչ» կասի։
ՀԱԿ համակարգողը համոզմունք է հայտնել, որ իրենք որևէ կասկած չունեն, որ եթե իշխանությունները չկեղծեն ընտրությունները, Համաժողովրդական շարժումը կտոնի փայլուն հաղթանակ։
Լևոն Զուրաբյանը նաև նկատել է, որ իրենց պայքարը քաղաքապետի պաշտոնի համար չէ, այլ այս «ավազակապետական» համակարգի դեմ է։ Արման Մուսինյանն էլ հավելել է, որ առաջին նախագահը ցանկացած առաքելություն կստանձնի, որը սահմանադրական կարգը վերականգնելու հնարավորություն կընձեռի։
Էջանիշներ