ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին Հյուսիսային պողոտայում, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ էին հայտարարել վեց քաղաքացի։ Երեկոյան ժամը 10-ի մոտ ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ, բացահայտ ապօրինի ցրել է Հյուսիսային պողոտայում հավաքված մարդկանց եւ միլիցիայի բաժանմունք տարել հացադուլավորներին։ Ոստիկանական բաժանմունք է տարվել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։
Գլուխը կորցրած վարչախումբը անցնում է ոչ միայն օրինականության ու բարոյականության, այլեւ տրամաբանության ու բանականության բոլոր սահմանները՝ ստիպելով ոստիկանությանը դիմել ապօրինի գործողությունների։ Մարդու իրավունքների ամենատարրական դրսեւորումները, ամեն մի պլակատ, բողոքի ակցիա ավազակապետության պարագլուխներին հասցնում է շիզոֆրենիայի։ Ամեն օր ապացուցվում է նրանց կենսաբանական անհամատեղելիությունը քաղաքակիրթ հասարակության հետ, իսկ իշխանության յուրաքանչյուր օրը ընդամենը ավելացնում է մեր պատմության ամոթալի էջերը։ Այս ամենը իրոք վարչախմբի իրական հոգեվարքի ախտանշաններ են. դա անխուսափելի է սեփական ժողովրդի համապարփակ ատելությունը վաստակած, ոչ լեգիտիմության ներքին գիտակցումով ու բարդույթով տառապող ամեն մի ռեժիմի համար։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Էջանիշներ