ՀԱԿ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագետների փաստահավաք խմբի մասին
Մարտի 1-ի իրադարձությունների անկախ, վստահելի և թափանցիկ հետաքննության անցկացման՝ հայ հասարակության և Եվրոպայի խորհրդի պահանջը կատարելուն ուղղված` հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը» կարգադրությունը չի բավարարում այդ պահանջին և չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը։
Մասնավորապես՝
1. Կարգադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ՀՀ նախագահի լիազորություններին
2. Ապահովված չեն հետաքննության անկախությունը, թափանցիկությունը և վստահելիությունը, քանի որ.
a. Փաստահավաք խմբում ներգրավված չեն միջազգային փորձագետներ՝ լիիրավ անդամի կարգավիճակով,
b. Համաձայն կարգադրության խմբի աշխատանքը պետք է լինի դռնփակ, իսկ խմբի անդամներին արգելված է որևէ տեղեկություն հայտնել լրատվամիջոցներին,
c. Խումբը դե յուրե չի ստեղծվում որպես անկախ մարմին, այլ ենթարկված է իր անարժանահավատությունն ապացուցած համապատասխան խորհրդարանական հանձնաժողովին։
3. Փաստահավաք խումբն, ըստ էության, զրկված է 2008թ. Մարտի 1-ին պետական պաշտոն զբաղեցրած, այնուհետև պաշտոնաթող եղած անձանց պարտադիր ներկայանալու և պարզաբանումներ տալու հիմքով նիստերին հրավիրելու լիազորությունից։
Այդուհանդերձ, հաշվի առնելով մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտման և մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելու կարևորությունը, ինչպես նաև դիտարկելով փաստահավաք խումբը որպես միջոց այդ ճշմարտության բացահայտման եւ հանրությանը անաչառ զեկույց ներկայացնելու համար, Հայ Ազգային Կոնգրեսը և «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում են Փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին։ Հայ Ազգային Կոնգրեսը կներկայացնի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Միևնույն ժամանակ մենք պահանջում ենք մեկամսյա ժամկետում համապատասխանեցնել փաստահավաք խմբի գործունեության իրավական հիմքերը վերոնշյալ պահանջներին։ Առաջարկում ենք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին եւ Ազգային Ժողովի պատգամավորներին վիճարկել կարգադրության սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում։
Հայտարարում ենք, որ եթե մեկամսյա ժամկետում չկատարվի առնվազն միջազգային փորձագետներին խմբում ներգրավելու պահանջը, ապա մենք կվերաքննարկենք Փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարությունը: Հայտարարում ենք նաեւ, որ կաշկանդված չենք մեր ներկայացուցիչների մասնակցությունը կասեցնելու հարցում, եթե վերջինների կամ խմբի աշխատանքները խոչնդոտվեն կամ նրանք ենթարկվեն տարաբնույթ ճնշումներին:
01.11.2008թ.
Էջանիշներ