31.05.2009, 23:23 (3221 Դիտումներ)
Երբեմն այնքան տխմար և կայծակնային եզրահանգումներ կարելի է լսել կարծրատիպերով «մտածողներից», որ մարդիկ սկսում են անհետաքրքիր թվալ:
«Հաստատված» կարծրատիպերը, թերևս, պետք է լավ ճանաչել, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավոր լինի վերլուծել դրանց պատճառով առաջացած աբսուրդային իրավիճակներն ու հասկանալ որոշ մարդկանց կողմից արվող թյուրին եզրահանգումները:
Բոլորը չէ, բայց որոշ կարծրատիպեր իրենց դարը ապրելով՝ վաղո՜ւց սպառվել են, բայց շատ մարդիկ դեռ շարունակում են դրանց օգնությամբ «մտածել»: Օրինակ՝ ակնոցներով մարդն, անկախ կրթությունից և մտածելու ունակությունից, շատերի կողմից դեռևս շարունակում է ընկալվել որպես ինտելիգենտ, մտավորական մարդ: Սա ամենապարզ օրինակն է: Կարող եմ բերել տասնյակ օրինակներ, բայց կարևորը սա չէ:
Կարծրատիպերն իրականում ավելի շատ խանգարում են, քան՝ օգնում: Չնայած դրան՝ կարծրատիպերով «մտածողները» հաճախ դեռ մի բան էլ խելոք և բանիմաց են համարվում կարծրատիպերով առաջնորդվող մարդկանց շրջապատում: Այդ նույն շրջապատում «ծեծված» կարծրատիպերը զգուշորեն շրջանցել փորձող երիտասարդն, օրինակ, կարող է համարվել «անհեռատես», «միամիտ», «տգետ»... 
Կարծրատիպերը հայտնաբերելու և դրանցից հրաժարվելու համար դրանք պետք է լավ ճանաչել: