ivy
Հեքիաթային քաղաքում, որտեղ ապրում էր Երկնայինը, շատ դպրոցներ կային` տարբեր իմաստուն ուսուցիչներով, որոնք սովորեցնում էին ինչպես ապրել կախարդական այդ աշխարհում: Երկնայինն էլ այդ դպրոցների լավ սաներից էր: Ինչե՞ր էր սովորում այնտեղ, ովքեր էին նրա ուսուցիչներ ու ինչ գաղտնիքիներ էին բացում նրա առջև:
Երկնային
Իմ ուսուցիչներն էին համբերությունը, սերը, հույսը, մարդիկ ու ես ինքս...
Ինձ սովորեցրել են սիրել, շատ բան նվիրել, ամեն ինչում դրականը տեսնելու ունակություն ու միշտ նորը սովորելու ցանկություն են տվել... երևի ամենաարժեքավորը, որ ստացել եմ երկնքից, դա ինտուիցիա ասվածն է, որն ինձ շատ է օգնում...
ivy
Բացի կյանքի մասին գաղտնիքներ պարզելուց, Երկնայինը նաև ուսանում էր օտար լեզուներ: Բայց ինչի՞ն էր պետք:
Երկնային
Միշտ Իսպանական ամեն ինչի նկատմամբ շատ սեր եմ ունեցել... դեռ մանկուց երազանքս էր իսպաներեն սովորել, համոզված էի, որ այդպես է պետք... իսկ հետո որոշեցի, որ իսկապես չի խանգարի մի քանի լեզու իմանալ...
ivy
Աչոնիկը շատ էր սիրում կենդանիների ու ընկերություն էր անում նրանց հետ: Կար մի կենդանի, որը Երկնուկի կարծիքով շատ նման էր իրեն: Ո՞վ էր նա, և ո՞րն էր նրանց նմանությունը:
Երկնային
Սիրում եմ թիթեռների...Իսկ նմանությունը...
Իմ հոգին միշտ թռիչքի մեջ է, թիթեռի պես...
Շուտ եմ նվիրվում մարդկանց ու վստահում` թիթեռի պես արևի մոտ եմ թռչում, առանց մտածելու, որ կարող եմ այրվել...
Թիթեռի պես փոքրիկ եմ, ու հաճախ շրջապատի կողմից վտանգված եմ զգում...
չեմ սպասում վաղվան, վայելում եմ ամեն օրս` կարծես վերջինն է, թիթեռի կյանքի մեկ օրը...
Դեռ փոքրիկ էի` իմ տարիքի բալիկները թիթեռներ էին բռնում, իսկ ես երբեք չէի բռնում իրենց, նստում էի այգում ու նայում էի, թե ինչպես են երկու-երկու պարում օդում... կամ էլ ծաղիկին էր թիթեռ նստում, ես էլ ժպտում էի իրեն... հաճախ իրենք էլ նստում էին վրաս, ձեռքիս ափին ու մազերիս... դեռ այն ժամանակ զգացի, որ շատ նման եմ թիթեռնիկի, երևի փոխադարձ զգացողություն էր, դրա համար ինձանից չէին վախենում...
ivy
Երկնայինը չէր սիրում գիշերները քնել: Գրեթե ամեն գիշեր նա դուրս էր գալիս իր արահետը ու ինչ-որ բան անում: Ի՞նչ էր անում: Գուցե գիշերային ռանդէվուների էր գնում: Ով իմանա...
Երկնային
Գիշերներն ավելի ակտիվ եմ դառնում, էներգիաս չի թողնում` շուտ քնեմ... առավոտներն էլ չեմ կարողանում շուտ արթնանալ... Ինչպես կասեր մեկը` մականունս կարող էր լինել Գիշերային...
ivy
Աչոնիկը շատ էր սիրում գույներ: Ու իր շուրջն ամեն ինչ գունավոր էր: Բայց լինում էին այնպիսի օրեր, երբ գույների կախարդական ուժը սպառվում էր, ու նրանք սկսում էին խամրել: Ի՞նչ էր այդ դեպքում անում Երկնայինը ու ինչպե՞ս էր վերադարձնում գույների նախկին պայծառությունը:
Երկնային
Իմ շուրջը շատ գույներ կան... երբեմն սպառվում են հոգուս գույները ու շրջապատն էլ է անգույն դառնում, կամ էլ հակառակը` շրջապատի անգույնությունը հոգիս է անգույնացնում... Մի բան եմ սովորել` անձրևից հետո ծիածան է լինում... անգույնությունս էլ է անցնում, շրջապատինը` նույնպես...
Հաճախ միայն մի հոգու ներկայությունը կարող է այնքան գույներ պարգևել, որ ինքդ էլ չես սպասում...
ivy
Երկնայինին շատ հետաքրքրում էին իր շուրջն ապրող հեքիաթային էակները, նա հերթով ուսումնասիրում էր բոլորին: Ինչքանո՞վ էր դա հաջողվում նրան: Կարողանո՞ւմ էր իրոք ճանաչել մյուսներին:
Երկնային
Կարծում եմ` հաջողվում է... շուտ եմ նկատում մարդկանց մեջ այնպիսի բաներ, որ աննկատ են թվում առաջին հայացքից. գուցե ուրիշների համար իսկապես աննկատ են... շատ բան եմ զգում, ուշադիր եմ... երբեմն չեմ կարողանում մարդուն բնութագրել, բայց զգում եմ իրեն... երբեմն առանց ճանաչելու եմ զգում... իսկ զգալը ավելի մեծ արժեք ունի ինձ համար... այդպիսի մարդկանց պետք էլ չի ճանաչել. իրենք արդեն հարազատ են...
ivy
Հեքիաթային արարածներն էլ իրենց հերթին քչփորում էին Երկնուկի էությունը: Ու աչոնիկը որոշ պատկերացումներ ուներ, թե ինչ էին ուրիշները մտածում իր մասին:
Երկնային
Ինձ քչերն են իսկապես տեսնում կամ ճանաչում, ոչ էլ պետք է երևի... իմ մեջ այնքան բան կա, որ ուրիշների համար չի... բայց արի ու տես, որ երբեմն մարդիկ առանց թույլտվություն հարցնելու հայտնվում ու բացահայտում են հոգուդ ամենագողտրիկ անկյունները. նման մարդկանց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք եմ ցուցաբերում` նվիրում եմ ավելին, քան մյուսներին...
ivy
Երկնուկը, ինչպես բոլոր աչոնիկներն ու մանչուկները, սիրում էր երազել: Նա սիրուն երազանքներ ուներ: Ու երբ երազում էր, իր պատկերացրածը մի ակնթարթ միայն հայտնվում էր իր առջև` հեքիաթային ֆիլմից դուրս եկած փայփլուն կադրի նման: Է~խ, ես էլ կուզենայի տեսնել Երկնուկի երազանքներից մի քանի պատկերներ...
Երկնային
Չեմ սիրում պատմել երազանքներիս մասին… դա այն բաների մեջ է մտնում, որ իմն է ու ուրիշների համար նախատեսված չի…
Շատ են երազանքներս, ես ոտքից գլուխ երազանքներից եմ հյուսված… իսկ դրանք իրականանում են…
ivy
Երկնայինի հեռավոր բարեկամուհին այդ քաղաքի հայտնի փերիներից էր: Կախարդուհին մի փայտիկ ուներ, որով կարող էր ցանկացած կախարդություն անել, հրաշքներ գործել: Երկնայինը երբեմն մտածում էր այդ փայտիկի մասին: Փերին էլ մի օր որոշեց ուրախացնել աչոնիկին ու տալ նրան իր փայտիկը` այն պայմանով, որ Երկնայինը դրանով միայն մի կախարդություն անի: Երկնուկն էլ մի քիչ մտորեց ու որոշեց, թե ինչ անել:
Երկնային
Բոլորին փոխադարձ ու անսպառ սեր նվիրեցի...
ivy
Երկնայինի մասին հեքիաթը մոտեցավ ավարտին: Թե ինչ ընկավ երկնքից, ամենալավը կիմանա հենց ինքը` այդ կողմերին լավ ծանոթ Երկնային աչոնիկը:
Երկնային
Երկնքից ամեն մեկին լուսավոր երազանք ընկավ... իսկ թե ինչպես կտնորինեն իրենք իրենց երազանքները, արդեն ուրիշ հեքիաթ է` իրենց հեքիաթը...![]()
Էջանիշներ