Հեռագիր թուրքական կառավարությանը.
«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
.
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
Հ. Քաջազնունի
.
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
Արամ փաշա Մանուկյան
.
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
Սահակյան
.
Հուլիսի 17-ին, 1918թ.»:
(Ջ. Կիրակոսյան, «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը», Ե.-1965թ.):
.
«Ազատ Հայաստան», 1921, թ. 8. «Ո՞վ կարող էր երեւակայել, որ ռազմի դաշտում պիտի պարտվեինք այնքան շուտ, եւ թուրքերը` հռչակավոր բերդաքաղաք Կարսը գրավելուց, Ալեքսանդրապոլը իրենց ոտքերի տակ առնելուց հետո, պիտի սպառնային անգամ Երեւանին, երբ մենք մեր զորական ուժի քանակով, տեխնիկայի բոլոր առավելություններով, անժխտելիորեն գերազանց էինք մեր թշնամուց: Կարելի՞ էր երբեւիցե մտածել, թե մեր երկրի սահմաններից ներս մտած փոքրաթիվ թրքական զինվորական ուժերն այնքան հեշտությամբ պիտի կարողանային ահաբեկել մեզ եւ մղել ամբողջ ժողովուրդն անձնատվության: Սրանք փաստեր են, մեր պանիկական հոգեբանության փայլուն ապացույցը»:
.
Արեւմտահայաստանի եւ արեւմտահայության ազատագրության կարգախոսով ՀՅԴ-ն իրականում իր դատապարտելի գործելակերպով Արեւմտահայաստանը մատնեց կորստյան եւ արեւմտահայությանը` ցեղասպանության, ինչով եւ նրա 30-ամյա գործունեությունը պետք է համարել հանցավոր: Ձախողանքների պատճառը կազմակերպությանը ի սկզբանե հատուկ արկածախնդրական, աղանդավորական էությունն էր եւ դրա հետեւանքով քաղաքական մտածողությունից զուրկ լինելը:
.
Դավիթ Անանուն. «Մենք պատմության ուղեւորն էինք, որ գիտեինք, թե այսինչ կետում մի դարանակալ գազան կա: Եվ փոխանակ շեղելու մեր ուղին` ասպետորեն եւ տխմարաբար, աղմուկով ու ցուցարարությամբ ուղղակի կիրճն էինք մտնում: Գազանը ծիտ չէր, որ փախչեր մեր աղմուկից: Նա դունչն ու թաթերը մեկնեց իր որջից եւ պատմության ուղեւորն անհայտացավ նրա երախում...» (Նշվածը, էջ 559-560):
.
Վահան Փափազյան. «Երկար, երկա¯ր տարիներ մեր դժբախտ դատը պտտեցուցինք աշխարհի չորս անկյունները:
.
Բախեցինք գոց դուռները աշխարհի զորեղներու: Ծով արյուն հոսեցավ մեր սիրտերեն. դեզերով թուղթեր լեցուցինք բողոքի ու ցասումի արյունով ու արցունքով ցողված:
.
Որո՞ւ չդիմեցինք. դիմեցինք աղերսով ե՜ւ «մայր» Ռուսաստանի, ե՜ւ Անգլիո, ե՜ւ Գերմանիո, ե՜ւ Ամերիկայի ու սատանային. ստացանք միայն առատ, սնամեջ խոստումներ «դժբախտ հայերուն»...
.
Ուզեցինք, «Մեծ Հայաստան» խոստացան, ուրախությամբ ընդունեցինք «վիլսոնյան սահմանները», խոստացան: Բավականացանք «Ալաշկերտի հովիտով», թուրքերն իսկ խոստացած էին: Ապա ամրապես եւ համառորեն կառչեցանք «Հայկական օջախին». ան ալ խոստացան ու... այդ շրջմոլիկ օջախը տեղե տեղ փոխադրվելով, այդ ալ հանգավ հովերեն. ի՞նչ մնաց` երազ միայն:
.
...Գութ ու աղերս հայցեցինք դաժան պայքարներու մեջ, իսկ արյունով ներկեցինք մեր սրբազան երկիրը. սպառեցանք: Ու այժմ, ձեռքերնիս միայն թղթե շերեփ մը կը մոտենանք «հերիսայի կաթսային», որուն պղնձյա խուփը ամրապես եւ վերջնականապես փակվեցավ մեր առջեւ...( Ի.Հ., հ. Գ, էջ 234- 235):
.
Լեւոն Չորմիսյան. «Այս պատճառով է, որ հայ կյանքի մեջ կուսակցությունները կրոնական աղանդի մը նկարագիր ստացած են, որուն կարելի է հավատալ կամ չհավատալ, բայց կարելի չէ անոր անհրաժեշտության բանավոր հիմքեր եւ արդարացում փնտրելու մտավորական ճիգ կատարել (Նույնը, էջ 479):
.
Հովհաննես Քաջազնունի. «Փաստն այն է սակայն, ու սա է էականը, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության եւ բնաջնջման եւ Թուրքահայաստանի ամայացման: Այս է ահռելի իրականությունը» («ՀՅ Դաշնակցությունը անելիք չունի այլեւս», Ե.-1994, էջ 8):
.
«Զայրացած ու սարսափած, որոնեցինք հանցավորներին եւ գտանք իսկույն. ռուս կառավարության նենգ քաղաքականությունը: Քաղաքականապես տհաս ու մտքով անհավասարակշռված մարդկանց հատուկ անհետեւողականությամբ, մի ծայրահեղությունից ընկանք իսկույն մյուս ծայրահեղության մեջ: Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն էին վարվել մեր հանդեպ (հետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացիներին, բոլշեւիկներին, ամբողջ աշխարհին). կարծես մի մեծ առաքինություն էր ու մի մեծ քաջություն, որ ինքներս այնքան միամիտ անհեռատես ենք եղել, որ դրել ենք մեզ (կամ թույլ ենք տվել մեզ դնելու) այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ» (Նույնը, էջ 10):
.
«Ամենից հիմնական, ամենից մեծարժեք ու պատասխանատու խնդիրներում իսկ` մենք չենք ունեցել մեր հաստատուն կամքը, չենք վարել գործերը ըստ մեր հասկացողության, չենք գնացել մեր սեփական ճամփով, այլ թույլ ենք տվել, որ ուրիշները տանեն մեզ իրենց հետեւից, ուր կամենան» (Նույնը, էջ 40):
.
«Եթե ճիշտ է, որ կառավարել` ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հենց այդ նախատեսելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ:
.
Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշիվների մեջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների` միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտեցել նախատեսել:
.
Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել:
.
Ապա չենք ունեցել որոշ ու հստակ գիտակցությունը մեր անելիքի մասին, չենք ունեցել մեր ղեկավարող սկզբունքը ու տեւողական հետեւողական սիստեմ, գործել ենք կարծես հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից պատ ընկել` կեսկուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը:
.
Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը եւ թեթեւամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ:
.
Կտրուկ ենք եղել, ուր պետք էր ծայրահեղ զգուշություն, ու անվճռական այնտեղ, ուր պետք է կտրուկ լինեինք:
.
Չենք կարողացել տարբերել պետությունը կուսակցությունից ու կուսակցական մտայնություն ենք մտցրել պետական կյանքի մեջ:
.
Պետական մարդիկ չէինք մենք:
.
Թող ոչ ոք չվիրավորվի այս խոսքերից. անբարյացկամ մարդու չարախնդություն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում: Չէ՞ որ անկարողների առաջին շարքում` ձեր կողքին ու ձեր հետ միասին` եղել եմ ես. ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեզ չափ պատասխանատու մեր պարտության:
.
Պատասխանատու, ասի... քաջություն չունեմ ավելացնելու, որ մենք ոչ միշտ ու ոչ հարկավոր չափով գիտակցել ենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա. ապա նաեւ, թե ոչ միշտ եւ ոչ հարկավոր չափերով բարեխիղճ ենք եղել մեր պարտականությունների հանդեպ... Քաջություն չունեմ, որովհետեւ վախենում եմ, թե անարդար լինեմ: Բայց, ո՞վ գիտե, գուցե ինձանից ավելի անաչառ մի մարդ այդ էլ ասի եւ անիրավացի չլինի...( Նույնը, էջ 42-43):
.
Լեո. «Ո՞վ էր, ուրեմն, իսկական հեղինակը հայ ժողովրդի կորստյան - գաղութահայությունը, որ իր այս գործով վերջացնում էր այն, ինչ սկսել էր Միքայել Նալբանդյանի ժամանակից... Ռուսաստանի գաղութահայությունն էր այդ գործի իսկական տերը, եւ ամեն ինչ նրան է պարտական` իբրեւ ռուսական ազգության արդյունք, իբրեւ բակունինիզմի ահռելի հաղթանակ: Եթե բոլոր «հեղափոխական» կոչված ձեռնարկումները մաղենք եւ քամենք, կստանանք մի կազմակերպչական եւ տակտիկական միավոր: Դաշնակցությունը շատ ուժեղ կերպով էր ներկայացնում այդ ռուսական կառուցվածքը: Եթե չլիներ նա, հայությունը չէր խեղդվի արյան ծովի մեջ» (Թ.Հ.Գ., էջ 119):
.
«Այս մի չափազանց կարեւոր հանգամանք է, որ մենք պարտավոր ենք քննել ամենայն լրջությամբ եւ անկողմնակալությամբ` պատասխանատուները եւ նրանց պատասխանատվության չափը ճշտելու համար: Մենք պիտի միանգամայն անբավարար համարենք այն վերաբերմունքը, որ պատասխանատու եւ մեղավոր է հռչակում միմիայն թուրքերին: Չպետք է ստվերի մեջ թողնել հակառակ կողմը, որի պատասխանատվությունը պակաս ահռելի չէ» (Նույնը, էջ 140):
http://septemberi21.blogspot.com/200...g-post_06.html
Էջանիշներ