Հայկական Ժամանակ-ի խոսքերից
Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ "ընտրվելուց" անցել է ուղիղ երեք ամիս, իսկ երդման արարողությունից` ավելի քան 40 օր, սակայն մինչ օրս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը որեւէ կերպ, որեւէ բառով կամ գոնե ակնարկով չի շնորհավորել Սերժ Սարգսյանին "ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ": Այս հարցում Սերժ Սարգսյանը, փաստորեն, գերազանցեց իր նախորդին` Ռոբերտ Քոչարյանին, քանի որ վերջինս նախագահ «ընտրվելուցե եւ "վերընտրվելուց" հետո, այնուամենայնիվ, շնորհավորանքանման մի բան ստացել է ԱՄՆ նախագահի կողմից: Ճիշտ է, դա եղել է ոչ թե շնորհավորանք, այլ ընդամենը շնորհավորանքանման մի բան, եղել է ուշացումով եւ այն էլ` "պաշտոնը ստանձնելու կապակցությամբ", սակայն փաստը մնում է փաստ, որ եղել է: Սերժ Սարգսյանի դեպքն ունիկալ է նաեւ այս առումով: Այսինքն` ԱՄՆ նախագահը մինչ օրս ուղղակի չի արձանագրել, որ Հայաստանում նախագահ է փոխվել, եւ որ ինքն այս երկրում նոր "գործընկեր" ունի: Մեր տեղեկություններով, սակայն, Ջորջ Բուշի այս քար լռությունը որոշակի նախապատմություն ունի: Դիվանագիտական աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ Ջորջ Բուշի անունից մի նամակ, այնուամենայնիվ, պատրաստվել է Սերժ Սարգսյանի համար: Ի սկզբանե դա եղել է ոչ թե պատշաճ ձեւակերպված շնորհավորական ուղերձ, այլ ընդամենը Բաղրամյան 26 հասցեում Սերժ Սարգսյանի գոյությունն արձանագրող մի նամակ: Սակայն նամակի նախագիծն օր օրի այնքան է խստացել, որ ի վերջո Սպիտակ տանը որոշել են, որ նման բովանդակությամբ նամակ ուղարկելն ավելի վատ կլինի, քան ընդհանրապես որեւէ բան չուղարկելը: Ու, փաստորեն, այդպես էլ վարվել են: Այս ամենի ֆոնին բավական ուշագրավ է ՀՀ նախագահի մամուլի ծառայության կողմից նախորդ շաբաթ տարածված մի հաղորդագրություն: Խոսքը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը վերաբերող հաղորդագրության մասին է, որի վերջում ասվում է. "Դիմելով Նախագահին` ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է...": Այնուհետեւ մեջբերվում են Թոմ Ադամսի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը մեծ հույսեր է կապում Սերժ Սարգսյանի հետ, ցանկանում է, որ նա հաջողության հասնի, համոզված է, որ նա կարող է լինել ուժեղ առաջնորդ եւ կարեւոր քայլեր ձեռնարկել երկիրը առաջ տանելու ուղղությամբ: Թոմ Ադամսի այս խոսքերը հնարավորինս պտտվեցին նաեւ հայկական բոլոր հեռուստաալիքների բոլոր լրատվական թողարկումներով: Մի կողմ թողնելով այն, թե որքանով է բարձր Ադամսի պաշտոնը, ինչպես նաեւ այն, որ վերջին երեք ամիսներին պաշտոնական հաղորդագրությունները թարգմանվում են որոշակի խմբագրումներով կամ առնվազն ծաղկացնելով, պետք է նշենք, որ եթե Ջորջ Բուշից հետո ամերիկացի նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան անգամ դիֆիրամբներ ձոնի Սերժ Սարգսյանին, դա չի կարող խախտել այն քար լռությունը, որին Սերժ Սարգսյանին արժանացնում է ԱՄՆ նախագահը: Իսկ թե Սերժ Սարգսյանն իր նոր` նախագահական կարգավիճակում ինչով դուր չի եկել Բուշին, բոլորովին այլ հարց է: Բայց դե, Հայաստանի "նորընտիր" նախագահի համար իսկապես մի քիչ շատ է, երբ նա հրապարակավ արհամարհանքի է արժանանում միանգամից թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ ՌԴ նախագահների կողմից: Եթե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արհամարհանքն արտահայտվեց Սերժ Սարգսյանին չշնորհավորելով, ապա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի արհամարհանքը` իր ինաուգուրացիային չհրավիրելով: Իսկ սա, համաձայնեք, իսկապես նորություն է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններում:
Էջանիշներ