Քարոզչամիջոցները փորձում են պատրաստել հանրությանը գալիք թանկացումներին: Այս քարոզչական գրոհի ամբողջ նպատակն այն է, որ հանրությունը թանկացմանը վերաբերվի որպես անխուսափելի, բնական մի գործընթաց, որի վրա ոչ ոք ազդել չի կարող, եւ որի պատճառը միջազգային շուկայում ապրանքների գների աճն է: Բայց արդյո՞ք դա այդպես է: Այս հարցին պատասխանելու համար` ընդամենը պետք է իմանալ թվաբանական պարզագույն գործողություններ` գումարում-հանում, բազմապատկում-բաժանում եւ ընդամենը: Ուրեմն փորձենք պարզել` որքանո՞վ են անխուսափելի առաջիկա թանկացումները, եւ ի՞նչ տրամաբանություն կա դրա մեջ: Սարեր-ձորեր չընկնելու համար` վերցնենք ամենաթարմ օրինակը` գազի գնի բարձրացումը, եւ նայենք, թե ինչ հետեւանքներ այն ունեցավ: Մայիսի 1-ից գազի գնի մասնակի սուբսիդավորումը դադարեցվեց, ինչի արդյունքում սպառողների համար գազը թանկացավ: Խոշոր սպառողներն իրենց սպառած գազի դիմաց վճարում էին դոլարի համարժեքով` 102 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Մայիսի 1-ից հետո նրանք շարունակում են վճարել դոլարի համարժեքով, բայց արդեն 153 դոլար հազար խմ գազի դիմաց: Գազալցակայանները խոշոր սպառողներ են, եւ բերված թվաբանությունը վերաբերում է նաեւ նրանց: Վերջիններս մինչեւ մայիսի 1-ը մեքենաները լիցքավորում էին մեկ խորանարդ մետրը 130 դրամով: Հենց մայիսի 1-ից սկսած` այդ գինը դարձավ 200 դրամ, այսինքն` թանկացավ 70 դրամով: Սա անտրամաբանական թանկացում է: Խնդիրն այն է, որ գազալցակայանները մինչեւ մայիսի 1-ը մեկ խմ գազը գնում էին 10,2 ցենտով (1000 խմ գազը` 102 դոլար) կամ 31 դրամով: Մայիսի 1-ից հետո նրանք 1 խմ գազը գնում են 15,3 ցենտով կամ 46 դրամով: Այսինքն` գազի գնի բարձրացման արդյունքում գազալցակայաններին վաճառվող գազը թանկացել է ընդամենը 15 դրամով, իսկ նրանք վարորդների վրա գազը վաճառում են 70 դրամով ավելի, քան մինչեւ մայիսի 1-ը: Այլ կերպ ասած, գազի գնի ընդամենը 50 տոկոսով բարձրացումը հանգեցրել է լիցքավորման 350 տոկոս թանկացմանը: Որտե՞ղ է այսպիսի թանկացման տրամաբանությունը: Երեկ հայտնի դարձավ, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի մայիսի 4-ին` գազալցակայաններում լիցքավորման գազի գնի կտրուկ աճի առիթով հարուցած վարույթի շրջանակներում երկու գազալցակայաններ որոշել են լիցքավորման գազի գինը իջեցնել մինչեւ 160 դրամի, եւ այս փաստը մատուցվում է որպես դրական երեւույթ: Գազալցակայաններն իրենց նախկին եկամուտը պահպանելու համար գազի նոր գին պետք է սահմանեին` 145 դրամ: Դրանից մեկ լումա ավելը արդեն իրենց լրացուցիչ եկամուտն է, որ ցանկանում են ստանալ գազի գնի բարձրացման աղմուկի մեջ: Բայց սա խնդրի այս պահի պատկերն է: Իրական ամբողջ պատկերն ավելի ուշագրավ է:
Ուշագրավ է այնքանով, որ տնտեսական հաշվարկներով գազալցակայանները մեքենաների լիցքավորման գինը պետք է բարձրացնեին... ընդամենը 1 դրամով: Սա ապացուցելն էլ դժվար չէ: Օրինակ` 2006 թվականի մայիսին գազալցակայաններն իրենց գազը գնում էին նույն 10,2 ցենտով: Սակայն այն ժամանակ այդ 10,2 ցենտը արժեր 45 դրամ, քանի որ մեկ դոլարի փոխարժեքը 440 դրամ էր: Ու չնայած դրան` մեքենաները լիցքավորում էին էլի 130 դրամով: Այլ կերպ ասած, հիմա գազալիցքավորման կայաններն ընդամենը օգտվում են իրավիճակից եւ ընդամենը ցանկանում են լրացուցիչ եկամուտ ստանալ: Եթե նրանք իրենց մատուցած ծառայության գինը թողնեն նույնը, նրանք կստանան նույնքան եկամուտ, որքան 2006 թվականին: Իսկ դրամի շարունակական արժեւորման պայմաններում գազալիցքավորման կայանները ստացել են չհիմնավորված, լրացուցիչ եկամուտ: Ընդ որում, որքան շատ է արժեւորվել դրամը, այնքան շատ է ստացվել այդ եկամուտը: Մի խոսքով, ընդամենը թվաբանական մի քանի գործողություն կիրառելով` շատ հեշտ կարելի է ապացուցել, որ գազալցակայաններում գազի գինը չպետք է բարձրանար: Իսկ արդյո՞ք այս պարզ թվաբանությունը պետք է տարածել միայն գազի գնի վրա: Սպասվում է, որ շուտով կթանկանա, ասենք, հացը: Եւ որպես դրա արդարացում նշվում է ցորենի միջազգային գնի աճը: Աճ, անշուշտ, կա: Բայց եթե նայենք հացի գնի թանկացմանը վերջին մի քանի տարիների կտրվածքով, երբ դրամը սրընթաց արժեւորվում էր, ապա պարզ կդառնա, որ հացն ամենեւին էլ այնքան չպետք է թանկանար, որքան թանկացել է: Նույնը` ձեթի, յուղի, կարագի եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացման պարագայում: Մի խոսքով, գների աճի անխուսափելիության մասին այն աննախադեպ քարոզչությունը, որ սկսել են իշխանական քարոզչամիջոցները, հետապնդում է մեկ հիմնական նպատակ: Նրանք ուզում են, որ հիմնական ներկրողները, որոնք հայտնի է, թե ում «կռիշի տակ» են աշխատում, այս թանկացումների մասին համատարած աղմուկի մեջ ստանան նոր, հավելյալ եկամուտներ եւ ընդամենը: Կոնկրետ գազի թանկացման դեպքում սա մենք ապացուցեցինք մաթեմատիկական ճշգրտությամբ: Մնացած բոլոր ապրանքների թանկացման դեպքում եւս կարելի է նույնը ապացուցել:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
hzh.am
Էջանիշներ