Շարունակենք դիտարկումների շարքը.

Philosopher-ին:
Սիրելի Հայկ, մտորումներն անկառավարելի են: Իսկ իմ պայքարը՝ ազատության համար պայքարը ինձ թելադրում է, որ ես իմ մտորումները պետք է նաև ազատ ներկայացնեմ: Պատկերացնենք մի պահ, որ ես նստած խոսում եմ սիրելի հայրիկիդ հետ, բանավիճում եմ, անհարմար զգալով նրա ալեհեր մազերից, որ պետք է նրան հակաճառեմ: Ի՞նչ կլիներ: Առաջինը նա իմ հայացքից, իմ ձայնից, գուցե կարմրությունից կզգար, որ ես քաշվելով, բայց ստիպված եմ խոսում, որովհետև իմ համար անընդունելի են նրա տեսակետներից գոնե մի քանիսը: Նա կզգար նաև, որ չնայած հակաճառում եմ իրեն, բայց ունեմ մեծ պատկառանք հենց թեկուզ նրա համար, որ կյանք է ապրել, տեսել, արարել քո նմանին և այլն: Այդ պատկառանքը իմ համար ամենակարևոր կատեգորիաներից մեկն է: Ուրեմն իմ գրառումն էլ պետք է սկսվեր այդ տողերով. «թեև ձեզնից երիտասարդ եմ, բայց...»: Ու պետք է, ոչ թե կարող էր սկսվել: Կառավարելի չեն նաև գաղափարախոսությունների ընկալումներն ու այո՛, իմ համար ծիծաղելի է թե առաջնորդության գաղափարը, թե այլ գաղափարներ (քաղաքական և ոչ քաղաքական), թեև ես դրանք չեմ արհամարհում, ընդունում, նույնիսկ հարգում եմ այդ գաղափարախոսությունների կրողներին: Սա ցածր ինտելեկտուալության, անտրամաբանականության կամ քիչ ինֆորմացված լինելու նշան չէ:

Բայց ամենից ավելի, Հայկ, չեմ ընդունում քո պնդումները, որ դու ավելին ես հասկանում, ընկալում, քան շարժման այլ երիտասարդ մասնակիցներ: Սրանից, ներիր, բայց մեծամտության հոտ է գալիս: Ես շատ «հեղափոխական» երիտասարդների հետ եմ շփվել, նրանք գիտեն իրենց ցանկությունը, գիտեն ինչ են ուզում, գիտեն ինչի համար են պայքարում: Նրանք զուտ սոցիալականի կամ հակադրվելու համար չեն պայքարում: Նրանք պայքարում են այն ամենի համար, ինչ դու ասում ես: Այո՛, գուցե դու ավելի կրթված ես, տրամաբանությունդ հրաշալի է, շատ ես դատել այս խնդրի շուրջ, բայց դա ինձ, քեզ, Պողոսին իրավունք չի տալիս բարձրից խոսել նրանց մասին ու համարել զուտ պայքարի մարտիկ, որտև այո, մենք պայքարի մարտիկ ենք, բայց ոչ միայն:


Առողջագետին
Սիրելի տիկին Նալյան, ես ընկալում ու հասկանում եմ Ձեր տեսակետն ու հիմնականում համաձայն եմ Ձեր խոհերին, բայց երեք հիմնական անհամաձայնություն ունեմ:
1. Արդյոք 88-ից շարժումից հետո միայն հինը քանդվեց, թե այնուամենայնիվ նորը ստեղծվեց: Ստեղծվեց: Վստահ եմ, որ ստեղծվեց: Ո՞վ կպատկերացներ, որ այդ հեղափոխությունից 20 տարի հետո մենք հայատառ գրերով հեռվից հեռու իրար հետ քննարկելու ենք այս հարցերը: Սա քի՞չ է: Պարզունակ օրինակ բերեցի:
2. Արդյոք հիմա չկան մարդիկ, ովքեր մեր առջև կանգնած հիմնական պատը կոտրելուց հետո կարող են նորը ստեղծել: Կան: Ես, Ձեր որդին, շարժման ակունքներում կանգնած, ոչ սովետական ժամանակներում մեծացած երիտասարդները, ովքեր ուրիշ երկրներում էլ են եղել, ուսանել, տեսել, փորձ ձեռք բերել ու նրանց միայն պետք է թույլատրել, որ գործեն: Առաջին նախապայմանը պատը քանդելն է: Հիմա դա ենք անում: Մեր այս պայքարն էտապ առ էտապ է լինելու: Գոնե ես դա եմ ուզում ու դրան եմ գնում, նաև ուրիշները:
3. Այո, իմ ծնողների, Ձեր սերունդը ունի ներքին ազատություն, ես դա երբեք չեմ կարող հերքել: Սակայն հին հուշերը, Ձեր ապրած տարիների նստվածքն ամբողջովին չի կարող մաքրված լինել Ձեր ներքինից:

1988 թվականին Ազատություն հրապարակում հավաքվածների 90%-ը եկել էր և Ղարաբաղի ազատության համար և իրենց սեփական ազատության համար, եկել էին մեծ ձգտումներով և ամենայն հավանականությամբ չէին էլ պատկերացնում, թե ինչքան դառն է իրական անկախության ճանապարհը և թե ինչպես պետք է հետո տարբերակեն, որտեղի՞ց է սկսվել ուղիղ կախվածությունը որևէ երկրից, և ո՞րն է պարզապես տարբեր թելերով կախված լինել տարբեր երկրներից: Սովետում ապրած մարդու համար դժվար էր դա հասկանալ: Հետևաբար հետո նաև մեծ հիասթափություններ, որովհետև սովետի մարդը, ուզե՞ր, թե՞ չուզեր, դաստիարակվել էր Լենին պապիկի գաղափարախոսությամբ և կարծում էր, թե մեկ առաջնորդը կարող է ամեն ինչ իրենց փոխարեն անի: Կարծում եմ, որ սխալները հենց այդտեղից եկան, հիասթափությունները՝ նույնպես: Ձեր սերունդը առաջնորդի վրա կառուցած իր երազանքները փշրված գտավ ու այլևս չհավատաց ոչ մի բանի և ոչ մեկին: Մեր սերունդ, կարծում եմ, որ այսպես թե այնպես դաստիարակվելով ձեր սերնդի սխալներով, առավել պատրաստ է հասկանալու և ընկալելու, որ առաջնորդները չեն որոշում երկրի հիմնական քաղաքականությունը, այլ ժողովուրդն ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով պիտի գնա, իսկ առաջնորդը ընդամենը իսկապես գործիք է, որը պիտի աշխատի ժողովրդի համար: Մեր սերունդը չի կարող և չի ուզում ապրել այսօրվա Հայաստանում և մեզ անհրաժեշտ են իրական, նորմալ փոփոխություններ: Մենք որոշել ենք, որ պիտի ոչ միայն պատը քանդենք, այլ հետագայում նաև շենացնենք այս երկիրը: Մենք հույս ունենք, որ շատ խոշոր հիասթափություններ չենք ունենա, որովհետև իրադրությունն այլ է, քան 1988-ին էր և արդեն ոչ թե զրոյից ենք սկսելու, այլ Ձեր՝ մեզ հասցրած ժառանգությունից:

Հ.Գ. Խոստանում եմ գտնել ու այստեղ տեղադրել 8 տարեկանում գրածս հեքիաթը: