Ով որ առաջ նստի...

Հին (և նոր) հույները նախագահին ասում են պրոեդրոս, որ կազմված է պրո- «առաջ, նախ» ածանցից և (h)եդրա «նստատեղի, գահ, բազկաթոռ» արմատից: Պրոեդրոս կոչում էին Հին Հունաստանի պետական-քաղաքական վեհաժողովների (էկլեսիաների), ազգային ժողովների նախագահներին:
Հույներին հետևելով` հռոմեացիներն էլ նույն դիրքի գործիչներին իրենց լեզվով կոչեցին praesidens [պրեզիդենս] «նախագահող, գլխավոր» = prae «առաջ, առջև» + sidens «նստող»:
Լատիներեն այս բառը ուղղակի կամ անուղղակի կերպով փոխառել են եվրոպական լեզուները. անգլ. president [փրե´զիդընթ], ֆր. président [պղեզիդա´ն], գերմ. Präsident [փղեզիդե´նթ]: Ռուսերենը մի կողմից վերցրել է լատիներեն բառը (
президент), մյուս կողմից, նույն լեզվական տրամաբանությամբ պատճենել-կազմել է իրենը` председатель = пред «առաջ, առջև» + седатель «նստող»:
Հայերս էլ շատ վաղուց հունարենից պատճենել-կազմել ենք մեր նախագահ
= նախ + գահ բառը: Գործածական է եղել նաև հառաջագահք (գրաբար յառաջագահք) բառը: