Առավոտի լրագրողուհին շատտ հետաքրքիր վերլուծություն է կատարել, մտածելու տեղիք է տալիս այս հոդվածը, գրեք կարծիքներ որ կետերին եք համաձայն և որ կետերին ոչ:
Անշուշտ, Ռուսաստանը բարբարոսական երկիր է նախ իր սահմանների ներսում՝ Կուստյինի նկարագրած ժամանակներից մինչեւ այսօր, երբ այդ երկրի անգամ մայրաքաղաքային երիտասարդները կարող են բոլորովին անծանոթ մարդու վրա հարձակվել ու դանակով, երկաթով, ապակու կտորտանքով տանջամահ անել. ընդսմին ոչ ոք չպատժվի, ոչ մի պաշտոնյա ներողություն չխնդրի:
Սակայն հետեւանքների առումով ավելի էական է այն, որ եվրոպական քաղաքակրթության տեսակետից Ռուսաստանը բարբարոսական երկիր է միջազգային հարաբերություններում: Բարբարոսության եւ քաղաքակրթության տարբերությունը որեւէ ժողովրդի ստեղծած մշակույթի կամ արդյունաբերության մեջ չէ, այլ նախ մարդու հանդեպ վերաբերմունքի: Մարդու արժեւորումն է եվրոպական քաղաքակրթության ալֆան եւ օմեգան, այն անհաղթահարելի ձգողականությունը, որով Եվրոպան նվաճում է աշխարհը՝ ամեն դարում վերստին ու վերստին:
Մինչդեռ ռուսները բարբարոս են, նախ, որովհետեւ, նվաճում են ինչ կարող են եւ ինչ պատահի, ինչպես ցանկացած տափաստանային ժողովուրդ (մոնղոլ, թաթար, թուրք): Հասկանալիորեն ռուսական նվաճումների գաղափարական պաճուճանքը՝ քրիստոնեություն, հեղափոխություն, կոմունիզմ, Եվրոպայի համար իրերի էություն չի փոխում: Եվ երկրորդ՝ ռուսները, ինչպես մյուս տափաստանային ժողովուրդները նվաճում են՝ մարդուն իբրեւ զինանյութ օգտագործելով, առաջանում են՝ որքան հարկավոր է մարդկային զանգված զոհաբերելով: Ռուսական ռազմարվեստում էլ գրեթե բանաձեւ է այն, ինչ ասվել է ընդհանրապես Չինաստանի համար՝ 19-րդ դարի Օպիումային պատերազմներից հետո, ընդ որում՝ չինացու կողմից, «Չինաստանն ունի յուրահատկություն, որ կարող է ցանկացած պատերազմում իրեն թույլ տալ ունենալ մի քանի միլիոն զոհ, այնքան, որքան հարկավոր է: Եվրոպացիները դա չեն կարող»:
Կոստանդնուպոլսի գրավումից ի վեր մի քանի դար Եվրոպայում առաջացող թուրքերը, այնուհետեւ ռուսները ոչ թե ռազմական ձիրք ու տաղանդ ունեին, ինչպես հռոմեական զորավարները, այլ ուղղակի սեփական զոհերի թիվն անտեսելու հնարավորություն եւ ունակություն, ինչը որքան քանակական ռեսուրսի, նույնքան էլ բարբարոսական էության հարց է: Կան Երկրորդ աշխարհամարտի հուշագրություններ, թե ինչպես են Օդեսայի շրջափակման ժամանակ գերմանացի զինվորականներ, անգամ բարձրաստիճան հրամանատարներ խելագարվել՝ օրեր ու շաբաթներ շարունակ ջրի երես բարձրացող դիակների անվերջ տեսարանից: Մինչդեռ ռուսական էության համար դա պատերազմելու ձեւ էր. Հայրենականում 20 միլիոն զոհ տվեցին, հարկավոր լիներ կանանց էլ կզորակոչեին՝ 40 միլիոն զոհ կտային:
Բարբարոսական այդ խաղաթուղթը՝ պատերազմի ելքը կախման մեջ դնել մարդուժի զոհաբերելի քանակությունից, որ 1453-ից մինչեւ 1989-ի Բեռլինի պատի փլուզում Արեւելյան Եվրոպան մղձավանջի մեջ պահած թուրքական, այնուհետեւ ռուսական նվաճումների հաղթաթուղթն էր, վերջապես չեզոքացվեց 20-րդ դարում՝ զանգվածային ոչնչացման զենքերի հայտնագործումով: Մնացյալը ժամանակը տնօրինեց: 20-րդ դարասկզբին վերջնական փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Դարի երկրորդ կեսին ստեղծված ատոմային, ջրածնային զենքերն ու Արեւմուտքի նախաձեռնած սպառազինության մրցավազքը ուժասպառ արեցին ԽՍՀՄ-ին եւ եվրոպական մայրցամաքում փլուզեցին նաեւ Ռուսական կայսրությունը: 1989-92-ին միավորվեցին Գերմանիաները եւ ռուսական ազդեցության ուղեծրից դուրս եկան արեւելաեվրոպական երկրները մինչեւ Մերձբալթիկա: Մեկ տասնամյակ անց՝ 2004-ին, Եվրամիության կազմում միավորվեց գրեթե ողջ մայրցամաքը եւ մեկնարկեց ռուսական ազդեցության ուղեծրից վերջին եվրոպական տարածքների հեռացումը՝ Ուկրաինա, Բեսարաբիա, Հարավային Կովկաս:
Կարծել, թե Եվրոպան՝ Ռուսաստանի դեմ դարեր տեւած իր պայքարում վերջապես տոնելով հաղթարշավ, չի ավարտելու այդ ընթացքը առնվազն ներկա Ռուսաստանի ողջ եվրոպական սահմանագծով՝ Մերձբալթիկայից մինչեւ Անդրկովկաս անխոցելի սահման հաստատելով, նշանակում է ռուս-եվրոպական հարաբերությունների քվինտ-էսենցիան չհասկանալ:
Այլ հարց, եթե ռուսական կայսրությունը այնպես փլուզվեր, որ մնար միայն ազգային մետրոպոլիա, ինչպես Օսմանյան կայսրությունից՝ Թուրքիա: Նման պետության դեմ Եվրոպան ոչինչ չէր ունենա: Բայց Ռուսաստանը չի կարող չմնալ կայսրություն, որովհետեւ Սիբիր ունի եւ այլն: Հետեւաբար Եվրոպան այդ կայսրությունից անջատվելու է ՆԱՏՕ-ի առկայությամբ դեմարկացվող գծով եւ ռուս-վրացական ու ռուս-ադրբեջանական սահմանների վերածվելը Եվրամիություն-Ռուսաստան սահմանի՝ առաջիկա տարիների հարց է:
Ավելին՝ ի դժբախտություն մեր մակարոնասերների, Եվրոմեդ ասված աշխարհաքաղաքական հասկացությունը այսօր գրեթե նույնպիսի հիմնարար ու ծրագրային հասկացություն է եվրոպական քաղաքականության մեջ, ինչպիսին 1992-ին դարձավ Եվրամիությունը: Եվրոմեդը (Euro-Mediterra
nean)՝ Եվրոպայի եւ Միջերկրականի ավազանի երկրների տնտեսական միավորումն է, որի աշխարհագրական սահմանները գծված են ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության ծրագրով: Արդյունքում՝ Հարավային Կովկասը տարածքային սահմանագիծ է ե՛ւ Եվրամիության ընդլայնման տեսակետից, ե՛ւ Եվրոմեդ գործընթացի աշխարհագրությամբ:
Սա է աշխարհաքաղաքական տեղաշարժը, որ 200-ամյա, ինչ-որ առումով նույնիսկ հազարամյա դրվածք է փոխում Հայաստանի համար: 200-ամյա դրվածքը փոխվում է այնքանով, որ ավարտվելու է ռուսական ներկայությունը Անդրկովկասում: Հազարամյա դրվածքը փոխվում է այնքանով, որ վերականգնվում են Բագրատունյաց թագավորության անկումով ավարտված Հայաստան-Եվրոպա ուղղակի հարաբերությունները:
Էջանիշներ