Բնականաբար ընկերներիս շատ եմ սիրում, բայց լինում է այնպես, որ հաճախ եմ հիասթափվում նրանցից, հետո նորից փորձում վերականգնել հարգանքս կամ ներել… Պատճառը երևի այն է, որ մարդկանց մեծամասնությունը հրաշալի կարողանում է տխրել քո դժվարությամբ, քեզ առաջարկել լաց լինել իր ուսին, մխիթարել քեզ այնպես, որ մխիթարվում ես եթե ոչ նրա ասածներով, ապա գոնե այն փաստով, որ այդպիսի ընկեր ունես… Եվ այլն, և այլն… Իսկ երբ պատահաբար քեզ հետ երջանիկ պատահար է լինում, անկեղծորեն ուզում ես, որ կիսես մեկի հետ զգացածդ, այդ ժամանակ արդեն ընկերը, մեղմ ասած, պակաս ջերմ է… Չնայած ասում են, որ ամենադժվարը մարդու դժբախտությամբ տխրելն է (և դա իրոք անասելի դժվար է), սակայն ես իմ ընկերների վերաբերմունքից համոզվել եմ, որ մարդու երջանկությամբ անկեղծորեն ուրախանալն ավելի դժվար է: