Հիմա խորը շունչ եմ քաշում ու սկսում երկար գրառումս (հուսով եմ՝ այս գիշեր կպրծնեմ ):

Սկզբում բժշկական տեսանկյունից նայենք: Հուսով եմ՝ բոլորդ գիտեք Մենդելի օրենքները: Կարծում եմ, որ լսել եք ժառանգական հիվանդությունների մասին, որոնք հիմնականում ժառանգվում են ռեցեսիվ ձևով: Դրանք զանազան գեների մուտացիաների արդյունք են և շատ հազվադեպ են դրսևորվում. հանդիպում են այն ընտանիքներում, որտեղ և՛ մայրը, և՛ հայրը կրում են այդ ռեցեսիվ գենը, չնայած նրանք առողջ են: Յուրաքանչյուրս բազմաթիվ այդպիսի ռեցեսիվ գեներ ունենք, սակայն յուրաքանչյուրիս մոտ տարբեր են: Օրինակ, ես ունեմ a, b, c ռեցեսիվ գեները (առողջ եմ, որովհետև ամբողջական պատկերն այսպիսին է. Aa, Bb, Cc), մյուսի մոտ կա Dd, Ee, Ff, մինչդեռ մնացածները հոմոզիգոտ վիճակում են՝ AA, BB, CC (այսինքն՝ մուտացիայի չենթարկված, առողջ): Վերցնենք մի կոնկրետ հիվանդության գեն և նշանակենք a: Դրան համապատասխան առողջ գենը կլինի A: Սովորաբար երբ ոչ ազգակցական ամուսնություններ են լինում, յուրաքանչյուր ժառանգական հիվանդության հանդեպ ծնողներից մեկն ունենում է AA ձևը, մյուսը` նույնպես AA, իսկ վատագույն դեպքում՝ Aa: Այսինքն, նրանց երեխաները առողջ են լինելու, չնայած նրան, որ կա՛մ կկրեն հիվանդ գենը (Aa), կա՛մ չեն կրի (AA): Հիմա վերցնենք մոտ ազգակցական ամուսնությունները: Այդ դեպքում շատ հավանական է, որ հենց նույն հիվանդությունների նկատմամբ հետերոզիգոտ (Aa) ձևերը հանդիպեն: Այս դեպքում հավանական է դառնում սերնդի՝ հիվանդ լինելը: Ընդհանրապես, յուրաքանչյուր հիվանդության համար այդ հավանականությունը 25% է: Պատկերացրեք, թե որքան շատ են նման հիվանդությունները, քանի որ իրենց առողջ ծնողներից մոտ ազգականները ստացել են նաև Bb, Cc, Dd և այլ հետերոզիգոտ ձևեր: Իհարկե, որքան հեռանում է ազգակցական կապը, այնքան հավանականությունը փոքրանում է, որ երկու ծնողները հենց նույն հատկանիշի նկատմամբ կլինեն հետերոզիգոտ, հետևաբար առողջ սերունդ տալու հավանականությունը մեծանում է:

Հիմա անցնենք Աստվածաշնչին: Ճիշտ չէ, որ Աստվածաշունչը միանշանակ մոտ ազգակցական ամուսնությունների կողմնակից է: Երբ Ադամն ու Եվան ստեղծվեցին, ամեն ինչ կատարյալ էր, հետևաբար նրանց գեներն էլ մուտացիաներ չէին կրում: Այդ պատճառով նրանց համար խնդիր չէր առողջ սերունդ տալը, ոչ էլ նրանց սերունդների, որոնք ստիպված էին միմյանց հետ ամուսնանալ, քանի որ ուրիշ մարդ չկար երկրի երեսին: Աստվածաշնչի առաջին՝ Ծննդոց գրքում բազմաթիվ նման օրինակներ ենք տեսնում. այդ ժամանակ դեռ բավականաչափ ապականված չէին գեները: Բայց եթե մի քիչ առաջ անցնենք, հասնենք երրորդ գրքին՝ Ղևտացոցին, կկարդանք. «Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չ՛մօտենայ նորա մերկութիւնը բանալու համար» (Ղևտացոց 18:6):

Ներկայացրեցի բժշկական և Աստվածաշնչյան տեսանկյունները: Հետևությունները ձեզ եմ թողնում:

Հ.Գ. Բժշկական մասը շատ համառոտ եմ ներկայացրել, գուցե անհասկանալի է: Խնդրում եմ՝ այդ դեպքում հարցեր տվեք, սիրով կբացատրեմ: