Ինչ-ինչ պատճառներով ՀՀԿ-ն «քցել» է թիվ 15 ընտրատարածքում մայիսի 12-ին պատգամավոր ընտրված հանրապետական Խաչիկ Մանուկյանին: Եւ բացի այն, որ առանց վերջինիս գիտության մանդատից հրաժարվելու դիմում է ուղարկել ԿԸՀ, այլ նաեւ խաղի մեջ է ներքաշել Խաչիկ Մանուկյան անունով 75-ամյա մի պապիկի (նկարում), որն անգամ պատկերացում չունի, թե ինչպես են քվեարկում ԱԺ-ում:
ՆԱ ԷԼ ԷՇՈՎ ԿԳՆԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ
Այսպիսով, թիվ 15 ընտրատարածքում առաջադրված են երեք Խաչիկ Մանուկյաններ:
Սերժ Սարգսյանի թիմն այս անգամ խաղալու է թիվ 41 եւ 19 ընտրատարածքների սցենարների «mix»-ով: Թիվ 15 ընտրատարածքում հաղթած եւ այնուհետեւ առանց իր գիտության պատգամավորական մանդատից հրաժարված Խաչիկ Մանուկյանին «քցելու» նպատակով Թալինի շրջանի Զարինջա գյուղից գտել է 75-ամյա երրորդ Խաչիկ Մանուկյանին (երկրորդը կոշկակար է): Ու վերջինիս թեկնածությունն առաջադրելու համար այնքան է շտապել, որ անգամ չի ճշտել, որ նա գրանցված է ոչ թե Զարինջայում, որտեղ բնակվում է, այլ Արգինա գյուղում` նախկին Բաղրամյան, որտեղ բնակվում է նրա դուստրը: Երեկ 2 ոստիկան պապիկի ձեռքից խլել են նրա անձնագիրն ու տարել` թերեւս առաջադրման փաստաթղթերում ուղղում կատարելու համար: Իսկ պապիկը երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, ամուսնացած է եղել 3 անգամ, բայց նրա երեք կանայք էլ մահացել են, այս ձմեռ ուզել է նշանվի, բայց այդպես էլ չի նշանվել, ունի 7 երեխա, 12 թոռ, կիսախարխուլ մի տուն եւ մի էշ: Նրա կիսախարխուլից մի քանի մետր վերեւ բնակվում է հորեղբոր տղան, որի տան դիմաց հիմա ասֆալտ են անում: Երեկ Խաչիկ Մանուկյանի հորեղբոր տղան ասում էր, որ պապիկի առաջադրման նախաձեռնողներից մեկն էլ ինքն է եղել, ու նրա տան դիմացի ասֆալտն էլ թերեւս դրա փոխհատուցումն է: Պապիկը տանը չէր: Մեզ ընդունեց նրա որդին, որը մինչ այդ ոչխար էր խուզում: Ու մինչ նա չէր կողմնորոշվում, թե ինչ ասի հոր առաջադրման մասին, նրան տեղեկացրին, որ ոչխարը պայթեց (պարզվեց` պայթել էր ոչխարի սիրտը): Մեզ տեղեկացրին, որ պատգամավորության թեկնածուն գնացել է աղջկա տուն` Արգինա գյուղ, թոշակը ստանալու: Մենք Արգինա ավելի շուտ հասանք եւ երբ ասացինք, որ եկել ենք պատգամավորության թեկնածուի հետ հարցազրույց անելու, Խաչիկ Մանուկյանի դուստրը կատարյալ շոկի մեջ ընկավ: «Բայց նա մեծ մարդ է: Երեւի գյուղում ձեռ են առել: Ո՞նց թե պատգամավոր է ուզում դառնա: Ես տեղյակ չեմ»,- պարբերաբար կրկնում էր դուստրը: Բայց երբ պապիկն ի վերջո տեղ հասավ, ու հարցազրույցը սկսվեց, նրա աղջիկը ստիպված էր հավատալ:
- Պապի, ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր առաջադրվել:
- Որովհետեւ ես հասակն առած եմ, ես շատ եմ չարչրվել կոլխոզում, սովխոզում, լավ աշխատա, էդ ժաժքին օգնեցի, ամեն բան էրեցի, էդոր հմար էլ թեկնածությունս դրա:
- Ինչքա՞ն ձայն կհավաքեք, ի՞նչ եք կարծում:
- Ես ի՞նչ գիտեմ: Մեր գեղը սաղ գուքան:
- Դուք ո՞ւմ խորհրդին եք հետեւել, որ առաջադրվել եք:
- Մեր ղեկավարների, մեր ընկերների, ուրիշ ի՞նչ կա:
- Իսկ ավելի կոնկրե՞տ:
- Մարատն է` Աշտարակի էդ խալադելնիկների պետին, էլի:
- Իսկ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրանիկ Մելոյանը, որը ձեր հորեղբոր տղան է, ձեզ խորհուրդ չի՞ տվել:
- Չէ, չէ: Անդրանիկին ես չեմ տեհել: Էն պստի վախտ տեսել եմ, էլ չեմ տեսել:
- Բայց կարող է` ինքն ուրիշների միջոցո՞վ է ձեզ համոզել:
- Չէ: Համոզել չկա: Պրոստո ես դրել եմ: Հեչ չեմ տեսել, ախր, էդոնց, բալա ջան, հեչ չեմ տեսել:
- Պապի, իսկ դուք երբեւէ քաղաքականությամբ զբաղվե՞լ եք:
- Ի՞նչ քաղաքականություն:
- Քաղաքականություն, կուսակցություններ եւ այլն:
- Չէ: Էս կուսակցություն է, էն կուսակցություն է, ամենքն իրա համար պաշտոն են, էլի: Էսօր կա էնդեղ, էնդեղ են, վաղը էնդեղ կա, էնդեղ են, ի՞նչ է եղել:
- Իսկ դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:
- Մասնագիտությունս` աշխատել եմ, կոլխոզն ենք աշխատել, կով ենք կթել, խոտ եմ կրել, յոնջա եմ կրել, ուրիշ բան չկա:
- Ձեր գյուղի դպրոցն եք ավարտե՞լ:
- Հա, 5-րդ, 6-րդ դասարան եմ գնացել: Էն ժամանակ սովք էր, պատերազմ էր:
- Հիմա ամբողջ օրն ինչո՞վ եք զբաղվում:
- Հիմի պարապ ենք: Ի՞նչ անենք: Գործ չկա: Ստեղ յոնջա շատ կա: Յոնջա կքաղենք:
- Ասում են` մի հատ էլ էշ ունեք:
- Հա, էշ ունիմ: Էշ ունիմ, կաշկան էլ ծախել եմ: Էշը առել եմ, փողը չեմ տվել:
- Ինչի՞:
- Փարա չկա, ինչի:
- Մենակ էշ ունե՞ք, թե՞ էլի կենդանիներ:
- Չէ, էլ բան չունիմ: Էլ ոչ մի բան չունիմ: Մենք հողամաս էլ չունինք, ոչ մի բան չունինք:
- Կներեք, էլի, որ հարցնում եմ, էշը ե՞րբ եք առել:
- Էշը` էս քանի վախտ էր: Փողը հլը չեմ տվել: 15 հազար էր: Կարող է բրախեմ, էթա:
- Հիմա որ փող չունեք, բա քարոզարշավ ո՞նց եք անելու: Մարդիկ այդքան փող են ծախսում դրա վրա:
- Էշս կնստեմ, կգնամ կանեմ, տեսնենք, էլի:
- Պապի, իսկ կարդալու հետ սեր ունե՞ք:
- Չէ, կարդալ լավ չեմ կարա: Աչքերս լավ չեն տեսնում:
- Բա որ պատգամավոր դառնաք, էդ օրենքները, նախագծերը ո՞նց եք կարդալու:
- Կկարդանք: Ընդեղ կկարդանք:
- Պապի, ձեր աղջիկն ասում է, որ դուք շատ աշխատող մարդ եք, քարից հաց քամող: Բա էդքան ԱԺ-ում ո՞նց եք նստելու:
- Դե, մի երկու օր կնստեմ:
- Բայց 2 օր չեք նստելու: 4 տարի եք նստելու:
- Ա, էդքան ո՞նց կապրեմ:
- Աշխատավարձ կստանաք, ուղղակի այնտեղ կնստեք:
- Հա, էդ էղավ, էղավ: Չեմ հոգնի:
- Պապի, որ առաջադրվում են, հետո պետք է նախընտրական գրավ, փող մուծեն, դուք մուծե՞լ եք:
- Չէ, չենք մուծել: Ընչի՞ պետք է մուծենք: Հիմի պտի փարա էլ ուզե՞ն: Հա՞: Հիմի կգան, փող կուզե՞ն:
- Չէ, չեն ուզի, ձեր փոխարեն կմուծեն:
- Չեմ իմանում: Ի՞նչ իմանամ: Հա, հիմի գուքան, կուզեն:
- Բա Երեւան թղթերդ ո՞վ տարավ:
- Միլիցեքը տարան, ո՞վ տարավ:
-Նախորդ ընտրությունների ժամանակ դուք ո՞ւմ էիք ընտրել:
- Խաչիկ Մանուկյանին եմ ընտրել:
- Հիմա, եթե դառնաք պատգամավոր, առաջին օրինագիծը ո՞րը կլինի, որ կներկայացնեք:
- Օրենքներ էղնի, որ ժողովրդին լավ էղնի: Հո չե՞մ կարա միլիոն բերեմ, տամ ժողովրդին: Աշխատեն պիտի: Ժողովուրդը որ չաշխատի, չի կարա: Հաց քաղեն, ցորեն քաղեն, բերեն ուտեն:
- Իսկ ԱԺ-ում գիտե՞ք ոնց են քվեարկում:
- Ընդեղ որին ասեց` ջնջես, ջնջում ես:
- Չէ, տեղամասում չէ, ԱԺ-ում եմ ասում:
- Օրենքները ինչ որ օրենք է, պիտի օրենքով ժաժ գան: Չպիտի խարդախություն էնեն, բան չէնեն: Ընդար ընտրվել են, գործ չեն էնի: Դեպուտատ ինձ չեն տա, ո՞վ կուտա: Էնքան ջահելներ կան:
- Հա°մ ասում եք, որ կընտրեն ձեզ, հա°մ ասում եք, որ ձեզ չեն թողնի, որ ընտրվեք: Բա ինչո՞ւ եք առաջադրվել:
- Քանի հոգի ջահել կա: Ինձի ո՞վ կթողնի: Ինքը կընտրի լավերին, փող էլ ունին, ամեն բան էլ ունին: Մեզ ի՞նչ կա:
- Իսկ ձեզ ի՞նչ են խոստացել, որ առաջադրվեք: Փող չե՞ն տվել:
- Հեչ բան չէ: Ինձի փարա ո՞վ կտա:
- Խոսում են, թե խոստացել են, որ ձեր թոշակը բարձրացնելու են, ձեզ խմիչքով են ապահովելու:
- Չէ, խմելը չեմ խմում, բալա ջան, ի՞նչ անեմ:
- Թոշակը ձեր չեն բարձրացրե՞լ:
- Չէ, տենց բան չի էղնի: Թոշակը չի բարձրանա:
- Իսկ էն, որ հիմա ասֆալտ են անում գյուղում, ձեզ չեն խոստացե՞լ, որ առաջադրվեք, գյուղն ասֆալտ կանեն:
- Եսի՞մ, հլը ասֆալտ բերեն, տեղ հասնի, տեհանք վերի տներ կբերե՞ն: Էդ վո՞վ պտի բերե, ասֆալտ վառե, էփե, թափե ժողովրդի համար: Էդի պտի փարա ունենա:
- Հիմա ձեզ խոստացե՞լ են, որ եթե առաջադրվեք, ձեր գյուղը ասֆալտ կանեն:
- Չէ: Կոշիկ է, բան-ման է, բերին հիմնական տվին ժողովրդին, թե չէ` ուրիշ բան չկա: Ստեղ էլ բերին, մի հատ խաղալիք բաժնեցին:
- Այսինքն` եկել են, ձեզ համոզել են, դուք էլ առաջադրվել եք ու դրա դիմաց ոչինչ չե՞ք ուզել:
- Չէ: Ոչ մի օգուտ, ոչ մի սպիչկի չոփ չունեմ:
- Հիմա որ դուք առաջադրվել եք թիվ 15-ում, գիտե՞ք, որ բացի ձեզնից, եւս 2 Խաչիկ Մանուկյան կա:
- Երկու հատ է, իրեք հատ է, չգիտեմ, կա: Էդոր հմար եմ էկել:
- Ձեզ համոզել են, որ առաջադրվեք, որ Խաչիկ Մանուկյանի ձայները կորեն, չէ՞:
- Չէ, չեն կորի:
- Բայց գիտե՞ք, որ իրականում ձեզ հատուկ համոզել են, որ առաջադրվեք, որ իսկական Խաչիկ Մանուկյանին խանգարեք:
- Էդ որ առաջ եկավ, իրան ընտրեցինք: Հիմի իրան չենք ընտրի: Ես շատ գիտե՞մ: Ամենն իրա գործը գիտի: Ի՞նչ կըրնանք էնենք, ուրիշ բան չկա: Կարո՞ղ է ինձ տանեն բռնեն:
- Չէ, պապի ջան:
- Հա, բա ի՞նչ գիտեմ: Աշխատում էի, ծառ ունիմ, ճյուղ ունիմ: Թող ես էղնիմ հիմի թագավոր:
- Պատգամավոր լինելով` թագավոր եք լինելո՞ւ:
- Հա, թագավոր եմ, ի՞նչ է:
- Նախորդ ընտրությունների ժամանակ ո՞ր կուսակցությանն եք ընտրել:
- Խաչիկ Մանուկյանին:
- Հանրապետական կուսակցությա՞նը:
- Հա, հա: Իրանք որը ընտրին ղեկավար, էն պիտի ըլնի:
- Իսկ որ գնաք Ազգային ժողով, ի՞նչ եք անելու այնտեղ:
- Կխոսանք, ինչ պիտի: Ինչ-որ խոսք եղավ, կխոսանք: Կարեւոր խոսանք` ժողովուրդը լավ էղնի, ինչ պիտի էղնի: Ոչ մենք կարանք ժողովրդին միլիոն տանք, ոչինչ: Պիտի աշխատին: Մեկ է, ուզում է Սովետն էղնի, ուզում է` Ամերիկան, մեկ է, առանց աշխատել մարդը չի ապրի: Ասում են` Աստված կուտա, Աստված ո՞րտուց տա:
- Այս ԱԺ կազմին ծանո՞թ եք, գիտե՞ք ովքեր կան այնտեղ:
- Չիդեմ: Չեմ հարցրել: Մեր ղեկավարից կհարցնեմ:
- Ղեկավար ասելով` ո՞ւմ նկատի ունեք:
- Գյուղսովետի նախագահը, քարտուղարը: Որ էրթաս ուրիշ տեղ էլ, էլի գյուղի ղեկավարին պետք է ասես:
- Որ պատգամավոր էլ դառնաք, էլի՞ գյուղսովետի նախագահը կլինի ձեր ղեկավարը:
- Հա, բա ի՞նչ:
- Ի՞նչ եք կարծում, ԱԺ-ում ձեզ լավ կզգա՞ք:
- Ինչի՞ լավ չենք զգա: Կուտենք, կխմենք, կխոսանք մեր չափով: Ես հովիվ էլ եմ եղել, քար էլ եմ կրել, ամեն բան էլ էրել եմ, Ռուսաստան էլ աշխատել եմ:
- Պապի, ձեր թոշակը կարծեմ 11 հազար դրամ է: Հերիքո՞ւմ է ձեզ:
- Չէ, ի՞նչ հերիքի: Մինակ լույսի փող: Պիտի օգնություն ստանամ:
- Բայց ստանո՞ւմ եք:
- Չեմ ստանում, կստանամ:
- Պապի, կարո՞ղ է ձեզ ստիպել են, որ առաջադրվեք:
- Չէ, նման բան չկա: Ես էրեխա՞ եմ, ինչ է: Ոչ էլ գիտեմ, որ գրավ պիտի տանք: Պառավը մեռել էր, ոչ մի բան էլ չտվեցին: Մեզ ո՞վ փող կուտա, մեռնեմ քեզի:
- Այն մյուս թեկնածուները, որ առաջադրվել են, նրանց ճանաչո՞ւմ եք:
- Ոչ մեկին էլ չեմ ճանաչում: Էդ Մանուկյանին մի անգամ տեսել եմ, էդ է:
- Պապի, կարո՞ղ է ձեզ խմացրել են, ձեր համաձայնությունը ստացել են:
- Չէ, չէ, հեչ բան չեմ խմե: Եթե խմեմ, կմեռնեմ: Բժիշկներն են ասել:
- Բա գրավը ո՞վ պետք է մուծի:
- Ես փարա չունիմ: Ի՞նչ մուծեմ: Այ մարդ, էս ի՞նչ կրակ ա: ՞
ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Էջանիշներ