Ինչ աբսուրդ ա չէ բայց կյանքը, փաստորեն երկու կողմն էլ համաձայն են եղել ԼՂԻՄը մեզ մնացածն իրենց տարբերակին, բայց ներսում դեմքը փրկելու համար չեն համաձայնվել։ ՈՒ Թաթուլի առաջարկածը ամենաթույն ձևը կլիներ հարցու լուծելու, եթե միայն ով էդ հնարավորությունը ուներ աներ դա, ոչ թե խիստ մտահոգված դեմքեր ընդունեին երբ որ բանը բանից անցներ։

Արցախի ճանաչումը արժեքավոր է, եթե դա անում են Մինսկի խմբի եռանախագահները կամ նրանցից մեկը

Տարիներ առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը ինձ և ադրբեջանցի մի լրագրողի (անունը իրավունք չունեմ նշել, կարող եմ միայն ասել, որ նա հասցրել է խույս տալ Ալիևի վարչակարգի հետապնդումներից և տարիներ առաջ հաստատվել սկանդինավյան մի երկրում) հրավիրել էր Փարիզ՝ մեկօրյա փակ ժողովի, որին ներկա էին Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ, մի քանի նշանավոր փորձագետներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ժամանակ գործող և միանգամից մի քանի նախկին համանախագահներ:

Ես ներկայացրեցի հակամարտության պատմության, ներկա իրավիճակի ու կարգավորման հայկական ընկալումները, իսկ ադրբեջանցին՝ ադրբեջանական տեսակետները:

Փակ քննարկումից հետո մեզ հրավիրեցին ճաշի, որին ներկա էին Մինսկի խմբի ֆրանսիացի գործող և նախկին մի քանի համանախագահները: Բոլորին ճանաչում էի անձամբ, քանի որ բազմաթիվ անգամ էի նրանց հետ շրջել Արցախում, ներկա եղել նրանց երևանյան ասուլիսներին: Հատկապես մոտ հարաբերություններ ունեի Ֆիլիպ ֆը Սյուրմենի և Բեռնար Ֆասյեի հետ:

Սեղանի շուրջ շատ բաց զրույց ծավալվեց: Անգամ մանրամասներ պատմեցին, թե ինչպես են բանակցություններ սկսելուց առաջ իրար հեգնում Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Ֆրանսիացի դիվանագետներից մեկն էլ պատմեց, որ Նալբանդյանն ու Մամեդյարովն անգամ գիտեին միմյանց թույլ տեղերը:

Ադրբեջանցի իմ գործընկերը, որ ավելի շատ հետազոտող էր և հաշվառում էր, թե շփման գծում ինչ է կատարվում՝ զոհեր, վիրավորներ, դիվերսիոն գործողություններ, գրեթե չէր միջամտում խոսակցությանը, քանի որ կարգավորման տարբերակներին մանրամասներին ամբողջությամբ չէր տիրապետում: Փոխարենը, լավ գիտեր շփման գիծն ու ռազմական գործը:

Խոսում էինք Մինսկի խմբի ներկայացրած բոլոր տարբերակներից, բայց ավելի շատ կանգ էինք առել Ռամբույեի, Մադրիդի, Կազանի և նորացված այլ առաջարկների վրա: Խոսակցությունը ընթանում էր համահունչ ԵԱՀԿ առաջարկների տրամաբանության հետ և մոտավորապես այսպես. միջազգային հանրությունը հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններով Լաչինով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Բաքվում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին: Մյուս կողմից, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող և 1991-1994 թթ․ պատերազմի արդյունքում ազատագրված շրջանները չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի կազմում, և Երևանում ու Ստեփանակերտում դա ընդունում են, բայց չեն կարող հրապարակավ խոսել այդ մասին:

Անշուշտ, Հայաստանի բոլոր նախագահներն են բացահայտ խոսել վեց, վեցուկես, անգամ յոթ շրջաններ վերադարձնելու մասին, սակայն, լայն հաշվով, այս պատումը, հատկապես 2000-ականներից, հայ հանրության մեջ, մեղմ ասած, չի ողջունվել:

Ֆրանսիացի դիվանագետներին հարցրեցի.

- Խոսքը երես փրկելու (face saving) մասին է, չէ՞: Դուք ասում եք, որ հայկական կողմ/երը պատրաստ է/են վերադարձնել շրջանները, ադրբեջանական կողմն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինով կորցրել է, ընդունում է դա, բայց չի կարող հրապարակավ արտահայտվել, քանի որ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դեպքում առաջ կգա իշխանություն կորցնելու, անգամ ազգի դավաճանի պիտակին արժանանալու իրական սպառնալիք, եթե ոչ ավելին:

Գինու բաժակների հետևում նստած ու արդեն բարձր տրամադրությամբ ֆրանսիացի դիվանագետները գլխով արեցին: Ես շարունակեցի.

- Եթե այդպես է, ապա ճանաչե՛ք Լեռնային Ղարաբաղը Լաչինով և փրկեք Ալիևի դեմքը: Կարող եք անել առանձին՝ որպես ԵԱՀԿ եռանախագահող կամ միասին՝ Մինսկի խմբի համանախագահությամբ: Նա այդ դեպքում կարող է իր ժողովրդին բացատրել, թե ինչու հնարավոր չէ կռիվ տալ Վաշինգտոնի, Փարիզի, Մոսկվայի դեմ: Այսինքն, Ադրբեջանին կանգնեցրեք իրավական փաստի առաջ, որի առաջ կանգնած է դե ֆակտո՝ գետնի վրա, սկսած 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից հետո:

Ես չգիտեմ, թե ինչքանով լուրջ ընդունեցին իմ այս առաջարկը:

Մեկ-երկու տարի անց Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում ինձ հանդիպման հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Երեքով էինք՝ ես, դեսպանը և ամերիկացի համանախագահը, որ ինտենսիվ հանդիպումների շարք էր ունենում և փորձում կարճ ժամանակում հասկանալ հակամարտությունն ու լուծման ճանապարհները:

Նույն առաջարկն արեցի Ուորլիքին: Ասաց՝ հետաքրքիր բան ես ասում:

Այդքանը:

Երբ Արցախի անկախությունը այս օրերին ճանաչում են տարբեր քաղաքներ, դա, անշուշտ, կարևոր է: Սակայն, լայն հաշվով, դա ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելուն չի օգնում: Եթե անգամ Հայաստանը ճանաչի Արցախը, ապա դա էլ չի օգնի: Համանախագահող երկրի կողմից ճանաչումը կամ եվրոպական մի քանի երկրների համատեղ ճանաչումը կարող է փոխել իրավիճակը:

Այո՛, Ադրբեջանը երբեք չի հաշտվի և չի ընդունի դա, ինչպես Կոսովոյի ճանաչումը դե յուրե չի ընդունում Սերբիան: Ի դեպ, սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Օվալաձև դահլիճում, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլլահ Հոթին պատմական համաձայնագիր ստորագրեցին տնտեսական հարաբերություններ հաստատելու մասին։

Թաթուլ Հակոբյան
https://www.civilnet.am/news/2020/11...F%D5%A8/406466