Lion-ի խոսքերից
Անկեղծորեն ասած, խնդիրն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից, ընդ որում մենք այստեղ մի անակնկալ իրավական վակումի ենք հանդիպում: Ես քո ասածը բնականաբար հասկացա, դու էլ իմը: Հիմա շարունակենք քննարկել, որպեսզի պարզ լինի, մի իրավիճակ:
Ենթադրենք առկա է մի իրավիճակ, երբ, պարզության համար, խնդիր կա հանցագործության սուբյեկտի հետ: Օրինակ, ասենք մեղադրանք է առաջադրվել մեկին պետական դավաճանության համար, անձը կալանավորվել է, բայց հետո պարզվել է, որ այդ անձը ՀՀ քաղաքացի չէ, ինչը բացառում է այդ հոդվածի կիրառումը նրա նկատմամբ: Առաջին հայացքից, այո, թվում է թե անձը պետք է կալանքից ազատվի, բայց երբ ավելի խորն ենք նայում, սա ոչ միայն կալանքից ազատման հիմք է, այլև՝ գործի կարճման, համենայն դեպս այդ հիմքով:
Հիմա մեր դեպքում դատարանն արել է առաջին քայլը, առայժմ մի կողմ թողնենք՝ ճիշտ է անձեռնամխելիության պահը հիշել, թե չէ, բայց այդ դեպքում ինքը պետք է աներ նաև երկրորդ քայլը՝ պահանջեր կարճել գործը: Ես չեմ կարդացել որոշումն ու չգիտեմ այնտեղի ձևակերպումները, բայց նման բան, համենայն դեպս ըստ փաստաբանների, այնտեղ չկա: Այսինքն, դատարանն ասում է՝ անձը ենթակա չէ պատասխանատվության, իրեն ազատեք կալանքից... ու վերջ: Տրամաբանորեն ինքը պետք է առաջ գնար, ասեր՝ եթե այդպես է, ապա կարճեք գործը: Ու ստեղ մոտենում ենք առաջին մեծ խնդրին - իրավունք ունի՞ դատարանը կալանքի օրինականությունը քննելիս գործի կարճման հարց բարձրացնել: Վախենում եմ սխալվել, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ, ոչ, չունի նման իրավունք, դա դուրս է կալանքի հարցը քննելու համար իրականացվող դատավարության առարկայից: Որպեսզի պարզ լինի, կրկին հիշենք պետական դավաճանության խնդիրը, եթե անձը քաղաքացի չէ, նա այդ հանցակազմով սուբյեկտ չէ, ենթակա չէ պատասխանատվության և, եթե նման մի հիմարություն է արել քրեական հետապնդման մարմինը, ապա անձը պետք է ոչ միայն կալանքից ազատվի, այլև՝ քրեական գործը պետք է կարճվի: Ամրագրենք, սակայն, որ դա պետք է արվի պաշտպանական կողմի միջնորդությամբ կամ դատարանի կողմից՝ իր նախաձեռնությամբ, բայց ոչ այդ փուլում և ոչ կալանքի հարցը քննելիս: Այս դեպքում այդ պահը չկա, ինչքան ես գիտեմ պաշտպանական կողմը չի միջնորդել այդ մասին բայց, նույնիսկ եթե միջնորդել էլ է, դա պետք է քննվեր որպես առանձին միջնորդություն, ոչ կալանքի միջնորդության հետ միասին: Այս առումով դատարանը, ակնհայտորեն մտածելով հենց իմ ասած ձևով, մի տրամաբանական սխալից խուսափելով անխուսափելի արել է մյուսը - իրավունք չունենալով կալանքի հարցը քննելիս անդրադառնալ գործի կարճման հարցին, չի անդրադարձել, կիսատ է թողել ասածը, որ դատավարական սխալ չանի, բայց, քանի որ սկիզբը սխալ էր սկսել, տրամաբանորեն կիսատ է եղել նաև վերջը: Իրոք, տեսեք ինչ է ստացվում՝ կա դատարանի որոշում, որը ըստ էության ֆիքսում է հակաօրինական վիճակը պետական մարմնի վարքագծում, սակայն չկա կոնկրետ ձևակերպումը՝ ի՞նչ անել այդ պարագայում, ընդ որում այդ ձևակերպումը չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես ասացի, սա դուրս է կալանքի առակայի քննարկման սահմաններից: Այսպիսով, կա առնվազն տրամաբանական խնդիր, ընդ որում օրենսդրական վակումի վիճակ է և դատարանը պետք է ղեկավարվի ընդհանուր իրավաբանական տրամաբանությամբ:
Երկրորդ մեծ խնդիրը՝ անձեռնամխելիության պահով - կրկին չեմ ուզում վերջնական վերդիկտ տալ, բայց առայժմ չեմ կարծում, որ անձեռնամխելիությունը այս դեպքում իր վրա տարածվում է: Տեսեք.
- մեղադրող կողմն ասում է՝ ինքը արել է սա:
- Պաշտպանական կողմն ասում է՝ դա բխում էր նրա կարգավիճակից:
- Մեղադրող կողմը հակադարձում է՝ ցույց տվեք մի օրենսդրական նորմ, որ իր ենթական իր հրահանգը կատարելիս իրավունք ուներ արձակել 0038 հույժ գաղտնի հրամանը այն տեսքով, որով այն առկա է, և զորք մտցնել քաղաք:
- Պաշտպանական կողմը հակադարձում է՝ ինքը երկրի անվտանգության երաշխավորն էր, սպառնալիքն էլ գալիս էր երկրի ներսից, պատկերավոր ասած, ոնց որ, ասենք, Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացի ուսանողները, իրանականում Հնդկաստանի զինված ուժերը ներկայացնելով գրավեն Երևանի մի քանի շենք, ինքն էլ, դե-ֆակտո զորքն օգտագործելով Երևանում, դե-յուրե զորքը մտցրել է քաղաք:
- Մեղադրող կողմն ասումա՝ չկար նման իրավիճակ, մի հորինեք:
- Պաշտպանական կողմն ասում է՝ կար, Մանվելի պահը, Մելքումյանի պահը, ագրեսիվ ցուցարարներ և այլն:
Ահա այս վերջին երկու կետերի վրա է բանը հասել վեճի, ընդ որում մի կողմից իրավական կարգավորումներն են ծայրահեղ ոչ հստակ, մյուս կողմից իրավական պրակտիկա չկա, մի երրորդ կողմից փաստերն են ոչ միանշանակ մեկնաբանման ենթակա, իսկ չորրորդ կողմից էլ ոչ մի կողմը օբյեկտիվ չէ՝ պաշտպանական կողմը իրեն ձեռնտու փաստերն է շեշտում և մյուսները արժեզրկում կամ լռում դրանց մասին, մեղադրական կողմն էլ, բնականաբար, լրիվ հակառակ դրության մեջ է: Օրինակ, հստակ չէ, թե 01.03.2008 թ-ին գործող ՀՀ քր. օրի այդ հոդվածով սահմանված ինչ է սահմանադրական կարգը և նույնիսկ օրենքի նոր ձևակերպումը, որը կապում է արարքը Սահմանադրության կոնկրետ հոդվածների հետ, քիչ պարզություն է մտցնում իրավիճակում: Այլ օրինակ՝ գործողությունը - ինչո՞վ է դրսևորվում այն, կոնկրետ իր գործողություններում կա՞ր այդ պահը, թե՞ չկար - ահա միայն քիչ քանակն այն հարցերի, որ զուտ իրավական առումով այս գործում կա:
Քրեական ոլորտի մեր օպոզիցիոն առաջատար փաստաբաններից մեկի հետ, իր անունը չեմ տալիս, որովհետև զրույցը անձնական էր, ես դեռ կալանավորման առաջին օրն այս հարցերը բարձրացրի ու մենք եկանք եզրակացության, որ, զուտ իրավական առումով, մեղադրական կողմի համար անչափ դժվար է լինելու կպնել պարոն Քոչարյանին: Որպես ասվածի անուղղակի ապացույց, տեսեք, թե Վահե Գրիգորյանն այս օրերին ինչ զուսպ է արտահայտվում, ինքն էլ է տեսնում այս խնդիրները, չի ուզում անորոշ իրավիճակում մասնագիտական վերդիկտ ասել՝ ինչքան էլ հոգով լինելով նոր իշխանությունների կողմը: Եթե ընդունենք, որ գործում այնուհանդերձ կա քաղաքական բաղադրիչ, ապա կար կարծիք, որ Նիկոլը սխալվեց, միանգամից կպնելով Քոչարյանին, երբ փոխարենը պետք էր մանր քրեական գործերով ամրացնել նրան ներկայացվող հիմնական մեղադրանքը, հետո նոր միայն հիմնական հարվածը հասցնել: Օրինակ, եթե Միքայել Հարությունյանի գործով լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով հաստատվեին մի շարք հանգամանքներ, ապա դրանք, որպես արդեն ապացուցման կարիք չունեցող փաստեր, կարող էին դրվել արդեն այս գործում մեղադրանքի հիմքում: Չեմ ուզում Նիկոլին կյանք սովորեցնել, բնականաբար, նաև կարծում եմ, որ զուտ քաղաքական մակարդակում սա պետք է քննարկված լինի իր կողմում, բայց մյուս կողմից էլ, եթե ընդունենք, որ այս ամենը զուտ ՀՔԾ նախաձեռնությունն է, ուրեմն գոնե պետք է նրանք քննարկած լինեին այս ամենը: Չեմ ուզում նաև քաղաքական գնահատականներ հնչեցնել:
Մի խոսքով, այստեղ ավելի շատ են հարցականները, քան պատասխանները:
Էջանիշներ