User Tag List

Էջ 17 23-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #241
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ընդհանրապես ժամանակի զգացում չունեմ։ Դեռ չեմ հանդիպել էնպիսի մեկին, որն էդ առումով իմ չափ խայտառակ վիճակում լինի։ Ամեն անգամ ապշում եմ, թե ինչ աստիճանի կարող է հասնել էդ անկարողությունը։ Ու ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ոնց կարող է մարդը էդքան անգամ նույն իրավիճակում հայտնվելով՝ ոչ մի դաս չառնի դրանից, ոչ մի գրամ չփոխվի դեպի լավը։ Քանի՞ անգամ կարելի է ենթադրել, որ տասը րոպեից պատրաստ կլինես տնից դուրս գալու, բայց լավագույն դեպքում մի ժամից նոր պատրաստ լինել, քանի՞ անգամ կարելի է ակնկալել, որ էն ստեղծագործական աշխատանքը, որով էդ պահին զբաղվում ես, կավարտես մաքսիմում կես ժամից, բայց 5-6 ժամում մի կերպ ավարտել, կամ՝ երբ օրեր շարունակ վրան աշխատելուց հետո համոզվում ես, որ, այ, էսօր հաստատ կավարտես, այնինչ պարզվում է՝ դեռ մի շաբաթ պիտի աշխատես, որ ավարտես։ Ու ամեն անգամ ես իսկապես հավատում եմ, չէ, ի՞նչ հավատալ, էնքան վստահ եմ լինում, որ հենց էդքան է տևելու, դե լավ, գուցե մի՜ քիչ ավել։ Բայց չէ, իմ պատկերացրածն ախր նույնիսկ շփման եզրեր չի ունենում իրականության հետ։

    Ընդհանրապես չեմ տիրապետում ժամանակին։ Մեկ–մեկ ինձ թվում է՝ անօգնական թպրտում եմ ժամանակի մեջ։ Լիքը բաներ չեմ հասցնում, լիքը բաներ կուտակվում են, ծանրանում խղճիս վրա։

    Վերջերս էլ ինքնապաշտպանական մեխանիզմը մեջս շատ ուժեղ է գործում։ Երբ գիտեմ, որ լիքը անելիքներ ունեմ, չեմ հասցնում, չգիտեմ՝ որն անել, որը թողնել, ու էդ բեռի տակ ճզմված եմ ինձ զգում, մեկ էլ ինչ–որ պահից սկսած՝ կարծես մոռանում եմ էդ բոլորի մասին ու թեթևանում, կարծես ինչ–որ մեկն էդ բեռը վերցրած լինի ուսերիցս։ Ու երբ որոշ ժամանակ ինչ–որ տարօրինակ հանգստությամբ անգործության մատնված լինելուց հետո ինձ այցելում է էն բնական միտքը, որ ինչ–որ բան էն չի, ես պիտի որ ինչ–որ գործեր ունենայի անելու, պարզվում է՝ ես դեռ պիտի փորձեմ հիշել, թե էդ ինչ գործեր էին, որ չեմ անում։ Հետո քիչ–քիչ սկսում եմ մտաբերել, որոշ բաներ անել։ Ու էդպես մինչև հաջորդ ինքնապաշտպանական «անջատումը»։ Երևի ենթագիտակցությունս գիտի, որ եթե չազատի ինձ էդ բեռից, ես կարող է խելագարվեմ էդքան գործեր ունենալու ու դրանք չանելու ծանր գիտակցումից։

    Էս ուղղությամբ աշխատել է պետք։ Շատ լրջորեն ու հրատապ։

    Վերջերս մտածում էի. ի՞նչ է ինձ պետք լիարժեք երջանիկ լինելու համար, ու հասկացա, որ ամենաշատը պետք է, որ ինքս ինձնից գոհ լինեմ։ Ոնց նայում եմ, տվյալ դեպքում ինձ հենց դա է պակասում։ Երբ քեզնից դժգոհ ես լինում, ուրիշ ոչ ոք ու ոչինչ չի կարող էդ բացը լրացնել։ Ուղղակի պիտի էնպես անես, որ գոհ լինես։ Պիտի արժանանաս քո էդ վերաբերմունքին։ Ումից կամ ինչից էլ որ դժգոհ եմ, համարում եմ, որ հիմնականում ինքս ինձնից դժգոհ լինելու հետևանք է։ Համոզված եմ։ Համարյա ամեն ինչ ինձնից է կախված։ Սա օդից չեմ ասում, սեփական փորձից գիտեմ. ի վերջո, միշտ չի, որ էսքան դժգոհ եմ լինում. եղել են շրջաններ, ի դեպ, բավական երկարատև, երբ ընդհանուր առմամբ ինքս ինձնից գոհ եմ եղել, ու սեփական անձի հետ էդ ներդաշնակության զգացողությունն իսկապես ամեն ինչ է։ Դրանից դուրս համարյա ամեն ինչ մանրուք է ու կառավարելի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.10.2015), GriFFin (03.11.2015), ivy (24.10.2015), Ruby Rue (24.10.2015), Sambitbaba (24.10.2015), Smokie (27.10.2015), Զաքար (24.10.2015), մարդագայլուկ (24.10.2015), Մուշու (25.10.2015), Նաիրուհի (28.10.2015)

  3. #242
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ Հելոուինը չեմ սիրում, հիմնականում «ուժաստիկային» շեղվածության պատճառով։ Զանազան կերպարների հանդերձանքով ներկայանալու գաղափարը դուրս գալիս է, եթե սարսափ–կերպարների մասին չի խոսքը։ Բայց մի ուրիշ պահ կա էս տոնի հետ կապված, որ հավեսս բերում է. էն, թե ինչ հավեսով ու խանդավառությամբ են ամերիկացիները պատրաստվում ու մասնակցում էս տոնին։ Էնքան հավես է տեսնելը, որ մանկապարտեզի երեխայից սկսած՝ մինչև տարեց մարդիկ նույն հավեսով կարող են հագուստ պատրաստել իրենց համար, դիմահարդարվել, հագնվել, դերի մեջ մտնել, դդումներ զարդարել և այլն։ Ու էդ ամենն անել երեխայի հետաքրքրվածությամբ ու խանդավառությամբ։ Մի խոսքով՝ հավես է, երբ մարդիկ հավես են ունենում՝ անկախ տարիքից ու կարգավիճակից։

    Քանի որ էս տարի Հելոուինը շաբաթ օր է ընկնում, մանկապարտեզներում, դպրոցներում ու աշխատավայրերում ուրբաթ օրն են նշում։ Դե, ես էստեղ դեռ կոլեկտիվ չեմ ունեցել, առանձնապես առիթ ու ցանկություն էլ չի եղել որևէ կերպ մասնակցելու էդ տոնին։ Բայց հիմա որ պրակտիկայի եմ գնում, գնալուս օրը հենց ուրբաթն է, ու էսօր ակամա Հելոուինի մեջ հայտնվեցի։ Որ հիմնական աշխատող չեմ, առանձնապես շփումներ էլ չեմ ունենում էնտեղ, ընդամենը շաբաթը մեկ եմ գնում, ինձ էլ Հելոուինի հետ կապված բան ասող չի եղել, սովորականի պես գնացի գործի։ Ավելի կոնկրետ՝ իմ տիպիկ ոճի հանդերձանքով գնացի։ Աշխատավայրում հայտարարվել էր հանդերձանքի ու դդումի ձևավորման մրցույթ։ Դդումներն արդեն ձևավորած պիտի բերեին տնից։ Հագուստի համար էլ բոլորս պիտի վեր կենայինք տեղներիցս ու շրջեինք աշխատավայրով, որպեսզի բոլորի հագուկապը տեսնեինք ու անանուն քվեարկեինք մեզ դուր եկած լավագույն հանդերձանքի օգտին։

    Համարյա բոլորը Հելոուինային հանդերձանքով էին եկել։ Միայն մի քանի հոգու նկատեցի սովորական հագնված։ Ինձ թվում էր՝ ես էլ եմ սովորական հագնվածներից, դե, առնվազն իմ սովորականը, բայց պարզվեց՝ միայն իմ կարծիքով էր էդպես ։ Որ վեր կացա, գնացի մարդկանց հագածները տեսնելու, մեկ էլ մի քանի հոգի ժպտալով մոտեցան, թե՝ հիպպի եք ներկայացնում, չէ՞, շատ սիրուն է։ Ծիծաղելով ասեցի՝ շնորհակալ եմ, բայց սա հելոուինային հանդերձանք չի, իմ հագուստն է։ Իրենք էլ, թե՝ հա՞, բայց իրոք շատ սիրուն է։ Լանչի ժամին էլ մի տղա մոտեցավ, թե՝ ի դեպ, շատ սիրուն Պոկահոնտասի հանդերձանք է, շատ կրեատիվ։ Էլի շնորհակալություն հայտնեցի ու նրա համար բացահայտեցի «դաժան» իրականությունը։ Նա էլ, թե՝ բայց շատ–շատ սիրուն է։

    Հիմա մարդ չգիտի՝ իրեն լավ զգա, թե կոմպլեքսավորվի, որ իր սովորական հանդերձանքը հելոուինային ասոցիացիաներ է առաջացնում։ Փաստորեն, ես հաճախ տնից դուրս եմ գալիս հելոուինային տեսքով, ու վրաս խաբար չկա։ Բայց դե ես ինձ լավ եմ զգում իմ հանդերձանքով, հիմա թող մի քիչ էլ հելոուինային լինեմ, ի՞նչ կա որ։

    Բայց ամենաարտառոց հանդերձանքը ընկերության փոխտնօրենինն էր։ Ուրեմն երևի մոտ 60–ն անց, յոթանասունին մոտ, լավ բարձրահասակ մարդ է՝ շատ հանգիստ, բարեհամբույր, համեստ, բայց միաժամանակ ակտիվ ու գործնական։ Սկզբում որ տեսա, չճանաչեցի, հետո որ տեղը բերեցի, ցնցվել էի. վհուկ կնոջ հանդերձանքով ու դիմահարդարանքով էր, թեև ոչ միայն դիմա– ։ Հագել էր բարձրակրունկ սև կոշիկներ, սև կալգոտկի՝ ծակ–ծակ նախշերով, սև կարճ շրջազգեստ՝ վրայից կախված մի քիչ ցնցոտիանման կտորներով, վերևն էլ դեկոլտե (մարդը խնամքով թրաշել էր կրծքավանդակը ), եղունգներին՝ սև լաք։ Դեմքի ու ձեռքերի մաշկին մոխրագույն երանգ էր տված, դեմքն ընդհանրապես լուրջ դիմահարդարման էր ենթարկված, աչքերից ու բերանից ծորացող արյան հետքերն էլ վրադիր։ Նենց էլ հանգիստ քայլում էր բարձրակրունկների վրա։ Ամբողջ ընթացքում էլ էդ հանդերձանքով մնաց։ Ամեն անգամ որ աչքովս էր ընկնում տարբեր աշխատողների հետ գործնական խոսելիս, գնալ–գալիս, ծիծաղս հազիվ էի զսպում։ Ու ամենաուժեղն էն էր, որ ինքը հենց էդ տեսքով էլ տնից եկել էր աշխատանքի։ Ու ինքը տարածաշրջանի ամենախոշոր լրատվականի փոխտնօրենն է, որին ուրիշ ժամանակ միշտ կոստյումով ես տեսնում։ Ու՞մ մտքով կանցներ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.10.2015, 08:30:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.10.2015), John (01.11.2015), Mr. Annoying (31.10.2015), Ruby Rue (31.10.2015), Sambitbaba (31.10.2015), Smokie (04.11.2015), Աթեիստ (31.10.2015), Զաքար (24.01.2016), Լուսաբեր (31.10.2015), մարդագայլուկ (31.10.2015), մարիօ (02.11.2015), Նաիրուհի (31.10.2015), Նիկեա (31.10.2015), Շինարար (31.10.2015), Ռուֆուս (31.10.2015)

  5. #243
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Հելոուինը լրիվ հակաինտրովերտային տոն է։ "Trick or treat"–ը վկա...

    Արդեն երկրորդ տարին է, որ տղայիս հետ Հելոուինի օրը ընտանյոք գնում ենք Trick or treat–ի ։ Մեր դեպքում էդ արարողությունը հատկապես անհեթեթ է էն պատճառով, որ հավաքված քաղցրավենիքը մեր տանը ոչ ոք չի ուտելու։ Տղաս դրանցով խաղում է, մինչև մի օր շպրտում ենք, գնում են։ Բայց էդ դռնեդուռ կոնֆետ հավաքելու պրոցեսը շատ ոգևորիչ է տղայիս համար, սիրում է, մենք էլ տանում ենք։ Ու կապ չունի, որ ում դուռն էլ ծեծում ես, որպես կանոն, խիստ բարեհամբույր ու սիրալիր տատիկ–պապիկներ են հիմնականում բացում («հիմնականում»–ը տատիկ–պապիկներին ա վերաբերում, ոչ թե սիրալիր ու բարեհամբույրին. վերջինս ոչ թե հիմնականում ա, այլ միշտ) ու սիրով առաջարկում արդեն նախօրոք պատրաստած կոնֆետները։ Մեկ է, մենակ էդ դուռը զանգել/ծեծելու պահն ու սպասելը, մինչև բացեն, արդեն էնքան դիսկոմֆորտ է պարունակում, չէ, ավելին՝ մենակ դրա մասին մտածելն արդեն իսկ դիսկոմֆորտ է։ Ու չնայած դեռ դեպք չի եղել, որ նկարագրածս ձևով չդիմավորեն դուռը բացողները, մեկ ա, միշտ մտածում ես՝ բա որ հանկարծ էս մեկը սիրալիր չլինի։ Ամուսինս ասում է՝ եթե մարդիկ չուզենան, ուղղակի դուռը չեն բացի, էլի, ինչի՞ ես մտածում։ Ու իրոք կան մարդիկ, որ դուռը չեն բացում, զգում ես, որ տանն են, բայց չեն բացում, թողնում, գնում ես (թեթևացած )։ Բայց, մեկ է, ես Հայաստանի բնակիչներից շատերին պատկերացնելով՝ դեռ անհանգստանում եմ, որ կարող են մարդիկ լինել, ովքեր, օրինակ, խիստ դեմ են Հելոուինին, ասենք, բարոյապես, կրոնապես, էթիկապես և այլ առումներով անընդունելի են համարում էդ դռնեդուռ կոնֆետամուրությունը, կներեք արտահայտությանս համար, ու, ասենք, կատաղած դուռը բացում են ու վրաներս գոռգոռալով՝ սկսում ամոթանք տալ, որ իրենց հանգիստը խաթարում ենք նման անպատկառ ձևով։ Ճիշտ է, մինչև հիմա չեն եղել, բայց տեսականորեն կարող են լինել, չէ՞։ Օրինակ, նույնիսկ եթե համարենք, որ էստեղ բոլորը քաղաքավարի ու սիրալիր են, առնվազն արտաքինից, բայց գոնե ինչ–որ ցնդածներ գոյություն ունեն, չէ՞, ովքեր կարող են դուռը բացել ու բարոյախրատական ճառեր կարդալ գլխներիս։ Օրինակ, որ պատկերացնում եմ, Հայաստանի ավելի քան ռեալ իրավիճակ ա թվում, ընդ որում՝ դրա համար հեչ պարտադիր չի ցնդած լինել. բավական է միջին վիճակագրական հայ բնակիչ լինել, ու կատաղած կամ առնվազն մունաթոտ բարոյախրատական ելույթները պատրաստ են։ Էս trick–or–treat–ային շրջագայությունների ժամանակ հաճախ մտածում եմ նաև Եհովայի վկաների մասին, թե ինչ են զգում, մտածում նրանք ամեն դուռ ծեծելիս։ Իհարկե, հեչ համեմատելի չի, գիտեմ, բայց պատկերացնում եմ, որ նրանցից գոնե ոմանց համար պարտադրված ու անկապ պրոցես կարող է լինել դռնեդուռ ընկնելով՝ իրենց գաղափարները մարդկանց վզին փաթաթելը։

    Մարդիկ էլ կան, որ որպեսզի դուռն ամեն անգամ չբացեն–փակեն, զամբյուղով կամ մեծ ամանով կոնֆետները դնում են դռան դիմաց, որ ամեն երեխա մի քանի հատ կամ մի բուռ վերցնի, գնա։

    Էսօր Վազգենին ասում եմ՝ իսկ չի՞ լինի՝ դու ու Արեգը մենակ գնաք, ես չգամ։ Ասում է՝ չէ, միասին գնանք։ Ասում եմ՝ ինչի՞, ես ինչների՞դ եմ պետք, ասում է՝ ես մենակ ամաչում եմ։ Մի խոսքով՝ որոշվեց, որ պիտի միասին ամաչենք։ Տենց էլ արեցինք։ Ճանապարհին էլ հարցնում եմ՝ մինչև ո՞ր տարիքն են էրեխեքը գնում trick or treat–ի, որ իմանամ, թե դեռ քանի տարի պիտի անցնենք սրա միջով, ասեց, որ կարդացել է՝ մինչև 14-15 տարեկանը ։ Ու ճանապարհին էլ, ի դեպ, տեսանք մոտավորապես էդ տարիքի էրեխեքի, ճիշտ է, առանց ծնողների էին, մի քանի հոգով։ Մտածում եմ՝ Հայաստանում էդ տարիքի էրեխեքը հաստատ կամաչեին տենց բանի գնալ, հատկապես հաշվի առնելով բնակիչների ռեակցիաների անկանխատեսելիությունը։

    Մեր տան մոտերքով էրեխեքը շատ չեն անցնում, տան տեսքն էլ դրսից մի տեսակ տրամադրող չի։ Անցյալ տարի ամանով դրել էինք աստիճաններին, որ գան, վերցնեն, բայց տենց էլ ձեռք տվող չէր եղել։ Տխուր էր մի տեսակ։ Էս տարի էլ դրեցինք, բայց էս անգամ ցանկապատից կախեցինք, որ ավելի լավ երևա, վերցնեն։ Իննի մոտերը, երբ արդեն դժվար թե դրսում էդ նպատակով շրջող երեխաներ լինեին, գնացինք ամանը բերելու։ Պարզվեց՝ ամբողջ կոնֆետը տարել էին, բացի մի հատիկից ։ Ուրախացանք ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.11.2015), GriFFin (03.11.2015), Mr. Annoying (01.11.2015), Ruby Rue (01.11.2015), Sambitbaba (21.04.2016), Smokie (04.11.2015), Աթեիստ (01.11.2015), Զաքար (24.01.2016), մարիօ (02.11.2015), Նաիրուհի (04.11.2015), Շինարար (01.11.2015)

  7. #244
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս լիքը մտքեր կային գրելու, բայց էնքան հետաձգեցի, արդեն մոռացել եմ մեծ մասը...

    Ստեղծագործելու հետ կապված հաճախ զանազան մտքեր են առաջանում գլխումս, բայց մի տեսակ հուշտ եմ լինում էդ բոլորի մասին գրելուց։ Ինձ միշտ թվում է, թե դրանք միայն ինձ համար են հետաքրքիր։ Ընդհանրապես գնալով ավելի դժվարությամբ եմ ինձ ստիպում մտորումներս օրագրում/բլոգում արտահայտել։ Իսկ որևէ հետաքրքիր, զվարճալի իրադարձության մասին գրելը հեշտ է, քանի որ ձանձրացնելու կամ չհասկացվելու հավանականությունը փոքր է, բայց էդպիսի «արտաքին» իրադարձություններ իմ կյանքում հաճախ չեն տեղի ունենում, մինչդեռ «ներքին»՝ ինչքան ասես։

    * * *

    Երբեմն ինձ թվում է, որ միակ բանը, որ միշտ, ցանկացած պահի հավես ունեմ անելու, ստեղծագործական աշխատանքն է։ Ճիշտ է, կարող է՝ տարբեր պահերի տարբեր ոլորտի կամ տեսակի ստեղծագործական աշխատանքի հավես ունենամ, բայց կարևորը ստեղծագործական տարրի առկայությունն է։ Եթե երկար ժամանակ որևէ բան չնկարեմ, չսարքեմ, չգործեմ, չմոգոնեմ, ահավոր թերիության, անիմաստության զգացողություն եմ ունենում, ինձ թվում է՝ կյանքը սկսում է մեջս մարել... Երբեմն լսում եմ. «Ու՞մ ա պետք էդ ամենը, եթե, մեկ ա, մեջը փող չկա»։ Չգիտեմ՝ ուրիշ ում է պետք (ոնց որ թե առայժմ շատ քիչ մարդկանց), բայց ինձ հաստատ պետք է՝ օդի ու ջրի պես։

    Մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե մնացած ամեն ինչն իրականում խանգարում է ինձ ստեղծագործական աշխատանքին լիովին տրվելու։ Զզվում եմ ինձնից նման պահերին, բայց, ցավոք, էդ հիվանդ միտքը պարբերաբար այցելում է։ Տեսնես՝ երբևէ կսովորե՞մ հավասարակշռություն պահել ստեղծագործականի ու ստանդարտ կարևոր գործերի միջև, որ նման հիվանդ մտքեր այլևս չունենամ։

    Երբեմն էլ մտածում եմ՝ երանի երկու զուգահեռ կյանքեր ունենայի. մեկը նվիրեի ստեղծագործելուն, մյուսը՝ մնացած ամեն ինչին։ Որ ոչ մեկը մյուսին չխանգարեր։ Չնայած ինձ երևի մի քանի զուգահեռ կյանք պետք կլիներ։ Հետո էլ անմիջապես հաջորդում է էն միտքը, որ էդպես, այնուամենայնիվ, ինչ–որ բան սխալ կլիներ. իրականում ամենաճիշտը դրանք համատեղելու մեջ հմտանալն է։ Երևի միայն էդ դեպքում ամեն ինչ լիարժեք կլինի։

    Երբեմն ճնշվում եմ էն մտքից, որ ամբողջ կյանքս չի հերիքի արվեստի ինձ հետաքրքրող բոլոր ոլորտները փորձելու համար։

    Ուղեղումս մշտապես ստեղծագործական գաղափարների քաոս է։ Գաղափարներս գլխումս չեն տեղավորվում... Մեկ–մեկ թվում է՝ գլուխս ուր որ է՝ կպայթի էդ «ծանրությունից»։ Էնքան շատ են ու էնքան բազմազան, որ իրար խանգարում են։ Հաճախ մեկի իրագործումը դեռ չավարտած՝ մյուսն է վրա տալիս ու խանգարում ավարտելուն։ Երբեմն մի քանի գաղափար միաժամանակ են սկսում ուղեղս կրծել ու էնքան են քրքրում, որ էդպես էլ ոչ մեկը չեմ կարողանում իրագործել։ Ի վերջո, բազմաթիվ գաղափարներից միայն քչերն են իրագործվում ու ավարտուն տեսք ստանում։

    Բայց վերջերս մի բան եմ հասկացել. եթե ես ինքս ժամանակ չստեղծեմ, ուրիշ տեղերից «չպոկեմ» ստեղծագործելու համար, էդ ժամանակը երբեք իր հոժար կամքով չի հայտնվելու։ Նաև նկատել եմ, որ նման դեպքերում, երբ կոնկրետ ստեղծագործական գաղափար ներսից կրծում է ու ձգտում իրագործվելու, անկախ նրանից, թե ինչքան կարևոր ու հրատապ գործեր ունեմ, միևնույն է, չեմ կարողանում էդ գործերի վրա կենտրոնանալ ու զբաղվել, ինչպես հարկն է. կամ մեղքի զգացումից տառապելով՝ անընդհատ հետաձգում եմ, կամ ինքնապաշտպանական մեխանիզմով արտամղում հիշողությանս հեռավոր ծալքեր ու միայն ամենաանհրաժեշտները կիսատ–պռատ անում։ Իսկ եթե թեկուզ կարճ ժամանակով հաջողացնում եմ էստեղից–էնտեղից ժամանակ պոկել ու նվիրել ստեղծագործական աշխատանքին, էն կարևոր ու անհրաժեշտ գործերի արանքներում դրանով զբաղվել, զգում եմ, որ մյուս գործերն էլ են դրանից շահում. մի տեսակ լիցքավորվում եմ, կյանքն ավելի գունավոր, ավելի իմաստալից ու հետաքրքիր է դառնում, նույնիսկ դժվարություններն ավելի հեշտ են թվում, ու շատ ավելի շատ գործեր եմ անում ու հաճույքով։ Մեկ է, արդեն համոզվել եմ, որ ինչքան էլ ինձ կոտորեմ ու հաճույքներից զրկեմ, չեմ կարողանալու բացարձակապես ամեն ինչ հասցնել, ամեն ինչ իդեալական անել, հետևաբար ինչու՞ էնպես չանեմ, որ համ հաճույքիցս չզրկվեմ, համ էլ կարևոր գործերը հնարավորինս շատ հասցնեմ։ Ու սա միայն ստեղծագործելուն չի վերաբերում։ Կարծում եմ՝ ցանկացած հաճելի ու դրական լիցքեր պատճառող զբաղմունքի վրա էլ կարելի է տարածել։ Պարզապես հարկավոր է գիտակցել, որ որոշակի կարգավիճակի ու պայմանների դեպքում ազատ ժամանակ հասկացություն այլևս չի կարող լինել, հետևաբար մնում է այն բառացիորեն պոկել բոլոր հնարավոր տեղերից։ Էդքան բան։

    Ստեղծագործական վիժումը ծանր բան է, ու եթե ժամանակ չգտնես ծննդաբերելու համար, վիժումներ մշտապես տեղի են ունենալու ու կյանքդ թունավորեն։ Գաղափարները քեզ չեն ներում իրենց վիժելու համար, հատկապես որ նրանք, որպես կանոն, ինչքան լավն են լինում, էնքան էլ հիշաչար։

    Մեկ էլ մտածում եմ. ստեղծագործական աշխատանքով ընդհանրապես չզբաղվող մարդիկ իրականում ինչքան բանից են զրկված. ինչքան ավելի քիչ գույներ են տեսնում կյանքում։ Պիտի որ կյանքը շատ ավելի անհետաքրքիր լինի իրենց համար, միայն թե իրենք դրա մասին դժվար թե երբևէ իմանան, քանի որ իմանալու միակ ձևը ստեղծագործական պրոցեսի մեջ մտնելն է՝ նույնիսկ անկախ արդյունքից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.12.2015), Sambitbaba (21.04.2016), Smokie (07.12.2015), Զաքար (24.01.2016), Նիկեա (03.12.2015)

  9. #245
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտասահմանում ապրելով՝ Հայաստանում եղած շատ երևույթներ սկսում ես նաև մի տեսակ դրսից՝ օտարի աչքով տեսնել։ Ու Հայաստանն էնքան հետաքրքիր ու առանձնահատուկ է երևում աչքիդ։ Շատ բաներ, որ Հայաստանում ապրելիս միանգամայն սովորական ու բնական էին թվում, սկսում են խիստ արտառոց ու տարօրինակ թվալ, իսկ արտասահմանցու աչքում՝ որպես տուրիստի, պիտի որ ահագին հետաքրքիր լինեն՝ որպես իր իմացած, ճանաչած իրականությունից դուրս երևույթներ։

    Էսօր, օրինակ, խոսքից խոսք բացվեց, ու հիշեցինք մեր հին հայկական բուդկա–զուգարանները, որոնք Հայաստանի խուլ գյուղերում երևի հիմա էլ դեռ մարդկանց կենցաղի սովորական մաս են կազմում։ Որ խորանում ես, ի՜նչ կոլորիտային երևույթ են էդ փայտաշեն արկղերը։ Չէ, դուք մի հատ պատկերացրեք արտասահմանցուն էդ զուգարաներից մեկում... Տպավորությունների ու զգացողությունների ի՜նչ բացառիկ ու աննախադեպ փունջ է սպասում նրան՝ զուգարանի չհղկված, փշոտ ու կեղտոտ դուռը բացելու պահից սկսած։ Իսկ ներսում՝ լրիվ ունիկալ մի աշխարհ. իր իմացած նուրբ ու հիգիենիկ զուգարանի թղթի փոխարեն դեղնած, կոպիտ էջերով հնամյա գիրք՝ հաճախ հենց հատակին դրված, վրան լիքը ճանճերի ծերտեր, էջերի մի մասն արդեն պոկոտած, մինչ դռան բացվելը քար լռություն պահպանող, բայց դուռը բացվելուն պես խլացուցիչ դզդզոցը գցող պլպլան կանաչ ճանճերի քաոսային շարժում (պատկերացնու՞մ եք՝ ոնց վեր կթռնի խեղճը), որոնցից ինքը հաստատ երբևէ տեսած էլ չի լինի կյանքում (որտե՞ղ պիտի տեսած լիներ), տարիների ընթացքում էդ զուգարանը երբևէ այցելած բոլոր անձանց արտաթորանքի անծայրածիր լիճն էլ ոտքերի տակ (դուք կարող է չգիտակցեք, բայց արտասահմանցու համար դա էլ է բացառիկ ու աննախադեպ տեսարան), դե, թունդ հոտն էլ վրադիր։ Էլ չեմ ասում՝ էն էքստրիմի պահը, որ եթե հանկարծ, Աստված չանի, անփորձ ոտքը սայթաքի ու ընկնի էդ անտակ հորի մեջ, դա կարող է նրա այցելած վերջին վայրը դառնալ։ Իսկ եթե բախտը բերի ու բարով–խերով դուրս պրծնի արտաքին աշխարհի հետ կապ չունեցող էդ անտիկ արկղից, նրան հետո կթվա, թե կինո է տեսել կամ երազ։ Չնայած չէ, երևի կլուսանկարի ու կանմահացնի էդ սյուր տեսարանները, հակառակ դեպքում, երբ վերադառնա իր երկիր ու պատմի տեսածի մասին, նրան ո՞վ կհավատա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.12.2015, 08:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (09.12.2015), Nadine (15.12.2015), Sambitbaba (21.04.2016), Զաքար (24.01.2016), Լեո (15.12.2015), Նիկեա (22.01.2016), Շինարար (15.12.2015), Ռուֆուս (15.12.2015)

  11. #246
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երևույթ եմ նկատել վաղուց, բայց կարծեմ ոչ մի անգամ չեմ խոսել դրա մասին։
    Երբ ինչ–որ մեկին հակակրում եմ, բավական է, որ հակակրանքը հասնի իր առավելագույն աստիճանին, մեկ էլ կտրուկ վերածվում է խղճահարության, կարեկցանքի։ Սա էն վերևից նայելով, արհամարհական խղճահարությունը չի, երբ կատաղությունից (հաճախ՝ նաև անզորությունից) պայթելով՝ դիմացինի դեմքին շպրտում են, թե խղճում են նրան, բայց իրականում բոլորովին էլ չեն խղճում, այլ պարզապես ատում են։ Իմ նկատի ունեցած դեպքում խոսքը լրիվ անկեղծ, իսկական խղճահարության ու կարեկցանքի մասին է, ու էդ դեպքում հաստատ դիմացինին դրա մասին հայտնելու ցանկություն էլ չես ունենում։ Ուղղակի կարծես «առաստաղին» խփվելուց հետո մարդը միանգամայն բնականորեն ընկնում է ցած և անօգնական ու խղճալի փռվում հատակին։ Մեկ էլ հանկարծ սկսում եմ կարծես մոտիկից ու խոշոր պլանով տեսնել էդ մարդու՝ էդպիսի լինելու հնարավոր պատճառները ու ցավ եմ զգում եմ իր համար։ Մտածում եմ՝ էդ աստիճանի փոքրանալու համար մարդը պիտի որ ահագին «ինքն իր վրայով անցած» լինի, իսկ «իր վրայով անցնելը» դժվար թե որևէ մեկի համար հեշտ կամ հաճելի լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.04.2016), Smokie (02.02.2016), Արշակ (22.01.2016), Զաքար (24.01.2016), Նիկեա (22.01.2016), Վոլտերա (22.01.2016)

  13. #247
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագրումդ ուշ–ուշ գրելը հատկապես զգում ես էն ժամանակ, երբ բացում ես «Օրագրեր» ենթաբաժինը, որ էնտեղից էլ քո օրագիրը մտնես, ու առաջին էջում չես գտնում օրագիրդ։


    * * *
    Հետաքրքիր է, ամբողջ կյանքում ինձ համարյա միշտ զգացել եմ կամ թերագնահատված, կամ գերագնահատված, ու միայն շատ հազվագյուտ դեպքերում՝ ըստ արժանվույն գնահատված։ Իհարկե, «ըստ արժանվույնն» էլ իր հերթին իմ սուբյեկտիվ ընկալումն է, բայց ամեն դեպքում այն գոյություն ունի, ու դրա հիման վրա էլ թերագնահատվածությունն ու գերագնահատվածությունն են ընկալվում։ Ընդ որում՝ նշածս երկու ծայրահեղ գնահատականները երբեմն կարող եմ զգալ նույն մարդու կողմից՝ տարբեր առումներով։ Ու երկուսն էլ՝ թե՛ թերագնահատվածության, թե՛ գերագնահատվածության գիտակցումը, հավասարապես ցավոտ են։


    * * *
    Տարիներ առաջ էստեղ երկու անգամ գրառում էի արել պարբերաբար կրկնվող երկու երազներիս մասին. մեկը մաթեմատիկայի քննության մասին էր, մյուսը՝ երաժշտության (երաժշտական դպրոցիս)։ Երկու առարկաների դեպքում էլ կամ վերջին պահին են մեզ տեղեկացնում, որ քննություն ունենք, ասենք, մի երկու օր քննությունից առաջ, կամ էլ ուղղակի պարզվում է, որ ես ժամանակին պիտի հանձնեի էդ քննությունը, բայց մոռացել էի, կամ ծուլացել էի ու չէի հանձնել, ու հիմա պիտի հանձնեմ։ Մի խոսքով՝ երկուսի դեպքում էլ անտանելի դիսկոմֆորտով, տագնապներով ու խղճի խայթով հագեցած երազներ են, ու դրանք դպրոցն ավարտելուց ի վեր պարբերաբար տեսնում էի։

    Մաթեմի քննության մասին հետապնդող երազս բարեհաջող կերպով ինձ լքեց այն բանից հետո, երբ մոտ հինգ տարի առաջ քոլեջում որպես պարտադիր առարկա՝ մաթեմատիկա վերցրի ու գերազանց հանձնեցի։ Դա, փաստորեն, ինքնըստինքյան լուծում ստացվեց. առարկան ավարտելուց հետո էդ երազն այլևս ոչ մի անգամ չեմ տեսել։ Երաժշտության քննության մասին երազը դեռ շարունակում է ինձ հետապնդել. վերջին անգամ վերջերս եմ տեսել, ու, ցավոք, ոչ մի առաջընթաց։ Երաժշտության դաս դժվար թե վերցնեմ, բայց մի ուրիշ բան եմ մտածում անել էդ կապակցությամբ, տեսնենք՝ ոնց կստացվի։ Ամեն դեպքում մի բան հաստատ պետք է անել էդ մղձավանջից ազատվելու համար, հատկապես որ արդեն փորձով գիտեմ, որ անելն օգնում է։

    Պատմություն առարկա եմ անցնում հիմա (ԱՄՆ–ի պատմություն)։ Զարմանալի է, որ պատմության հետ կապված նմանատիպ երազ չունեմ։ Ախր շատ կսազեր։ Բայց չէ, չեմ բողոքում, հանկարծ չհայտնվի... Ուղղակի զարմանում եմ. երաժշտության հետ կապված նման երազ ունեմ, էն դեպքում, երբ երաժշտական դպրոցում ընդհանուր առմամբ լավ եմ սովորել ու հատկապես լավ էլ ավարտել եմ, ուղղակի ընթացքում, վերջին երկու տարին չհաշված, ահագին ալարկոտություն եմ արել ու գլուխ պահել, մաթեմն էլ վատ չեմ սովորել դպրոցում, ուղղակի տասներորդ դասարանում, երբ պարապում էի ընդունելության քննությունների համար, ու մաթեմը դրանց հետ հեչ կապ չուներ, վերջին կիսամյակում ահագին աչքաթող էի արել, իսկ պատմության դեպքում շատ ավելի մեծ է «պարտքս». ոչ դպրոցում եմ պատմությունը նորմալ սովորել, ոչ ինստիտուտում, ու եթե խորանանք, խիղճս ամենաշատը պատմության առումով է ծանր։ Բայց արի ու տես, իմ երազադարանի «սարսափ» բաժնում պատմությանը նվիրված երազ չկա։ Իսկապես չեմ հասկանում, թե ինչի հաշվին եմ էդպես հեշտ պլստացել էս առումով։

    Բայց դատելով նրանից, թե ինչ դժվարությամբ եմ սովորում հիմիկվա պատմություն առարկան, թե ինչքան ժամանակ եմ ծախսում, ինչ դանդաղ եմ առաջ գնում, վախենամ, որ էս անգամ առարկան հանձնելուց հետո՛ սկսեմ էդպիսի երազ տեսնել... Վախենում եմ, որ սա դառնա քոլեջի իմ միակ ցածր գնահատականը։ Նույնիսկ քիմիան ու պատմությունը բարեհաջող հանձնեցի, իսկ էս մեկը լուրջ վախենալու է։ Ո՞նց են մարդիկ պատմություն սովորում։ Ինձ համար մի տաժանակիր աշխատանք է. չեմ կարող նկարագրել, թե ինչ բարդ է էդ ամենը հիշելը, լիքը իրադարձություններ որպես ամբողջություն տեսնելը, իրար կապելն ու համապատասխան եզրակացություններ անելը։ Երևի զգալի չափով նաև հենց պատմություն սովորելու փորձի պակասով է պայմանավորված էս դժվարությունը, չգիտեմ։ Ախր հետաքրքիր էլ է, չեմ կարող ասել, թե ձանձրանում եմ։ Բայց, մեկ է, դժվար է, ահավոր դժվար։


    * * *
    էսօր էսպիսի մի համեմատություն մտքովս անցավ. ժամանակի սղության պատճառով ստեղծագործական աշխատանքից զրկված լինելով՝ կարևոր ու անհրաժեշտ այլ գործեր անելը նման է նրան, որ երկար ժամանակ հաց կերած չլինես, սոված մեռնելիս լինես, բայց հաց չուտես, քանի որ դրա ժամանակը չունես, եթե ուտես, չես հասցնի մնացած գործերդ, իսկ դրանք ավելի կարևոր են, բայց միաժամանակ էդ գործերիդ վրա էլ չես կարողանում նորմալ կենտրոնանալ, ինչքան էլ փորձում ես, արդյունավետ աշխատել չի ստացվում, քանի որ սովը խանգարում է. ուշք ու միտքդ ուտելն է։ Էդպես սոված սատկելով էլ ապրում եմ՝ արդեն ահագին ժամանակ։ Ոչ արածս գործից եմ բան հասկանում, ոչ էլ կարողանում եմ մոռանալ, որ սոված եմ։ Տեսնեմ՝ դեռ ինչքան կձգեմ...


    * * *
    Վերջերս մի թեմա եմ ուզում բացել «Նորաձևություն և ոճ» բաժնում։ Ահագին ժամանակ է՝ մտածում եմ՝ բացե՞մ, թե՞ չարժե, եթե բացեմ, որևէ մեկին կհետաքրքրի՞, թե՞ թանգարան–թեմայի կվերածվի։ Վերջերս հաճախ եմ Ակումբում թեմա բացելու հետ կապված ինձ լրիվ նորեկի պես զգում... Ու՞մ մտքով կանցնի, որ Ակումբի առաջին թեման (ավելի ճիշտ՝ առաջին մի քանի թեմաները) ես եմ բացել։ Մի քիչ էլ, ու կգնամ էն «Բարև, Ակումբ, ես...» թեմայում կներկայանամ որպես նորեկ ու կխնդրեմ ինձ ծանոթացնել Ակումբին ։ Գնալով փոքրանում եմ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.03.2016, 07:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.03.2016), Cassiopeia (14.03.2016), laro (15.03.2016), Mr. Annoying (14.03.2016), Sambitbaba (21.04.2016), Smokie (19.03.2016), Զաքար (14.03.2016), Մանուլ (20.03.2016), Մուշու (14.03.2016), Նիկեա (14.03.2016)

  15. #248
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ եմ ուզում մայրության, երեխաների դաստիարակության վերաբերյալ զանազան թեմաներ բացել, քննարկել, նկատի ունեմ՝ նաև նուրբ ու խնդրահարույց թեմաներ, մայրության «հակառակ կողմը» բացահայտող, քննարկել էն հոգեվիճակները, զգացողությունները, ցանկությունները, արարքները, որոնց մասին սովորաբար ընդունված չի բարձրաձայնել, քանի որ դրանք, այսպես ասած, պատիվ չեն բերում մեզ, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնորոշ են եթե ոչ բոլորին, ապա առնվազն ճնշող մեծամասնությանը։ Բայց գրեթե համոզված եմ, որ նման թեմաներ բացելու դեպքում մենակ եմ մնալու դրանցում. դժվար թե որևէ մեկն անկեղծանա ու համարձակվի անկեղծ ու անկաշկանդ խոսել ու քննարկել որպես մայր ունեցած իր խնդիրները, դժվարությունները, թերացումները, մեղքի զգացում առաջացնող երևույթները, հոգեվիճակները և այլն (մարդիկ իսկի էն անմեղ՝ երեխաների զարգացման վերաբերյալ թեմաներում ձայն–ծպտուն չեն հանում, էլ ուր մնաց՝ էդպիսի թեմաներում)։ Ու անկեղծանալու դեպքում ի վերջո կստացվի, որ դու մեջների ամենաանհաջող մայրն ես, որ նման դժվարություններ ունես, մյուս բոլորի մոտ ամեն ինչ իդեալական է, ու կփոշմանես, որ ընդհանրապես շոշափել ես էդ թեման։ Ընդհանրապես մայրությունը չափազանց նուրբ թեմա է ու մայրերի համար լուրջ մրցակցության դաշտ. ոչ ոք չի ուզում էդ մրցադաշտում պարտվող երևալ, թերի կողմով բացահայտվել, բոլորն ուզում են ցույց տալ, որ իրենք շատ լավ են հաղթահարում էս կամ էն դժվարությունը, կամ որ, ավելին, իրենք դժվարություններ ընդհանրապես չունեն. շատերը հատկապես համեմատության մեջ են սիրում դա շեշտել. «Իսկ իմ երեխան՝ էսպես, իսկ իմ երեխան՝ էնպես...» «Մենք էդպիսի խնդիրներ չունենք»։ Բնականաբար, բոլորը նույն խնդիրները չեն կարող ունենալ, պարզ է, բայց երևի շատ քչերն են, որ ընդհանրապես խնդիրներ չունեն։ Ես որ էսքան ժամանակ դեռ միայն մի երկու ծնողից եմ էդպիսի տպավորություն ստացել, իսկ թե իրականում ինչքանով է էդպես՝ չգիտեմ։ Ու արդյունքում երևի շատերը մնում են իրենց խնդիրների հետ միայնակ (էն խնդիրների, որոնց մասին ընդունված չի խոսել, ու երևի ամեն մեկը մտածում է, որ միայն ինքն ունի էդ խնդիր(ներ)ը), բայց կարևորը՝ կողքից լավ (երբեմն՝ նույնիսկ անթերի) ծնողի համբավով։ Նույնիսկ Ֆեյսբուքում գործող համապատասխան խմբերում հարցերը, որպես կանոն, կենցաղային, առողջական ու գործնական ոլորտի են լինում, չեմ հիշում, որ հոգեբանական–էմոցիոնալ ոլորտին վերաբերող որևէ հարց բարձրաձայնված տեսնեմ կոնկրետ մարդու կողմից։ Էդ թեմաները, որպես կանոն, մեկ–մեկ պատահում են միայն ինչ–որ հոդվածների հղումների տեսքով, բայց ոչ երբեք անձնական օրինակով։ Ու զարմանալի էլ չի. ոչ ոք չի ուզում առաջինը լինել. ի վերջո, ու՞մ համար է հաճելի մյուսների ֆոնին ավելի վատը երևալը, հետն էլ քննադատվելն ու մեղադրվելը։

    Անգլալեզու կայքերում հաճախ են պատահում նյութեր, հոդվածներ՝ նշածս մայրության «հակառակ կողմը» բացահայտող երևույթների վերաբերյալ, որոնք կարդալիս հանգստանում ես, մխիթարվում ու հասկանում, որ միայն դու չես, որ էդ դժվարություններն ունենում ես, որ, փաստորեն, էնքան էլ սարսափելի կամ աննորմալ չես, ինչքան քեզ թվում էր, ու որ նկարագրված ոչ էնքան դրական երևույթներն ավելի քան բնական հոգեվիճակներ ու զգացողություններ են գրեթե ցանկացած ծնողի համար, պարզապես դրանց մասին ընդունված չէ բարձրաձայնել։ Ու կարևոր է նաև, որ էդ գրառումները հաճախ ոչ թե վերացական հոդվածներ են լինում, այլ կոնկրետ մարդկանց անձնական բլոգային գրառումներ ու հոդվածներ՝ սեփական փորձի, սեփական զգացողությունների մասին՝ առավելագույն անկեղծ ու կարծես մինչև վերջին նյարդը մերկացված ու բացահայտված։


    Լավ, մի քիչ էլ պոզիտիվ ։
    Արեգը (5.5 տարեկան) վերջապես արդեն համարյա վարժ կարդում է հայերեն. միայն մի քանի «խուճուճ» տառ կա, որ դեռ լավ չի հիշում հաճախ, դրանք չհաշված՝ արդեն ինչ տեսնի գրված, հիմնականում նորմալ կարողանում է կարդալ։ Գրելը դեռ ավելի հետ է. տառեր կան, որ թեև տեսնելիս հստակ ճանաչում է, բայց երբ ինքը պիտի գրի՝ առանց տեսնելու, դեռ լավ չի հիշում գրելու ձևը, բայց կարևորը՝ հավես ունի։ Ընդհանրապես էս հայերեն գրել–կարդալ սովորեցնելու հետ կապված պարբերաբար ահագին հուսահատության պահեր են եղել. երբեմն մոտիվացիա գտնելը լուրջ խնդիր է, երբ արտասահմանում ես ապրում ու երեխան հայերենի հետ միայն ընտանիքում է առնչվում։ Անգլերեն գրել–կարդալը մանկապարտեզում սովորում են, արդեն հանգիստ կարդում ու գրում է (ճիշտ է, գրելը թեկուզև ազատ, բայց դեռ հաճախ տառասխալներով), պարզ գրքեր էլ է կարդում ինքնուրույն, ու ԱՄՆ–ում ապրելու պարագայում կարիք չկա բացատրելու, հասկացնելու դրա անհրաժեշտությունը. ամեն քայլափոխի դա ակամա տեսնում է մարդը։ Ինչ վերաբերում է հայերենին, էս տարիքում գիտակցական մակարդակով երեխային սովորելու մղելը բավական բարդ գործ է։ Միակ տարբերակը զուտ հետաքրքրությամբ մոտիվացնելն է՝ հայերեն գրելն ու կարդալն իր համար հետաքրքիր ու հաճելի որոշ գործունեության ձևերի հետ անուղղակիորեն կապելը, որ հանուն հետաքրքրության ու հավեսի պարզապես ցանկանա անել, մինչև որ բարով–խերով հասնի արդեն էդ ամենը գիտակցված շարունակելու ու զարգացնելու տարիքին։

    Վերջերս ահագին հետաքրքիր գաղափարներ եմ մտածել հայերեն գրել–կարդալուն մոտիվացնող. հուսով եմ՝ դեռ որոշ ժամանակ դրանք կգործեն, մինչև որ անհրաժեշտության դեպքում նորերը մտածեմ։ Համ էլ պարզել ենք, որ շատ է սիրում ցուցակներ գրել, ու ես էլ փորձում եմ առիթից օգտվել. ամեն հարմար առիթ օգտագործում եմ, որ մի ցուցակ գրել տամ։ Օրինակ՝ էն օրը որոշեցինք գրել, թե որ գործողությունները լավ կլինի, որ ինքն անի, ու որոնք չարժե կամ չի կարելի անել։ Շատ հավեսով սկսեց գրել։ Ճիշտ է, ամեն ցուցակը գրելն ահագին երկար է տևում, բայց կարևորը՝ հետաքրքրված է ու ամեն նմանատիպ ցուցակ գրելու ընթացքում զգալիորեն կատարելագործվում է հայերեն գրել–կարդալու գործում։ Նաև սիրում է օրվա անելիքների ցուցակներ կազմել, էդ թվում և մամայի ու պապայի անելիքների ։ Կամ՝ երբ իմանում է, որ մեկը պիտի գնումների գնա, դե, նման դեպքերում ցուցակ ենք գրում, որոշում է, որ ինքը պիտի գրի ցուցակը, ու գնվելիք ապրանքը ներկայացնող յուրաքանչյուր կետի դիմաց նաև նկարում է տվյալ ապրանքը ։

    Մի փոքրիկ գիրք ունենք՝ հայերեն տառերի. կազմված է մի քանի ստվարաթղթե էջերից, ամեն մեկի վրա հայերեն այբուբենի մի քանի տառ՝ մեծատառ, փոքրատառ՝ խոշոր գունավոր գրված, ամեն տառի կողքին էլ տվյալ տառով սկսվող ինչ–որ բանի նկար։ Տղաս հայերեն ինչ–որ բան գրելիս, երբ որևէ տառ մոռանում է, ինձ հարցնում է, մի թղթի վրա գրում եմ, որ դրան նայելով՝ ինքն էլ գրի։ Էն օրը, երբ էլի էդ գործին էինք, մեկ էլ հանկարծ որոշեց, որ չի ուզում՝ ես ասեմ իրեն տառերը, դրա փոխարեն ուզում էր, որ նշածս գիրքը բացի, ինքնուրույն մեջից գտնի իրեն պետք եղած տառերը ու գրի։ Գնաց, գիրքը հանեց, բերեց ու ասեց. «Համ էլ էս գիրքը սարքողը ուրախ կլինի, որ իրա սարքած գիրքն օգտագործենք» ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.07.2016), Cassiopeia (08.07.2016), ivy (08.07.2016), Mr. Annoying (08.07.2016), Smokie (23.07.2016), Tiger29 (08.07.2016), Աթեիստ (08.07.2016), Զաքար (08.07.2016), Մուշու (08.07.2016), Ներսես_AM (08.07.2016), Նիկեա (08.07.2016), Շինարար (08.07.2016), Փոքրիկ շրջմոլիկ (08.07.2016)

  17. #249
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ՝ ինչ անտանելի դանդաղ էր անցնում ժամանակը, երբ փոքր էի... Ընդհանուր առմամբ էլ էր շատ դանդաղ անցնում, բայց հատկապես արձակուրդները ոչ թե պարզապես դանդաղ էին անցնում, այլ կարծես ընդհանրապես չէին անցնում. մի տաղտկալի հավերժություն՝ մեկը մյուսից չտարբերվող օրերով, անելիքի, իրադարձությունների, հնարավորությունների ու հավեսի իսպառ բացակայության խտացմամբ։ Չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես էր, բայց քանի որ մենք գրեթե երբեք չէինք գնում որևէ տեղ հանգստանալու, ու արձակուրդներն անցնում էին տանը թթված, ես, որ մինչ այդ անհամբեր սպասում էի դասերի վերջանալուն, արձակուրդների սկսվելուց շատ չանցած՝ արդեն սկսում էի օրերը հաշվել, թե երբ եմ նորից դասի գնալու։ Նույնիսկ հիշում եմ օրագրերս, որոնցում հաճախակի գրում էի. «Ե՞րբ են վերջապես ավարտվելու այս անիծյալ արձակուրդները...» կամ «Դասերի սկսվելուն մնացել է էսքան օր»։

    Ժամանակի ընթացքը կտրուկ արագացավ դպրոցն ավարտելուցս հետո։ Ի տարբերություն շատերի՝ չեմ կարող ասել, թե ուսանողական տարիներն իմ կյանքի ամենահետաքրքիր կամ ամենահաճելի կամ ամենաանմոռաց տարիներն են եղել։ Չէ, իրականում շատ հեռու էին էդպիսին լինելուց։ Էնտեղ էլ տաղտուկը քիչ չէր, թեև, իհարկե, չէր կարող համեմատվել դպրոցական տարիների տաղտուկի հետ։ Բայց, չգիտես ինչու, ժամանակը սկսել էր սլանալ կատաղի արագությամբ։ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, բայց էնքան հստակ եմ հիշում ժամանակի տեմպի էդ կտրուկ փոփոխությունը, էն անսովոր զգացողությունը, որ աչքդ թարթում ես, մեկ էլ տեսնում ես՝ էս մի ուսումնական տարին էլ անցավ–գնաց։ Ու էդ շրջանից սկսած՝ ժամանակի արագությունը գնալով մեծանում է, անընդհատ, էն որ շունչդ կտրվում է, չես հասցնում հասկանալ, թե ինչը երբ եղավ, ոնց եղավ... Միայն մի բան կա, որի հետ կապված կուզենայի արագացնել ժամանակը, մնացած բոլոր առումներով ուզում եմ հնարավորինս դանդաղեցնել։ Ոնց որ չհասցնես հետևել սեփական կյանքիդ ընթացքին։ Երբ տասը տարի առաջվա Ակումբային հանդիպման նկարները նայելիս թվում է, թե մեկ–երկու տարի առաջ էր, երբ գիտակցում ես, որ տղադ արդեն դպրոց պիտի գնա, բայց ախր կարծես բոլորովին վերջերս էր ծնվել... Ուսանողական տարիներին բոլորովին էլ դեմ չէի ժամանակի էդ արագ ընթացքին, բայց հիմա մի տեսակ չեմ ուզում, որ էսքան արագ անցնի, ուզում եմ կանգնեցնել, ինձ թվում է՝ չեմ հասցնում ամեն ինչ լիարժեք ապրել։ Երբեմն նայում եմ տղայիս համով մռութին ու ուզում եմ մտապահել, ինչ–որ կերպ հավերժացնել էդ աննկարագրելի պուպուշությունը, էդ տարիքին բնորոշ առանձնահատուկ վիճակները՝ խոսելաձևը, ընկալումները, մտածելակերպը, միամտությունը, հետաքրքրասիրությունը, հավեսը, որ մի օր անցնելու են, վերափոխվելու են, հիմիկվանը չեն լինելու...

    Ես վաղուց մոռացել եմ, թե ինչ է ձանձրույթը. ուղղակի չկա էդ երևույթն իմ կյանքում, ու պատճառը բնավ զբաղված լինելը չի։ Ոչ միայն պարտականություններն ու անհրաժեշտ գործերը, այլև էն բաները, որոնցով ուզում եմ զբաղվել, էնքան շատ են, որ ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր ձանձրանալ։ Հակառակը՝ անընդհատ մտածում եմ՝ ո՞նց հասցնեմ անել էն բոլոր բաները, որոնք ինձ հետաքրքրում են, հաճելի են, օգտակար են։ Ժամանակն ինձնից փախչում է, իսկ ես անընդհատ փորձում եմ նրան բռնել ու կազմակերպել ուզածիս պես։ Դեռ չի հաջողվում։ Ամենաշատն անհանգստանում եմ, որ որոշ բաներ չեմ հասցնի ժամանակին անել, իսկ հետո արդեն ուշ կլինի։

    Մեկ էլ շատ հուսով եմ, որ դեռ երկար կամ, ավելի լավ է, միշտ, ինձ քսան տարեկան կզգամ, ինչպես հիմա։ Որ չեմ կորցնի էն հավեսը, որ ունեմ հիմա մի շարք զբաղմունքների ու երևույթների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ժամանակն ինչ արագությամբ կվազի։ Ու որ ծովափին հետաքրքիր ու սիրուն խճաքարեր ու խեցիներ հավաքելը երբեք անիմաստ զբաղմունք չի թվա, այլ միշտ նույնքան հավես կլինի, որքան երեսուն տարի առաջ էր կամ թեկուզ հիմա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.07.2016, 06:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (17.07.2016), kitty (18.07.2016), Mr. Annoying (17.07.2016), Smokie (23.07.2016), Զաքար (21.07.2016), Մուշու (17.07.2016), Նիկեա (17.07.2016)

  19. #250
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամիսն ավարտվեց։ Ես էլ ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրել ինձ համար էս ամսվա ու երևի նաև տարվա ամենակարևոր իրադարձության (իսկ եթե ավելի գլոբալ նայենք՝ ընդհանրապես կյանքիս ամենակարևոր իրադարձություններից մեկի) մասին։

    Ամսվա սկզբին ծնվեց իմ երկրորդ բալիկը՝ Դավիթը։ Հետաքրքիր է, որ, ի տարբերություն մեծ տղայիս՝ Արեգի, իրեն դեռ հղի ժամանակս մի տեսակ պատկերացնում էի, ոչ թե արտաքինով, այլ ավելի ընդհանուր՝ որպես կերպար, ու ծնվելուց հետո էլ իրեն տեսնում ու ընկալում եմ հնց էնպիսին, ինչպիսին զգում, պատկերացնում էի դեռևս չծնված ժամանակ։ Զգացողություններս էլ որպես մամա, ահագին տարբեր են, չգիտեմ՝ ավելի հասունացել եմ էդ առումով, թե կոնկրետ երեխան էլ կապ ունի, բայց հաստատ ուրիշ են։ Դավիթն, ըստ իս, արտաքինով բավական նման է Արեգին, բայց խառնվածքով, առնվազն իմ ընկալմամբ, ուրիշ է։ Անհամբեր սպասում եմ, որ մի քիչ մեծանա, ու ավելի հստակ երևա, թե ինչքանով է զգացողությունս ճիշտ։

    Արեգին, իհարկե, հղիությանս ամբողջ ընթացքում նախապատրաստել ու տրամադրել էինք ապերիկի հայտնվելուն։ Ինքն էլ, թեև համոզված եմ՝ կարգին չէր պատկերացնում ապերիկ ունենալու ազդեցությունն իր կյանքի վրա, բայց անհամբեր սպասում էր, թե երբ է ծնվելու։ Ամեն դեպքում ինչ–որ նոր ու արտասովոր իրադարձություն պիտի լիներ, իսկ երեխաները սիրում են նորություններ։

    Երբ դեռ հիվանդանոցից մի քանի լուսանկար էինք ուղարկել մերոնց (մայրս ու քրոջս ընտանիքը մեր տանն էին), Արեգի առաջին ռեակցիան եղբոր նկարը տեսնելիս էսպիսին էր «Էնքան էլ դուրս չեկավ. շատ ա կարմիր, բերանն էլ տխուր ա»։ Հետո, երբ տուն եկանք ու արդեն իրականում էլ տեսավ, գնահատող հայացքով նայեց, նայեց ու մի տեսակ հիասթափված–վիրավորված տոնով ասեց. «Ինչի՞ ա էսքան կարմիր, սենց շատ կարմիր գեշ ա »։ «Էդ կարմրությունը քիչ–քիչ կանցնի, դու էլ էիր սենց կարմիր, երբ նոր էր ծնվել, հետո անցավ»։ Բայց «քիչ–քիչ»–ն, ըստ երևույթին, Արեգը շատ լավատեսորեն էր հասկացել. նույն օրը մեկ էլ եկավ, նայեց եղբորն ու էլի հիասթափված բացականչեց. «Դեռ կարմիր ա...»։ Էդ օրը մի անգամ էլ եկավ ստուգելու ու անհամբեր–դժգոհ տոնով ասեց, որ կարմրության անցնելը շատ է ուշանում։ Ես էլ ասեցի, որ անընդհատ ստուգելն իմաստ չունի, էդքան շուտ չի անցնի, պիտի մի քիչ ժամանակ անցնի, որ գույնը փոխվի։ Դրանից հետո կարմրության առնվազն ակնհայտ ստուգումներ կարծեմ չեն եղել Արեգի կողմից։ Սկզբում, երբ դեռ քրոջս ընտանիքը մեր տանն էր, այսինքն՝ մինչև մի քանի օր առաջ, Արեգը հիմնականում տարված էր քրոջս աղջկա հետ խաղալով ու ապերիկով առանձնապես չէր հետաքրքրվում, բայց հիմա սկսել է հետաքրքրվել, հաճախ մոտենում է, ջերմություն է ցուցաբերում, փաղաքշելու ցանկություն է հայտնում, փորձում է ինչ–որ բանով ուշադրությունը գրավել։


    Դավիթի ծնվելուց հետո Արեգը կտրուկ սկսեց ինձ մեծ թվալ։ Մտածում եմ՝ մինչև ծննդաբերելս է՞լ էր էսպիսին, թե՞ փոխվել է էն մի քանի օրվա ընթացքում, երբ հիվանդանոցում էի։ Հասկանում եմ, որ ինչ–որ առումով բնական է, որ նորածնի հետ համեմատության մեջ պիտի մեծ թվար, բայց մի տեսակ չափից դուրս մեծ է թվում՝ թե՛ չափերով, թե՛ ուրիշ առումներով։ Մի խոսքով՝ մինչև վերջերս ես չգիտեի, որ էսքան մեծ տղա ունեմ ։


    Առօրյաս կտրուկ փոխվել է. կարելի է ասել, օրվա մոտ 70 տոկոսը ես զբաղված եմ ճուտիկին կրծքով կերակրելով։ Ինքը շատ ուտում է, քիչ քնում։ Արեգն էլ է քիչ քնող եղել (թեև հիմա էլ), ու երկուսն էլ ինձ են քաշել, բայց Դավիթը չափից դուրս քիչ է քնում։ Երբեմն ստիպված եմ լինում ժամեր շարունակ համարյա անդադար կերակրել։ Երբեմն ահավոր եմ հոգնում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, հատկապես եթե գիշերն է լինում էդ ժամերով կերակրելը, երբ քունս ահավոր տանում է, բայց քնելու ձև չունեմ... Կերակրելու ընթացքում քինդլով գիրք կարդալն ահագին օգնում է թեթև տանելուն, թեև երբեմն էնքան քնկոտ եմ լինում, որ գրքին նայել էլ չեմ կարողանում։
    Վատն այն է, որ Արեգի հետ զբաղվելու ժամանակ ու էներգիա էլ գրեթե չի մնում։ Բայց էն օրը մի «գյուտ» էլ արեցի. մտածեցի, որ կերակրելու ժամանակ բացի կարդալուց, երբեմն կարող եմ Արեգի հետ էլ զբաղվել։ Ահագին ժամանակ բառախաղ խաղացինք, որը հղիությանս վերջին ամսում հաճախ էինք խաղում, ինքն էլ շատ սիրում է։ Դրանով համ կարդալն է բարելավվում, համ գրելը. հերթով ինչ–որ բառ ենք պահում հայերեն, Поле Чудес-ի նման, ուղղակի մենք հենց սկզբից գրում ենք բառի առաջին երկու կամ երեք տառերը՝ կախված բառի երկարությունից, ու մյուսը պիտի կռահի, թե ինչ բառ է ու մնացած տառերը գրի դատարկ վանդակներում։ Պարտադիր չէ գրել հենց դիմացինի մտածած բառը. կարևորը տվյալ տառերով սկսվող ու նշված քանակով տառեր ունեցող բառ գրելն է։

    Պետք է մտածել, թե ուրիշ ինչերով կարելի է զբաղվել կրծքով կերակրելիս... Ինչ լավ կլիներ՝ որևէ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ձև էլ գտնեի։

    Հ.Գ. Բայց քիչ քնելն ինչ վատ բան է. լրիվ կես մարդ ես դառնում. ոչ ուժ է մնում որևէ բան անելու, ոչ հավես։ Օրինակ, էս գրառումն անելու փոխարեն ես հիմա կարող էի քնել։ Բայց կյանքը չափից դուրս ձանձրալի կլինի ուտելուց, կերակրելուց ու քնելուց բաղկացած լինելու դեպքում։ Հաճախ կանգնում եմ «ուտե՞լ, թե՞ քնել» լուրջ երկընտրանքի առջև։ Չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե չէ, բայց ավելի հաճախ ընտրում եմ ուտելը... Հա, ես շատ բկլիկ եմ դարձել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.09.2016, 06:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.09.2016), Cassiopeia (03.09.2016), Freeman (03.09.2016), GriFFin (03.09.2016), ivy (03.09.2016), John (03.09.2016), kitty (03.09.2016), Mr. Annoying (04.09.2016), Ruby Rue (03.09.2016), Smokie (19.09.2016), Tiger29 (03.09.2016), Աթեիստ (03.09.2016), Զաքար (04.09.2016), մարդագայլուկ (04.09.2016), Մուշու (03.09.2016), Նիկեա (03.09.2016)

  21. #251
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիթն ուղղակի հրաշք է՝ մի պուպուշագույն արարած։ Նայում ես երջանիկ մռութին, պուպուշ ժպիտին, ու զգում ես, որ արժե ապրել հենց թեկուզ էդ մռութը տեսնելու ու իրեն հպվելու համար։ Էնքան դրական էներգիա եմ ստանում իրենից։ Ու ո՞նց էի ես էդքան ժամանակ ապրում առանց էս մռութի։ Երկու օր առաջ չորս ամսական դարձավ։ Արեգին էնքան շատ է սիրում. էնպիսի ջերմ–հիացական հայացքով է նայում եղբորը, որ ուղղակի տեսնել է պետք։ Հետաքրքիր է, որ չի սիրում օրորոցայիններ. հենց սկսում ենք երգել, դեմքը կամաց–կամաց հուզված, տխուր արտահայտություն է ստանում, ու սկսում է հոնգուր–հոնգուր լացել։ Չէ, ես վատ չեմ երգում, ազնիվ խոսք, հաստատ դրանից չի, որ լացում է։

    Վերջերս հազիվ հաջողվել է նորից ռեժիմի մեջ մտնել։ Կոմպը միացնում եմ միայն ցերեկվա 12–ից հետո, քանի որ արդեն վերջնականապես համոզվել եմ՝ միացրած ժամանակ ուրիշ բանով զբաղվելն ու զուտ ձեռի հետ մեկումեջ կոմպի մեջ ծիկրակելն ուղղակի չի գործում։ Ժամը յոթին արթնանալու պարագայում քիչ ժամանակ չի, բայց, մեկ է, էլի չեմ հասցնում անել էն ամենը, ինչ կուզենայի։ Ամեն դեպքում ռեժիմին հետևելն ու դրա շնորհիվ լիքը բաներր հասցնելն օգնում է, որ խրոնիկական ինքնադժգոհությունս ահագին պակասի։ Ես չգիտեմ, թե ուրիշները ոնց են հաջողացնում համ լիարժեք տնային տնտեսուհի լինել՝ ամեն օր ժամանակին ճաշ պատրաստել, շուրջբոլորը միշտ հավաք ու մաքուր պահել, երեխաներով զբաղվել, համ էլ իրենց համար ժամանակ գտնել։ Ես չեմ կարողանում։ Միշտ գոնե ինչ–որ բան պիտի դուրս մնա։ Բալանսը պահելը շատ բարդ է։ Բայց շարունակում եմ փորձել։ Մենակ գիտեմ, որ երբ ստիպված եմ լինում վազվզոցի մեջ ընկնել, օրինակ՝ օրական մի քանի անգամ տնից դուրս գալ ու ինչ–որ տեղեր գնալ–գալ, շատ արագ սպառվում եմ ու ցանկություն եմ ունենում գլուխս առնելու ու գրողի ծոցը կորչելու։

    Ստեղծագործական աշխատանքի համար դեռ ժամանակ չեմ գտնում, թեև կիսատ աշխատանք ունեմ, որի վրա ամեն օր հույս եմ ունենում աշխատել, բայց չի հաջողվում։

    Ինձ անընդհատ թվում է, որ ես արժանի չեմ էն ամենին, ինչ ունեմ։ Ու կուզենայի իմանալ՝ էս զգացողությունս իրականում օբյեկտիվությա՞ն նշան է, թե՞ խիստ ցածր ինքնագնահատականի։ Միաժամանակ վախենում եմ «ըստ արժանվույնից» ու ուզում եմ, փորձում եմ ամեն ինչ անել ունեցածիս արժանանալու համար։ Հիմա համարում եմ, որ իմ կյանքի գրեթե բոլոր բացերի մեղավորը ես ինքս եմ, ի տարբերություն էն ժամանակվա, երբ հեշտությամբ կարող էի ասել, որ կյանքն ահավոր անարդար է իմ նկատմամբ։ Հիմա էն գիտակցումը, որ լավացնելն ինձնից է կախված, ահագին մխիթարող ու հուսադրող է։ Միայն թե էստեղ էլ, ինչպես ամեն տեղ, բացառություններից չես խուսափի։ Ցավոք, չեմ կարող ասել, թե բացարձակապես ամեն ինչն է ինձնից կախված։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.01.2017, 22:04:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.12.2016), CactuSoul (06.12.2016), Cassiopeia (06.12.2016), John (06.12.2016), laro (05.12.2016), Mr. Annoying (05.12.2016), Smokie (20.12.2016), Srtik (06.12.2016), Բարեկամ (06.12.2016), Մուշու (06.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (05.12.2016)

  23. #252
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընկուզային ալերգիա կամ մի թխվածքի պատմություն

    ԱՄՆ–ում կարծես մարդկանց ճնշող մեծամասնությունն ինչ–որ բանից ալերգիա ունի։ Ընդ որում՝ հաճախ էնպիսի ալերգիաներ են, որոնց մասին Հայաստանում ընդհանրապես լսած չկայի։ էլ չեմ ասում, որ մարդիկ կան, որ համարյա ամեն ինչից ալերգիա ունեն։ Ամենատարածված ալերգիաներից մեկը (հնարավոր է՝ հենց ամենատարածվածը) գետնանուշից (peanut, фисташка) ալերգիան է։ 2008–ի տվյալներով ամերիկացիների 1.4%–ը գետնանուշից ալերգիա ունի։ Ընդ որում՝ շատերը ոչ միայն այն ուտելուց են վատանում, այլև երբ իրենց ներկայությամբ ուրիշն է ուտում։

    Երբ տղաս սկսեց մանկապարտեզ գնալ, էնտեղ միանգամից հատուկ զգուշացրին, որ մանկապարտեզը peanut free է (գետնանուշից զերծ)։ Մենք էլ մտածեցինք՝ դե, ոչինչ, մենք էսպես թե էնպես գետնանուշ չենք ուտում, բայց ընդհանրապես ընկուզեղենը չրեղենի հետ մեր ամենօրյա սննդի անբաժանելի մաս է կազմում, ու մտադիր էի տղայիս հետ որպես snack՝ ամեն օր չրերի հետ ընկուզեղեն դնել, որ տանի մանկապարտեզ։ Բայց հենց առաջին անգամից հետո գրավոր խիստ զգուշացում եկավ, որ չի կարելի ընկուզեղեն պարունակող որևէ բան տանել մանկապարտեզ։ Հետաքրքիր է, որ պաշտոնապես ընդամենը գետնանուշն էր արգելվում, բայց գործնականում, պարզվում է, ցանկացած տեսակի ընկուզեղեն արգելված է։ Հետագայում իմացանք, որ էստեղ բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում անխտիր արգելված է որևէ տեսակի ընկուզեղենի մուտքը, բայց, չգիտես ինչու, պաշտոնապես միայն գետնանուշի անունն է տրվում ամեն տեղ։

    * * *

    Վերջերս տղայիս ծնունդը պիտի նշեինք դպրոցում։ Էստեղ դա սովորաբար արվում է հետևյալ կերպ. ծննդյան կապակցությամբ հատով ինչ–որ թխվածք (հիմնականում՝ cupcake–ներ) են տանում՝ (փոքր կեքսեր՝ վրան կրեմով ու երբեմն գույնզգույն մանր կոնֆետներով զարդարված)) և ամեն երեխայի համար մի փոքրիկ տոպրակով մի երկու կոնֆետ–մոնֆետ ու մանր–մունր, զիզի–բիզի խաղալիքներ, գրենական պիտույքներ։ Մի տեսակ անկապ փաթեթ, որն ամեն մեկի համար առանձին վերցված՝ մի երևելի բան չի, հատկապես որ դասարանում ամեն երեխայի ծննդյան առթիվ մոտավորապես նույն բաներից ստանում են, բայց ընդհանուր վերցված՝ ահագին ծախս է ստացվում։ Բայց դե բոլորն անում են, չես ուզում, որ երեխադ իրեն վատ զգա, որ իր ծննդին էդ արարողությունը չի արվել։ Մի խոսքով՝ որոշեցինք cupcake–ներ պատվիրել ու փոքրիկ տոպրակներ պատրաստել, ինչպես որ կարգն է։

    Ամուսինս մեր մոտակայքում գտնվող թխվածքների խանութից նախօրոք պատվիրեց cupcake–ները, ես էլ համապատասխան խանութից առա էն ամենը, ինչ պիտի լիներ տոպրակներում։ Ուսուցչուհուն նախօրոք նամակ գրեցինք, տեղեկացրինք, որ ուզում ենք Արեգի ծնունդը նշել, ու հարցրինք, թե որ ժամին ու ոնց է պետք դա կազմակերպել։ Պատասխանելիս նաև հիշեցրին, որ ուտելիքի մեջ հանկարծ որևէ տեսակի ընկուզեղեն չլինի։ Մի տեսակ ավելորդ զգուշացում էր թվում՝ հաշվի առնելով, որ էստեղ կարծես էդպիսի մարդ չկա, որ չիմանա, որ բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ընկուզեղենը խստիվ արգելված է։ Բայց մի պահ վարանեցի. Վազգենին հարցնում եմ՝ իսկ cupcake–նեը պատվիրելիս ասե՞լ ես, որ հանկարծ ընկուզեղեն չլինի մեջը։ Տարակուսած ասում է՝ չէ... Cupcake–ներն արդեն վերցրել ենք։ Հիմա մտածում եմ՝ բա որ հանկարծ ընկույզով լինեն... Ո՞նց իմանանք։ Ասում եմ՝ դու իրենց գոնե ասեցի՞ր, որ դպրոցում ծնունդ նշելու համար է։ Ասում է՝ հա։ Ուրեմն երևի կարող ենք ենթադրել, որ էդքանը կֆայմեն, այսինքն՝ պիտի որ ընկույզով չանեն։ Հնարավո՞ր բան է, որ էստեղ որևէ մեկը չիմանա, որ դպրոցներում ընկույզով ուտելիք չի կարելի։ Էդպես մեզ հանգստացրինք, որ ամեն ինչ պիտի որ նորմալ լինի, բայց կասկածի ինչ–որ նշույլ, այնուամենայնիվ, մեջս շարունակում էր խլրտալ...
    Պայմանավորված ժամին ծննդյան պարագաներն արդեն տանում եմ դպրոց՝ փորձելով վանել cupcake–ների՝ ընկույզ պարունակելու հնարավորության մասին միտքը։ Իրենք գիտեին, որ դպրոցի համար է, հետո՞ ինչ, որ հատուկ չենք զգուշացրել։ Մինչ դասարանում երեխաների հետաքրքրված հայացքների ներքո լարված տեղավորում ու քանդում եմ թխվածքի արկղիկները, ուսուցչուհին ևս մեկ անգամ ճշտում է. «Ընկուզեղենով չեն, չէ՞»։ Ակնթարթորեն լարվում եմ ու ինքս ինձ համոզելով, որ չէ, ասում եմ՝ չէ, ու միաժամանակ կասկածը մեջս գնալով ուժեղանում է... Իսկ եթե պարզվի, որ ընկուզեղենո՞վ են...

    Արկղը բացում եմ, ու ինձ թվում է, թե թարմ թխվածքի հոտի հետ միախառնված ընկուզեղենի բույր է խփում քթիս... Չէ, երևի ինձ է թվում, շատ եմ ներշնչվել... Ուսուցչուհին արդեն բաժանում է cupcake–ները։ Լարված նայում եմ, թե ոնց է բաժին հանում յուրաքանչյուր աշակերտի։ Գրողը տանի, թե ինչի՞ համար նախաձեռնեցինք էս ամենը... Մեզ համար հանգիստ ապրում էինք... Երեխաները սկսում են ուտել cupcake–ները։ Ես էլ, ըստ կարգի, պիտի սպասեմ, մինչև վերջացնեն, որ հետո տոպրակները բաժանեն, ու նոր գնամ։ Խմբով Happy Birthday–ն են երգում։

    Նկատում եմ, որ cupcake–նրը երկու տեսակի են՝ մեկը մուգ խմորով է, ըստ երևույթին՝ շոկոլադով, մյուսն՝ ավելի բաց գույնի։ Հուսով եմ՝ երկու տեսակներից գոնե մեկն ընկուզեղենով չի լինի, ու եթե կան ընկուզեղենից ալերգիա ունեցողներ, ապա նրանց ընկույզովներից չի ընկնի։ Էհ, ինչպիսի հիմարություն։ Պետք է հուսալ, որ ընդհանրապես ոչ մի տեսակն էլ ընկուզեղենով չի։ Շունչս պահած՝ հայացքս սահեցնում եմ բոլոր երեխաների վրայով՝ սարսափած սպասելով, որ հիմա ինչ–որ երեխաներ կվատանան, քանի որ ընկույզից ալերգիա ունեն...

    Մի երկու երեխա ընդհանրապես հենց սկզբից հրաժարվեց թխվածքից։ Տեսնես՝ ինչու՞։ Համենայնդեպս, իրենց հաստատ չի սպառնում ալերգիայից վատանալը... Բայց հետաքրքիր է, ընդհանրապես իրենց դասարանում կա՞ն ընկուզեղենից ալերգիա ունեցողներ, դրա համա՞ր ուսուցչուհին բաժանելուց առաջ մի անգամ էլ ճշտեց՝ ընկույզով է, թե չէ, թե՞ էդ ստուգումը պարզապես ստանդարտ գործողություն է, որ ցանկացած դեպքում անելու էր։ Մինչ նայում եմ, թե ոնց են որոշ երեխաներ ախորժակով լպստում cupcake–ների վրայի կրեմի կույտը, ինչ–որ թույլ հազի ձայներ եմ լսում... Սարսափած սկսում եմ փնտրել հազի աղբյուրը... Ինչ–որ երեխաներ թեթևակի հազում են։ Աստված իմ, չլինի՞ թե ալերգիայի դրսևորման առաջին նշաններն են։ Արդեն պատկերացնում եմ, թե ոնց են կոկորդները բռնում ու խեղդվելով, վատացած ընկնում...

    Չէ, կարծես հազերը դադարեցին։ Լավ պրծանք... Շարունակում եմ ուշադիր հետևել բոլոր ուտողներին։ Ինձ թվու՞մ է, թե՞ տղաներից մեկի՝ Մայլզի աչքերը կարմրել ու լցվել են։ Չէ, չի թվում, դեմքն էլ է կարմրած... Գուցե ալերգիա ունի, և ուր որ է՝ կվատանա... Մայլզին աչքիս տակ պահելով՝ միաժամանակ շարունակում եմ հայացքով ստուգել բոլորին՝ համոզվելու համար, որ ուրիշ ոչ ոք չի վատանում։ Մայլզի դեմքն ու աչքերը դեռ կարմիր են, բայց «առաջընթաց» կարծես չկա։ Դա արդեն լավ նշան է։ Չէ, երևի ամեն դեպքում cupcake–ներն ընկուզեղենով չեն։ Ի վերջո, էդ թխվածքատան (ինչ էլ բառ մոգոնեցի) աշխատողները հո լուսնից չեն իջել, հաստատ կիմանային, որ ընկույզով սարքել չի կարելի։ Բայց տեսնես՝ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ալերգիան դրսևորվի։ Ու տեսնես՝ ի՞նչ ձևերով կարող է դրսևորվել ընկուզեղենի նկատմամբ ալերգիան։ Երեխաների մի մասն արդեն վերջացրել է ուտելը։

    Մայլզի դեմքն ու աչքերը կարծես նորմայի են եկել։ Բայց ամեն դեպքում շարունակում եմ ուշադիր հետևել ուտողներին, ուտելը վերջացրածներին էլ։ Աղջիկներից մեկը, որին շոկոլադով տեսակից է բաժին հասել, cupcake–ը ծամելով, հանկարծ տարակուսած ասում է. «Ընկուզային համ է գալիս...»։ Սիրտս ընկնում է չոքերս... Ո՞նց թե՝ ընկուզային համ է գալիս... Գրողը տանի... Ուրեմն, այնուամենայնիվ, ընկույզո՞վ է։ Չի կարող պատահել... Առաջին պահին մտածում եմ, որ էս աղջիկը շուտով կվատանա, հետո մտածում եմ՝ չէ, եթե էդքան լավ գիտի ընկուզային համը, ուրեմն կարելի է ենթադրել, որ շատ է կերել ընկուզեղեն, այսինքն՝ ինքը դժվար թե ընկուզեղենից ալերգիա ունենա։ Բայց ամեն դեպքում, եթե ընկուզեղենով է, ուրեմն կարող են որոշ մարդիկ վատանալ... Մնում է միայն հուսալ, որ էս դասարանում ընկուզեղենից ալերգիա ունեցողներ չկան։ Կամ՝ որ ալերգիա ունեցողներն էն մի երկուսն էին, որոնք հենց սկզբից հրաժարվեցին ուտելուց։ Կամ գուցե բացակաների մեջ են ալերգիա ունեցողները (դատելով ներկաների քանակից՝ մի քանի հոգի հաստատ բացակա է)։ Սկսում եմ հատուկ ուշադրությամբ հետևել էն երեխաներին, որոնց հենց շոկոլադով cupcakе–ներից է բաժին ընկել։

    Արդեն համարյա բոլորը վերջացրել են։ Ուսուցչուհին բաժանել է տոպրակները։ Բայց դրանք ինձ էս պահին չեն հետաքրքրում։ Կարևորը գրողի տարած cupcake–ներն են, ու դրանց հնարավոր հետևանքները... Արդեն բոլորը վերջացրել են ու ուսուցչուհու կարգադրությամբ նստել գորգին՝ պատրաստվելով ինչ–որ հերթական առաջադրանքի։ Քանի որ ուսումնական օրն ավարտվելու վրա է, ծննդյան արարողությունից հետո ծնողը կարող է հոբելյարին հետը տուն տանել, այսինքն՝ ուսումնական օրվա պաշտոնական ավարտից մի փոքր շուտ։ Համոզվելով, որ հազեր, կարմրություններ ու ալերգիայի հնարավոր այլ՝ առնվազն ակնհայտ դրսևորումներ չկան՝ Արեգի հետ լքում եմ դասարանը՝ ուսուցչի առաջարկով հետս վերցնելով մնացած մի քանի cupcake–ները։ Լավ է, որ մի քանիսը մնացել են, համ էլ կստուգեմ՝ իսկապես ընկուզեղենի համ գալիս է, թե չէ։

    Դպրոցից դուրս գալուն պես անհամբեր բացում եմ արկղիկը ու հենց փողոցում շոկոլադային cupcake–ներից մեկը հանելով՝ մի փոքր կտոր պոկում խմորային մասից ու համտեսում։ Աստվա՜ծ իմ, պնդուկի համ է գալիս... Շատ հստակ... Էն աղջիկն իզուր չէր ասում, որ ընկուզային համ է գալիս։ Լրիվ ոնց որ Nutella։ Խայտառակություն։ Ի՞նչ է լինելու սրա վերջը։ Թե ի՞նչ մի խելքներիս փչեց դպրոցում ծնունդ նշել։ Իրականում տղայիս ծնունդը դեկտեմբերի երեսունմեկին է՝ դպրոցում ծնունդ չանելու համար հիանալի օր. ոչ իմանում են, որ ծնունդն է, ոչ էլ ակնկալում, որ պիտի հատուկ նշես։ Ինչների՞ս էր պետք օրեր հետո, երբ մոտ մեկշաբաթյա արձակուրդից հետո դպրոցը նոր բացվել է, ուշացումով ծնունդ նշել, որ հիմա էլ էսպիսի կրակի մեջ ընկնեինք... Ինչ էլ թարս է. ուրբաթ օր է. եթե վատացողներ լինեն, կարող է մինչև երկուշաբթի չիմանանք։ Երեք օր պիտի տառապենք։ Չնայած եթե լուրջ բան լինի, երևի մինչև էդ էլ մեզ կտեղեկացնեն էդ մասին։ Ճանապարհին համարյա լացակումած զանգում եմ Վազգենին, պատմում եղելությունը ու խնդրում, որ ինտերնետում որոնի պնդուկից ալերգիայի ախտանիշները, հնարավոր հետևանքներն ու արտահայտման տևողությունը։ Նայում է ու ասում, որ դրսևորումները շատ բազմազան կարող են լինել. մի հսկայական ցուցակ է նշված... Տևողությունն էլ անորոշ է՝ անհատական։ Չէ, առանձնապես մխիթարիչ բան չկա կարծես... Էդ էլ դեռ հերիք չի՝ պարզում է, որ կան պնդուկով շոկոլադային cupcake–ներ, որ բավական տարածված են վաճառքում։ Գրողը տանի. երևի հենց դրանից է մեր առածը...

    Հասնում եմ տուն ու նետվում դեպի համակարգիչը, որ ինքս էլ որոշ որոնումներ անեմ։ Միակ մխիթարիչ բանը, որ պարզում եմ, այն է, որ պնդուկից ալերգիան բավական հազվագյուտ ալերգիա է։ Վազգենն էլ փորձում է մխիթարել նրանով, որ հավանականությունը, որ հենց էդ դասարանում հենց պնդուկից ալերգիա ունեցող կլինի, գործնականում խիստ փոքր է։ Բայց ինձ թվերը չեն հետաքրքրում։ Մինչև չհամոզվեմ, որ ոչ ոք ալերգիա չի ստացել, չեմ հանգստանա։ Հետն էլ արդեն պատկերացնում եմ, որ կարող են անգամ մահանալ էդ ալերգիայից (ինտերնետում դրա մասին էլ կարդացի), ու լրիվ եմ գժվում... Հետո պատկերացնում եմ, որ մեզ դատի են տալիս, բանտարկում։ Տեսնես՝ ինչքա՞ն կտան... Մի խոսքով՝ արդեն երևակայությունս լրիվ հիվանդագին զարգացումներ է ստանում։ Հետո չարաբաստիկ cupcake–ները համտեսել եմ տալիս մամայիս, Վազգենի պապային, Կիտայի մամային, որը մեր տուն հյուր էր եկել էդ ժամանակ։ Բոլորն ասում են, որ ոչ մի ընկուզային համ էլ չի գալիս, ինձ է թվացել։ Այ քեզ բան։ Բայց ես ախր շատ հստակ զգում եմ էդ համը։ Իրենք ո՞նց չեն զգում, չեմ հասկանում։ Ո՞նց է հնարավոր չզգալ էդքան ճանաչելի պնդուկի համը։ Ասում եմ՝ դուք Nutella կերած չկա՞ք, ի՞նչ է, չե՞ք զգում՝ ինչ նման է համը։ Անկախ Nutella–ից էլ՝ ախր շատ որոշակի պնդուկի համ է գալիս։ Չէ, ասում են, քեզ է թվացել, ոչ մի նման համ չկա։ Ընթացքում գլխիս եկածը ինտերնետով պատմում եմ մի երկու մտերիմների, մի կողմից Բյուրի զահլան եմ տանում՝ ալերգիայի մասին հարցեր տալով, մյուս կողմից՝ Զաքարը հուշում է, որ մինչև երկուշաբթի չտառապելու համար կարելի է հենց էդ թխվածքատնից ճշտել՝ ընկուզեղենով են սարքել, թե չէ։ Հիանալի միտք է, ո՞նց չէի ֆայմել։

    Հենց Վազգենն աշխատանքից գալիս է, ասում եմ, որ զանգի թխվածքատուն, հարցնի։ Զանգում է, հիշեցնում, որ երկու օր առաջ դպրոցում ծնունդ նշելու համար cupcake–ներ էր պատվիրել իրենց մոտ, և ուզում է իմանալ՝ արդյոք դրանց մեջ ընկուզեղեն կար։ Ինչ–որ աշխատող է պատասխանում, ասում է, որ ինքն անձամբ տեղյակ չի էդ cupcake–ներից, բայց գիտի, որ իրենք ընդհանրապես ընկուզեղենով չեն անում cupcake–ները, ասում է, որ համարյա հարյուր տոկոսով համոզված է, որ ընկուզեղեն չկա էդ cupcake–ներում, բայց լրիվ համոզվելու համար կարող ենք վաղն առավոտյան զանգել, որ թխվածքատան տերն էլ տեղում լինի, ու հենց իրենից ճշտենք։ Ես էդ ընթացքում էնքան էի վատացել, որ ահագին մխիթարվում եմ, բայց միաժամանակ անհամբեր սպասում առավոտվան, որ լրիվ համոզվեմ։ Չէ, առավոտյան արդեն վերջնականապես պարզվեց, որ cupcake–ներում իսկապես ոչ մի տեսակի ընկույզ ընդհանրապես չի օգտագործվել։
    Հըմ, բայց հետաքրքիր է, էդ դեպքում էդ ի՞նչ պնդուկի համ էի ես առնում...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.01.2017, 22:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.01.2017), erexa (06.03.2017), Glück (25.04.2017), laro (13.01.2017), Mr. Annoying (12.01.2017), Ruby Rue (13.01.2017), Smokie (25.01.2017), Srtik (13.01.2017), Արշակ (13.01.2017), Բարեկամ (13.01.2017), Զաքար (13.01.2017), մարդագայլուկ (13.01.2017), Մուշու (13.01.2017), Նիկեա (13.01.2017), Շինարար (13.01.2017)

  25. #253
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ֆիլմի մասին թեմա չկա բացված, որոշեցի օրագրումս գրել թարմ տպավորություններս:

    Էսօր գնացել էինք «Խոստումը» (The promise) ֆիլմը նայելու։ Տպավորություններս ահագին դրական են։ Անընդհատ մտածում եմ, փորձում եմ խիստ նայել ու գտնել, թե ինչը հաջող չէր, ինչը չհավանեցի ֆիլմում, ու չեմ գտնում։ Ֆիլմը դեռ չտեսած մի քանի հոգուց էսօր լսեցի, որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեն ֆիլմից։ Ճիշտն ասած՝ էնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ֆիլմի նկատմամբ թերահավատորեն տրամադրվածները կոնկրետ ինչ են ակնկալում, որ հույս չունեն, թե կտեսնեն ֆիլմում, բայց ես կարծես ինչ–որ կոնկրետ լավ կամ վատ ակնկալիքներ չեմ ունեցել, երբ գնացել եմ ֆիլմը դիտելու։ Ավելի ճիշտ՝ զուտ թրեյլերը տեսնելով՝ ընդհանուր առմամբ դրական եմ տրամադրվել, ու ֆիլմը նայելով՝ բնավ չեմ հիասթափվել։ Հիմա՝ ֆիլմի մասին ավելի կոնկրետ։

    Իմ կարծիքով, ամեն ինչ հնարավորինս ճիշտ, լավ մտածված ու չափի մեջ էր. նախ ֆիլմի սիրային՝ անձնական և ընդհանուր՝ ցեղասպանության ասպեկտները բավական հաջող կերպով հավասարակշռված էին. ըստ իս՝ դրանցից որևէ մեկը մյուսի հաշվին ավելի գերակայող չէր կարծես. և՛ որպես սիրային պատմություն էր հաջողված, և՛ որպես ցեղասպանության մասին պատմող ֆիլմ։ Երկուսի առումով էլ հուզիչ ու ազդեցիկ էր, բայց միաժամանակ պաթոսից ու գրոտեսկից զերծ, բնական։ Դերասանների ընտրությունն էլ էր շատ լավը, իմ կարծիքով, գլխավոր դերակատարներից մինչև երկրորդական, երրորդական դերակատարները. բոլորն իրենց տեղերում էին։ Ի դեպ, ի տարբերություն ցեղասպանության մասին պատմող այլ ֆիլմերի, էս մեկում դաժան տեսարաններ չկային. կատարվածի դաժանությունը հաջողվել էր ներկայացնել առանց հատուկ դաժան տեսարանների։ Ֆիլմում հնչող երաժշտությունը հատուկ ուշադրություն չէր գրավում, բայց, ըստ իս, լավ ծառայում էր իր նպատակին։ Սիրային եռանկյունին, իմ կարծիքով, սիրուն էր։ Բառերը շատ չէին, բայց դրանց կարիքն առանձապես չկար էլ։
    Մոտավորապես էսքանը։

    Հ. Գ. Գլխավոր դերասանուհու մասին էլ էի ուզում մի դիտարկում գրել՝ ֆիլմի հետ կապ չունեցող, բայց ստեղնաշարս ողբալի վիճակում է, տեքստ հավաքելն էլ՝ մի տառապանք, էնպես որ էդ մեկն էլ մնաց հետո։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.04.2017, 09:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.04.2017), Cassiopeia (30.04.2017), John (24.04.2017), Mr. Annoying (24.04.2017), Sky (24.04.2017), Smokie (01.06.2017), Աթեիստ (24.04.2017), Հարդ (24.04.2017), Մուշու (24.04.2017), Նաիրուհի (24.04.2017), Նիկեա (24.04.2017)

  27. #254
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ինչ–որ աննախադեպ բուռն ստեղծագործական շրջան եմ ապրում։ Կարծես ինչ–որ մեկն ինձ միացրել է ու մոռացել է անջատել։ Ես, իհարկե, շատ գոհ եմ դրանից, բայց լավ չեմ հասկանում, թե ինչով է սա պայմանավորված. չեմ կարող ասել, թե մուսաս հիմա ավելի ուժեղ է արտահայտված, քան լինում է սովորաբար, ոչ էլ երբևէ ստեղծագործական գաղափարների պակաս եմ ունեցել, որ ասեմ՝ հիմա գաղափարները հանկարծ սկսել են խեղդել, դրանից է։ Ժամանակս էլ կարծես սովորականից ավելի շատ չի, ոչ էլ գործերս եմ ավելի քիչ անում։ Ինչ խոսք, իդեալական տնտեսուհի չեմ, բայց դե ե՞րբ եմ եղել որ, չհաշված էն քիչ շրջանները, երբ տան գործերից բացի, ուրիշ գրեթե ոչնչով չեմ զբաղվել։ Մի խոսքով՝ չգիտեմ՝ ինչ հաշիվ է, բայց քանի կա ու քանի կարող եմ, վայելում եմ, որովհետև գիտեմ, որ ոչ միշտ է էսպես լինելու։ Բայց ինչ ուզում եք՝ ասեք, աշխարհի ամենահավես զգացողություններից մեկը մուսայիդ ազատություն տալն է։ Թերևս միակ խնդիրն այն է, որ ձեռքերս մտքիս՝ մուսայիս հետևից, մեղմ ասած, չեն հասցնում, նույնիսկ կասեի՝ առնվազն մի քանի տարով հետ են։ Դե, մտահղացումներս շատ–շատ են ու անընդհատ շատանում են, ես էլ թարսի պես շատ դանդաղաշարժ եմ։ Դրա համար հաճախ մտածում եմ, թե ինչ հարմար ու արդյունավեետ կլիներ, եթե մի օգնական ունենայի, մեխանիկական աշխատանքի գոնե մի մասն ինքն աներ։

    Վերջին տարիներին, ինչ փորձում եմ մինիմալիստ լինել, տարվա ընթացքում ահագին քիչ ծախսեր եմ անում ինձ վրա։ Նույնիսկ կարելի է ասել, համարյա ոչինչ չեմ առնում, բացի արվեստի ու ձեռքի աշխատանքների պարագաներից ու նյութերից։ Արվեստի ու ձեռքի աշխատանքների խանութ գնում եմ սովորաբար տարին երկու–երեք անգամ, ու պետք է խոստովանեմ, որ ներկայումս դա միակ խանութն է, որտեղ բարիքների առատությունից ու բազմազանությունից գլուխս պտտվում է, «չոքերս թուլանում են», ու եթե չհետևեմ էդ խանութից գնումներ անելու համար ակամա սահմանածս կարգին, հետևանքներն ուղղակի տնաքանդ կլինեն... Իսկ սահմանածս կարգն էսպիսին է. սկզբում շրջում եմ խանութի գրեթե բոլոր բաժիններով (թարսի պես ինձ գրեթե բոլորն էլ հետաքրքրում են) ու բավական ազատորեն, առանց ինքս ինձ առանձնապես սահմանափակելու, ապրանքասայլակի մեջ լցնում ուզածս ու հավանածս ապրանքները։ Երբ արդեն բոլոր բաժիններով անցած, ուզածս բաները վերցրած եմ լինում, և արդեն պիտի գնամ վճարելու, էդ ժամանակ վրա է հասնում ամենադաժան, բայց և անխուսափելի պահը. ուշադիր, հատ–հատ տնտղելով սայլակի պարունակությունը, մոտավոր հաշվարկելով գները՝ սրտի ցավով հետ եմ դնում վերցրածիս զգալի մասը (մոտ 70%–ը)։ Որպեսզի սայլակում մնացած ապրանքների քանակի մասին թյուր պատկերացում չստեղծվի, ասեմ, որ էդքանից հետո դեռ ահագին բան էլ մնում է, համենայնդեպս, էնքան, որ երբեք էլ հանգիստ խղճով չեմ ուղղվում դեպի դրամարկղը։ Իսկ վճարելու ընթացքում, երբ արդեն մոնիտորի վրա տեսնում եմ, ինչպես միշտ, սպասածիցս շատ ավելի արագ աճող թիվը, որպես կանոն, մի քանի բան էլ տեղում եմ հանում, ու, մեկ է, ի վերջո, ստացված գումարը միշտ իմ նախատեսածից մեծ է ստացվում։ Ի դեպ, ամեն անգամ էս խանութ այցելելիս, ինչքան էլ փորձեմ ամեն ինչ արագ անել ու երկար չլռվել, միևնույն է, էնտեղ անցկացնում եմ սովորաբար 3–4 ժամ, լավագույն դեպքում՝ 2, բայց լավագույն դեպքեր գրեթե չեն պատահում։ Տուն գնալու ճանապարհին փորձում եմ խիղճս հանգստացնել նրանով, որ էս շռայլությունն ինձ թույլ եմ տալիս ընդամենը տարին մի երկու անգամ, բացի դրանից, վերջիվերջո, առածս բաներից շատերն օգտագործելու եմ ուրիշների համար նվերներ պատրաստելու համար, մի խոսքով՝ էնքան էլ սարսափելի չի, որ էդքան փող եմ ծախսել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.04.2017), Marcus (03.05.2017), Mr. Annoying (30.04.2017), Smokie (01.06.2017), Նաիրուհի (30.04.2017), Նիկեա (01.05.2017)

  29. #255
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակ առ ժամանակ պահեր են գալիս, երբ ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ մի տեսակ սկսում է անիմաստ ու անէական թվալ։ Դա կարող է լինել մի քանի դեպքերում։ Օրինակ, ինչ–որ լուրջ խնդիր է առաջանում, ու դրա ֆոնի վրա մնացած ամեն ինչ մանր ու անհեթեթության աստիճանի անկարևոր է թվում, նույնիսկ սկսում ես ամաչել, քեզ ճղճիմ զգալ, որ էսինչ կամ էնինչ հարցերին էդ աստիճանի անհարկի ուշադրության ես արժանացրել, անհանգստացել ես, ներվայնացել ես, դարդ ես արել, երկար ու սևեռված մտածել ես դրանց մասին, երբ կյանքում այ էս աստիճանի լուրջ խնդիրներ կան, ի տարբերություն էդ անլուրջների։ Դա կարող է լինել նաև ինչ–որ խիստ դրական, վեհ ու գեղեցիկ բանի հետ առնչվելիս, երբ էդ վեհության, գեղեցկության բարձունքից էլի մնացած ամեն ինչը՝ թե՛ դրական, թե՛ բացասական, մանր ու անէական է թվում։ Գուցե էլի պատճառներ կան, բայց մեկ էլ լինում է մի շատ անկապ ու անհետաքրքիր դեպքում. երբ ինչ–ինչ պատճառներով քնի խիստ պակաս ես ունենում, ու ինչ լավ ու վատ բան լինի հետդ կամ կողքդ, մանր ու անհետաքրքիր է թվում, որովհետև դու քնել ես ուզում և միայն քնել, ու մնացած ամեն ինչը հեչ։ Ու ինձ թվում է՝ խրոնիկական քնի կարոտ մարդիկ արդեն էն աստիճանի ընտելացած են լինում էդ վիճակին, որ երևի չեն էլ ջոկում, թե ինչի են իրենք էդքան դժգոհ կյանքից, ամեն ինչից ու բոլորից, ինչից են անընդհատ դիսկոմֆորտի մեջ, ինչն է, որ էն չի իրենց կյանքում, այնինչ ընդամենը կարգին քնել է պետք, ու ամեն ինչ տեղը կընկնի։

    Հ.Գ. Էս գրառումս կարծես համընկնում է որոշ գրառումների ու ստատուսների հետ, բայց վստահեցնում եմ, որ բոլոր համընկնումները պատահական են։ Պարզապես մի երկու օր իրար հետևից շատ քիչ քնելուց հետո էս մտքերն այցելեցին ինձ, ես էլ որոշեցի գրի առնել։ Բոլորին բարի ու բավարար քուն եմ մաղթում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2017), Cassiopeia (16.06.2017), Smokie (30.06.2017), StrangeLittleGirl (16.06.2017), Բարեկամ (16.06.2017), Նաիրուհի (17.06.2017), Շինարար (16.06.2017)

Էջ 17 23-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •