Վերջերս ամուսինս շատ էր ուզում, որ մեկ–երկու օրով Նյու Ջերսի այցելենք։ Իր համար Նյու Ջերսին իր համալսարանն է, էնտեղի ֆիզիկայի ֆակուլտետը, դասախոսները, ուսանողները, հասունացման ու դրական փոփոխությունների յոթ տարվա հետաքրքիր ու հագեցած կյանք, ինձ համար՝ մի վայր, որտեղ ապրել եմ կյանքիս ամենածանր տարին, ու որտեղի հետ կապված ծանր ու ցավոտ հուշերն էնքան մեծ տեղ են գրավում, որ եղած դրականն ուղղակի կորչում է դրանց մեջ...
Էնտեղ ես երկար ժամանակ տառապել եմ սուր մշակութային շոկից, երբ ատում էի Ամերիկան ու շուրջս եղած ամեն ինչ, երբ անընդհատ լացում էի ու կարոտում Հայաստանը։ Էնտեղ նաև կորցրել եմ առաջին ու դեռևս չծնված երեխայիս։ Ու երբ ամուսինս ավարտելուց հետո Նյու Յորքում աշխատանք էր գտել, էնտեղից տեղափոխվելն աննկարագրելի թեթևություն էր, որ ճիշտ ժամանակին վրա հասավ. բացասական հույզերի մի ամբողջ փունջ զգալի չափով մնաց էնտեղ...
Միշտ էնպիսի զգացողություն եմ ունեցել, որ Նյու Ջերսին ինձնից լիքը բան է խլել ու ինձ պարտք է...
Մեր էնտեղի կյանքի մասին խոսելիս կոնկրետ քաղաքի անուն չեմ տալիս, որովհետև թեև բնակվում էինք Piscataway համասալարանական քաղաքում, բայց համալսարանի ու դրան առնչվող շենքերի ու հաստատությունների մի մասը գտնվում էր կից այլ քաղաքներում, գնումների և զանազան ծառայություններից օգտվելու համար նույնպես հիմնականում գնում էինք մոտակայքի քաղաքներ, ու ինչ–որ առումով մեր կյանքն էդ ընթացքում գրեթե հավասարապես կապված էր մի քանի քաղաքների հետ։
Տեղափոխվելուց հետո կարծեմ երկու անգամ այցելել էինք Նյու Ջերսի՝ կոնկրետ մարդկանց հյուր գնալու համար։ Ու ամեն անգամ բուն այցելությունը չհաշված՝ տհաճության ու ծանրության զգացողությունը եղել էր։ Վերջին այցելությունը մոտ հինգ տարի առաջ էր։ Ու հիմա ամուսինս կարոտել էր, ուզում էր գնայինք։ Սկզբում, սովորության համաձայն, ներքին դիմադրություն առաջացավ, հետո որոշեցի հաղթահարել տհաճության զգացողությունը՝ մտածելով էն հաճելի հանդիպումների մասին, որ էնտեղ նախատեսում ենք ունենալ։ Ի վերջո, հիմա ինձ ոչինչ չի կապում էնտեղի հետ, ես երջանիկ եմ ու գոհ եմ իմ ներկայիս կյանքից (Հայաստան վերադառնալու՝ գնալով անիրական դարձող ցանկությունը չհաշված), իսկ թե ինչ է եղել Նյու Ջերսիում, իմ կյանքի վրա արդեն ազդեցություն չունի։ Ու հաշվի առնելով, որ ամուսնուս համար էդ այցելությունն էդքան ցանկալի ու հաճելի է, լուրջ պատճառ կարծես չունեի չհամաձայնելու։
Որոշեցինք մի օր հյուրանոցում մնալ, իսկ ընթացքում հանդիպել որոշ մարդկանց հետ, այցելել ամուսնուս համար հետաքրքիր ու հաճելի որոշ տեղեր, որոնք բոլորն էլ զուտ էմոցիոնալ նշանակություն ունեին հիմա։ Ու էդպես էլ արեցինք։
Ի սկզբանե ինձ համար անսովոր հանգստություն ու խաղաղություն էի զգում։ Չկար էն մշտական լարվածությունը, որ ունենում եմ ցանկացած ուղևորության ժամանակ ու հատկապես որևէ տեղ հանգստանալու մեկնելիս։ Ես ընդհանրապես ռելաքս լինելուց շատ վատ եմ, դրա համար երբեք որևէ տեղ գնալուց չեմ հանգստանում։ Ճիշտ հակառակը՝ լարվում եմ, փորձում եմ ինքս ինձ ներշնչվել, որ հանգստանում եմ, վայելում եմ, ու արդյունքում ճիշտ հակառակն է լինում։ Պլյուս՝ բազմաթիվ սպասելիքներ, որոնց առնվազն մի մասը չի իրականանում, որոնցից ամեն մեկը ես ընկալում եմ որպես աշխարհի վերջ, էդտեղից էլ՝ լիքը ներվայնություն, դիսկոմֆորտ։ Էս անգամ ի սկզբանե կարծես պատրաստ էի ընդունելու էն ամենը, ինչ կլինի, չունեի սպասելիքներ, նույնիսկ չնախատեսված մանր–մունր անհարմարություններն ուրիշ կերպ էի ընկալում ու թեթև տանում, այսինքն՝ ընդունում էի ոչ թե որպես նախատեսվածից անցանկալի շեղում, հետևաբար՝ կատաստրոֆա, այլ պարզապես այլ տարբերակ, որը հեչ էլ վատը չի նախատեսվածից։ Նույնիսկ փողոցներով քայլելը, մարդկանց նայելը կարծես լիարժեք վայելում էի։
Սկզբում պայմանավորվեցինք հանդիպել ամուսնուս թուրք ուսանողական ընկերոջ՝ Էրքանի հետ, ով, ինչպես պարզվեց, մեր էստեղի կյանքը հիշեցնող միակ «վկան» էր մնացել համալսարանի տարածքում։ Ավարտել է ամուսնուցս ուշ, հետո էլ մնացել համալսարանում՝ որպես պոստ դոկ։ Սիրում եմ հին վայրերում հայտնաբերել իրավիճակներ, որոնք լրիվ նույնն են մնացել։
Մինչ Էրքանին հանդիպելը որոշեցինք զբոսնել համալսարանական տարածքում, որը հիմա արձակուրդի պատճառով սովորականից ավելի լուռ էր ու ամայի։ Կենդանիներ ավելի շատ տեսանք, քան մարդիկ։ Էս տարածքը բավական հարուստ կենդանական աշխարհ ունի։ Երբ էստեղ էինք ապրում, բացի ամենուրեք վխտացող սկյուռիկներից, որոնք ԱՄՆ–ում կարծես ամեն տեղ էլ լիքն են, կարելի է հանդիպել նաև ջրարջերի (raccoon, енот), ժանտաքիսների (скунс), երբեմն նապաստակների (ոչ այնքան հաճախ, որքան կուզենայի), ամուսինս ասում է, որ եղնիկներ էլ է տեսել նախկինում, բայց ինձ նման բախտ չի վիճակվել, ցավոք։ Իսկ էսօր առաջին անգամ կուղբերի հանդիպեցինք։
Ընդհանուր ներդաշնակությունը փչացնող միակ արարածներն էստեղ սագերն են, որ պարբերաբար հայտնվում են խմբերով ու ամբողջ տարածքն ապականում իրենց արտաթորանքով. էն աստիճանի, որ քայլում ես ու միանգամից հասկանում, որ էդտեղով սագերն են անցել... Ականջ ծակող կղկղոցն էլ վրադիր։ Բայց էդ պահին սագերն ինձ ամենաքիչն էին անհանգստացնում։
Պատկերացրեք ընդարձակ մարգագետիններ, լիքը ծառեր, թփեր, ու դրսում համարյա ոչ մի մարդ։ Նոսր բնակեցվածությունը, բնության հետ համադրված՝ ինձ համար էս տարածքի ամենագրավիչ կողմերից մեկն է։ Առաջ էլ դա գիտեի, բայց էս անգամ լրիվ այլ կերպ էի ընկալում, զգում։ Մի պահ նույնիսկ ինձ բռնեցի էն մտքի վրա, որ հաճույքով հիմա կապրեի էստեղ։ Գրեթե իդեալական միջավայր է ինձ նման մեկի համար. քիչ մարդիկ, լիքը բնություն ու հատկապես՝ շուրջբոլորը շունչդ բացող լայնարձակ, ազատ տարածություն։ Իսկ մի ժամանակ էստեղ ապրում էի, բայց էդ ամենը տեսնելու, զգալու, վայելելու սիրտ չունեի։ Սա, իհարկե, արդարացում չի. էն ժամանակ պարզապես ուրիշ մարդ էի ինչ–որ առումով։
Մինչ ամուսինս ֆիզիկայի ֆակուլտետ մտավ, ես տղայիս հետ զբոսնում էի համալսարանի տարածքում ու արդեն տուրիստի աչքերով շուրջս ուսումնասիրում էն մասերը, որոնցով վեց տարի առաջ ամեն օր անտարբեր անցնում էի։ Կուղբերին հենց էդտեղ տեսանք։ Երբ ամուսինս միացավ մեզ, արդեն հեռու չէինք մեր նախկին բնակավայրից՝ ամուսնացածների հանրակացարանից։ Երբ դեռ նոր էինք որոշել Նյու Ջերսի այցելել, որոշել էի, որ ոչ մի դեպքում էդ ատելի տեղը չեմ գնալու։ Ո՜նց էի զզվում էդ բնակարանից, հոտից, հնամաշությունից ու դրանում ներծծված տխրությունից։ Հետագայում էդ տան հետ կապված մի ուրիշ տհաճ հուշ էլ էր ավելացել։ Երբ հղի էի՝ կարծեմ 4 ամսական, մեր շքամուտքում ինչ–որ մեկն իր հին ներքնակն էր դրել՝ պատին հենած։ Չգիտես ինչու, երկար ժամանակ տանող չկար։ Հետո տեսանք, զույգ աղավնիները բույն են դրել վրան։ Շուտով ձվեր հայտնվեցին։ Ինչ–որ հիվանդագին հետաքրքրությամբ հետևում էի աղավնիներին։ Մի օր էլ տեսանք՝ աղավնիները չկան, ձվերն էլ հատակին ընկած, կոտրված... Երբեք չեմ մոռանա էն ցավն ու սարսափը, որ ապրեցի էդ տեսարանը տեսնելուց... Մտքիցս չէր գնում։ Անընդհատ փորձում էի մոռանալ, զուգահեռներ չտանել, ինքս ինձ համոզել, որ դա ոչինչ չի նշանակում. չէր հաջողվում։ Հինգ ամսականում կորցրի երեխայիս... Աղավնիները նորից ձվեր դրեցին։ Ձագեր հանեցին։ Ամեն օր վախեցած մոտենում, նայում էի՝ համոզվելու համար, որ ձագերը տեղում են։ Տեսքից արդեն բավական մեծ էին, չգիտեմ էլ՝ թռչում էին, թե չէ, բայց ինչքան նայում էի, տեղում նստած էին։ Մի օր էլ տեսանք՝ ներքնակը չկա, տարել են։ Չգիտեմ՝ աղավնիներն ինչ էին եղել, բայց հավատում եմ, որ թռել–գնացել էին։
Զբոսնելով գնում էինք։ Մտածեցի՝ մի հատ էլ մեր շենքի մոտակայքը գնանք։ Ամուսնուս որ առաջարկեցի, զարմացավ։ Մոտեցանք մեր շենքին, տեսանք, որ շենքի բոլոր մուտքերը ճաղավանդակներով փակված են։ Ինչ–որ շինարարություն էր գնում, որի հետևանքով, ըստ երևույթին, տարածքը բնակեցված չէր ու շենքեր մտնել չէր կարելի։ Այնուամենայնիվ, մոտենալ հնարավոր էր։ Մոտեցանք, գտանք մեր հին տան պատուհանը, մի տեսակ պարտականության պես նայեցի ու բան չզգացի։ Նույն ընդհանուր հանգստության զգացողությունն էր։ Միայն մտածում էի, թե ինչ հաճելի միջավայրում են էս հանրակացարանները։ Ու թե ինչու էն ժամանակ չէի կարողանում վայելել։
Հեռանալիս տարօրինակ թեթևության զգացում ունեի։ Նյու Ջերսին ինձ այլևս ոչինչ պարտք չէր։







Մեջբերել
։ Նրա մասին դեռ էն ժամանակ էի անընդհատ ուզում գրել, երբ մոտ երկու տարի առաջ ինձ նկարչություն էր դասավանդում, բայց, չգիտեմ ինչու, էդպես էլ չգրեցի։ Էնքան տպավորված էի էդ մարդու կերպարով։ Ուսուցչի մի կերպար կա՝ իմաստուն, փորձառու, պատկառելի ու ազդեցիկ, որին հետագայում էլ աշակերտները/ուսանողները միշտ հիշում են մեծ սիրով ու հարգանքով ու համարում, որ իրենց գիտելիքների, աշխարհայացքի կամ ինչ–որ կոնկրետ հարցում վերաբերմունքի վրա մեծ ազդեցություն է ունեցել, մի խոսքով՝ Ուսուցիչ՝ բառի ամենադրական ու ամենաիսկական իմաստով։ Էսպիսի կերպարների ես մինչև հիմա միայն ֆիլմերում ու գրքերում էի հանդիպել։ Բայց պարզվում է՝ իրականում էլ են լինում։ Ավելի ճիշտ՝ գիտեի, որ լինում են, ուրիշներից լսել էի, բայց անձամբ ինձ դեռ չէր հանդիպել ու արդեն հույս էլ չունեի, թե կհանդիպի։ Լավ ուսուցիչներ, ինչպես նաև լավ դասախոսներ, հատկապես էստեղի քոլեջում, շատ եմ ունեցել, բայց նշածս տեսակի դեմք միայն էս դասախոսին կարող եմ համարել։ Սպիտակահեր, բեղավոր ծերուկ է, բայց բնավ ոչ սպառված։ Հավեսով, բարեհամբույր. ինքը քանդակագործ է, ու իր գործի համար խելքը գնում է։ Հիշում եմ՝ երբ նրա մասին դասախոսների գնահատման կայքում կարծիքներ էի կարդում ու վարկանիշը նայում, կարծիքները մեկը մյուսից դրական ու հիացական էին. մեկը գրել էր, որ ամեն անգամ նրան տեսնելիս գրկելու ցանկություն է ունենում, մեկ ուրիշն էլ գրել էր. «Կուզենայի՝ իմ պապիկը կամ ընկերը լիներ» 
։ Պարզվեց՝ երիտասարդ տղան էլ ինձ նման գրաֆիկ դիզայնից էր ու էլի ինձ նման ընդամենը երեկ էր գրանցվել էս դասին, այն բանից հետո, երբ հանկարծակի պարզել էր, որ իլլյուստրացիայի դասը չեղարկվել է։ Քառասունին մոտ կինն ասաց, որ աշխատում էր որպես մերսող, հիմա էլ որոշել էր արտ թերապիայի մեջ խորանալ ու չգիտեմ ինչ սկզբունքով ընտրել էր քանդակագործությունը։ Իսկ տատիկը, ինչպես պարզվեց, ուղղակի հավեսի համար որոշել էր քանդակագործություն ուսումնասիրել։
։ Ի՞նչ վատ կարգավիճակ է որ։ Ինձ որ սկսել է դուր գալ 
Ճիշտ է, մինչև հիմա նկարել եմ հիմնականում էնպիսի մարդկանց, որոնց առանց էդ էլ սիրում եմ կամ գոնե համակրում, բայց հենց նկարելու պահին զգում եմ, որ ավելի շատ եմ սիրում. էդ նկարելու պրոցեսում մարդը ոնց որ հարազատանա մի տեսակ։ Նկարելու ամբողջ ընթացքում տվյալ մարդու բնավորության գծերի, պահվածքի, դեմքի արտահայտության, շարժումների, մի խոսքով՝ էդ մարդու հետ կապված ամեն ինչի մասին մտածելն ակամա էնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես հետը սերտորեն շփվում ես, ուսումնասիրում ես, սկսում ես ավելի մոտիկից ճանաչել։ Ի վերջո, իզուր չի, որ նկարածդ մարդը հենց քեզ է նայում նկարի մեջից, ընդ որում՝ էնպիսի հայացքով, ինչպիսին դու ես նրան տալիս։ Ու էդ հանգամանքը, պարզվում է, կատակ բան չի։ 
։ Զարմանքս արտահայտելով՝ ասացի. «Լավ եք պահպանվել»։ «Հա, փառք Աստծո»,– ուրախ պատասխանեց։ Մեկ էլ ասաց, որ մի խումբ կանանցով շատ են ուզում հայերենի դասընթացների գնալ, որ հայերենը կատարելագործեն։ Ո՞վ կմտածեր, որ 90 տարեկանում մարդիկ էդպիսի ցանկություններ կարող են ունենալ։
։ Շատ խղճալի տեսարան էր...
։
։


Էջանիշներ