Վերջապես ես էլ որոշեցի իմ անձնական օրագիրը բացել։ Քանի որ նույնիսկ բացվելու դեպքում «Անկապ օրագրում» դժվար թե գրառումներ անեմ, մտածեցի՝ անձնական օրագրումս ավելի հիմնովին տնավորվելու համար էնտեղից իմ որոշ գրառումներ տեղափոխել էստեղ։ Առաջին գրառումները հին են ու շատերի կողմից արդեն ընթերցված։ Պարզապես ուզում եմ, որ դրանք իմ օրագրում լինեն։
Քանի որ վաղուց հոգնած ու ձանձրացած եմ դեպրեսիվ–պեսիմիստական ռոմանտիկայից, ինչպես նաև սադո–մազո ոճի մտորումներից, փորձել եմ էս թեմա տեղափոխել նշված երևույթներից քիչ թե շատ զերծ գրառումները։ Միակ բացառությունը թերևս կարոտի վերաբերյալ գրառումներս են, որոնց հիմնական մասն էնտեղ թողնել չեմ ուզում, որոշել եմ հետս բերել էստեղ։ Հետագայում էլ աշխատելու եմ օրագրումս հնարավորինս լավատեսական գրառումներ անել։![]()
Մեկամյուսացում
Էնքան հետաքրքիր է հետևելը, թե ոնց են զուգընկերները միմյանց վրա ազդում, թե ժամանակի ընթացքում ոնց է հետզհետե մեկը մյուսանում, մյուսը՝ մեկանում, և երբեմն դժվար է ասել, թե այդ մեկամյուսացման լուրջ ու հիմնավոր գործընթացներից հետո, ի վերջո, որ մեկն է ավելի շատ շահում, որ մեկը՝ տուժում։ Երբեմն նույնիսկ դժվարանում ես հստակ բնորոշել, թե կոնկրետ ինչն է փոխվել մեկի մեջ, բայց զգում ես, որ մի տեսակ մյուսացել է։ Վերջերս սկսել եմ հատուկ ուսումնասիրել էս երևույթն իմ ճանաչած տարբեր հին ու նոր զուգընկերների (թե՛ ամուսինների, թե՛ պարզապես սիրային զույգերի) շրջանում ու մեկամյուսացման ահագին հետաքրքիր դրսևորումներ եմ հայտնաբերել։
Հիշեցի՝ մի անգամ ընկերներիցս մեկը մեր ընդհանուր ծանոթներից մեկի մասին ասաց. «Շատ ա փոխվել X–ը. լրիվ Y–ացել ա...»։ Եվ իսկապես, զարմանալի էր, թե X–ը ոնց էր հասցրել Y–ի հետ ընկերության կարճ ժամանակահատվածի ընթացքում այդքան Y–անալ... Y-ի հետ վաղուց չեմ շփվել, մտածում եմ՝ տեսնես նա հեչ X–ացե՞լ է, ու եթե հա, ապա՝ ինչքանո՞վ...
Էջանիշներ