հըմ...
«168 Ժամ» Իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների
08:32 • 24.08.13
«168 Ժամ»-ը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014թ.-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ։
Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանշական լիազորություններ, իսկ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ.-ին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը։
Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ այս տարվա նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անգամ առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Թերթ.am
Էջանիշներ