Բարև
Ես եմ, էն տղան, սարալանջի կողքի փոքրիկ բոստանում վաղուց, շատ վաղուց քեզ ասացի, որ գորտերը արնախում են ու որ դու զգույշ մնաս, իսկ դու վայրի էիր ու չեմ էլ հիշում արդեն թե ինչպես փախար ինձանից, քո կարծիքով՝ ահավոր ու սարսափելի անեծքներ տալով, որոնց վրա ես ծիծաղեցի...
Գզգզված փոքրիկ վայրի աղջնակ, տեսնես հիմա դու որտե՞ղ ես:
Այն ժամանակ ես համոզված էի իմ ուժերին, գիտեի, որ ես շատ խելացի ու տաղանդավոր եմ, որ իմ հայրիկը աշխարհի բոլոր հայրիկներից ավելի ուժեղ է ու կարող է սարքել ցանկացած անսարք իր, իսկ մայրիկս գեղեցկուհի էր ու աշխարհի լավագույն ուսուցչուհին: Աշխարհում լիքը բարի կար այն ժամանակ, ես ունեի իմ գրքերը, որոնք իմ ժամանակն այնքան էին լցնում, որ մնացած բաների համար չնչին ժամանակ էր մնում, ես ընկերանում էի մրջյունների բնի հետ, ժամերով նստելով նրա կողքին, ընկերանում էի փոշոտ ճանապարհով թռչկոտող գորտի հետ, ուղեկցելով նրան դեպի մոտակա ջրափոսն ու հետևելով, որ անվտանգ մտնի ջուրը:
Հետո ես մեծացա, ամեն դեպքում՝ չափերով: Դարձա ահագին մեծ՝ 7-րդ դասարանցի: Ընդունվեցի քոլեջ: Այն ժամանակ դա մեր քաղաքի միակ քոլեջն էր, ու ինձ ընդունեցին, որովհետև մայրիկս ու հայրիկս շատ լավն էին: Տնօրինուհին այդպես էլ ասաց:
Այդ ժամանակ պարզեցի, որ բոլորը չէ, որ համաձայն են, որ ես ամենախելացին եմ ու ամենատաղանդավորը: Դրա հետ համակերպվելը դժվար էր, վայրի աղջիկ, այնքան դժվար, որ հիմա մոռացել եմ ամեն ինչ...
Հետո շատ բան փոխվեց... Կարևոր չէ արդեն...
Քեզ արդեն հետաքրքիր չի լինի, եթե պատմեմ, թե ինչեր են փոխվել հետո:
Քեզ կթվա, թե անիմաստ է նամակս, փոքրիկ, վայրի ու արագաշարժ աղջնակ, ցեխակոլոլ հագուստով ու կարմիր թևնոցով: Իսկ ինչու՞ ոչ... Կարոտել եմ քեզ...
Էջանիշներ