… Երբ մենք արդեն մի քանի ժամից պառկած էինք մեր անկողնում, ես մեղմորեն շոյեցի նրա վարսերը.
- Նունե ջան, մեծ Անահիտը զրկել է ինձ երեխաներ ունենալու երջանկությունից և ես քեզ էլ եմ զրկում դրանից:
- Հա՜յկ,- իր աննման աչքերով վրաս նայելով ու կրկին կրծքիս փարվելով` պատասխանեց Նունեն,- դու ես իմ կյանքը, դու ես իմ սերը ու ես գոհ եմ ամեն ինչից: Դե իսկ երեխաները…: Ես իհարկե կուզենայի մայրանալ, սակայն իմ կյանքի միակ այրմարդը, որին ես կպատկանեմ հավերժ, դա դու ես: Ու դրա համար էլ ես պատրաստ եմ այս ամենին: Ցանկացած կին կերազի իր գրկում ունենալ քեզ պես այրմարդ,- մեղմորեն շոյելով ինձ, ժպտաց խելքամաղ անող Նունեն:
- Գիտե՞ս, Նունե ջան,- որոշեցի ավելի լուրջ թեմայի անցնել ես,- դու իմ մասին ամեն ինչ չէ, որ գիտես: Ես երկար ժամանակ ապրել եմ Միջագետքում…
- Ինձ չի հետաքրքրում այդ ամենը, Հայկ: Ինձ չի հետաքրքրում, թե այնտեղ քեզ ով է սիրել և դու ում ես սիրել: Կարևորն այն է, որ մենք այժմ պատկանում ենք իրար և միայն իրար:
- Իհարկե, սիրելիս,- ժպտացի ես ու շոյեցի նրա երկար մազերը,- սակայն ես այլ բան էի ուզում ասել: Ես երբեք ոչ-ոքի այդ մասին չեմ ասել, սակայն դու պետք է իմանաս: Մենակ խնդրում եմ ինձ խելագարի տեղ չդնես, հա՞: Այն, ինչ պիտի ասեմ, մաքուր ճշմարտություն է:
Նունեն հետաքրքրված և մի քիչ էլ անհանգստացած ուղղվեց անկողնում, հենվեց բարձերին, հետո ժպտաց և, իր գեղանի մատիկով թեթևակի հարվածելով քթիս, ասաց.
- Ու ի՞նչ գաղտնիք ես դու ինձնից պահել այսքան ժամանակ:
- Նունե ջան, ես անմահ եմ և ոչ մահանում եմ, ոչ էլ ծերանում: Ես ծնվել եմ սրանից երկուհարյուրտաս տարի առաջ Արարտայում, սակայն ինձ սպանեցին մի մեծ ճակատամարտում, որից հետո ես կրկին կենդանացա և հիմա ապրում եմ, ապրում եմ` դատապարտված հավերժության:
Նունեի դեմքը միանգամից լրջացավ և նա իրենից անկախ ձեռքը դրեց ճակատիս: Չէ, ջերմություն կարծես թե չունեի: Ես ծիծաղեցի:
- Սիրելի Նունե, ինչպե՜ս եմ ես միշտ խելքահան եղել քո հոգատարությունից,- ես նրբորեն համբուրեցի Նունեի գեղեցիկ ձեռքը,- սակայն չէ, Նունե ջան, ես ջերմություն չունեմ և այս ամենը ասացի քեզ որպես մի մաքուր ճշմարտություն: Ասացի քեզ, որովհետև արդեն գիտեմ, որ դու իմ հավատարիմ կողակիցն ես և պետք է սա իմանայիր իմ մասին: Ես չգիտեմ ինչպես է պատահել, որ ես այսպիսին եմ դարձել, սակայն դա ճշմարտություն է: Եվ հենց այդ պատճառով է նաև, որ ես զրկված եմ երեխաներ ունենալու հնարավորությունից:
Նունեն կրկին պառկեց կողքիս և գլուխը մեղմորեն դրեց կրծքիս: Ես վերցրի նրան գիրկս ու սկսեցի համբուրներով ծածկել Նունեի երեսը, հետո կարապի վզի նման գեղեցիկ վիզը և եղնիկի մարմնի պես սլացիկ մարմինը: Մեջքի վրա պառկած Նունեն հաճույքից սկսեց արագ-արագ շնչել, հետո մեղմորեն գրկեց վիզս և շրթունքները մոտեցրեց ականջիս.
- Դու միշտ էլ իմ աստվածն ես եղել, Հայկ, իմ սիրելի և պաշտելի աստվածը: Իսկ աստվածներն անմահ են,- սիրո հաճույքից շաղված աչքերով մեղմորեն շշնջաց նա,- անմահ են հատկապես նրանց հոգում, ով սիրում է…
Ես շարունակեցի համբուրել և շոյել Նունեին, որից հետո գրկիս մեջ զգացի խելքամաղ անող նրա մարմինը: Նունեն կամացուկ հառաչեց և մենք միասին սլացանք դեպի հեռու-հեռուները` դեպի հաճույքներով ու կախարդական ձայներով լցված մի աշխարհ, որի ճանապարհը հասանելի է միայն սիրող զույգերին…
Էջանիշներ