«168 ժամ». Մի կողմից ՀԱԿ-ին օդ ու ջրի նման անհրաժեշտ է պատվիրակությունների մակարդակով երկխոսությունը, մյուս կողմից՝ մի քիչ անհարմար բան է ստացվում երկխոսությունը, ասենք, Գագիկ Մինասյանի կամ Մհեր Շահգելդյանի հետ։ Սակայն ՀԱԿ-ը կարծես թե այլընտրանք չունի։ Իրականում այլընտրանքը կտրուկ գործողություների անցնելն է, որի համար էլ այլևս անհրաժեշտ ռեսուրս չունի։ Այնպես որ՝ ՀԱԿ-ի առջև այսօր մի կարևոր խնդիր է դրված՝ իշխանություններ կողմից այդ աշխատանքային խմբի ձևավորումը ներկայացնել որպես հերթական ձեռքբերում և սկսել այդքան սպասված երկխոսությունը պատվիրակությունների մակարդակով։ Անկախ ամեն ինչից, դա մինչև սեպտեմբեր ժամանակ ձգելու այնքան էլ վատ տարբերակ չէ։
«Չորրորդ ինքիշխանություն». Սերժ Սարգսյանը բավականին խորամանկ քայլ է արել. վեց հոգանոց պատվիրակության կազմում չկան մարդիկ, ովքեր իշխանական համակարգում իսկապես լուրջ դերակատարում ունեն, պարզ ասած՝ «հարց լուծող են»։ Ավելին, որևէ տեղ արձանագրված չէ, որ այդ վեց հոգին լիազորված են հանդես գալ Սերժ Սարգսյանի անունից։ Լավագույն դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտարարել, թե արտահայտում է իր կուսակցության դիրքորոշումը, այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ բանակցությունները շատ արագ կվերածվեն «գյալաջիի»։
«Ազգ». Ստեղծվել է տպավորություն, որ ՀՀԿ-ականների ասածը պատվիրակություն չկազմելու մասին` զրոյի արժեք ունի փաստորեն, նախագահականից ասում են, որ կոալիցիան աշխատանքային խումբ է կազմում (պատվիրակություն կամ աշխատանքային խումբ` ի՞նչ տարբերություն): Ու արդեն չենք զարմանա, եթե զրո դառնան նաև այն պնդումները, որ անում են բարձրաստիճան ՀՀԿ-ականները, թե արտահերթ ընտրությունների համար հիմք չկա: Հիմա կարող է իքս պահի, երբ դեռ ՀՀԿ-ականները կպնդեն, որ արտահերթ ընտրությունների համար հիմք չկա (ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը հենց երեկ բացառում էր երկխոսությունն արտահերթ ընտրությունների շուրջը), գործադիր իշխանության ղեկավարը մի այնպիսի օրինագիծ մտցնի Ազգային ժողով, ասենք, առաջարկի, թե իքս մլն կարողություն ունեցող գործարարը չպետք է լինի Ազգային ժողովում (կատակում ենք, բայց դե այդ կարգի մի աբսուրդ բան), գործարարներից կազմված ԱԺ-ն էլ կընդվզի, նախագահն էլ կցրի Ազգային ժողովը:
ՀԱԿ-ն էլ, այդպիսով, իր պահանջներից ամենագլխավորը կատարված կհամարի ու ընդհանրապես ձենը կկտրի, ՀԱԿ-ն ու կոալիցիան, որպես ամենապատրաստն այդպիսի իրավիճակին, ամբողջությամբ կլցնեն նոր ԱԺ-ն: Այլ հարց է, թե ի՞նչ արդյունք կունենան այդպիսի ընտրությունները. եթե անգամ ՀԱԿ-ի ամբիցիաները բավարարվեն, դրանից, միևնույնն է, հասարակության ընդդիմադիր հատվածի պահանջները կմնան չբավարարված:
Էջանիշներ