Աքլորականչի գեներալները
Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Կազանում Մեդվեդևի միջնորդությամբ հերթական եռակողմ հանդիպմանը` իր, Ալիևի և Մեդվեդևի միջև քննարկվելու է մի փաստաթուղթ, որը Հայաստանի «երազածը չէ», բայց որը Հայաստանը պատրաստ է ստորագրել: Սերժ Սարգսյանը ստորագրել բառն իհարկե չի արտաբերել, սակայն նա ասել է, որ եթե Ադրբեջանը վերապահումներ չներկայացնի, ապա առաջընթաց կլինի բանակցային գործընթացում: Իսկ դա նշանակում է շատ պարզ, որ եթե Ադրբեջանը ստորագրի, Հայաստանն էլ կստորագրի: Եվ այսպես, եթե Ադրբեջանը ստորագրի, ի՞նչ պետք է ստորագրի Հայաստանը:
Այսինքն` եթե Սերժ Սարգսյանը գնում է փաստաթուղթ ստորագրելու, այն էլ մի այնպիսի փաստաթուղթ, որը «Հայաստանի երազածը չէ», ապա ո՞վ է նրան լիազորել ստորագրել այդ փաստաթուղթը: Հարցն այստեղ այն չէ, կստորագրվի՞ այն իրականում, թե՞ հայկական կողմը վստահ է, որ Ադրբեջանը մերժելու է կամ միջնորդներն ինչ-որ առումով ձախողելու են համաձայնությունը` ելնելով սեփական հակասություններից: Խնդիրն այստեղ բոլորովին այլ բանի մեջ է. ինչո՞ւ իշխանությունը հաշվետու չէ հասարակությանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե հայտարարվում է կամ բացահայտ կերպով ակնարկվում ինչ-որ թուղթ ստորագրելու կամ ընդունելու պատրաստակամության մասին, ապա ինչո՞ւ հասարակությանը չի ներկայացվում հստակ ու պարզ, թե ի՞նչ թղթի մասին է խոսքը:
Ինչո՞ւ է իշխանությունը հասարակությունից գաղտնի պահում այն, ինչն ուղղակիորեն առնչվում է հասարակության, պետության` Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը: Ո՞վ է ասել, որտե՞ղ է սահմանված, որ իշխանությունն արտաքին քաղաքականության այդ կարևորագույն հարցում չպետք է հաշվետու լինի հասարակությանը: Երբ խոսք չկա ստորագրության, համաձայնեցվելիք փաստաթղթի մասին, ապա այստեղ իհարկե ամեն ինչ պարզ է` ընթացիկ աշխատանք է, հանրությունը ծանոթ է օրակարգին, կողմերը փորձում են ամեն մեկը ստանալ իր ուզած ձևակերպումը, իր ուզած դրույթները:
Սակայն երբ բանը հասել է «այո» կամ «ոչ» ասելուն, և եթե իշխանությունը հայտարարում է, որ ինքը պատրաստ է, մնում է Ադրբեջանը, ապա այդ դեպքում պարզապես պետական հանցագործությանը հավասարազոր է այդ հաստատվելիք փաստաթուղթը հասարակությունից թաքցնելը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունների համար նման գործելաոճը միանգամայն բնորոշ գիծ է` նկատի ունենալով հայ-թուրքական գիշերներն ու առավոտյան «աքլորականչային» ուրացումները: Սակայն պետք է հենց նման նախադեպերը նկատի ունենալով էլ վերջ տրվի գաղտնի դիվանագիտության պրակտիկային, և որևէ փաստաթղթի համաձայնեցում պետք է նախ տեղի ունենա Հայաստանի հասարակության հետ, հետո նոր բանակցության միջնորդների և կողմերի:
1in.am
Էջանիշներ